AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 10-02-2017



ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-02-09 21:36:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2206, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԻ ՀԱՅԱԶԳԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մեզանում սյուրռեալիզմով հետաքրքրվողները կարծես թե քիչ չեն, սակայն նրանցից քանիսի՞ն է արդյոք հայտնի այդ շարժման անխոնջ հետազոտողներից մեկիՙ արվեստի քննադատ, էսսեիստ, բանաստեղծ, մեր հայրենակից Սարան Ալեքսանդրյանի անունը...

Սարան Ալեքսանդրյանը (1927-2009), ինչպես հետեղեռնյան շրջանի արեւմտահայերի մեծ մասը, աշխարհ է եկել Մերձավոր Արեւելքում, տվյալ պարագայումՙ Բաղդադում, սակայն իր ընտանեկան հանգամանքներով ու կյանքի ուղիով նա խիստ տարբերվում է իր սերնդակից հայերից: Նրա մայրըՙ Մարգերտ Կոլենը, փարիզցի ֆրանսուհի էր. հայրըՙ Վարդան Ալեքսանդրյանը, ատամնաբույժ էր, որ ծառայում էր Իրաքի թագավոր Ֆայսալ Ա.-ին: Ի դեպ, Բաղդադ կատարած իր առաջին այցելության ժամանակ Վարդանի հաճախորդն է եղել անգլիացի հռչակավոր վիպասանուհի Ագաթա Քրիսթին, որը համակրական զգացումներ է տածել անգլիախոս բժշկի եւ նրա կնոջ հանդեպ: Երկրորդ աշխարհամարտից հետո կրկին այցելելով Իրաքՙ Ագաթա Քրիսթին Ալեքսանդրյան ամուսիններին հրավիրել է ի պատիվ իրեն կազմակերպված ընդունելությանը... Ի դեպ, Քրիսթիի «Բաղդադի դարպասը» վեպի դրվագային հերոսուհիներից է իրաքահայ տիկին Փենթեմյանը. չի բացառվում, որ այս հանգամանքը պայմանավորված է իրաքահայ Ալեքսանդրյանների հետ արձակագրուհու ծանոթությամբ...

Վեց տարեկանում Սարանը հիվանդանում է, - ծնողները նրան ուղարկում են Փարիզՙ մայրական տատիՙ Սանդրին Կոլենի մոտ: Պատերազմի նախօրեին տիկին Կոլենը թոռան հետ Փարիզից տեղափոխվում է Պեյրա-լը-Շատո գյուղըՙ Լիմոժ քաղաքի մոտ: Այս գյուղում անցկացրած տարիներն էլ կանխորոշել են Սարան Ալեքսանդրյանի կյանքի հետագա ուղին: Ֆրանսիայում պատերազմ տեսած իր սերնդի շատ մարդկանց պես նա եւս օգնություն է ցույց տվել Դիմադրության շարժման գործիչներին: Հենց այստեղ է գրական փորձեր կատարող պատանին 14 տարեկանում տեսել իր առաջին գործի տպագրությունը. տեղական շաբաթաթերթում լույս է տեսել նրա «Հույս հանուն...» սոնետը: Դրան հետեւել է «Մի երիտասարդ արեւելցու սրտի ճիչը» հայրենասիրական գրվածքը, որը հրատարակվել է ֆրանսիացի գրող Ռոբեր Ժիրոյի խմբագրած «Ունի» («Համախմբվել») ամսագրում: Պեյրա-լը-Շատոյում էլ 1943-ի ամռանը պատանի Ալեքսանդրյանը մուտք է գործել ֆրանսիական դադայի եւ սյուրռեալիզմի աշխարհըՙ 16-ամյա հասակում ծանոթանալով ավստրիացի նկարիչ եւ գրող, դադաիզմի նշանավոր ներկայացուցիչ Ռաուլ Հաուսմանի հետ, որը որպես փախստական մնում էր ֆրանսիական այդ գյուղում: Հետագայում հիշելով իր հանդիպումը Հաուսմանի եւ նրա ընկերների հետՙ Ալեքսանդրյանը գրել է. «Ես լրիվ ապշած էի: Այստեղ, ահա, գրողներ են, որոնք չեն սպասում ամբոխի հավանությանը, այլ գործում են որպես խիզախ քարոզիչներ, պայքարում են ընդդեմ նախապաշարումների, արհամարհում են սովորական հանդիսատեսին եւ իրենց գրքերը նետում են բավականին վտանգավոր թղթե ռումբերի նմանՙ խուճապ ստեղծելու համար պայմանական հասարակության մեջ»:

Հաուսմանի հետ ծանոթությամբ ոգեւորվածՙ 1947-ի մարտին Ալեքսանդրյանը նամակ է գրել սյուրռեալիզմի «հորը»ՙ Անդրե Բրետոնին: Պատասխանը չի ուշացել. երկու օր անց Բրետոնը գրել է Սարանինՙ առաջարկելով հանդիպել Սորբոնի համալսարանում կայանալիք սյուրռեալիզմին եւ քաղաքականությանը նվիրված գիտաժողովում: Այն կազմակերպել է Տրիստան Տզարանՙ դադաիզմի հիմնադիրը եւ բանաստեղծ (որն իր գրական անունը ստեղծելիս ներշնչվել է իր ծանոթ Կոստան Զարյանի ազգանունիցՙ ըստ վերջինիս հավաստիացման): Գիտաժողովն անցել է խիստ բուռն, որի ժամանակ Բրետոնը քննադատել է Տզարային ստալինիզմը պաշտպանելու համար: Ալեքսանդրյանը պաշտպանել է Բրետոնին, որին հետեւել է փոխադարձ հիացում միմյանց նկատմամբ: Արդյունքում ընդամենը քսանամյա Սարան Ալեքսանդրյանը դարձել է Անդրե Բրետոնի վերջին քարտուղարը: Սակայն նա քիչ է մնացել այդ պաշտոնում: Սյուրռեալիստների հոսանքում ծնված անհամաձայնությունների պատճառով նրա անդամներից երկուսըՙ նկարիչներ Վիկտոր Բրաուները եւ Ռոբերտո Մատտան դուրս են եկել խմբից: Սարանը միացել է նրանց, եւ երեքով ստեղծել են մի «հակախումբ», որն Ալեքսանդրյանն անվանել է «Contre-groupe H»ՙ Արթյուր Ռեմբոյի «H» բանաստեղծության ներշնչումով եւ հրատարակել են կարճ գոյություն ունեցած «N.E.O.N.» գրական հանդեսը:

Սակայն սյուրռեալիզմը կարեւոր դեր է ունեցել Ալեքսանդրյանի համար նրա ողջ կյանքի ընթացքում: Նա մշտապես գրել է սյուրռեալիստների մասինՙ անգամ նրանցից հեռանալուց հետո, համարելով նրանց իր բարեկամները: Հրատարակել է մոտ 50 գիրք, որոնցից առավել նշանակալից են մենագրությունները Սալվադոր Դալիի (1969), գերմանացի նկարիչներ Հանս Բելմերի (1971) եւ Մաքս Էռնստի (1986), ռումին-ֆրանսիական նկարիչ, միստիկ-էզոթերիկ Վիկտոր Բրաուների (2004) մասին, «Անդրե Բրետոնն իր իսկ խոսքերով» (1971), «Սերը ազատագրողները» (1977), «Սյուրռեալիստական արվեստը» (1985), «Էրոտիկ գրականության պատմություն» (1989), «Լյուբա» (2003) եւ ուրիշ հատորներ: Ալեքսանդրյանի ամենանշանակալից երկը համարվում է «Երազի հարուստ երկիրը» (1980), որը չի ենթարկվում որեւէ դասակարգման: Ապագա ուտոպիստական աշխարհի մասին պատմող այս ստեղծագործության մեջ համադրված են առասպելի, գիտաֆանտաստիկայի եւ երեւակայության տարրերը: Գիրքը պատկերազարդված է ականավոր սյուրռեալիստ նկարիչ Ժաք Էրոլդի 18 աշխատանքներով:

1990-ին Ալեքսանդրյանը հրատարակել է «Արկած ինքդ քո մեջ» ինքնակենսագրական գիրքը: Ինչպես նկատել է գրախոսողներից մեկը, «...այս գիրքը վերաբերում է նաեւ սիրունՙ կյանքի, ընթերցանության, արվեստի, պոեզիայի եւ իհարկե, կնոջ հանդեպ»: Մեզ համար այս հատորը հատկապես արժեքավոր է, որ Ալեքսանդրյանը, պատմելով Բաղդադի իր մանկության մասին, արեւելյան քաղաքի մթնոլորտի համատեքստում ներկայացրել է նաեւ իր հայկական շրջապատըՙ տարբեր լեզուներ խոսող հորը, կարճահասակ եւ ամրակազմ հայրական տատիկին, Խաչիկ հորեղբորը, որը նույնպես ատամնաբույժ է եղել, Վարդանուշ հորաքրոջը եւ նրա որդի Մկոյին, որը հետագայում դարձել է հայտնի վիրաբույժ...

1995-ին Ալեքսանդրյանը հիմնադրել է «Գերազանց անհայտ» գրական հանդեսը (անվանումը վերցված է Բրետոնից), որից լույս է տեսել չորս համար: Այն հռչակել է «ամբողջական ոչ-կոնֆորմիզմի» սկզբունքները եւ մեծ մասամբ նվիրված է եղել սյուրռեալիզմին: Հանդեսին աշխատակցել է նաեւ Ֆրանսիայում հայտնի արվեստի քննադատ Կատրին Միլլեն:

2006-ին լույս է տեսել Քրիստոֆ Դոֆինի «Սարան Ալեքսանդրյան կամ Կարծեցյալի մեծ մարտահրավերը» կենսագրական գիրքը: Այնտեղ հեղինակը մասնավորապես նշել է, որ «Ալեքսանդրյանը մշտապես ընթացել է մարդուն արթնացնելու եւ ազատագրելու ուղիով, որպեսզի նա ներշնչանք ստանա կենդանի պոեզիայից, երազներից, մոգական մտածողությունից կամ սեռական մոգությունից, այսինքնՙ ամբողջ կյանքից»:

Սարան Ալեքսանդրյանը ողջ կյանքում հիացել է ֆրանսիացի ուտոպիստ-սոցիալիստ Շառլ Ֆուրիեով, եղել Նիցշեի «Զվարթ գիտություն» աշխատության փիլիսոփայության հետեւորդը եւ լրտեսության համար մահապատժի ենթարկված պարուհի Մատա Հարիի կրքոտ պաշտպանը: Ամուսնացած է եղել ֆրանսիացի բանաստեղծուհի եւ նկարչուհի Մադլեն Նովարինայի (1923-1991) հետ: Նրա վերջին աշխատությունըՙ «Սյուրռեալիստ նկարիչները», լույս է տեսել իր մահվան տարումՙ 2009-ին, ֆրանսերեն եւ անգլերեն:

Ի դեպ, Սարան Ալեքսանդրյանը սյուրռեալիզմի միակ հայազգի մասնագետը չէ Արեւմուտքում: 1947-ին, այն նույն թվականին, երբ Ալեքսանդրյանը ծանոթացել է Բրետոնի հետ, ԱՄՆ-ում լույս է տեսել ծնունդով պոլսահայ գրականագետ, Նյու Յորքի համալսարանի համեմատական գրականության ամբիոնի պրոֆեսոր Աննա Բալաքյանի (1915-1997) «Սյուրռեալիզմի գրական ծագումը» անգլերեն աշխատությունը, որին հետեւել են նրա այլ ուսումնասիրությունները Անդրե Բրետոնի եւ ընդհանրապես սյուրռեալիզմի մասին...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.