AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 10-03-2017



80-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2017-03-09 19:11:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1813, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ, Արվեստաբան

Խոսել Հայաստանի վաստակավոր նկարիչ, արդեն 80-ը բոլորած Մարտին Պետրոսյանի մասինՙ նշանակում է փորձ անել մուտք գործելու գեղարվեստի մի աշխարհ, ուր ամեն ինչՙ գիծը, գույնը, հորինվածքը, կերպարները, ատրիբուտները, պլաստիկ ողջ մտածողությունը միտված են ասես «վեր հանելու» մարդկային անհատական աշխարհընկալման գիտակցական ու ենթագիտակցական շերտերն ու խորքերըՙ ֆիզիկայից մինչեւ մետաֆիզիկա, երեւութականից մինչեւ աներեւույթը, իրականիցՙ հեքիաթայինն ու առեղծվածայինը: Մարտին Պետրոսյանի աշխատանքները բնութագրելիս հիմնականում օգտագործում են «հեքիաթային», «կախարդական» բառերըՙ ընդգծելու համար նրա պատկերների ու կերպարների անսովոր թվացող գեղեցկությունն ու կուսականությունը, զարմանալի նուրբ ու առինքնող գեղանկարչական ու գրաֆիկական լեզուն, յուրօրինակ գործվածք հիշեցնող վրձնախաղերը, ինչ որ տեղ, ասես, շղարշածածկ խոհականությունը, նույնիսկՙ մեկ գույնի մեջ ծիածանի բոլոր գույներն ու գունաթույրերը զգացականի հասցնելու նկարչի ընդունակությունը: Այս հատկանիշներն էին պատճառը նաեւ, որ նրան պատվիրում էին նկարազարդել մանկական գրականություն. նա երկար ժամանակ համագործակցել է «Պիոներ» եւ «Ծիծեռնակ» մանկական ամսագրերի հետ: Նրա «Սասունցի Դավիթ» եւ Այգեկցու առակների մոտիվներով արված նկարազարդումները եւս մանուկների ընկալմանը հասու ձեռագիր ունեն:

Բայց իրականում Մարտին Պետրոսյանի գործերի հիմքում այն տիեզերաշունչ, մշտապես ցանկալի բարին է, այն երանավետ, թող որ թվացյալ, անդորրն ու խաղաղությունը, որոնց պակասությունը զգում ենք ամեն օր, երազում ամեն պահի, եւ որոնք նրա կտավներին ու գրաֆիկական թերթերին հաղորդում են ներքին, ընդերքից բխող ջերմություն, վերերկրային մի էներգիա, որն առօրեականը, սովորականը վերածում է հոգենորոգ տոնականի:

Նկարիչը ծնվել է 1936թ. Սպիտակի շրջանի Ծաղկաշեն գյուղում, սակայն 3 տարեկանից մինչեւ 1953 թ.ՙ մինչեւ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան ընդունվելը, ապրել եւ միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվում: Նրա գործերին ծանոթ մեկի համար այս փաստը կարող է զարմանալի թվալ. հայկականն այնքան խոր ու արմատակալած է նրա աշխարհում, այնքան է ներծծված նրա գործերում, որ թվում էՙ նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են միմիայն ծննդավայրի գույն ու բույրի մեջ, հայկական լանդշաֆտի խստաշունչ, սակայն առասպելներով ու հեքիաթներով լեցուն ոլորաններով, ժայռապատկերների մամռոտ խորհրդանիշների, վանքերի ու խաչքարերի հազարամյա խնկահոտ թանձրության մեջ, հայրենների հարազատ ու նարեկյան անգերազանց «Աղոթագրքի» բառ-հնչյունի հորձանուտում, մի աշխարհում, ուր աներեւույթ դաջվածքի պես պահպանվել են իր մշեցի պապի պապերի ոտնահետքերը. վկաներՙ նրա բնանկարներն ու կոմպոզիցիաները («Արարատի ստորոտում», «Սարերի երգը», «Բարեկամություն», «Զոհաբերություն», «Աղջիկները սարերում», «Զրույց» եւ այլն), անկախ նրանիցՙ դրանք լուծված են գունեղ, արեւով եփված գույներով, թե՞ սոսկ դարչնագույնի, շագանակագույնի, իսկ ավելի շատՙ հողագույնի նուրբ երանգներով:

Ուսումնարանն ավարտելուց հետոՙ 1958-ին, մեկնում է Լենինգրադՙ որպես ազատ ունկնդիր, 4 տարի ուսանում Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում: Չպետք է բացառել, որ լենինգրադյան տարիները (դասախոսական կազմից մինչեւ էրմիտաժյան սրահները) կերպարվեստի նրբություններին հասու լինելու գործում, ստեղծագործական փնտրտուքներում, ասելիքի հստակ ձեւավորման, սեփական ձեռագրի եւ վարպետության ճանապարհին նշանակալի դեր խաղացին եւ, այսուհանդերձ, նրա մեծագույն ուսուցիչները եղան հայկական բնաշխարհն ու հայկական միջնադարյան, ինչու չէ, նաեւ ժամանակակից (նա հայկական կերպարվեստ մուտք գործեց 60-ական թվականներին, երբ կողք-կողքի ստեղծագործում էր նկարիչների մի ողջ աստղաբույլ, եւ կար ազնիվ մրցակցության սքանչելի եւ ուսանելի ստեղծագործական մթնոլորտ)ՙ դարերով հղկված, հայ մարդու հոգեմտավոր կերտվածքով, աշխարհընկալմամբ, խոհափիլիսոփայական ըմբռնումներով խմորված-թրծված արվեստըՙ իր բոլոր տարատեսակներով ու դրսեւորումներով:

1961 թվականից ակտիվորեն մասնակցում էր հանրապետական ու համամիութենական, իսկ 1967-իցՙ միջազգային ցուցահանդեսներին: Հենց առաջին ցուցադրություններից Մարտինն առանձնացավ իր որոշակի, ոչ մեկին չնմանվող ձեռագրով:

Յուրաքանչյուր ստեղծագործական վառ անհատականություն, կամա թե ակամա, յուրօրինակ թարգմանի դեր է կատարում գիտակցականի եւ ենթագիտակցականի, անցավորի ու անանցի, հնի ու նորի, նյութականի ու հոգեւորի, երկրայինի ու տիեզերականի ընալումների միջեւ, փորձում է համեմատելին ու գնահատելին ներդաշնակել եզակիի եւ ընդհանրականի հետ, գենետիկորեն փոխանցվող նախնադարյան պատկերները շաղկապել նորժամանակյա կյանքի ճշմարտությանը, վերլուծել ու համադրել շոշափելի-տեսանելի ֆիզիկական եւ զգացական-ենթադրելի մետաֆիզիկական աշխարհներըՙ իրեն ի վերուստ շռայլորեն տրված ընկալունակության եւ աշխարհզգացողության սահմաններում:

Մարտինի կոմպոզիցիաները դիտելիս ակամա համակվում ես կարոտի ու թախծի մի անսովոր զգացումով, ընկղմվում խոհափիլիսոփայական մի հորձանուտ, հեքիաթային մի հավիտենություն, ուր այժմեականը դառնում է սոսկ մի օղակ, որն ագուցում է քեզ կորուսյալ այն աշխարհի հետ, որը հույժ երանելի է, որը քոնն էր, որն առավել քան հարազատ ու նման էր քեզ, ուներ քո շունչն ու շնչառությունը: Եվ սա պատահական չէ, քանզի նրա ամեն մի գործ «լույս աշխարհ է գալիս» աղոթքով: Մարտին Պետրոսյանի գործերի այս զգացողությունները ամենեւին մտացածին չեն. մարդկության կորուսյալ աշխարհը, որն ընդունված է կոչել դրախտային, ներանցնում է նկարչի հոգեւոր աշխարհի խութերը եւ այնտեղից սքանչելի հորինվածքային կառույցի, գույնի ու գունաթույրերի, արխիտեկտոնիկայի, ատրիբուտների եւ զգացական լիցքերի հավասարակշռված ու ներդաշն մարմնավորումների-արտահայտումների շնորհիվ փոխանցվում են դիտողին եւ ստիպում տոգորվել մի զգացողությամբ, որը թաքնված է նաեւ դիտողի ենթագիտակցության խոր շերտերում: Դա ե՛ւ անասելի թախծոտ է, ե՛ւ անասելի հիասքանչ: Դա մարդու հոգեւոր աշխարհի ինքնաբացահայտման մարտինյան դարպասն է, մեզ մեր հեռավոր անցյալի ինքնաճանաչումն ուղղորդող բաղձալի ուղին:

Ճշմարիտ ստեղծագործությունը, այս դեպքումՙ կերպարվեստի ստեղծագործությունը, ինչպես բառն ինքն է հուշում, ունի իր առարկայական օբյեկտը, ինչը բնօրինակից տարբերվում է ստեղծագործողի սուբյեկտիվ աշխարհից բխող ձեւի ու բովանդակության «հանդերձանքով»: Այդ «հանդերձանքը» այն տեսանելին ու զգացականն է, որ կոչվում է նկարչի անհատական, եսապատկան տիրույթի անունով: Պետրոսյանական այդ տիրույթում ովքեր էլ որ «ապրում» են, ստեղծված են նրա «միս ու արյունից», նրա աշխարհը, տիեզերականը ընկալելու, դրանց մեջ իր տեղն ու նշանակությունը սահմանելու շնորհիվ:

Համաշխարհային կերպարվեստում յուրաքանչյուր մեծ արվեստագետ մնացել է պատմության մեջ նախ եւ առաջ իր առջեւ դրած խնդրիՙ ասելիքի բովանդակության, հայեցակարգի, մոտիվացիայի, յուրօրինակ պատկերագունային, կոմպոզիցիայի կառուցողական տարրերի ամբողջականության եւ նկարչական այլ միջոցների ներդաշն լուծումների շնորհիվ: Մարտին Պետրոսյանի խնդիրն առօրեականը չէ եւ ոչ էլ այն առարկայականը, որ շրջապատում է իրեն, նույնիսկ այն գեղեցիկը չէ, որ տեսանելի է ու հրապուրիչ ստեղծագործողի աչքին: Մարտինի խնդիրը մարդկային հոգեւոր աշխարհի ու մոլորակի, մոլորակի ու տիեզերականի անքակտելի կապի, դրանց օրինաչափության, մեծ քաոսից ծնվող կանոնակարգության ձեւերին ու գույներին, գերժխորից ծնունդ առնող լռության սիմֆոնիայի ուժի ու ուժգնության հենքին փիլիսոփայական ընկալելի շունչ ու շնչառություն հաղորդելն էՙ ժամանակի ու տարածության մեջ գտնվող օբյեկտներիՙ մարդկային դեմքերի ու ֆիգուրների, բնության պատկերների, բնակերտ ու մարդակերտ իրերի ու առարկաների միջոցով: Ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կերպարվեստում դժվար է գտնել մի նկարչի, ով արարչագործության թագն ու պսակը հանդիսացող մարդուն այսքան մենակ ու մենության մեջ պատկերի, ինչպես Մարտինը: Նրա հերոսներն այս աշխարհում են, այս աշխարհի մի մասը եւ սակայն դուրս են ժամանակի ու տարածության ընկալելի չափումներից. նրանք ասես մեկ այլ աշխարհի կարոտ ունեն իրենց աչքերում, ափսոսանքՙ կորցրած մեկ այլ իրականության հանդեպ: Նրանք հարցադրումներ ունեն, որոնց պատասխանը փորձում են որոնել նախ եւ առաջ իրենց ենթագիտակցության շերտերում, իրենց հոգեւոր ու մտավոր աշխարհից անդինՙ հույժ երանելի երազների ձգողական շղթաների մեջ, ուր գիտակցականը հոգեւորի արժեք է ձեռք բերում, իսկ հոգեւորը դառնում է գիտակցություն: Նկարչի հերոսներըՙ կին թե տղամարդ, նրա սուբյեկտիվ աշխարհի, նրա խոհ ու ապրումի նկարչական մարմնավորումներն են, նրա ես-ի կրկնօրինակներըՙ մշտապես մենության ու թախծի խոհական ապրումների մեջ («Ինքնանկար», «Կնոջ դիմանկար», «Ընկերուհիներ», «Սայաթ-Նովա», «Քարտաշները», «Զրույց» եւ այլն):

