AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 24-02-2017



ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2017-02-23 21:51:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2204, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁՈՆԵՐԳ ԹԱՏՐՈՆ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ ԵՎ ՆՐԱ ՀԵՆԱՍՅՈՒՆ ԴԵՐԱՍԱՆԻՆ

Ջանիբեկ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի» պիեսը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում

Խախտելով թատերախոսականի ավանդույթները` ներկայացմանն իմ անդրադարձը ցանկանում եմ սկսել ինձ (կարծում եմ` նաեւ հանդիսատեսի եւ ընթերցողի) համար հույժ կարեւոր մի փաստից:

Պիեսի հեղինակը` արձակագիր, դրամատուրգ, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը պատմում է. «Վարդուհի Վարդերեսյանը վատառողջ էր: Մի օր ասաց. «Նելլի ջան, ուզում եմ հատուկ ինձ համար մի պիես գրես, խաղամ»: Հավանաբար ցանկանում էր, որ այն դառնար իր կարապի երգը: Ինձ համար մեծ պատիվ էր հանրաճանաչ ժողովրդական արտիստուհուց նման հանձնարարություն ստանալը, եւ մեծ ոգեւորությամբ գործի անցա: Երբ պիեսը պատրաստ էր, վախվորած գնացի նրա մոտ. կհավանի՞: Կարդաց, հավանեց: «Ապրե՛ս, Նելլի ջան, իսկն իմ ուզածն է, բայց ես արդեն ի վիճակի չեմ խաղալու: Կտաս Գրետային, թող իմ փոխարեն ինքը խաղա` Վահեի բեմադրությամբ»: Շատ չանցած` նա իր սիրելի հանդիսատեսի, հանրության ծափողջույնների ներքո ուղեւորվեց Պանթեոն, որ այնտեղ գտնի իր անմահությունը: Իսկ ես կատարեցի ինձ համար շատ թանկ մարդու վերջին ցանկությունը: Ավելինՙ պիեսը մեծ սիրով նվիրեցի Վարդուհի Վարդերեսյանին»:Եվ ահա մեծ դերասանուհու երազանքն իրականություն դարձավ. 2016-ի նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Վարագույրը չի փակվի» ներկայացման առաջնախաղը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ եւ Գրետա Մեջլումյանի` Մեծ տիկնոջ դերակատարումով:

Գրեթե դատարկ բեմում դերասանական կարիերան ավարտած Մեծ տիկինն է` նստած չուլուփալասի վրա: Իր հանդերձն էլ է հնամաշ: Իսկ շուրջն անկանոն թափված են տիկնոջ իրերը` գլխարկը, դեղերի տուփը, պայուսակը, շրթներկը...Ինչո՞ւ դատարկ բեմ, իսկ ո՞ւր են ծափողջույններից որոտացող այն դահլիճները, որտեղ Մեծ տիկինը վայելում էր նվիրական արվեստի պտուղները: Ե՛վ հեղինակը, եւ՛ բեմադրիչը հավանաբար ցանկացել են շեշտել դառն ճշմարտությունը` ամեն ինչ անցողիկ է, եւ միայն ժամանակի ինչ-որ «կյանք» կոչվող հատվածում է մարդն ինքնախաբեությամբ ցանկանում հաստատել իր առավելությունն ու հզորությունը բնության նկատմամբ: Բայց բնությունն անպարտ է. ահա՛, մահն է եկել Մեծ տիկնոջ հետեւից: Եվ նման անելանելի, անտանելի իրավիճակում Մեծ տիկինն ասես խաղում է իր վերջին դերը` ապրած կյանքի վերարժեւորումներով լի դերը:Գրետա Մեջլումյանը հենց առաջին պահից իր հզոր կերպարի տարերքի մեջ է: Նա մեկ իր թշվառ վիճակի հետ հաշտված քաղցած պառավ է, որը չոր հացը թրջելով սառը ջրում` հանգիստ ծամում է, ասես ներծծելով հացի եւ ջրի ամենազոր կենարար ուժը: Մեկ էլՙ հարյո՞ւր, հազա՞ր, թե՞ երկու հազար տարեկան Մեծ տիկնոջ փորձով («Շրջել է աշխարհից աշխարհ, փորձել հասկանալ աշխարհի չարն ու բարին, Աստծուն եւ սատանային, Ապոլոնին եւ Մամոնային») կատարում է համարձակ ընդհանրացում. «Այս նյութապաշտ աշխարհում ամեն ինչ առուծախի է վերածվել` ե՛ւ սերը, ե՛ւ գեղեցկությունը, ե՛ւ տառապանքը, ե՛ւ նույնիսկ... բեմը»:Կյանքի փորձով իմաստնացած Մեծ տիկնոջ այս բողոք-ընդվզումը Գրետա Մեջլումյանը չի ներկայացնում պաթետիկ պոռթկումներով, այլ ինչ-որ տեղ նույնիսկ անտարբերությամբ (գուցե թվացյա՞լ), ասես թեյախմության սեղանի շուրջ մեղմ ձայնով ընկերուհուն է ներկայացնում կյանքի անարդարությունները. «Մարդը շարունակում է սպանել մարդուն...», «Ես չծնեցի իմ որդուն, որ նա չսպանվի պատերազմներում...», «Ոգու մեծ սով է...», «Եվ մոլորակն էլ է մոլորվել երկոտանի գիշատիչների ձեռքին...»:

