AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017



ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2017-01-26 22:10:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2403, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆ. «ՎԱՂՎԱ ՕՐՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է»

Զրույցը վարեցՙ ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԸ

Այսօրվա պես հիշում եմ 2005թ. հոկտեմբերի 22-ի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը: Այդ օրը նորաստեղծ անսամբլի ծնունդը շնորհավորելու էին եկել մերօրյա հայկական կատարողական արվեստի ավագ, միջին ու երիտասարդ սերնդի լավագույն ներկայացուցիչները: Բոլորին էր հասկանալի նրանց պատած ուրախությունը. վերջապես ի հայտ էր եկել բարձրակարգ մի գեղարվեստական կոլեկտիվ, որը կոչված էր ոչ միայն պահպանելու, այլեւ զարգացնելու Հայաստանում վաղուց ի վեր ձեւավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները:

Նվագավարը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանն էր, որ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի հետ 10 տարի առաջ նախաձեռնեց այս խմբի ստեղծումը եւ մինչ օրս հանդիսանում է դրա գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:


- Մաեստրո, ո՞րն էր նման խումբ ստեղծելու անհրաժեշտությունը:

- Ամբողջ հարցն այն էր, որ այն օրերի մեր իրականության մեջ ընդհատված էր ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի շարունակականությունը, եւ 10 տարի առաջ մեզանում փաստորեն չկար այդօրինակ նվագախումբ: Կոնսերվատորիան ավարտում էին բարձրագույն կրթությամբ երաժիշտներ եւ աշխատանք չունենալու պատճառով ստիպված էին լինում այլ գործով զբաղվել: Մինչդեռ մեր նվագախմբի ստեղծումով աշխատանքով ապահովվեցին շուրջ 40 բարձրակարգՙ հիմնականում երիտասարդ երաժիշտներ: Չմոռանանք նաեւ մեր ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրության նվազման վտանգը, որ գոյություն ուներ այն օրերին:

- Դյուրի՞ն եղավ նվագախմբի կազմավորման ընթացքը:

- Պատկերացրեքՙ այո: Շատերը դիմեցին, եւ թերեւս միակ դժվարությունը ընտրություն կատարելն էր: Մենք փորձեցինք ի մի բերել մեր ազգային բոլոր հայտնի նվագարաններըՙ թառ, քամանչա, ուդ, դուդուկ, քանոն, շվի, բլուլ, դհոլ եւ այլն: Այսօր ունենք, օրինակ, 6 դուդուկահար, 6 քամանչահար, 7 քանոնահար եւ այլն: Մեր կազմում միտումնավոր չընդգրկեցինք մեներգիչների. վերջիններս համերգներին հանդես են գալիս հրավերով եւ հյուրաբար:

Մեր նպատականերից մեկն էլ ազգային նվագարանների հնարավորությունների բացահայտումն ու ցուցադրումն էր, որի համար ծրագրում բացի հայկական ժողովրդական մեղեդիներից ներգրավեցինք նաեւ արեւմտաեվրոպական դասական ստեղծագործություններՙ Ջոպլին «Ռեգթայմ», Բրամս «Հունգարական պար», Բիզե «Հաբաներա» եւ այլն:

- Ուրիշ ի՞նչ հաջողություններ ու ձեռքբերումներ կարող եք մատնանշել անցած 10 տարիների ընթացքում:

- Բացի ՀՀ բոլոր մարզերում եւ, իհարկե, Արցախում կազմակերպված 300-ից ավելի համերգներից, մենք հյուրախաղերով հանդես ենք եկել Ռուսաստանում եւ Թուրքմենստանում: Թողարկել ենք «Առավոտ լուսո» ձայնասկավառակը, որն ընդգրկում է բազմաբնույթ նվագախմբային ստեղծագործություններՙ պիեսներ, ֆանտազիա, ռապսոդիա եւ այլն: Մեր մասնակցությունն ենք բերել նաեւ Համլետ Գեւորգյանի, Վարդան Բադալյանի, ուրիշ երգիչների ձայնասկավառակների ձայնագրմանը:

2010թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը Ազգային նվագարանների պետական նվագախումբն արժանացավ «Տարվա լավագույն ժողովրդական համույթ» մրցանակին: Չմոռանամ, իհարկե, նաեւ մեր գործուն մասնակցությունը երաժշտական տարբեր հեռուստանախագծերինՙ «Ժողովրդական երգիչ», «Ժողովրդական տասնյակ», «Բենեֆիս», ինչպես նաեւ նշանավոր արվեստագետներիՙ Վալյա Սամվելյան, Խաչատուր Ավետիսյան, Մանվել Բեգլարյան, Վլադիլեն Բալյան եւ այլն, հոբելյանական երեկոների կազմակերպմանն ու անցկացմանը:

- Ձեր նվագախմբի գլխավոր նպատակը սկզբից եւեթ եղել է նվագախմբային կատարողական արվեստի խթանումը ազգային երաժշտության ոլորտում: Ըստ Ձեզ, հաջողեցի՞ք այն իրագործել անցած տարիներին:

- Թող անհամեստություն չդիտվի, բայց մեր ամենօրյա ջանքերի ու ստեղծագործական որոնումների շնորհիվ մեզ մեծապես հաջողվեց մեր ժողովրդի ու հանրության տարբեր շերտերի, հատկապես երիտասարդության մոտ սեր բորբոքել դեպի ազգային երաժշտությունը: Արդյունքներից մեկին եւս ականատես եղա բոլորովին վերջերս, երբ ՀՀ Կրթության ու գիտության նախարարության եւ Հայաստանի երաժշտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված հանրապետական մրցույթում տեսա թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարբեր երաժշտական դպրոցների ու կրթամշակութային այլ հաստատությունների փոքր, միջին եւ մեծ կազմ ունեցող բազմաքանակ անսամբլներ: Կարող ենք ասել, որ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հիմք դրեց նման շարժման եւ այսօր էլ պատվով գլխավորում է այն:

Ավելին ասեմ. եթե տարիներ առաջ մեր երաժշտական դպրոցների ազգային-ժողովրդական գործիքների դասարանները հիմնականում թափուր էին մնում, ապա այժմ, բարեբախտաբար, ապահովված է հոսքը դեպի քամանչայի, թառի, ուդի եւ այլ գործիքների խմբեր, եւ այս առումով վաղվա օրն ապահովված է: Իհարկե, չմոռանամ հիշեցնել նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մասին, որի համաձայն ազգային նվագարանների դասարանները 70-80 տոկոսով անվճար են:

- Տպավորություն ստեղծվեց, թե ամեն ինչ կատարյալ է, եւ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ոչ մի խնդիր չունի:

- Այդպես չէ, իհարկե: Մեծ հյուրախաղերի պակաս ենք զգումՙ հատկապես դեպի արտերկիր ու հայկական գաղթօջախներ: Ունենք նաեւ նոր զգեստների հարց, որի լուծմանն ենք սպասում արդեն հաջորդ տարի:

Մինչ այդ ինձ մնում էր հանձին հիմնադիր գեղարվեստական ղեկավարի շնորհավորել Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի 10-ամյա հոբելյանըՙ մաղթելով ստեղծագործական նոր հորիզոններ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.