AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017



ՄՈՍԿՎԱ

Տեղադրվել է` 2017-03-02 21:08:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2979, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐԻՆ ՓԱՌԱՎՈՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Նախորդ տարվա մշակութային նշանակալի իրադարձություններից հիշատակենք Մոսկվայի կենտրոնումՙ «Տապան» թանգարանում տեղի ունեցած «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի. սերունդների էստաֆետ» ցուցահանդեսը, որ կազմակերպել էր «Արտ հորիզոններ» ժամանակակից արվեստի կենտրոնը: Վերջինիս տնօրեն, նախագծի հեղինակ եւ ղեկավար Գեւորգ Խաչատրյանի հետ հանդիպումը շահեկան էր գեղարվեստական այդ միջոցառման կազմակերպման շատ մանրամասներ իմանալու եւ հիշյալ կենտրոնի գործունեությանն ի մոտո ծանոթանալու առումներով:


Պարզվում էՙ Գեւորգին երկար ժամանակ հանգիստ չի տվել իր ծննդավայր Գյումրու ներկա իմիջը փոխելու միտքը: «Արդեն 3 տասնամյակ է, ինչ մեր քաղաքն անվերջ զուգորդվում է երկրաշարժի, խեղճության ու թշվառության հետ,- պատմում է նա:- Մինչդեռ աշխարհի այս անկյունը տեւական ժամանակ աչքի է ընկել ու այսօր էլ բարեբախտաբար աչքի է ընկնում գեղարվեստական անչափելի ժառանգությամբ, որ հարկ է ցույց տալ թե՛ նույն աշխարհին, թե՛ ինքներս մեզ: Այդ ժառանգության մի կարեւոր մասն է կազմում գյումրեցի վարպետների ստեղծած կերպարվեստը»: «Արվեստը լինելով հաղորդակցության լավագույն միջոց,- շարունակում է զրուցակիցս,- այն միաժամանակ իմիջ ձեւավորելու հզորագույն ռեսուրս է, որ հնարավորություն է տալիս տեղեկատվություն տալու քաղաքի մասին, կարգավորելու վերջինիս ընկալման, հանրությանը ներկայանալու եւ արտաքին աշխարհում ճանաչելի դառնալու գործընթացը: Սեփական արվեստի լայն տարածումը, նրա բազմակողմանի ներկայացումը կաջակցի քաղաքի ու նրա բնակիչների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի ձեւավորմանը»:

Շուրջ մեկ տարի է պահանջվել, այսպես ասած, «գույքագրում» անցկացնելու, կերպարվեստի ոլորտիՙ հայտնի թե անհայտ գյումրեցի ներկայացուցիչներին հայտնաբերելու եւ նրանց ստեղծագործությունները հավաքելու համար: Բանն այն է, որ այսօր նրանցից շատերը կնքել են մահկանացուն, մի մասն էլ ցրված է աշխարհով մեկ: Ուստի հարկ է եղել հնարավոր տարբեր միջոցներով փնտրել, գտնել, նաեւ համացանցի միջոցով կապ հաստատել ու հանդիպել նրանց կամ նրանց ժառանգների հետՙ բացատրելով ապագա ցուցահանդեսի կազմակերպման պայմաններն ու նպատակը:

Պայմաններից առաջինը թերեւս տվյալ արվեստագետի բարի ցանկությունն է եղելՙ իր ստեղծագործության միջոցով ներկայացնելու իր սիրելի ծննդավայրը: Մյուս կողմից էլՙ կազմակերպիչները տեղ են տվել անխտիր բոլորին, ովքեր այդ քաղաքում ծնված լինելուց զատ ինչ-որ ժամանակ ապրել ու արարել են այնտեղ կամ ճակատագրի բերումով առնչվել Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու հետ: Այսպես. իմանալով կազմակերպվելիք ցուցահանդեսի մասինՙ Մոսկվայում երկար տարիներ բնակվող նշանավոր քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը, չնայած 97-ամյա տարիքին, ինքն է ցանկություն հայտնել մասնակցելու եզակի այդ ցուցադրությանը: Չէ՞ որ Լենինականում Ավետիք Իսահակյանի բրոնզյա արձանը տեղադրելիս մեծ արվեստագետը անմոռանալի օրեր է անցկացրել Հայաստանի «արհեստների ու արվեստների մայրաքաղաքում»:

Ինչ վերաբերում է վերջնական ցուցադրությանը, այն ներառել է 90 մասնակցի 160 աշխատանք (գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ եւ այլն)ՙ ընտրված Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների մասնավոր հավաքածուներից: Դրանք, անխտիր բոլորը, բնօրինակներ են եղել եւ ցուցադրվել են առաջին անգամ:

Հատուկ ուշադրություն է նվիրվել Մերկուրովի անվան նկարչական դպրոցին, որը ստեղծված լինելով անցյալ դարասկզբինՙ 1921-ին, հաջողությամբ գործում է մինչ օրսՙ տալով մերօրյա հայ կերպարվեստի նոր դեմքեր: Ցուցադրված էին գեղարվեստական հիշյալ կրթօջախի տարբեր տարիների տնօրեններ Շանթ Սարգսյանի, Սերգեյ Միրզոյանի, Սամվել Լաճիկյանի ստեղծագործությունները: Ուշագրավ էր եւ այն, որ ներկայացված են եղել նաեւ այսօրվա շնորհալի սաների, ինչպես եւ քաղաքի Գեղարվեստի ակադեմիայի խոստումնալից ուսանողների աշխատանքները: Ընդգծենք, որ Գյումրին երբեք նման ձեւաչափով ու մասշտաբով չէր ներկայացել արտաքին աշխարհին: Սա երեւույթ էր, որ լայն արձագանք գտավ թե՛ արվեստասերների, թե՛ մասնագետների մոտ, սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ում:

Ցուցահանդեսը, որ կազմակերպվել էր աջակցությամբ եւ օրհնությամբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, 15 օր շարունակ, նոյեմբերի 5-20-ը, հյուրընկալեց Մոսկվայի տարբեր բուհերում սովորող հայորդիներին, Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ ռուս եւ օտարազգի հարյուրավոր արվեստասերներիՙ հանձինս գյումրեցի արվեստագետների նրանց ծանոթացնելով հայոց հնամյա ոստանին:

Թերթելով հատուկ ցուցահանդեսի առիթով 1000 օրինակով տպագրված պատկերագիրքըՙ տեսնում ենք երեք սերունդների տաղանդավոր նկարիչների մասին տեղեկություններ, նրանց աշխատանքների վերատպություններ, արխիվային նյութեր եւ այլն:

Գեւորգ Խաչատրյանի պարզաբանմամբ, իրենց նպատակն է եղել ցույց տալ բոլորին, որ չնայած անցյալի բնական, սոցիալ-քաղաքական աղետներին ու այլօրինակ տարուբերումներինՙ 2 պատերազմ, 2 երկրաշարժ եւ այլն, Գյումրին իր մեջ ուժ է գտել ծնելու նորանոր արվեստագետների, որոնցով արժե հպարտանալ եւ նրանցից օրինակ վերցնել: Ունենալով ճանաչողական նշանակությունՙ ցուցահանդեսը միաժամանակ ապագայի ուղերձ է կրել իր մեջՙ հավաստելով, որ անվերջ ու շարունակական է տաղանդավոր սերունդների երթը: Այն նաեւ առհավատչյան է պայծառ գալիքի, որ հաջորդելու է ներկա, մեղմ ասած, անուրախ օրերին:

Դարձյալ զրուցակցիս խոսքերով, մոսկովյան ցուցահանդեսից հետո «Արտ հորիզոններ» ժամանակակից արվեստի կենտրոնն այժմ քննարկում է Երեւանից, Թբիլիսիից, Վարշավայից եւ Պրահայից ստացված առաջարկներըՙ նույն ցուցահանդեսը ներկայացնելու իրենց մոտ, որից հետո իրենք մտադիր են նոր նախագծեր իրականացնելՙ Գյումրին պատշաճ ձեւով ներկայացնելով նաեւ արվեստի մյուս տեսակների միջոցով: Այս ամենի վերջնական նպատակն, իհարկե, «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի» թանգարանի ստեղծումն է, որի հարկի ներքո կմիավորվեն Ալեքսանդրապոլի (1830-1924թթ.), Լենինականի (1924-1991թթ.) եւ Գյումրու (1991-ից մինչ օրս) գեղարվեստական զարգացումն արտացոլող բազմաժանր ստեղծագործություններՙ սկսած կերպարվեստից մինչեւ լուսանկարչություն ու ինստալացիաներ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.