Այս մենախոսությունն արդեն որերորդ անգամ ընդհատվում է դրսո՞ւմ, թե՞ իր ներսում հնչող թակոցի ձայնից: «Ա՜... հասկացա: Մահն է եկել իմ հետեւից»: Բայց եղե՞լ է մի մարդ, որն ինքնակամ հանձնվի մահին: Եվ սկսվում է Մեծ տիկնոջ խելակորույս պայքարը. «Իմ հերթը վաղուց է անցել... Ես ո՛չ մեռածների մեջ եմ, ո՛չ էլՙ ողջերի... Քո ինչի՞ն եմ պետք: Ես չկա՛մ, չկա՛մ, չկա՛մ...»:Այնքա՜ն բուռն ու ոգեշունչ է Գրետա Մեջլումյանի խաղն այս տեսարանում: Թվացյալ մահվան հետ մենախոսությունում թեեւ բանը հասնում է խելագար քրքջոցի, բայց հանդիսատեսը հավատում է` նա՛ է դրության տերը եւ կհաղթի մահին:

Այդուհանդերձ, նա պատրաստվում է անխուսափելիին` մահվան հետ հանդիպմանը: Իմ խորին համոզմամբ, այս տեսարանը ներկայացման ամենահուզիչ պահերից մեկն է: «Ես, որ բազմիցս մեռել եմ բեմում, շատ եմ վախենում իրական մահից... Որովհետեւ չգիտեմ` ի՞նչ բան է մահը»: Ու ամեն ինչ անում է, որ պատշաճ ներկայանա մահին` Մեծ տիկնոջ արժանապատիվ կեցվածքով ու հարդարանքով: «Գլխա՜րկս...»: Եվ արտիստական այնպիսի մաներայով է եզրավոր գլխարկը դնում գլխին, ասես պատրաստվում է բեմ դուրս գալ` ներկայացման: Հետո հերթականությամբ վերցնում է պայուսակը, դեղերի տուփը, շրթներկը, ծաղիկները, պսակը, հովհարը, օծանելիքը... Կանացիական այնքա՜ն պչրանք ու նազանք կա Մեծ տիկին-Գրետա Մեջլումյանի խաղում, դերասանական այնքա՜ն հմայք: Այո՛, վիրտուոզ դերասանուհու բարձրարվեստ խաղով մահվան դեմ պայքարի ելած Մեծ տիկինը ներկայանում է դերասանական իր վաղեմի շռայլ գույներով: Բայց մի բան կարծես պակասում է. երաժշտությո՜ւնը: Եվ մահին ընդառաջ Մեծ տիկինն ինքնամոռաց պարում է վալսի առինքնող երաժշտության հնչյունների ներքո: Գրետա Մեջլումյանն այստեղ եւս իր տարերքի մեջ է` վալսի ալիքների թեւերին...

Եվ մի՞թե հենց այս պահին պետք է Մեծ տիկինը կրկին զգար մահվան շունչը, լսեր նրա կոչնակի համառ ձայնը: Բայց ի՜նչ անակնկալ. մահի փոխարեն հայնտնվում է... Մարդաշունը: Տեղին է նշել, որ հեղինակը, ստեղծելով Մարդաշան կերպարը, Մեծ տիկնոջ համար ինքնաբացահայտման, ինքնազննման, ինքնագնահատման մեծ հնարավորություններ է ստեղծել. նրանց երկխոսությունները հագեցված են անցյալի հուշերով, որոնք լիարժեք են դարձնում Մեծ տիկնոջ կերպարը:

