AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-30 20:37:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1537, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՓԱՍՏԵՐ» ՇԱՐՔԻՑ

Նաիր ՅԱՆ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը «Վարձք» հանդեսում պարբերաբար անդրադարձել է օտարների տիրապետության տակ գտնվող հայկական հուշարձանների եղեռնին: Դեռեւս 2010 թվականին հանդեսի համարներից մեկում ներկայացվել է Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական պատմական տարածքներում գտնվող մեր հուշարձանների նկատմամբ պետականորեն ծրագրված ու իրականացված վանդալիզմը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն այս անգամ առանձին գրքով է անդրադարձել թեմայինՙ ավելի համակողմանի ու ընդգրկուն: «Ադրբեջանըՙ քաղաքակրթությունից դուրս» խորագրով ուսումնասիրությունը եռալեզու գիրք-ալբոմ է, որը ներառում է փաստագրություններ, պատմագիտական նկարագրություններ, լուսանկարներ, տեղեկություններ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հայկական հուշարձանների մասին: Դեռեւս նախորդ դարի 70-80-ականներին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եղել է այդ տարածքներում ու սեփական ուսումնասիրությունները, դիտարկումները, հետազոտություններն իրականացրել, ինչպես նաեւ լուսանկարել մեր պատմամշակությաին ժառանգությունը: Գրքում այդ նյութերն օգտագործված են. դրանք թույլ են տալիսս նաեւ համեմատել նույն հուշարձանի անցյալ ու ներկա վիճակները: Հին լուսանկարի կողքին, որտեղ կոթողը կանգուն է, տեղադրված է նոր լուսանկարը, որում կոթղը կամ ավերված է կամ ընդհանրապես գոյություն չունի: Նոր լուսանկարներ ու տեղեկություններ ձեռք են բերվել պատահականորեն: Ասենք օտարազգի այցելուները, ովքեր եղել են Ադրբեջանի վարչական տարածքում, ինչպես նաեւ բռնազավթված հայկական հայրենիքում, լուսանկարներ են արել, որոնք ինչ-որ ճանապարհով հայտնվել են Սամվել Կարապետյանի ձեռքին: Իսկ ինչ մնում է հատուկ այդ հուշարձանները տեսնելու կամ ուսումնասիրելու նպատակով այդ տարածքներ այցելելուն, բացառվում է: Ադրբեջանը պետական մակարդակով է հետեւում ու հետապնդում բոլորին:

2008-ին շոտլանդացի Սթիվեն Սիմին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը գործուղել էր Ադրբեջան: Երկու շաբաթվա վիզա ունեցող օտարերկրացուն երեք օր հետո ադրբեջանցիները վտարել էին, որովհետեւ հետեւել ու տեսել էին, որ նա հետաքրքրված է հայկական հուշարձաններով: Ադրբեջանցիները փորձում են աշխարհից աննկատ ոչնչացնել նյութական մշակույթի բոլոր հետքերը, մանավանդՙ քրիստոնեական:

«Ադրբեջանըՙ քաղաքակրթությունից դուրս» գրքի ստեղծմանն ակամայից օգնել են նաեւ հենց իրենքՙ ադրբեջանցիները: Նրանք հեռուստատեսային հաղորդում ունեն, որի ընթացքում ցուցադրում են իրենց կարծեցյալ երկրի հուշարձանները, որոնց մեծ մասը քրիստոնեական են: Իհարկե, այդ ժառանգությունը նրանք վերագրում են իբր իրենց քրիստոնյա աղվան նախնիներին: Ու անհասկանալի էՙ որ տրամաբանությամբ են նրանք ոչնչացնում իրենց քրիստոնյա նախնիների ստեղծած մշակութային ժառանգությունը: Ի դեպ, հաղորդաշարի ժամանակ նրանք նույն հուշարձանի ավերումների փուլերն էլ են ցույց տալիս, նույն կոթողը սզբում մասնակի է վնասված, հետոՙ ավելի մեծ չափով, ու այսպես շարունակ: Սամվել Կարապետյանը հաղորդաշարի տեսագրությունից պատրաստել է հուշարձանների փուլային ավերման լուսանկարները: Գրքում օգտագործվել են նաեւ արբանյակային նկարահանումները: Տիեզերքից արված նոր լուսանկարների կողքին դրվում են հին լուսանկարները: Նույն տարածքն է, պատկերըՙ տարբեր. հուշարձանը նոր տեսագրության մեջ չկա, սակայն պարզ երեւում է, որ նախկինում այդտեղ շինություն է եղել, որովհետեւ շուրջը բուսականություն կա, իսկ հուշարձանի տեղում մերկություն է: Կրաշաղախային խառնուրդի հետքերը դեռ երկար ժամանակ թույլ չեն տալու, որ նույն տեղում անգամ խոտ աճի: Ոչնչացված հուշարձանների տեղում ադրբեջանցիները մզկիթներ կամ այլ շինություններ են կառուցում: Կան նաեւ այդպիսի պատկերներ:

Սամվել Կարապետյանը պատմում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մի քանի տարի առաջ համանման մի աշխատանք է պատվիրել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին:

«Ուսումնասիրությունը որոշ խմբագրումների ենթարկվեցՙ մեր կամքին հակառակ: Ես գրքում Արցախիՙ օրինակ Քարվաճառի, Քաշաթաղի մի շարք հուշարձաններ ներկայացրել էիՙ որպես ազատագրված տարածքների պատմամշակութային ժառանգություն, իսկ արտգործնախարարությունը խմբագրեցՙ ասելով, որ այդ տարածքները պետք է անվանել ոչ թե ազատագրված, այլ հայկական ուժերի վերահսկողություն տակ գտնվող: Քանի որ ԱԳՆ-ի անունը պետք է գրվի գրքում, նման ձեւակերպում չեն կարող հանդուրժել: Անցավ որոշ ժամանակ: Գիրքը տպագրվեց Մոսկվայում: Մեզ սահամանափակ թվով օրինակներ տրամադրեցին: Ի զարմանս ինձՙ գրքում արտգործնախարարության անունը չկար: Այսինքնՙ նույնիսկ խմբագրումներից հետո այդ գերատեսչությունը չէր համարձակվել իր անունը դնել այդ հրատարակության վրա»,-պատմում է Սամվել Կարապետյանը:

Ամեն անցնող տարվա հետ նորանոր հուշարձանների ոչնչացումների վերաբերյալ տվյալներ են ի հայտ գալիս: Այն հուշարձանները, որոնք ադրբեջանցիները դեռ սովետական տարիներից հայտարարում էին աղվանական, 1991-ից ի վեր փաստացիորեն ոչնչացնում են: Օրինակՙ Նախիջեւանի տարածքում բոլոր հուշարձանները պիտակված էին աղվանական, եւ սկսած Հին Ջուղայի աշխարհահռչակ խաչքարերից մինչեւ գյուղական մատուռ ու գերեզմանոց, բոլորը ոչնչացված են: Անգամ խորհրդային շտաբերի քարտեզներում հայկական հուշարձանների նշանակալի մասը նշված է եղել, սական տիեզերքից արված լուսնկարները պարզ ցույց են տալիս ու նորից ապացուցում, որ դրանք այլեւս չկան:

«Մենք պարբերաբար առնչվում ենք քաղաքակրթությունից դուրս գտնվող մի պետական կազմավորման հետ, որն իր վանդալական գործունեությանը մասնակից է դարձրել նաեւ բանակին: Ամենուր նույն ձեռագիրն էՙ թե հայկական հողերում, թե Կոսովոյում ու Հյուսիսային Կիպրոսում, թե Սիրիայում. ոչնչացնել հնագույն մշակույթները, մանավանդ եթե դրանց կրող ժողովուրդը ողջ է: Թյուրքկանությունը մեծ վտանգ է զգում այդ մշակույթներից, վախենում է, որովհետեւ այդ կոթողներն իրենց ստեղծող ժողովուրդների վկաներն ու այդ տարածքում բնիկներ լինելու անձնագրերն են»,- նկատում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Գրքում ներառված են Ադրբեջանի, Նախիջեւանի, Հյուսիսային Արցախի տարածքի 4-րդից մինչեւ 20-րդ դարերիՙ թվով 110-120 հուշարձանների մասին վկայություններ եւ ուսումնասիրություններ: Առանձին անդրադարձ կա նաեւ այն տարածքներին, որոնք արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների ձեռքն են անցել, բայց հետո մերոնք ազատագրել են: Անգամ այդ մի քանի ամիսների ընթացքումՙ մինչ մեր տարածքների ազատագրումը, ադրբեջանցիները հաշվեհարդար են տեսել մեր հուշարձանների հետ: Վանդալիզմ են դրսեւորել, օրինակՙ Հադրութի, Մարտակերտի հուշարձանների նկատմամբ: Եթե Դադիվանքը կամ Ծիծեռնավանքը մեզ չհաջողվեր ազատագրել, Ջուղայի խաչքարերի ճակատագրին կարժանանային: Իսկ Ջուղայի հայկական գերեզմանոցը հայտնի է, թե տարեկան օտարերկրյա քանի այցելու էր ունենում, որոնք գալիս էին հայկական հնօրյա քաղաքակրթությանը ծանոթանալու. քաղաքակրթություն, որ համաշխարհային մշակույթի մի մասն էր, բայց որի մասին ադրբեջանցի արտգործնախարար Մամեդյարովը ամբիոնից ասել է. «Հայտնի չէ, թե այդ խորանարդաձեւ քարերը որտեղ են գտնվում եւ ինչ են դրանք»:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը տասներեք տարի առաջ հրատարակել է «Հայուսիսային Արցախ» աշխատությունը, որի անգլերեն տարբերակը նույնպես վաղուց կա: Հյուսիսային Արցախը մեր պատմական հայրենիքի բռնազավթված տարածքն է: Ադրբեջանը քսան տարուց ավելի միջազագային ամբիոններից վայրահաչում է իբր իրենց տարածքների օկուպացիաների մասին, երբ մեր հայերնիքը փաստացիորեն նրանք են օկուպացրել: Մենք բազմաթիվ փաստեր ու վկայություններ ունենք, որ Հյուսիսային Արցախը մեր հայրենիքն է, բայց մատ մատի չենք տալիս: Սամվել կարապետյանը վկայակոչում է այս հրատարակությունները, որոնք այդպես էլ որպես ապացույց չենք կիրառում, որպես զենքՙ չեն օգտագործում: «Այս գրքերը մեր պետական քաղաքականությանը կարող են օգտակար լինել, բայց դատելով նախորդ հրատարակությունների նկատմամբ մեր պաշտոնյաների անտարբերությունիցՙ մտահոգություն ունեմ, որ այս ուսումնասիրությունը եւս անուշադրության կմատնվի եւ ճիշտ տեղում չի օգտագործվի»,- անհանգստացավ Սամվել Կարապետյանը:

Նախադեպերը ցույց են տալիս, որ մեր պետությունը դիվանագիտական ճակատներում այս փաստերն օգտագործելու ցանկություն չունի: Այս գիրքը մերկացնում է ադրբեջանական պետական ծրագրված հայատյաց քաղաքականությունը, վանդալ երկրի էությունը, բայց ես կասկածում եմ, որ մեր արտգործնախարարությունն այս փաստերը երբեւէ կօգտագործի: Ադրբեջանն իր պահանջատիրական բողոքներն ամեն օր լցնում է միջազգային ատյանների ականջները, իսկ մենք, որ պատմակաան հայրենիք ունենք նրանց ձեռքին, պահանջատիրական ոչ մի նոտա ոչ մեկին չենք հղում, ավելինՙ ակտիվորեն սկսել ենք արծարծել տարածքային զիջումների թեման:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 31-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.