AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 21:36:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1901, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՀՐԱՆԻ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐԸ

Օվսաննա ԲԱՂՈՒՄՅԱՆ

Էնղելաբ բառը պարսկերեն լեզվում նշանակում է հեղափոխություն: Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Իրանում շատ քաղաքների փողոցներ եւ այլ հասարակական վայրեր անվանվեցին «Էնղելաբ»: Այդպես է կոչվում նաեւ Թեհրանի կենտրոնական պողոտաներից մեկը: Մի փողոց, որը ծայրից ծայր լցված է գրքերով ու գրախանութներով:

Էնղելաբ փողոցի գրախանութներից մեկը

Էնղելաբ պողոտան ունի մոտ հինգ կիլոմետր երկարություն, որի մի գլխավորՙ Էնղելաբ եւ Վալի Ասր խաչմերուկի միջեւ ընկած հատվածի երկու կողմերում ինչքան աչքդ կտրիՙ գիրք է եւ գրավաճառանոց: Այստեղ է գտնվում նաեւ Թեհրանի համալսարանի կենտրոնական շենքը, եւ երկրի պետական ամենախոշոր համալսարանի առկայությունը տարիներ շարունակ դեպի իրեն է ձգել եւ հավաքել գրքի ու գրականության տարբեր կենտրոնների, երկրի լավագույն եւ խոշորագույն հրատարակիչներին: Սա միեւնույն ժամանակ Թեհրանի ամենամարդաշատ փողոցներից է, որտեղ աշխատանքային օրերին մարդկային հոսքը մի վայրկյան անգամ չի դադարում:

Գրախանութների դռները անդադար բացվում են: Այստեղ կարելի է գտնել ինչ ուզես: Գրախանութներ, որ մատակարարում են տարբեր մասնագիտությունների վերաբերյալ գրականություն, թարգմանական գրքեր, իրանցի հեղինակների աշխատանքներից, արվեստի կամ լեզուների վերաբերյալ գրականություն, հին գրքեր, նոր գրքեր, ինչ մտքովդ անցնի: Ամեն մարդ կարող է գտնել իրեն հետաքրքրող ինֆորմացիան:

Էնղելաբում ներկայացված են Իրանի հին ու նոր հրատարակչությունները եւ գրախանութներըՙ «Ամիրքաբիր»-ը, «Իրանիան»-ը, «Արիա»-ն, «Գոհար»-ը, «Ղողնուս»-ը եւ այլն, սակայն մեծ ու փոքր, նորակառույց եւ աղքատիկ խանութների կողքին տառացիորեն մայթերին կարելի է գրքեր գնել շրջիկ վաճառողներից: Առաջին շրջիկ գրավաճառները հայտնվեցին հեղափոխության տարիներին: Երիտասարդներ էին, որ վաճառում էին մինչ հեղափոխությունն արգելված կամ քիչ ճարվող գրքեր: Մինչեւ օրս էլ մի շարք գրավաճառներ շարունակում են այդ ավանդույթը: Ես ինքս վերջերս այդպիսի մի գրավաճառից հին տպագրության մի «Սաֆարնամե» գնեցի, որ ուրիշ ոչ մի խանութում չէի կարողանում գտնել:

Էնղելաբ փողոցում ներկայացված գրքային հրավառությունը Իրանում գրքերի վաճառքի ընդամենը մի վառ օրինակն է: Տրադիցիոն կերպով համարվում է, որ այդ փողոցում կենտրոնացված է հիմնականում ուսումնական գրականություն, թեեւ, իհարկե, գրքերը բազմատեսակ են եւ տարաբնույթ: Մեկ այլ փողոցումՙ Քարիմ խանում, վաճառվում է գեղարվեստական գրականություն: Սրանք կարելի է ասելՙ գրքի վաճառքի մեծածախ կենտրոններ են:

Սրանցից բացի գոյություն ունեն խոշոր գրախանութ-հանրախանութներ: Այդպիսին է «Շահրե քեթաբ»-ը կամ «Գրքի քաղաք»-ը, որը մեծ գրախանութների ցանց է Իրանի տարբեր քաղաքներում եւ որում ներկայացված են բազմապիսի հրատարակչություններ:

«Շահրե քեթաբ»-ի գլխամասային շենքը կառուցվել է 2011 թվականին: Բաղկացած է 3 հարկից եւ տարբեր բաժիններիցՙ մեծահասակների, երեխաների, երաժշտական ու արտասահմանյան գրականության եւ այլն:

Վերջին տարիներին ԻԻՀ-ում պետական մակարդակով մեծածավալ ծրագրեր են իրականացվում գրքերի հանդեպ հասարակության հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով: Կազմակերպվում են գրքի փառատոններ, որոնցից ամենանշանակալին Թեհրանի Գրքի միջազգային ցուցահանդեսն է, որն անցկացվում է հատուկ այդ նպատակի համար կառուցված թաղամասում եւ սովորաբար տեւում է մոտ մեկ շաբաթ:

Գրքերի արտադրությունը եւ վաճառքը խրախուսելու նպատակով ֆինանսական աջակցություն է տրամադրվում որոշ գրախանութների, եւ արդյունքում նրանք կարող են գրքերը վաճառել մինչեւ 20 տոկոս զեղչով: Գրքերի տպագրությունը Իրանում վերջին երեք տասնամյակի ընթացքում զգալի աճ է գրանցել: 1980 -1990 թթ. գրքերի տպագրությունը 274 անունից հասել է մոտ 53 հազարի: Մի կողմից շարունակաբար նոր գրքեր են հրատարակվում, մյուս կողմից վերահրատարակվում են մեծ պահանջարկ վայելող գրքերը: Օրինակՙ հայկական արմատներով կին գրող Զոյա Փիրզադի «Լույսերը հանգցնում եմ» վեպը վերահրատարակվել է 70 անգամ: Այս ամենը ցույց է տալիս, որ ինչպես Էնղելաբ փողոցում, այնպես էլ այլ վայրերում գրախանութների աճը պատահական չէ, այլ համակարգված եւ հետեւողական բնույթ է կրում, եւ ամենակարեւորըՙ Իրանում, անգամ ինտերնետային տիրապետության մեր օրերում, ընթերցասիրությունը չի նվազում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.