Ի դեպ ասենք, որ այս ներկայացումը ժանրային առումով աբելյանցիների համար նորություն է` թատերական դուետ (ներկայացում երկու դերակատարով):Կարեն Գրիգորյանի բեմանկարչությունը խիստ ժլատ, բայց արտահայտիչ միջոցներով ներկայացնում է հանդերձյալ կյանքի նախադուռը. տիեզերքի պայմանական պատկերի մեջ ուրվագծվում են մարդկային դեմքեր: Երեւի հոգիներ են` դրախտի՞, թե՞ դժոխքի առջեւ: Հենց այստեղ է, որ հայտնվում է Մարդաշունը (մինչ այդ լսվում էր նրա ձայնը):

Ո՞վ կամ ի՞նչ է Մարդաշունը, որի աչքերը ոչ միայն ծանոթ, այլեւ շատ հարազատ են թվում Մեծ տիկնոջը: Մարդաշունը Մեծ տիկնոջն անվանում է «իմ տիրուհի»: Հետաքրքրական զրույց-երկխոսությունները, որոնք այնքա՜ն մտերմիկ ու ջերմությամբ են ներկայացնում դերակատարներ Գրետա Մեջլումյանը եւ Արամ Մխիթարյանը, բերում են մի եզրահանգման. Մարդաշունն անցյալում եղել է Մեծ տիկնոջ սիրահար-երկրպագուն, որը մերժվել է, բայց նրան հավատարիմ է մնացել անգամ մահից ու Մարդաշան տեսքով կրկին կյանքի կոչվելուց հետո:

Միստիկա՞, սնոտիապաշտությո՞ւն, թե՞ իրականություն: Այս թնջուկը եւս իր վերջնական, փաստարկված պատասխանը չունի, թեեւ վերջին շրջանում գիտնականներն էլ են վկայում փորձերի արդյունքում ստացված դրական արդյունքների` հոգու` մարմնից անկախ գոյության մասին: Ինչեւէ, մարդկանց մեծամասնությունը հավատում է հոգու գոյությանն ու նրա վերաբնակեցմանն այլ էակների մեջ: Չխորանանք մարդու մնալու բարոյական նորմերի պահպանման գործում հավատի ունեցած մեծ դերի մեջ: Չժխտելով այդՙ այդուհանդերձ նշենքՙ միշտ չէ, որ մեծամասնությունն է ճշմարտության կրողը: Ահա այս թնջուկն են փորձում լուծել նաեւ «Վարագույրը չի փակվի» պիեսի հեղինակն ու բեմադրիչը: Ինչ էլ լինի, յուրաքանչյուր հանդիսատես ինքը պետք է լուծի այս բարդ խնդիրը եւ ստանա իրեն գոհացնող պատասխանը:

Մեծ տիկին - Մարդաշուն զրույց-վերհուշի ընթացքում Մեծ տիկինն անսահման կարոտով ու ոգեւորությամբ է հիշում եւ հատվածներ կատարում իր դերակատարումներից. Մեդեա, Օֆելյա, Կուրաժ մայրիկ, Թամար թագուհի... Վիճակների կտրուկ փոփոխություններ` ցավ, տառապանք, խինդ, հրճվանք... Գրետա Մեջլումյանն այս դրվագներում պարզապես անթերի է, հիասքանչ: Գուցե ինքն էլ է ցանկացել մարմնավորել այդ կերպարները եւ այժմ փորձում է իր ուժե՞րը: Գուցե: Ինչեւէ, այդ դրվագները վկայում են, որ Գրետա Մեջլումյանը մեծ ընդգրկման դերասանուհի է, եւ իրեն հասանելի են ամենատարբեր ոճերի ու տրամաբանության կերպարները` սկսած կատակերգականից մինչ ողբերգականը: Խիստ տպավորիչ, ցնցող են հատկապես «Դավաճանություն» եւ «Կուրաժ մայրիկը» ներկայացումներից կատարած հատվածները. հայրենիքի զոհասեղանին դրված մանկան մահվան համար Թամար թագուհու եւ զավակներին կորցրած Կուրաժ մայրիկի տառապանք ու անդարմանալի ցավ: Սա մարդկային ողբերգության մի հիանալի ռեքվիեմ է` արտահայտված ոչ թե երաժշտության լեզվով, այլ դերասանական խելահեղ խաղով: Գրետա Մեջլումյանը նույն ուժգնությամբ ու ողբերգականությամբ է կատարում նաեւ տարանտելլան (իտալական ժողովրդական արագ տեմպով պար), որն էլ անձնական կյանքից հրաժարված, իրեն ամբողջությամբ բեմին նվիրած Մեծ տիկնոջ տառապանքի արտահայտությունն է` գիտակցված կյանքի մայրամուտին:Խոստովանենք, որ բեմում քնելու տեսարան ներկայացնելն այնքան էլ գեղագիտական չէ: Բայց այս ներկայացման մեջ ամենադիտարժան տեսարաններից մեկն անցած դժվարին ճանապարհից խոնջացած Մեծ տիկնոջ ննջելու, մարմնին հանգիստ տալու տեսարանն է: Թիկն է տվել Մեծ տիկինը անդենականի մուտքի առջեւ հայտնված հասարակ թախտին ու աչքերը փակել: Կաթնալույսով է ողողված նրա մարմինը, որն ասես ճառագայթում է մի պայծառ լույսով: Այդպես թագուհիներն են ննջել գահավորակին: Բայց նրանց կոչել են նաեւ Մեծ տիկին: Եվ մի՞թե Մեծ տիկինն էլ թագուհի չէ, թատրոնի թագուհի:Գրետա Մեջլումյանն այս փոքրիկ դրվագում անգամ կարողացել է ցուցադրել դերասանական իր անուրանալի տաղանդը, հաստատել գեղագիտության իր սկզբունքները թատրոնում:

Ի դեպ, պետք է նշել, որ Գրետա Մեջլումյանն առանձնակի ուշադրություն է դարձնում նաեւ բեմական խոսքին: Ամեն մի խոսք չէ, որ լիարժեք է արտահայտում մարդու միտքը, զգացմունքը: Թեեւ Նելլի Շահնազարյանի պիեսում լեզուն ճոխ է, ինչ-որ տեղ` պոետիկ, արտահայտիչ, բայց, այդուամենայնիվ, Գրետա Մեջլումյանը կարողանում է բառի, խոսքի հնչողության մեջ այնպիսի նրբերանգ դնել, որ անթերի արտահայտի մարդու ապրումները, զգացմունքները, կարողանում է խոսքն արժեւորել իր հմայիչ ձայնով, իրեն բնորոշ շեշտադրումներով ու ելեւէջներով: Հարուստ է նրա ձայնածավալը. ամենացածրից մինչեւ ամենաբարձր հնչողություն: Ամենակարեւորը. կա հստակություն: Նրա շշուկն անգամ լսելի է դահլիճի վերջին շարքերում:

Առանց չափազանցության պետք է ասել, որ Արամ Մխիթարյանը Գրետա Մեջլումյանի անզուգական խաղընկեր է այս ներկայացման մեջ: Չլիներ նրա անթերի խաղը, շատ բանով կտուժեր նաեւ անվանի դերասանուհու բեմելը: Արամ Մխիթարյանն իր պատճառաբանված, գրագետ խաղով շատ է նպաստում դերասանուհու ինքնադրսեւորմանն ու անկաշկանդ, անբռնազբոս, բնական խաղին:

Ես շատ եմ տեսել Մարդաշան դերակատարներ հայկական (եւ ոչ միայն), այդ թվում նաեւ Հովհ. Աբելյանի անվան թատրոնում: Բայց չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել Արամ Մխիթարյանի եւ մյուսների կերտած կերպարների միջեւ. Արամ Մխիթարյանը շատ է ինքնատիպ: Նրա խաղն այնքա՜ն նուրբ է, այնքա՜ն զգացմունքային: Եվ որքա՜ն կատարյալ է ներկայացնում իր նվիրվածությունն ու հավատարմությունը, անթեղված, բայց կրկին հուրհրացող սերն իր երբեմնի սիրեցյալի` Մեծ տիկնոջ նկատմամբ: Հոսել է ժամանակը, ինքը հեռացել է կյանքից, բայց Մարդաշան տեսքով վերադարձել ու մնացել է անդավաճան իր մեծ սիրուն:

Այնքա՜ն մաքուր են նրա զգացմունքները. նա յուրաքանչյուր պահի հսկում է տիկնոջը, օգնում նրան: Այնքա՜ն քնքշանքով է փարվում նրա քղանցքին, այնքա՜ն նրբորեն ծածկում ննջող տիրուհուն, այնքա՜ն բուռն երազում թեկուզ փոքր-ինչ արժանանալ նրա փաղաքշանքին, զգալ նրա մարմնի ջերմությունը, որ Մեծ տիկինն անկեղծ խոստովանում է. «Թերեւս քո մեջ ավելի շատ մարդկային բան կա, քան շատ ու շատ մարդկանց մեջ», եւ ափսոսանք հայտնում. «Ինչպե՞ս եմ վանել այսպիսի սերն ու նվիրումը...»:Սիրո, նվիրումի իսկական հրավառություն է Մեծ տիկնոջ թախիծը ցրելու Մարդաշան վերջին ճիգը` իսպանական ֆլամինգոյի կատարումը: Բուռն երաժշտության ներքո առնական պարի դոփյուններն ասես հեռու են վանում հոռի մտքերն ու կրկին կյանքի կոչում Մեծ տիկնոջը: Պարային այս կատարումով դերակատար Արամ Մխիթարյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ինքը ոչ միայն հիանալի դերասան է, այլեւ պրոֆեսիոնալ պարող:

Ներկայացման մեջ թեեւ ընդգծված բարձրակետեր չկան, բայց դինամիկ զարգացման շնորհիվ այն հանդիսատեսին չթուլացող լարվածության մեջ է պահում:

Ես միտումնավոր առանձին չեմ անդրադառնում բեմադրիչի աշխատանքին, քանզի դերակատարումների մեկնաբանություններում հնարավորինս գաղտնագրել եմ նաեւ ռեժիսուրայի նրբերանգները, որոնք նպաստել են այդ դերակատարումների կատարելությանը: Նշեմ միայն, որ այս ներկայացման մեջ բեմադրիչը շատ ճշգրիտ է օգտագործել երաժշտությունը (ձեւավորումը` Սեդրակ Զարգարյանի): Այն առավելապես մեղեդային է եւ մեծապես նպաստում է իրավիճակային տրամադրության ստեղծմանն ու դրա ճշմարիտ արտահայտմանը:

Խորհրդանիշերի ինքնատիպ օգտագործման ջատագով Վահե Շահվերդյանն այս ներկայացման մեջ եւս դրանցից չի հրաժարվել. տիեզերքի, դրախտ-դժոխքի պատկերները դրանց վկայություններն են: Ինչպես միշտ, այս ներկայացման մեջ եւս բեմադրիչն ինքնատիպ է ներկայացրել մահվան տեսարանը. Մեծ տիկինը եւ Մարդաշունը «մշուշների միջով քայլում են դեպի հավիտենական երազների աշխարհ, դեպի աստղազարդ երկինք` Մեծ Շան Աստղատուն» եւ արձանանում: Մահվան նման գեղագիտությունն անվարան կարելի է անվանել շահվերդյանական:

Ոմանք կարծում են, թե «Վարագույրը չի փակվի» պիեսը հայ տաղանդավոր դերասանուհիներից մեկի կյանքի անդրադարձն է: Թյուր կարծիք: Մեծ տիկնոջ կերպարը դերասանական բազում սերունդների խտացումն է: Այս պիեսն ու ներկայացումը հզոր անհատի` նվիրյալ դերասանուհուՙ Մեծ տիկնոջ ցասումնալից բողոք-ընդվզումն է ինքն իր դեմ, հասարակության դեմ, Աստծո դեմ. ինչո՞ւ են Երկիր մոլորակի վրա այդքան անարդարություններն ընդհանրապես եւ իր նկատմամբ` մասնավորապես: Ամեն ինչ տվել է թատրոնին, հասարակությանը` հրաժարվելով անձնական երջանկությունից, իսկ ահա կյանքի մայրամուտին հայտնվել է լքյալի, ընչազուրկի վիճակում: Եթե նորի՞ց ծնվեր: Կգնար նույն ճանապարհով, քանզի կյանքից առավել սիրում է թատրոնը:

«Վարագույրը չի փակվի» պիեսն ու ներկայացումն էլ մի հիանալի ձոներգ են թատրոն երեւույթին եւ նրա հենասյուն դերասանին, նրանց անմահությանը: Այո՛, թատրոն երեւույթը կա ու կապրի, քանի դեռ երկիր մոլորակի վրա կլինի թեկուզ մեկ մարդ:

Երբ ներկայացումն ավարտված էր, մի միտք հղացա. եթե մեծն Վարդուհի Վարդերեսյանը ներկա լիներ, ի՞նչ կասեր: Ու կարծես ականջիս հասավ նրա երգեցիկ ձայնը. «Ապրե՛ս, Գրետա ջան, ապրե՛ս, Վահե ջան, դուք արդարացրիք իմ հույսերը. ես էլ հենց այդպես կխաղայի»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.