AZG Daily #29, 28-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 10-03-2017



ՄԱՏՈՒՑՈՒՄ

Տեղադրվել է` 2017-03-09 19:11:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2154, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՅՏՆԻ ՓԱՌԱՏՈՆԻՙ SOCIALLY RELEVANT FILM FESTIVAL-Ի ԱՅՍ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ

Պատրաստեց ԼԻԼԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Նյու Յորքի SR - Socially Relevant Film Festival սոցիալական ուղղվածությամբ ֆիլմերի փառատոնը հիմնվել է 2013 թվականինՙ ամերիկահայ հայտնի դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ Նորա Արմանիի կողմից: Իր գործունեության երեք տարիների ընթացքում փառատոնը ներկայացրել է 150-ից ավելի ֆիլմերՙ աշխարհի 33 երկրներից: 2017 թվականին այն տեղի կունենա չորրորդ անգամՙ մարտի 13-19-ը: Փառատոնի ֆիլմացանկում ներկայացված են 46 ֆիլմՙ 23 երկրներից: Ֆիլմերը բարձրացնում են մարդկանց հուզող բազմաթիվ հասարակական, սոցիալական խնդիրներ: Ֆիլմերից վեցը պատմական-խաղարկային ժանրի են, տասներկուսըՙ փաստագրական եւ քսանութըՙ կարճամետրաժ:

Այս տարի Հայաստանից ներկայացված է մեկ ֆիլմՙ Արմեն Գասպարյանի «Գողացված մանկություն» փաստագրական ֆիլմը: Փառատոնում կցուցադրվեն եւս 3 ֆիլմՙ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային. Մարթա Հոուսկեի «Անապատի ագռավները», Թալին Ավագյանի «Քաղաքի երկու պատմություններ» եւ Ավո Ջոն Կամբուրյանի «Գոյատեւման արձագանքը»:

Արմեն Գասպարյանի «Գողացված մանկություն» ֆիլմը ընդգրկված է Նյու Յորքի փառատոնի փաստագրական ֆիլմերի ցանկում: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը գետնին հավասարեցրեց հայկական երկրորդ ամենամեծ քաղաքըՙ հարակից շրջանների հետ: 26 տարի անց մենք տեսնում ենք Գյումրի քաղաքը այնպես, կարծես թե երկրաշարժը երեկ է եղել: Ֆիլմում քաղաքը ցուցադրված է փոքրիկ աղջնակ Նինայի աչքերով, ով կրում է կյանքի ահռելի ծանր բեռ ու պատասխանատվությունՙ առանց դժգոհելու եւ տրտնջալու իր վիճակի համար:

Ռեժիսորը պատմում է, որ այս ֆիլմը իրենք ստեղծեցին մեծ դժվարությամբ, լենինականցիների շնորհիվ, որոնք ամբողջ աշխարհից փող հավաքեցին: «Հետեւաբար ես իրավունք չունեի սխալվելու»,- գրում է Արմեն Գասպարյանը :

«Անապատի ագռավները». փաստագրական ֆիլմ . Ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Մարթա Հոուսկե: Գործադիր պրոդյուսերՙ Փոլ Թուրփանջյան:

Ֆիլմը հերոսի ճանապարհորդությունն է Հայոց ցեղասպանության միջովՙ հիմնված Լեւոն Յոթնաղբերյանի հիշողությունների վրա, եւ պատմում է անհավանական թվացող իրական պատմությունՙ Օսմանյան բանակից փախչելուց հետո Լեւոնի հուսահատ տանջանքների եւ ողջ մնալու մասին:

Վերջին ժամանակներս բացահայտված այս պատմությունը կրկին հաստատում է, թե ինչպես են տարբեր մշակույթների եւ կրոնների տեր մարդիկ աջակցել հայ փախստականներին: Եզակի ֆիլմ-տեսանյութ, որտեղ լուսանկարները եւ փաստաթղթերը հավաքվել են ամբողջ աշխարհի արխիվներից:

- Ֆիլմը ստեղծելու գաղափարը ծնվեց, երբ գործադիր տնօրեն Փոլը ինձ տվեց Լեւոն Յոթնաղբերյանի հուշերը: Սկզբում մտածեցինք կարճ ֆիլմ նկարել, բայց ավարտեցինք երկար փաստագրական ֆիլմով,- պատմում է Մարթա Հոուսկեն :- Ինձ համար շատ կարեւոր է ֆիլմը Նյու Յորքի փառատոնին ներկայացնելը, քանի որ իմ կարիերայի ընթացքում ես միշտ փորձում եմ բարձրացնել սոցիալական հարցեր: Շատերը հարցնում են, թե ինչու եմ ես Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանում, երբ ես հայ չեմ: Երբ սկսեցի ուսումնասիրել Հայոց Ցեղասպանության փաստերը, շոկ ապրեցի, որ ես այդ մասին չեմ սովորել դպրոցում եւ իմ պարտքը համարեցի ստեղծել ֆիլմ: Բոլորը, ովքեր մտահոգված են ներկայիս մարդասիրական ճգնաժամովՙ հատկապես Միջին Արեւելքում, կարող են տեսնել բազմաթիվ զուգահեռներ ներկա իրավիճակի եւ Լեւոնի ճակատագրի միջեւ, որում նա հայտնվել էր մեկ դար առաջ:

Ֆիլմը մասնակցել է ավելի քան 6 փառատոնի. «Արփա» միջազգային ֆիլմերի փառատոնում առաջադրվել է «Լավագույն առանձնահատուկ փաստագրական ֆիլմ» անվանակարգում: Մարթա Հոուսկեն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում New York Festival Gold World Medal շքանշանին եւ երկու անգամ GINE Gold Eagle մրցանակի:

Թալին Ավագյան. «Քաղաքի երկու պատմություններ»- 2017 թ .

