AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 20-01-2017



ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-01-19 22:32:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3496, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ ԵՎ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄՈՒՏՔ

Հայոց հանրային եւ գեղարվեստական մտքի վրա Ավետիս Ահարոնյանի թողած վիթխարի ազդեցությունը հաճախ է հանգեցրել հակազդեցության: Ահարոնյանին քննադատելը սովորական մի բան էր Խորհրդային Հայաստանում, բայց նորություն չէր: Մասնավորապես 1910-ական թթ. երիցս նրա դեմ էր դուրս եկել Վահան Տերյանըՙ մի դրվագում ազդարարելով, թե «Ահարոնյանը չէ մեր ապագա գրականության ուղին»:

Անկախ նրանից, թե որքան էր իրազեկ Տերյան-Ահարոնյան կոնֆլիկտին, շատ շուտով Ահարոնյանի քննադատությամբ հանդես է գալիս նաեւ ռուսամետ արեւելումի եւ համայնավար գաղափարախոսության հաջորդ ջատագովըՙ Եղիշե Չարենցը: Այս դրվածքով չարենցյան անխնա քննադատությունը, որ տեւական էր եւ հետեւողական, ձեռք է բերում սկզբունքային բնույթ: Ուստի Արմենուհի Տիգրանյան-Ահարոնյան- Եղիշե Չարենց- Վարդգես Ահարոնյան հանգույցը գլխավորի համեմատ ունի սոսկ օժանդակ նշանակություն:

Իսկ գլխավորն այն է, որ Չարենցը, զայրույթով արձագանքելով հայոց կյանքի եւ գրականության վրա Ահարոնյանի ունեցած մեծ ազդեցությանը, դիմադարձ է լինում նրա քաղաքական հայացքներին, գեղարվեստական գործերին եւ հրապարակախոսությանը, Հայոց Ազգային խորհրդի նախագահի եւ Փարիզի հաշտության կոնֆերանսում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոններում վարած գործունեությանը:

Չարենցի հակաահարոնյանական ելույթները սկիզբ են առնում 1918 թ. եւ շարունակվում մինչեւ 1933 թվականըՙ ընդգրկելով Ահարոնյանի ակտիվ գործունեության ողջ հասուն շրջանը: Հոդվածներում ու հարցազրույցներում Չարենցը բացահայտորեն նշում է հասցեատիրոջ անունը: Ասենք ՙ արտասահմանից վերադառնալու ճանապարհին նա Թիֆլիսում հարցազրույց է տալիս եւ ասում. «Գրականություն, բուն իմաստով, գոյություն չունի գաղութներում: Այնտեղ տիրում է Ռափայել Պատկանյանի ... ոգին, կամ Ահարոնյանի լալկանությունը»: Իսկ ահա գեղարվեստական գործերում նման բաց հիշատակումները դիպվածային են: Օրինակՙ «Կապկազ թամաշայում» ասվում է.

- Ահարոնյանը գնում է Վերսայլ...

- Քաջազնունին պրեմյեր...

Ավելի հաճախ Չարենցը Ահարոնյանի քննադատությունն իրագործում է այլաբանորենՙ փոխնիփոխ դիմելով պարոդիայի, գաղտնագրման, հիպերբոլայի եւ գրոտեսկի հնարանքներին: Ավետիս Ահարոնյանի չարենցյան պատկերավոր քննադատությունը դրսեւորվել է չորս հիմնական դրվագներում:

ԴՐՎԱԳ ԱՌԱՋԻՆ. «ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶ»

1918 թ. սկզբին Չարենցը գրում է «Ազգային երազ» ողբերգաերգիծական պոեմը, որի գլխավոր հերոսը ազգային գործիչ Ահոն է: Որ Ահոյի կերպարի նախատիպը Ավետիս Ահարոնյանն է, առաջինը նկատել եւ վերլուծել է չարենցագետ Ալմաստ Զաքարյանը «Եղիշե Չարենց» մենագրության առաջին հատորում (1997):

