AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 21:08:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1716, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՐՔՙ ՉՆԿԱՐԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Նաիր ՅԱՆ

Ֆիզիկոսներին, տիեզերագետներին ու փիլիսոփաներին ձեռնոց է նետված: Մարտահրավերը կինոյի մեր ժամանակների լեգենդ, գեղարվեստական վավերագրության չգերազանցված Վարպետ Արտավազդ Փելեշյանի կողմից է: Նա շրջանցել է գիտության մեջ վաղուց ամրագրված կանոնները, օրենքներն ու ապացույցները, անգամ Նյուտոնի, Էյնշտեյնի տեսությունները, որոնցով առաջնորդվում ենք մանկապարտեզային տարիքից ի վեր: Ու արդեն քանի դար:

Արտավազդ Փելեշյանը 1974-ին եւ 1988-ին հեղինակած «Տարածական մոնտաժ» եւ «Իմ կինոն» գրքերում ներկայացնում է կինոռեժիսորական տեսություններ, անհատական մոտեցումներ ու վերլուծություններ, որոնք համաշխարհային կինոյում անվերապահորեն գյուտեր են համարվում: Այդ աշխատությունները դասական ձեռնարկներ են, որոնցով առաջնորդվում են մասնագիտական բուհերում, սերունդներին մատուցում կինոյի փելեշյանական լեզուն ու ձեռագիրը: Դրանց կողքին Վարպետը նոր մենագրություն է դրելՙ «Իմ աշխարհը եւ դաշտի միասնական տեսությունը» , որը օրերս է հրատարակվել մշակույթի նախարարության աջակցությամբ: Գիրքը ռուսերեն է. նախարար Արմեն Ամիրյանը խոստացել էՙ թարգմանվելու է հայերեն ու անգլերեն: Տիեզերական երեւույթներ, մոլորակների, աստղերի ծնունդ ու անհետացում, պլուս-մինուսիՙ իրար ձգելու եւ վանելու օրենքներ, լույսի արագություն, կրոն, հավատալիքներ ու խորհրդանիշեր, առասպելներ ու աստվածաբանություն, թվերի աշխարհ, տարածության, ժամանակի ու շարժման օրենքներ. ոլորտները տարբեր են ու շատ: Կինոռեժիսորը դրանց անդրադարձել էՙ յուրաքանչյուր երեւույթի մեջ գիտականորեն խորամուխ լինելով ու իր տեսակետն առաջարկելով: Գիտեՙ վիճելի հարցեր շատ կան, որոնք անգամ աբսուրդ կհամարվեն, բայց դրանք իր ուսումնասիրություններն ու բացահայտումներն են: Ինքը ոչ թե հերքում կամ ժխտում է Նյուտոնին, Էյնշտեյնին կամ մյուսին, այլ նրանց տեսությունների կողքին դնում նույն երեւույթի մասին ի՛ր կարծիքը եւ ընթերցողին կողմնորոշվելու, մտորելու հնարավորություն տալիս:

«Իմ աշխարհը եւ դաշտի միասնական տեսությունը» մենագրության շնորհանդեսին ներկա էին Վարպետի մտերիմներն ու նրա արվեստի երկրպագուները, որոնք հեղինակից ընծայագրով գրքեր ստացան: Հրավիրված էին նաեւ ֆիզիկոսներ. նրանք որեւէ խոսք առայժմ չասացին մենագրության վերաբերյալ, բայց խոստացել են շուտով հոդված գրել:

«Կինոն, կինոլեզուն է ինձ օգնել, որպեսզի բացահայտեմ գիտության տարբեր ոլորտները: Կինոմոնտաժի օրինաչափությամբ մեկնաբանում եմ տիեզերքի գաղտնիքները, մոլորակների ծնունդն ու մահը, տարածության, ժամանակի ու շարժման հարաբերությունները: Թող գիտության մարդիկ ինձ ներեն, բայց իմ կարծիքովՙ արվեստն ավելի ուժեղ ու առաջատար է, որովհետեւ այն, ինչ գիտութունն է անում, արվեստն էլ է անում, բայց այն, ինչ անում է արվեստը, գիտությունը չի կարողանում անել»,- նկատեց Արտավազդ Փելեշյանը:

Վարպետի պատմած հուշերում դեռ դպրոցական տարիներից է նա խորապես հետաքրքրված եղել ֆիզիկայով, բանավիճել ֆիզիկայի մասնագետ դպրոցի տնօրենի հետ: Ուսուցիչներն անգամ զարմացել են, որ նա հետագայում ընտրել է արվեստի ուղղությունը:

«Բնության մեջ անվերջանալի թվեր չկան, թեեւ ընդունված է հակառակն ասել ու հաստատել: Թվերը մեծանում են, մեծանում, բայց մի կետում անսպասելիորեն ու աննկատ հետ են դառնումՙ նվազելով: Որտե՞ղ է այդ կետը, ես չգիտեմ: Ի՞նչ ֆորմուլա է. դա էլ չգիտեմ, բայց համոզված եմ, որ թվերն անսահման չեն ու զարգանալով, աճելով, մի կետից սկսածՙ նվազում են: Մեկ այլ ուսումնասիրության մասին էլ խոսեմ: Բնության մեջ մինչ օրս չի հայտնաբերվել լույսի արագությանը գերազանցող այլ երեւույթ: Ես լույսից արագ եմ համարում տեսանելիությունն ու արտացոլումը: Բայց տեսանելիությունը նյութակա՞ն է, թե ոչ նյութական. հարցի պատասխանը չեմ կարողանում գտնել: Այդ տեսության անունը ես դրել եմ բիոիմպուլս, բայց կուզեի այլ կարծիքներ էլ իմանալ այս տեսակետի ու անվանման մասին»,- գիտության հայտնի ու անհայտ գաղտնիքներից մի քանիսի մասին խոսեց Վարպետը:

Արտավազդ Փելեշյանի ընկեր ու մտերիմ Տիգրան Մանսուրյանը «Իմ աշխարհը եւ դաշտի միասնական տեսությունը» մենագրությունը մեր մշակութային կյանքում երեւույթ համարեց:«Տիեզերական փնտրտուքներն ինչպե՞ս կարելի է ամբողջացնել, մտնել միթոլոգիական երեւույթների խորքերը. միթոսն ու տիեզերքը լրացնում են իրար: Փելեշյանն այս ու հնագույն քաղաքկրթական շերտերին է հայացք գցում: Այս ամբողջի հիմքում իր ստեղծած արվեստն է, տեսական հիմքերը, որոնցով ոչ միայն ֆիլմ, գեղարվեստական մարմին է կառուցել, այլեւ գիտական միտք: Չափազանց մեծ հետաքրքրությամբ է կարդացվում գիրքը. սա իրապես արվեստագետի գրած էՙ գիտական փնտրտուքների հետքերով: Այս աշխատությունը կարող են տարբեր տարիքի մարդիկ կարդալ: Բարձր նյութերի մասին պարզ գրվածք էՙ մատչելի լեզվով, պարկեշտ գրչով գրված: Նրա որոնածը ներդաշնակությունն է իր ֆիլմերի ու գիտության միջեւ: Ապշում եսՙ մարդ արարածն ինչպե՞ս կարող է այսքան հեռու գնալՙ իր ստեղծած գեղեցիկի աշխարհից տարածվել դեպի տիեզերք, անծայրածիր ոլորտներ, փիլիսոփայություն: Համոզվում ենք նորից, որ Փելեշյանն ինչին որ դիպչում է, հանճարեղ երեւույթ է ստացվում»,- վաղեմի ընկերոջ մասին ասաց Տիգրան Մանսուրյանը:

Կինոգետ Գարեգին Զաքոյանի կարծիքով Արտավազդ Փելեշյանի գիրքը պետք է ընթերցել ոչ թե գիտական նորարարությունների կամ գյուտերի հետ ծանոթանալու, այլ մեծ մտավորականի ու արվեստագետի հանճարեղ մտքերին հաղորդակցվելու համարՙ որպես մտքի ստեղծագործություն ու գեղեցկություն: Սա այն դեպքն է, երբ արվեստը գիտություն, փիլիսոփայություն է դարձել, իսկ գիտությունն ու փիլիսոփայությունըՙ արվեստ: Դրանք միացել են իրար ու դարձել աշխարհը ճանաչելու միջոց:

«Հանճարեղ ստեղծագործություն է, հանճարեղ են Փելեշյանի ֆիլմերը, բայց այդ հանճարեղության հետ պետք է ոչ թե այսպես շփվելՙ դահլիճներում ու երեկոների ընթացքում, այլ ամեն օրՙ երիտասարդներով, ուսանողներով, ունկնդիրներով շրջապատված: Այսօրվա սերունդը պետք է հանճարի ներկայությունը տեսնի իր կողքին, նրան նայելով մեծանա: Փարաջանովը Թբիլիսիի թատրոնի փորձերին էր գալիս. ուսանողները տեսնում էին նրան, շփվում, խոսում ու ամեն անգամ աննկատ ինչ-որ բան սովորում նրանիցՙ շարժուձեւը, շնչել-արտաշնչելը, հայացքը, խոսքը: Արտավազդ Փելեշյանին էլ պետք է ամեն օր տեսնեն մեր երիտասարդները ու հենց միայն նրա ներկայությունից շատ բան սովորեն ու ոգեշնչվեն»,- կարծում է Գարեգին Զաքոյանը:

«Իմ աշխարհը եւ դաշտի միասնական տեսությունը» գիրքը Արտավազդ Փելեշյանը մտահղացել է մոտ կես դար առաջ: Ժամանակ առ ժամանակ կենտրոնացել է տարբեր թեմաների վրա, շարադրել մտքերը եւ միայն վերջին տարիներին է ձեռագրերը համախմբել:

Գրքի շնորհանդեսը սկսվեց «Մենք» ֆիլմի ցուցադրությամբ եւ ավարտվեց «Կյանք» ֆիլմով: Վարպետը կինոն ու գիրքը նույնն հարթության վրա էր դրելՙ որպես մեկը մյուսի շարունակություն, մեկը մյուսին լրացնող ստեղծագործությոններ: Ժամանակը, տարածությունն ու շարժումն այն երեք գլխավոր հասկացություններն են, որոնց հարաբերության օրինաչափության վրա են հիմնված փելեշյանական կինոլեզուն ու կինոմտածողությունը: Նույն սկբունքով է նա դիտարկում բնության, տիեզերքի, գիտության գաղտնիքներն ու երեւույթները:

Վարպետը զգուշացնում էՙ գիրքը դժվարամարս է, պետք է ուշադիր ու դանդաղ կարդալ, բայց կարդալուց հետո հաստատ հետք կթողնի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.