Ֆիլմը պատմում է երկու զույգի մասինՙ Էկրեմ եւ Աիդա Բորեկյաններ եւ Սարգիս եւ Պայծառ Էկկեններ: Երկու զույգ, չորս անհատականություններ, որոնք ծնվել եւ մեծացել են պատմական քաղաք Տիգրանակերտումՙ իրենց կյանքի միմյանց շատ նման պատմություններով:

Ֆիլմը ստեղծելու գաղափարը ծագեց, երբ ռեժիսորը ճանապարհորդում էր Արեւմտյան Հայաստանով եւ նրան բախտ վիճակվեց տեսնելու եւ վավերագրելու նախնիների քաղաքներն ու եկեղեցիները:

- Մենք գտանք այս երկու զույգերին երկրագնդի մյուս կողմում շատ տարիներ հետոՙ հիշեցնելով այն ժամանակները եւ վայրերը, որտեղ նրանք, որպես ճնշված փոքրամասնություն, փորձում էին պահպանել հայկական մշակույթը,- պատմում է Թ. Ավագյանը : - Ես Սուրբ Կիրակոս եկեղեցում տեսա ամուսնություն եւ մկրտություն, հանդիպեցի տարբեր ընտանիքների, լսեցի պատմություններ Տիգրանակերտի մասին եւ նկատեցի ցնցող նմանություններ այդ պատմությունների եւ իմ փեսացուի ընտանիքի պատմության միջեւ, ով նույնպես Տիգրանակերտից էր:

Ռեժիսորը ցավով նշում է, որ Տիգրանակերտն այս պահին իր տեսած քաղաքը չէ: Ֆիլմն արդեն անցյալի գիրկն անցած պատմության մի մասն է կազմում: Թալին Ավագյանի համար նյույորքյան սոցիալական ուղղվածություն ունեցող փառատոնին մասնակցելը եւս մեկ հնարավորություն է աշխարհի հետ կիսելու իր կարծիքը, իր պատմությունն ու մշակույթը: Կարճամետրաժ ֆիլմի համար Թալին Ավագյանն արժանացել է Demi Pointe մրցանակին: Ֆիլմը մասնակցել է բազմաթիվ փառատոների:

Ավո Ջոն Կամբուրյանի «Գոյատեւման արձագանքը» կարճամետրաժ փաստագրական ֆիլմը բաղկացած է երեք դրվագից, որոնցից յուրաքանչյուրը պատմում է հայկական արմատներ ունեցող ժամանակակից արվեստագետների մասին: Նրանք երեք վառ անհատականություններ են, ովքեր չեն ծնվել եւ ապրել Հայաստանում, բայց հպարտանում են իրենց հայկական արմատներով: Հայոց ցեղասպանության 100-ամյակին նրանցից յուրաքանչյուրը հանդես է եկել իր ստեղծագործությամբ:

Առաջին դրվագը պատմում է նկարչուհի Ջեկի Ղազարյանի մասին, ով մեծացել էր օտար միջավայրում, բայց Հայոց ցեղասպանության 100-ամյակին արմատների կանչը նրան տարավ դեպի անցյալ: Տատիկի ասեղնագործ ժանյակները դարձնելով իր նկարչության նյութՙ նա ինքնատիպ կերպով անդրադարձավ Ցեղասպանության թեմային:

Երկրորդ դրվագը պատմում է Արա Օշականի մասին, ով 20 տարվա ընթացքում լուսանկարներով վավերացրել է Սփյուռքի հայ համայնքի մարդկանց կյանքըՙ ցույց տալու համար նրանց մշակույթը եւ կենցաղը:

Երրորդ դրվագը պատմում է երաժիշտ Արա Դինկջյանի (Տինկճեան) մասին, ով ունի բոլոր ժամանակների երաժշտություն ամփոփող ձայնասկավառակների մեծ հավաքածու: Երաժիշտը նախապատվությունը տալիս է հատկապես հայկական երաժշությամբ ձայնասկավառակներին:

Բացի Հայոց ցեղասպանության եւ հայկական թեմաներից, կան նաեւ հայ ռեժիսորների ֆիլմեր, որոնք ներկայացրել են սոցիալական այլ խնդիրներ: Էրիկ Շահինյանի «Օտար ձայն» կարճամետրաժ ֆիլմում ներկայացված է երիտասարդ զույգի պատմություն: Նրանց հարաբերություները ենթարկվում են լուրջ փորձության, երբ նրանք տեղափոխվում եւ բնակություն են հաստատում նոր վայրում:

«Երեխաները ոսկու մեջ» ֆիլմի ռեժիսորական կազմի մեջ է նաեւ մեր հայրենակցուհի Իրինա Պատկանյանըՙ հայ բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանի ծոռնուհին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.