AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017



ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-03-16 23:36:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3066, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՎԻԿ (ՀՈՎՀԱՆՆԵՍ) ՉԱՐԽՉՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊԵՐԸ

ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ, Գյումրի

Հ. Չարխչյանի անունը գրական շրջանակներում հայտնի դարձավ նախ եւ առաջ 2004 թվականին տպագրված «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» երկհատոր վեպի շնորհիվ, ապա լույս տեսավ «Սեւակի մահվան առեղծվածը»(2005) գիրքը, որից հետո 2010 թվականինՙ «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը (ենթաժանրային բնութագրումը հեղինակինն է): Բոլորն էլ մեր հռչակավոր բանաստեղծների կենսագրության տարբեր դրվագների հիման վրա գրված երկեր են, ըստ էության կենսագրական վեպեր, ստեղծված վավերականի եւ գեղարվեստականի համադրությամբՙ հեղինակի նախընտրած տարբերակով: Մասնավորապես «Չարենցի կրակոցը» վեպում հեղինակի ընտրած փաստանյութերի օգտագործման հիմքում Ե. Չարենցի կյանքի հերթական, դրամատիզմով հագեցած շրջանիՙ 1926-1927 թթ. գեղարվեստականացված պատմությունն է: Բանաստեղծի կենսագրության այս հատվածի պատումի շրջանակում բացահայտվում են նաեւ նրա որոշ երկերի («Հիշողությունգեր Ուղղիչ տնից», ռուբայիներ, «Ձիու մռութ» եւ այլն) ի հայտ գալու իրական ու հոգեբանական նախապատճառները: Նշանավոր անձնավորության մասին կենսագրական վեպը գայթակղիչ է եւ մեծ հետաքարքրություն է առաջ բերում արդեն իր փաստագրական-վավերականության շնորհիվ: Այս դեպքում ընթերցողին ձգում եւ հրապուրում է ե՛ւ մեր հանճարեղ բանաստեղծի կյանքի վավերական դեպքերի տիրույթում նրան առտնին վիճակներում տեսնելու եւ թե՛ նրա հետ շփվող կամ առնչվող ճանաչված մտավորականների, գրողների (Ա.Բակունց, Գ.Մահարի, Մ.Արմեն, Ն.Զարյան, Շ.Կուրղինյան, Մազմանյան, Արուտչյան եւ ուրիշներ) ներկայությունը նրա շրջապատում: Բացի այս, վեպում շատ կարեւոր են նաեւ Մ. Այվազյանի վրա կրակոցի հետ կապված դեպքերի իրական արձագանքների ու քարոզչական նպատակներով սփյուռքահայ մամուլում տպագրված հոդվածներում եղելության արծարծումների վկայակոչումները:

Բայց եւ այնպես, կենսագրական վեպի հաջողության պայմանն այնուամենայնիվ գեղարվեստական արժանիքներն են, այն, թե հեղինակն իր ստեղծագործական երեւակայությամբ որքանով է կարողացել ստեղծել մեր մեծ բանաստեղծի մարդկային, նաեւ թերություններով ու ժամանակավոր գայթակղություններով տարված անհատի ոչ սովորական ու ոչ միանշանակ դրսեւորվող ու ընկալվող կերպարը: Երիտասարդ աղջկա վրա կրակելու անսովոր դեպքը դարձնելով կենտրոնական թեմաՙ հեղինակի նպատակն է եղել բացահայտել Չարենցի բնավորության, պահվածքի, հոգեբանության, ներաշխարհային ապրումների արտահայտությունները նաեւ ենթագիտակցությունից ու անգիտակցականից եկող ազդակների ներգործությամբ, ինչը բնորոշ է նաեւ սովորական մարդուն: Իսկ մեծերի մեջ սովորականից շեղվող արարքները եւս դրսեւորվում են արտառոց կերպով:

Չարենցի ներաշխարհային ապրումների, մտորումների հեղինակային բացահայումները մղում են կարծելու, որ Չարխչյանն այս երկում ստեղծել է բանաստեղծի կերպարի իր վարկածային տարբերակը: Հեղինակին հաջողվել է անհատականացնել նրա կերպարը թե՛ իր արարքներով եւ թե՛ բարոյահոգեբանական նկարագրով, գիտակացական ու ենթագիտակցական ներսուզումների արտահայտություններով: Երբեմն անհավասարակշիռ, սեռական բնազդի, հոգեբանական այլ մղումների տարերային դրսեւորումներով նրա վարքագիծը ցուցադրելովՙ Չարխչյանը մի որոշակի չափով արդարացնում է ընթերցողի սպասելիքները: Դրան նպաստում է այն, որ հեղինակն իրականում կատարվածի մասին որքան հնարավոր է փաստական-վավերական հիմքով է ստեղծել կերպարի հոգեբանությունը եւ գեղարվեստական միջավայրը: Իսկ կրակոցից հետո (այն թեթեւակի վնասվածք էր հասցրել Մ.Այվազյանին) ձերբակալված Չարենցի պահվածքի բնականությունը, քննիչ Գ.Գրիգորյանին տված անկեղծ խոստովանությունը, մեղքի գիտակցումը, դատավարությունից հետո պատժի արդարացի լինելն ընդունելը Չարենցի բնավորության անհատականացման կարեւոր ցուցիչներ են:Իբրեւ մեղմացուցիչ հանգամանք Չարենցն ինքը չի ընդունում բժիշկների կատարած եզրակացությունը, որի համար նախապատճառ էին համարվել Առաջին աշխարհամարտի ժամանակ որպես կամավորական պատերազմին մասնակցելու, կոտորածներին, կռիվների զարհուրելի տեսարաններին ականատես ու մասնակից լինելու իրողությունները. Չարենցի ինքնաբուխ, պոռթկուն անկեղծությունն ու անմիջականությունը արտահայտվել է ե՛ւ բնազդային հակումների մեջ ե՛ւ թե գիտակցված կերպով բարոյական արժեքների պահպանման հանդեպ: Այդ մասին են վկայում հատկապես կնոջՙ Արփենիկի նկատմամբ զղջման զգացողության դրսեւորումները, նրա հանդեպ անմար սիրո զգացմունքն իր բարոյական գերակայության շնորհիվ մեծ բանաստեղծին շարունակում է պահել կյանքն ավելի հավասարակշռված հայացքով գնահատելու հոգեվիճակում: Եվ ահա ծնվում է նաեւ այդ միջադեպի գեղարվեստական անդրադարձըՙ «Ձիու մռութ» բանաստեղծությունը:

Հ.Չարխչյանը, օգտվելով Չարենցի դատավարության պահպանված եւ տպագրված նյութերից, կարողացել է տեսանելի դարձնել 1920-ական թթ. երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող դատավարական գործընթացը նաեւ իր այս բացառիկ դեպքով: Ակներեւ է, որ այն հրապարակայնությունն ու մարդասիրական ինչ-ինչ կողմեր պահպանել էր, մանավանդ, երբ համեմատում ենք 1930-ական թթ. երկրորդ կեսի, մասնավորապես 1937 թ. ընթացքում տեղի ունեցած դատավարությունների հետ, որոնք անհատի պաշտամունքի ստալինյան քաղաքականության շրջանում անխնա կերպով ոչնչացրեցին ժամանակի նշանավոր բազմաթիվ հայ մտավորականների, այդ թվում նաեւ Չարենցին: Բնութագրական է այն, թե ինչպիսի սրտացավությամբ է դատապաշտպան Ե.Չուբարը կատարվածի կապակցությամբ, արտահյտելով իր եւ Չարենցի պոեզիան բարձր գնահատողների վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, ասում էր իր պաշտպանական խոսքում. «Եթե օրենքի առաջ ամենքս հավասար ենք, ապա նույն այդ արդարադատ օրենքը մի՞թե առանց վարանումի հավասարության նշան կդնի ինչ-որ համբակի ու Չարենցի միջեւ: Ես ուզում եմ հավատալ, որ այդ բանը չի պատահի, այլապես նման վճիռը գուցե եւ անաչառ համարվի, սակայն չի կարող լինել շրջահայաց... Մենք դատում ենք Չարենցինՙ մեր ժամանակակից ամենամեծ հայ բանաստեղծին»: Մարդասիրական ու ներողամիտ վերաբերմունք Չարենցի նկատմամբ դրսեւորվեց նաեւ Ուղղիչ տանը գտնվելիս, կնոջ մահվան կապակցությամբ::