Մարտին Պետրոսյանի գործերում առկա խորհրդավորության շղարշն այն «անջրպետն» է, որ ժամանակավորապես բաժանում է մոլորակի վրա ապրող մարդուն իր անժամանակյա կյանքի մասին ոչ միայն պատկերացումներից, այլեւՙ լուրջ մտորումներից: Ամենօրյա վազքի մեջ, սին եւ ունայն ցանկությունների ու ձգտումների հետեւից ընկածՙ մարդը մոռանում է իր ճշմարիտ ու բուն կոչման, արարչապատկան իր հոգու մասին:

Մի առիթով նկարիչն ասել է, թե ինքը Տիրոջը գտել է նկարչության միջոցով: Սա ամենեւին էլ պատահական չէ. ստեղծագործական ճշմարիտ կյանքով ապրող ու ճշմարիտն արարող յուրաքանչյուր անհատ ակնհայտորեն զգում է իրենից դուրս ու միաժամանակ իր մեջ ապրող այն Ուժը, որ շարժում է միտքը, թելադրում վրձնին, գրչին, բրիչին, ստեղնաշարին...

Ամեն բանից անկախՙ երջանիկ են այդ անհատները, քանզի Աստված նրանց պարգեւել է աշխարհն այլ կերպ տեսնելու, կյանքն այլ կերպ զգալու, ապրելու, արժեւորելու եւ իր յուրօրինակ ընկալումների ու դիտողականության շնորհիվ մարդուն դեպի հոգեւորի ակունքները տանելու, աննյութեղեն Գեղեցիկի աշխարհը նյութեղեն գույներով արարելու շնորհը: Այդ ի վերուստ տրված շնորհը մարդկային պայմանականություններից, մարդակենտրոն կարծիքներից, կարծրացած օրենքներից դուրս մտածելու ստեղծարար ներքին ազատությունն է, ներքին, ինչ-որ առումով տիեզերաշունչ ներդաշնակությունը: Մարտին Պետրոսյանի աշխատանքների ողջ հմայքն ու գեղեցկությունը, ասելիքի ողջ խորքայնությունը պայմանավորված են հենց այդ ներքին ներդաշնակությամբ, ներդաշնակությունՙ որ կար Արարչի, մարդու նախնիների եւ ողջ արարվածների միջեւ մինչ մեղսագործությունը:

Նկարչի ողջ պատկերասրահըՙ սկսած դիմանկարային ժանրից մինչեւ կոմպոզիցիոն գործերն ու բնանկարները, մեր գիտակցությունն ու ենթագիտակցությունը ուղղորդում են դեպի մարդկության «Կորուսյալ աշխարհի» խորքերըՙ վերագտնելու համար այն մաքրությունը, այն կուսականությունը, այն ճշմարիտ Գեղեցիկը, որ մարդ արարածին մոտեցնում, մերձեցնում է Աստծուն, իր Արարչի առջեւ աներկյուղ կանգնելու երանությանը: Այդ մոտեցմամբ են լուծված նրա համարյա բոլոր դիմանկարչական գործերըՙ ինքնանկարներից մինչեւ Սայաթ-Նովա:

Մենք մի տեսակ սովորել ենք, որ քրիստոնեական արվեստն այն է, երբ անդրադառնում են ավետարանական պատումներին, պատկերում Տիրոջ երկրային կյանքի այս կամ այն դրվագը եւ կամՙ Նրա առակները եւ այլն: Ապշեցուցիչ էՙ Մարտինը քրիստոնեություն ու Ավետարան է քարոզումՙ առանց ավետարանական բուն սյուժեներին անդրադառնալու: Նրա քարոզի առարկան այդ ամենն իր մեջ ամբարած, արարչահաճո, արարչապատկեր մարդն է, Աստծո ստեղծած բնությունը, նույնիսկՙ արգելված պտղի ծառը, որին չեն դիպչում ո՛չ Ադամը եւ ո՛չ էլ Եվան: Նրա արվեստի «Ադամն ու Եվան» պատվիրազանց չեն:

Նկատենք, որ նկարչի գործերի մեջ զգալի տեղ են զբաղեցնում կանանց պատկերները: Եվ ամենեւին պատահական չէ, որ նա հաճախ է անդրադառնում Եվայի ցեղինՙ նրանց Եվայից դեպի Մարիամը տանելով: Կինն է աշխարհ բերում մարդուն, եւ կնոջից է մեծապես կախվածՙ մանուկը պիտի Կայեն մեծանա՞, թե՞ կրի իր Տիրոջ պատկերն ու նմանությունը. չի կարող անմաքուր անոթից անեղծություն ծնվել, չի կարող խավարը լույսի որդիներ տալ: Աղոթքով խմորված նրա «կանայք» անարատության մարմնացումներ են, կուսական, խոնարհ, հոգեւոր լույսով զգեստավորված արարածներ, որոնց դիտելիս ակամա շշնջում ես. «Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկա քո մեջ»: Կնոջ կերպարը նման կատարելության հասցնող նկարիչն անպայմանորեն այս աշխարի որդիներից տարբեր պիտի լինի, պիտի անցնի հոգեւոր տառապանքի ու ցավի միջով, պիտի փնտրի ու գտնի արարչապատկան իր ես-ի սահմանները, նախ եւ առաջ իր մեջ ծնունդ տա անարատ, անստվեր լույսի շեղբին, որ կարողանա այդ ամենը պատկերել, տալ, փոխանցել կնոջը, այն արարածին, ում Աստված շնորհեց երկունքի բերկրանքը:

«Երգ երգոցի» հարսին հիշեցնողՙ նկարչի պատկերած զարմանալի նրբագեղ, քնքուշ, «լուսամփոփի պես» արարածները, որ թվում էՙ մի շնչով են ստեղծվել, ծնվել են ստեղծագործական ահռելի լարվածությունից, հոգու անվերջ բորբոքվող քուրայից, ապրումների, հույզերի բովից, մտքի, բանականության ու ոգու ստեղծարար մեծ էներգիայից: Այդ կենսահաստատ էներգիան է դրված նաեւ նրա կոմպոզիցիաներում, անսովոր, դրախտային թվացող բնանկարներում, ժանյակներ հիշեցնող վրձնահարվածներում:

Հետաքրքրական էՙ նրա կոմպոզիցիաները, անկախ նրանից, թե ինչ խորագրեր ունեն, ասես մեկը մյուսի շարունակությունը լինենՙ գործողությունների հաջորդականություն: Դիտենք, օրինակ, նկարչի «Բարեկամություն», «Աղջիկները սարերում» եւ «Քարտաշները» հորինվածքներըՙ ըստ թվարկված հերթականության կամ հակառակը: Չխորանալով գունային զարմանալի իմաստակիր ու ներդաշն լուծումների մեկնաբանությունների մեջՙ փորձենք ներկայացնել դրանք:

«Բարեկամություն» կոչվող կտավում, ասես իրար վրա դարսված սարերի մեջ, իրենց կուսական մերկությամբ, արեւի տաք շողերն են վայելում երկու երիտասարդ, նրբիրան կին: Նրանց կողքին կանգնած է մի իշուկՙ բեռնված ծաղիկներով: Ծաղկի ճյուղեր կան նաեւ կանանց ձեռքերին: Սեւին տվող կանաչի, տեղ-տեղ սպիտակի, իսկ հիմնականում հողի գույներով լուծված այս պատկերը խոսում է մարդու, բնության ու կենդանու միջեւ ներդաշն բարեկամության, նրանցՙ մեկը մյուսով պայմանավորված կյանքի ու կենսակերպի մասինՙ անհրաժեշտորեն փոխկապակցված, սակայն գորովանքով ու սիրով լեցուն: Երկրորդ պատկերում, թվում է, նույն կանայք են, բայց արդեն հագած-կապած, նույն իշուկն էՙ առավել բեռնավորված: Անցել են ճանապարհ եւ դեռ շարունակում են: Բնության տեսարանները որոշակիորեն փոխվել են թե՛ ձեւով եւ թե՛ գունային լուծումներով. ստացել ավելի թանձր գունավորում, իսկ կանանց դեմքերին արդեն ոչ թե վայելքի զգացողություն է, այլՙ զրույցի մեջ դրսեւորված հոգսաշատություն: Իսկ ո՞ւր են գնումՙ տո՞ւն, գուցե հա՞ց են հասցնում քարտաշ ամուսիններին: Սարերի թիկունքումՙ քարերի մեջ, ծառի ստվերի տակ, «սեղան» է փռվածՙ վրան երեք ձուկ եւ մի կավե ամանՙ հավանաբար կաթով լեցուն: Շուրջը նստած են երկու կին եւ երկու տղամարդ, նրանց կողքին կանգնած է կրկին այն նույն իշուկը, որ առաջին պատկերից սկսածՙ ուղեկցում է կանանց: Բայց հարց է ծագումՙ ինչո՞ւ ձուկ: Հայոց աշխարհում, ըստ ընդունված կարգի, տնից հեռուՙ հանդերում աշխատողներին ձու, պանիր, մածուն, անգամ տապակած կամ խաշած հավ կարող էին տանել, բայց ոչՙ ձուկ: Թախծով ու տխրության զգացումով հագեցած այս պատկերը յուրօրինակ «Խորհրդավոր ընթրիք» է հիշեցնում: Քարտաշ, շինական թե ձկնորս, 12 թե 4... ի՞նչ տարբերություն: Մտորումների մեջ ընկղմված նրա կերպարները 2000 տարի անց, ասես, նույն հարցադրումներն ունեն:

Խոսելով Մարտին Պետրոսյանի ստեղծագործությունների առանցքային նյութիՙ մարդու հոգեւոր կոչման ու ընթացքի մասինՙ հնարավոր չէ չանդրադառնալ նաեւ նկարչի զուտ բնապատկերներին ու նատյուրմորտներին, որոնցում հիասքանչ կերպով են համադրված հորինվածքային ձեւերն ու արտահայտչամիջոցները: Այդ կտավներն առանձնանում են իրենց գույնը գունաթույրերի հետ խաղացնելու զարմանալի զգացողությամբ, լուսաստվերային անցումների նրբություններով, պատկերն ավելորդ ատրիբուտներից բեռնաթափելու, ծանոթ ու հարազատ տեսարաններին ու բնության գողտրիկ անկյուններին հեքիաթային-տարաշխարհիկ երանգ ու ոգի տալու նկարչի քանքարով:

Ցավոք, սոսկ մի հոդվածի միջոցով հնարավոր չէ համապարփակ ներկայացնել Մարտին Պետրոսյանի անսակարկելի բացառիկ ստեղծագործական ողջ ժառանգությունը: Միայն ավելացնենք, որ նկարչի ստեղծագործությունները պահպանվում են Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների արվեստի, Տրետյակովյան, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի նկարիչների միության ֆոնդերում, բազում մասնավոր հավաքածուներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանի նկարիչների միության դահլիճներում (1976 եւ 2009), Մոսկվայի արեւելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (1983), Փարիզում (1994), Լոս Անջելեսում (2005), Հայաստանի ազգային պատկերասրահում (2007):

Նկար 1. «Բարեկամություն»

Նկար 2. «Սայաթ-Նովա»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.