Պոեմի քնարական հերոսը նախ երազի մեջ, ապա արթմնի ականատես է լինում հայոց աշխարհի հրդեհման հիպերբոլիկ տեսարանին, որի հեղինակը թուրքի գյուղի փոխարեն պատահմամբ հայի գյուղը հրդեհած Ահոն է: Իբր օգնության հասած հակառակորդը ջրի փոխարեն քարյուղ է լցնում կրակին, որից հրդեհը տարածվում է հայկական մյուս բնակավայրերում եւ դառնում համազգային աղետ: Էապես սա եղեռնի այլաբանությունն է, թեեւ Չարենցը ունի նաեւ մասնավոր շարժառիթՙ Էրզրումի կամազուրկ հանձնումը 1918-ի փետրվարին եւ գաղթականության ալիքի ուժգնացմամբ ուղեկցվող մյուս կորուստները:

Հայոց գյուղերը հենց հայերի կողմից հրդեհելու տեսարանները հաճախադեպ են ահարոնյանական գրականության մեջ (օրինակՙ «Մրրկի սուրբը», «Զարթիր Աստված», «Հազրե» գործերում): Բայց կա նաեւ այլաբանությունը. ժամանակակիցների վկայությամբՙ կոտորածներին մեծապես նպաստել են թուրքական գյուղերի վրա հայերի կատարած հարձակումները, Լեոյի «Անցյալից» գրքի բառերով ասածՙ «սրբել-մաքրելու» գործողությունները, որոնք արժանանում էին թուրքերի տասնապատիկ ուժեղ պատասխանին: Բացի այդՙ Անդրանիկին նվիրված խոհագրության մեջ Ահարոնյանն ինքն է խոստովանում, որ սխալվել էՙ հայդուկ զորավարին նշանակելով Էրզրումի պաշտպանության հրամանատար:

Ահարոնյանական գրականությանն ուղղված պարոդիաներ են նաեւ հրդեհը առատ արցունքով շիջելու կոչը, դրան առնչվող թաշկինակի այլաբանությունը: Բայց ամենից բացահայտ նշանակետը Թիֆլիսի «Հորիզոն» թերթում 1918 թ. փետրվարին Ավետիս Ահարոնյանի տպագրած «Ահազանգ» հոդվածն է: Պոեմի հերոս Վետերանը Ահոյին կոչ է անում գնալ եւ հնչեցնել հայ ժողովրդի փրկության ահազանգը, ինչ որ եւ անում է հայոց աշխարհը հրդեհած գործիչը: «Ահազանգ» եւ «հորիզոն» բառերը ամենից գործածականն են «Ազգային երազի» բառապաշարում: Ահոյի կերպարի պատմամշակութային հիմնավորման նշաններ են նաեւ պոեմի մյուս ծածկագրված կերպարներըՙ Խենթը, Վետերանը եւ Լեգեոնը, որոնք, ենթադրական թիրախավորումով հանդերձ, կազմում են Ահո համառոտագրությամբ նշավակ դարձած Ահարոնյանի շրջապատը:

ԴՐՎԱԳ ԵՐԿՐՈՐԴ. «ԵՐԿԻՐ ՆԱՅԻՐԻ»