Տպավորիչ են Չարենցի եւ Իսահակյանի առնչությունների մասին պատմող ու վկայող էջերը; Երկկողմ եւ այլոց պատմած հուշերի հիման վրա վեպի հեղինակը նրանց փոխհարաբերությունների բարդությունն առավելապես ներկայացնում է Չարենցի ընկալումների, վերհուշի ու վերապրումների միջոցովՙ նրանց հանդիպումների (Գլուխ ութերորդ «Ես այն չեմ այլեւս, այն չեմ») մասին պատմող հատվածներում: Չարենցի հոգեբանության հեղինակային մեկնության բնորոշ օրինակ է ահա Իսահակայնիՙ Եվրոպայից հայրենիք վերադառնալու կապակցությամբ բանաստեղծի Ուղղիչ տան հիվանդանոցում կատարած այսպիսի մտորումները, որ ըստ էության առաջացել էին «Էլեգիա, գրված Վենետիկում» պոեմի առիթով, ուր արտահայտվել էին Վենետիկում Վարպետի հետ բարեկամացած Չարենցի միակողմանի գնահատականները նրա մասին. «Պլատոնն իմ բարեկամն է, բայց...»: Բայց ի՞նչ: Ո՞րն էր քո այն ճշմարտությունը, որ բարեկամից առավել թանկ էր: Ո՞վ էր սահմանել, թե անկշռելին կարող էր դրվել համոզմունքների նժարին, եւ անչափելին պիտի զետեղվեր հանգանակների եզրագծում: Իրատեսության դասեր էիր տալիս, քո անկեղծության գոռոզ բարձունքից հեգնում էիր նրա թրծված երկյուղը, սեղմում էիր ձեռքն իբրեւ բարեկամ, բայց ցավեցնում էիր տկար մատները... Մի՞թե չգիտեիր, թե ինչ էր հուշը: Չգիտեի՞ր, թե վտարանդի հոգին անձկության մշուշի միջից ինչպես պիտի նայեր այն եզերքին, որտեղ մի ամբողջ աշխարհ էր թողել, ու հիմա միայն ստվերն էր տեսնում այդ հովվերգության, երազանքների խանձիլն էր առնում, զրկանքների ու կորուստների համրանքն էր շարում ուլունքի նման: Դե, Չարենց, արդարացիր, համոզիր: Նա արդեն տանն է...»:

Հիշարժան է նաեւ Զաբել Եսայանի հետ հանդիպումը Ուղղիչ տանը: Չարենցը կարդում է այստեղ գրած ռուբայիները, որոնք նորություն էին նրա պոեզիայում: Դրանցում բանաստեղծը վերաիմաստավորում էր իր կյանքի դառը փորձը, իմաստասիրական խորհրդածություններով, վերջին միջադեպի հարուցած հետեւանքների առաջ բերած մտորումներով գիտակցում կեցության հարափոփոխությունն ու անհատի ճակատագրի անկայունությունը: Ահա դրանցից մեկը. «Դու ամեն վայրկյան քեզ ժխտում ես /Ու այդպես ժխտելովՙ հաստատում. /Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես, /Սակայն միշտՙ այդ դու ես-ու դու» : Վեպի գլխավոր թեմայի տիրույթում հեղինակը ցանկացել է բացահայտել բանաստեղծի մարդկային ու արվեստագետ-մտածողի տեսակի բազմակերպությունըՙ իր ողջ պոռթկուն կենսասիրության ու աշխարհահիացման, իր կյանքն ու երեւույթները փիլիսոփայորեն ընկալելու, ժամանակի քաղաքական, կենցաղային հանգամանքներին նաեւ հարմարվելու ու չհարմարվելու նրա կենսակերպը ցուցադրելու միջոցով: Իսկ այդ ամենի մեջ պետք է կարեւորել Չարենցի մտասեւեռումն իր գրական օժտվածությունը եւ ստեղծագործական ունակությունները պահպանելու, զարգացնելու նկատմամբ: Դրա արտահայտություններից մեկն էլ «Հիշողություններ Ուղղիչ տնից» նրա հուշակնարկն էր: Իսկ մեզ հետաքրքրող խնդրի տեսանկյունից ուշարժան է նաեւ 1929 թ. Ա.Մռավյանի մահվան կապակցությամբ նրա գրած չափածո խոսքիՙ իրեն ուղղված հետեւյալ տողերը. //Լոկ տոկա, որ ձիրքըդ չկորչիՙ /Աշխարհում ապրում ես քանի...// : Այսպիսով, ակներեւ է, որ Հ.Չարխչյանը Ե.Չարենցի կերպարը ստեղծելիս գնացել է բարդ ու մեծագույն աշխատանք պահանջող ճանապարհով:Կարծում ենք նրա կենսագրական վեպեր ստեղծելու վերոհիշյալ ինքնատիպ փորձերը խոստումնալի ձեռքբերումներ են եւ կունենան շարունակություն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.