«Երկիր Նայիրի» վեպում Չարենցը Կարսի եւ պետականության կորստի ներքին պատճառների մեջ առաջնայինը համարում է կառավարող կուսակցության գործունեությունըՙ ստեղծելով Մազութի Համոյի հավաքական եւ խորհրդանշական կերպարը: Վեպի որոշ միավորներ դարձյալ միտում են դեպի Ավետիս Ահարոնյանի ազդեցիկ նախատիպը: Թվում է, օրինակ, հենց Ահարոնյանին է ծածկագրում Հայտնի Անձ կոչվող խորհրդավոր ղեկավարի կերպարը, որին կայարանում դիմավորում եւ նույնիսկ նրա ձեռքսեղմումից հպարտություն են ապրում Մազութի Համոն եւ Վառոդյանը: Ճիշտ է, ճակատագրական օրերին Կարս են այցելել մի շարք այլ ղեկավարներՙ Սիմոն Վրացյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը եւ ուրիշներ, բայց նրանցից ոչ մեկը չէր կարող հարուցել այն վսեմ ակնածանքը, որ անգամ մինչեւ անկախության հռչակումը վայելում էր Ազգային խորհրդի նախագահը: Ի դեպ, Ահարոնյանը եղել է ռազմաճակատում, այդ թվում, ըստ Միքայել Վարանդյանի վկայության, նաեւ Սարիղամիշում եւ Կարսում: Սակայն Ահարոնյանը վեպում ներկա է ավելի շատ իր գաղափարներով եւ ստեղծագործությամբ:

Ահարոնյանի մտքերի, վերնագրերի եւ սիրած արտահայտությունների կիրառությամբ են հյուսված Մազութի Համոյի նշանավոր ճառերը, ինչպես նաեւ Վառոդյանի ելույթները եւ այն կոչերն ու հրամանները, որ տագնապալի պահերին ուղղվում են քաղաքի բնակչությանը: Մազութի Համոյի սեւեռուն մտքերից մեկը Չարենցը համարում է «սահմանից այն կողմը», որի համեմատ անտեսված ու երկրորդական է թվում քթի տակ եղածըՙ «սահմանից այս կողմը»: Այս երկու խոսքերը շեղատառ շարվածքով այնքան հաճախ են մեջբերվում Մազութի Համոյի խոսքում, որ ակամա մատնում են առկա պարոդիայի գոյությունը: Ամենահավանական սկզբնաղբյուրը դարձյալ Ահարոնյանի հրապարակախոսության մեջ է: Նկատի ունենք 1890-ական թթ. «Մշակում» տպագրված «Լուրեր սահմանի այն կողմից» խորագրով հոդվածաշարը, որը նվիրված էր Ռուսական կայսրության սահմանից այն կողմ ապրող արեւմտահայության կյանքին:

Օրհասական պահին ղեկավարությունը քաղաքի պատերին փակցնում է կոչեր, որոնք սկսվում են լատիներեն հանրահայտ թեւավոր խոսքով. «Hannipal ad portas!»: Շարունակության մեջ Չարենցը տալիս է նաեւ ասույթի հայերեն թարգմանությունըՙ «Թշնամին մոտենում է մեր դարբասներին»: Դարձյալ ընդգծված այս խոսքերը վերցված են Ավետիս Ահարոնյանի վերոհիշյալ «Ահազանգ» հոդվածից, որը սկսվում է երկլեզու նույն մուտք-բնաբանով. «Hannibal ad portas». «Աննիբալը մեր դրանն է»: «Հորիզոն» թերթի ահարոնյանական հանրահայտ հոդվածաշարի այս վեցերորդ մասը, ի դեպ, լույս է տեսել 1918 թ. փետրվարինՙ հաջորդելով Էրզրումի անկմանը եւ անմիջապես նախորդելով Կարսի առաջին գրավմանը:

Եվ վերջապես, վեպի եզրափակիչ էջերում Չարենցը ծածկագրով նույնացնում է Մազութի Համոյի եւ Ավետիս Ահարոնյանի էությունները: Գիտենք, որ Զապել Եսայանը Ահարոնյանին համեմատել է Արամազդի հետՙ օգտագործելով «Արամազդի թուխ ճակատը» բնորոշումը: Վերջինս Չարենցը վերածում է շրջասությանՙ Մազութի Համոյին քանիցս կոչելով «նայիրյան Արամազդ». «Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչին դահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն, զարհուրելի զարզանդ... բոլորը, քար կտրած, սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին: Թվում էր, թե եբրայական Եհովայի նման, կամ ինչպես Զեւսը կփրփրի ահա Համո Համբարձումովիչը, այդ, մենք կասեինքՙ նաիրյան Արամազդը»:

ԴՐՎԱԳ ԵՐՐՈՐԴ. «ՍԵՎՐԻ ԴԱՇՆԱԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԱԼԵԾՈՒՓ ՄԱԶԵՐԸ ԵՎ ՀԵԹԱՆՈՍ ՄԱՐՄԻՆԸ» ԿԱՄ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ»

Մեջբերված տողերը գրելուց մեկ տարի հետոՙ 1925 թ. ամռանը, արտասահմանից վերադարձած Չարենցը «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրում է «Սեւրի դաշնագրից մինչեւ «հայ կանանց ալեծուփ մազերը եւ հեթանոս մարմինը» կամ ընդհակառակը» պամֆլետը: Ճակատագրի բերումով հենց Չարենցի փարիզյան այցի շրջանում, այսինքնՙ 1925 թ. մարտին, Փարիզի հայ ուսանողական միության նախաձեռնությամբ բանախոսություններով հանդես էր գալիս Լոզանից մի կերպ ուշքի եկած Ավետիս Ահարոնյանը: Մարտի 31-ի դասախոսությանը մի քանի րոպե ներկա է լինում նաեւ Եղիշե Չարենցըՙ թերեւս կյանքում առաջին անգամ տեսնելով եւ լսելով իր «հերոսին»: Եվ ահա պամֆլետի առաջին իսկ էջում նա «նայիրյան մեծահռչակ գրող, անվանի «հեղափոխական», ինչ-որ անհայրենիք կառավարության անհայրենիք դելեգացիայի նախագահ պ. Ավետիս Ահարոնյանին» ուղղակի համեմատում է Մազութի Համոյի հետ, իսկ հետո նրան բազմիցս կոչում է «նայիրյան Արամազդ»:

Այս հոդվածին առանձնահատուկ տեղ է վերապահված Չարենց-Ահարոնյան առնչության մեջ: Հիշողությամբ մեջբերումներ անելով բանախոսությունիցՙ Չարենցը Ահարոնյանին վերագրում է վավաշոտությունՙ որոշակիորեն անցնելով սահմանը: Հակառակ նրան, որ չարենցագիտությունը անվերապահորեն փառաբանել է չարենցյան ծաղրը, մենք պետք է փորձենք հավասարակշռել դրույթները փաստերի նժարումով: Մանավանդ որ Չարենցը երգիծանքի թելադրանքով արձակում է սանձերը եւ ծաղրում նաեւ հեթանոսական շարժումն ու Վարուժանի պոեզիան: Սուրեն Աղաբաբյանը միակողմանի է համարում այդ գնահատությունը, իսկ ահա Ալմաստ Զաքարյանը խնդիրը կապում է չփաստարկված դավադրության հետ: Իբրեւ թե հայր եւ որդի Ահարոնյանները դասախոսությունները դիտմամբ կազմակերպել են հենց Չարենցի փարիզյան օրերինՙ ֆրանսահայ համայնքի ուշադրությունը շեղելու եւ հայաստանցի բանաստեղծի այցը Վարուժանով ստվերելու համար: Հայ Փարիզը իսկապես սառն ու անտարբեր է ընդունել Չարենցին, բայց դա Ահարոնյանների դավին վերագրելու հիմքեր կարծես թե չկան:

Շփոթության տեղիք չպետք է տա նաեւ հետեւյալ փաստը: «Հայրենիք» ամսագրի 1925 թ. 8-րդ եւ 9-րդ համարներում լույս է տեսել Ահարոնյանի փարիզյան մի դասախոսության տեքստըՙ «Արիական լույսը հայոց աշխարհում» վերնագրով: Դա, սակայն, ակնհայտորեն ուրիշ դասախոսություն էՙ ընթերցված մոտ մեկ ամիս առաջՙ մարտի 3-ին: Մինչդեռ մարտի 31-ի դասախոսության մասին ծանուցող փարիզյան «Ապագայ» թերթը նշում է ուրիշ վերնագիրՙ «Հեթանոս լույսը հայոց բանաստեղծության մեջ», որին շատ մոտ է Չարենցի հիշած «Հեթանոսությունը հայ գրականության մեջ» վերնագիրը: Ահարոնյանը այս մի բանախոսությունը կարծես թե չի տպագրելՙ միգուցե ինչ-որ ճանապարհով տեղեկանալով Չարենցի հոդվածի մասին:

Առանձին խնդիր է Սեւրի դաշնագրի եւ Ահարոնյանի մեղքի չարենցյան մեկնաբանությունը: Թեկուզեւ հրաշալի, բայց վերացական ազատ, անկախ ու միացյալից նա նախընտրում է գոյական, ռեալ երկիրը: Բայց փաստացի լինելով ճիշտՙ նա մասամբ տուրք է տալիս բոլշեւիկյան գաղափարախոսությանըՙ հակասելով կյանքի գնով ստեղծված «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» դարձյալ ծածկագրված գաղափարին, որ հենց Սեւրի թշնամիների կողմից վերծանվեց իբրեւ մեծ Հայաստանի դաշնակցական լոզունգ:

ԴՐՎԱԳ ՉՈՐՐՈՐԴ. «ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ»

Պատգամից հինգ օր առաջՙ 1933 թ. մայիսի 4-ին, Չարենցը գրել է իր ամենամութ գործերից մեկըՙ «Մահվան տեսիլ» պոեմը, որտեղ հիպերբոլայի եւ գրոտեսկի խառնուրդով ծաղրուծանակի է ենթարկել երկու դարերի հայոց ազատագրական շարժման գաղափարախոսությունը: Անհնար է, որ գաղտնագրերի այդ հրավառության մեջ իր հատուկ տեղը չունենար շարժման մեծագույն դեմքերից մեկըՙ Ավետիս Ահարոնյանը: Նրան է նվիրված պոեմի Ե գլխի ծավալուն մեկ հատվածը.

Բայց ահա այդ կույր, հոշոտված, հաշմանդամ շքերթի միջում

Արշավում էՙ նստած տախտակե ձողերից շինած մի նժույգ

Սեւահեր, թխադեմ մի այր, որ կրակ ու բոց է շնչում,

Մի ձեռքին քնար ոսկելար, մյուսինՙ հրազեն մի զույգ:

Մի փոքրիկ մորուք նա ուներ, գալարուն սեւասեւ մազեր,

Ծածկել էր թավիշե գլխարկ, եւ ուներ փողկապ փառահեղ,

Բայց նստուկը մերկ էր նրա, հանել էր զգեստներն ասես,

Որ տեսքը լինի երեւի սրբազան իր դերին վայել:

Դրվագը ինքնին, ինչպես նաեւ նստուկով նվագող քերթողի ստորադասումը Ատոմ Յարճանյանին եւ նույն այն Դանիել Վարուժանին, ում անխնա ծաղրել էր փարիզյան պամֆլետում, վկայում են, որ Չարենցը տասնհինգ տարի հետո հավատարիմ է մնում «Ազգային երազում» ուրվագծված մթնոլորտին եւ միայն ավելի է խտացնում գույները: Ահարոնյանի դիմանկարի ֆանտասմագորիկ աղավաղումը դարձյալ արված է նրա գրականության ծաղրանմանակման միջոցով: Բայց դա դաժան պարոդիա էՙ մեր գրականության մեջ քիչ հանդիպող էպատաժի տարրերով:

Հետաքրքրական է, որ սփյուռքի դաշնակցական մեկնաբանները, զորօրինակ Վահան Նավասարդյանը, իրենց վերծանումներում հաճախ շրջանցել են «ՀՅԴ- Հըդահյուն» հանկերգը «լորձունքոտ երգերով» հնչեցնող երգչի վանող նկարագրությունը: 1968 թ. լույս տեսավ Չարենցի երկերի գիտական հրատարակության չորրորդ հատորըՙ Ալմաստ Զաքարյանի հետեւյալ ծանոթագրությամբ. «Նկատի ունի գրող, դաշնակցական գործիչ Ավետիս Ահարոնյանին (1866-1948)»: Այս միանշանակ պնդմանը կարծես թե որեւէ հակաճառություն չհաջորդեց: Ավելինՙ Պողոս Սնապյանը 2011 թ. հրատարակած «Վերծանումներ» հատորում հանգիստ ընդունում է փաստըՙ հավելելով միայն, թե Ահարոնյանը «Մահվան տեսիլ» պոեմի ծածկագրված կերպարներից միակն էր, որ պոեմի լույսընծայման պահին դեռ ողջ էր:

ՎԵՐՋԱԲԱՆ ԿԱՄ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Այս պահին ծագում է կարեւորագույն հարցը: Տեղյա՞կ էր արդյոք Ավետիս Ահարոնյանը Չարենցի հարձակումներին եւ եթե այո, ինչպե՞ս է արձագանքել: Այստեղ տիրում է խորին լռություն: Չարենցի գործերը, նաեւ վեպը հասնում էին Ֆրանսիա, սփյուռքի գաղթօջախներում լույս էին տեսնում Չարենցին վերաբերող ուսումնասիրություններ: Եվ հազիվ թե Ահարոնյանը ինքնուրույն, որդու կամ մեկ ուրիշի միջոցով չնկատեր «Hannibal ad portas»-ը կամ «նայիրյան Արամազդ»-ը: Ուշագրավ է, որ Ահարոնյանը երբեմն սեւեռվում է հենց իր հնչեցրած «Hannibal ad portas» ահազանգի վրա: «Երկիր Նայիրի» վեպից հետո Բոստոնի «Հայրենիքում» տպագրած «Անդրանիկը» խոհագրության մեջ (1927) եւ «Ավարայրի ոգեկոչումը» հոդվածաշարում (1931) նա իր այդ ահազանգով է բացատրում մայիսյան հերոսամարտերի հաջողությունը եւ ներկա Հայաստանի գոյությունը: Չարենցին արձագանքելու փորձ կարելի է համարել նաեւ այն, որ իր վերջին գիրքը Ահարոնյանը վերնագրել է ճիշտ չարենցյան պամֆլետի վերնագրի շարահյուսությամբՙ «Սարդարապատից մինչեւ Սեւր եւ Լոզան»:

Ճակատագրի կամքով թե զուգադիպությամբ Ավետիս Ահարոնյանը իր երկարամյա գործունեությունն ավարտում է «Մահվան տեսիլից» անմիջապես հետոՙ 1934 թ. փետրվարի 11-ին: Մարսելում կայացած մի միջոցառման ժամանակ նա արտասանում է իր վերջին ճառը, որի մեջ որտեղից որտեղ հիշում է Չարենցի հանճարեղ բանաստեղծությունը. «Հայաստանի երիտասարդ բանաստեղծներից մեկը հանկարծակի մի բռնկումով մի սքանչելի բան է ասելՙ «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում»...

Դարերի իմաստությունը, խորքն ու տարողությունն է ամփոփված այդ բառի մեջ: Արեւահամ...»:

Այս հղումից մի քանի րոպե անց հռետորը կիսատ է թողնում նախադասությունը եւ տապալվում գետին: Եվս տասնչորս տարի կաթվածահար ապրած Ավետիս Ահարոնյանի վերջին հրապարակային խոսքը դառնում է գովք իրեն այնքան քննադատած ու ծաղրած կրտսեր գրողիՙ Չարենցի հասցեին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.