AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017



ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-04-06 21:56:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2238, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՍՊԱՌ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՏԱՂԱՆԴՈՎ

Ռոմա ԴԱԼԼԱՔՅԱՆ

Արձակագիր, գեղանկարիչ, բնախույզ, թարգմանիչ, լրագրող Սուրեն Հայրապետյանն իր ստեղծագործական կյանքի հինգ տասնամյակի ընթացքում իմաստալից հետագիծ է թողել գրական-ստեղծագործական ճանապարհինՙ զգալի չափով հարստացնելով հայ գեղարվեստական արձակն ու գեղանկարչությունը: Սուրեն Հայրապետյանը մոտ 2500 տպագիր նյութերի, գեղանկարների, ռադիոհեռուստահաղորդումների, մի քանի թարգմանությունների հեղինակ է:

Վերջերս լույս է տեսել նրա «Ծանոթ ու անծանոթ ճամփեքին» խորագիրը կրող 600 էջանոց շքեղ գիրքըՙ հայրենի բնաշխարհի տարաբնույթ հրաշքների խորիմաստ պատկերումներով, ծաղիկների, ծառերի, թփերի առարկայացված նկարագրումներով, կենդանական աշխարհի բազմազան տեսակների անձնավորված կերպարներով, գրքին մի առանձին շուք ու բովանդակություն հաղորդող հարյուրավոր գեղապատկերներով:

Գիրքը խորագրել եւ «Խմբագրի կողմից» վերնագրով բովանդակալից իր խոսքում Սուրեն Հայրապետյանին ըստ արժանվույն ներկայացրել ու բնութագրել է ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, գրող, հրապարակագիր, գեղանկարիչ Վանիկ Սանթրյանը : «Ընթերցում ես նրա ստեղծագործությունները, եւ աչքիդ առջեւ իրական, ոչ հնարովի, հառնում են ծիծեռնակն ու արագիլը, բզեզը եւ թիթեռը, բնության ամեն անլեզու զավակ, ում հանդիպել, յուրովի երկխոսել, ում կյանքի պահերն այնպես հրաշալի ներկայացրել է շնորհվ իր բնատուր գրչի եւ այն ընդունակությունների, որոնցով հնարավոր են դառնում անդավաճան բնապահպանի մերձեցումները, թվում է, մեզ այնքա՜ն մոտ, բայց դեռ քիչ ճանաչված ու քիչ ուսումնասիրված էակների հետ», էջ 3-ում գրում է գրքի խմբագիրը:

Սուրեն Հայրապետյանի նոր գրքի մասին շատ բան կարելի է գրել ու խոսել: Բայց նշենք, որ «Ծանոթ ու անծանոթ ճամփեքին» խորագրով աշխատությունն ունի հանրագիտարանային բնույթ ու կշիռ: Պարզ ու անպաճույճ խոսքով ու հարյուրավոր խոսուն նկարներով նա խորիմաստորեն վերարտադրում է Երեւանի, Բյուրականի, Ջրառատի, Ակնալճի, Արմուշի, Հացավանի, Ծաղկաձորի, Սեւանի, Դդմաշենի, Քաղսիի, Սոլակի, Գեղարքունիքի եւ այլ վայրերի զարմանահրաշ բնությունըՙ իր ինքնատիպ պատկերներով ու գույներով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, կենդանի արարածների բնական վարքուբարքով:

Բնությունը հրաշագործ է, մեծ ներշնչարան, քանզի բնության հարուստ դասագիրքն ուսումնասիրողը տոգորվում է վեհի ու գեղեցիկի զգացումներով, սիրով ու բարությամբ, բնությունն անաչառորեն պաշտպանելու ու հարստացնելու հատկանիշներով:

Եվ միանգամայն իրավացի է հեղինակը, երբ իր գրքի «Կոչմանդ հավատարիմ» վերնագիրը կրող խոսքում բարձրաձայնում է. «Բնություն, իրոք, մեծ հրաշագործ է. ոչ միայն իրեն է բուժում, վերականգնում, այլեւ մեզՙ իր հրաշք բուժամիջոցներով, տեսակ-տսակ արարածներից բխող էն դրական լիցքերով, որոնցով ապաքինվում է մարդը, նրանց ունկնդրելիս եւ ակնդրելիս, թոթափվում սթրեսներից, մաքրում իր հոգին, տոգորվում վեհ զգացումներով» (էջ 10):

Սուրեն Հայրապետյանի ստեղծագործություններում, այդ թվում եւ գրախոսվող աշխատության մեջ, հորինովի, մտացածին դեպքեր ու նկարագրություններ չկան: Ամեն ինչ խարսխված է կենդանի, բնական իրողությունների վրա: Ավելին. շրջագայությունների ժամանակ հեղինակն իր ֆոտոխցիկն անտեղի չի չրխկացնում: Նա երբեմն երկար ժամանակ հետամտում է որեւէ թռչունի, որեւէ այլ կենդանի արարածի, որ կարողանա որսալ անհրաժեշտ պահը, երբ կենդանին բնական տարերքի մեջ է, անհրաժեշտ գործողությունների շղթայում: Այդ պատճառով էլ Սուրեն Հայրապետանի պատկերած կենդանիների, շնչող բոլոր արարածների նկարահանումներն ունեն գեղանկարչության բնորոշ արժանիքներ: Դրանք հիացմունք են պատճառում դիտողներին: Թող ընթերցողը նայի գրքի նկարները, որոնք հարուստ բովանդակություն են հաղորդում խոսքով նկարագրվող դեպքերին ու երեւույթներին:

Նպատակային շրջագայությունների ընթացքում Սուրեն Հայրապետյանը հաճախ իր հետ տանում է թոռներին, որոնք արդեն բնութենապաշտ են եւ շատ բան են հասկանում բնության երեւույթների վերաբերյալ: Նա սիրալիր կապեր է ստեղծում նաեւ ուսումնասիրվող տեղանքների բնակիչների հետ, պատանի բնասերների հետ: Պատահական չէ, որ գրքում պատկերվող տարբեր իրավիճակներին ներկա են նաեւ այս կամ այն բնակավայրերի բնակիչներից շատերը: Սուրեն Հայրապետյանը հաճախ լինում է նաեւ դպրոցներում եւ բնաշխարհի մասին զրույցներ կազմակերպում ուսուցիչների եւ աշակերտների հետ:

Գրքի 17 ենթաբաժիններից յուրաքանչյուրն ունի 6-17 գեղարվեստական պատումներ, զրույցներ, էսսեներՙ բնորոշ ու դիպուկ վերնագրերով: Դրանք իրենց կարճությամբ, պատկերավոր լեզվով, բնորոշ գեղանկարներով գեղագիտական հաճույք են պատճառում ընթերցողին եւ տանում հայրենի բնաշխարհի տարբեր տեղանքների ճամփաներով:

Հավելեմ նաեւ, որ Հայաստանի տարբեր վայրերի բուսական ու կենդանական աշխարհը Սուրեն Հայրապետյանի «Ծանոթ ու անծանոթ ճամփեքին» աշխատության մեջ եւ նրա այլ ստեղծագործություններում համակարգված է եւ ունի խոր ու ներազդող, հսկայական կենսական էներգիա փոխանցող բովանդակություն: Նրա պատկերած բուսական ու կենդանական աշխարհը ճշմարիտ ու գիտական դասագրքի արժեք ունի, որ, առանց չափազանցության, կարող է դառնալ գիտական ատենախոսության լայնընդգրկուն թեմա:

Սուրեն Հայրապետյանը միաժամանակ սովորեցնում է, որ բնությունը, նրա բուսական ու կենդանական աշխարհը յուրաքանչյուր ոք պետք է աչքի լույսի պես պահպանի ու հարստացնի: Հենց այդ մասին է խոսում հեղինակի անձնական օրինակը. նա հոգու ու մտքի հազարավոր թելերով անխզելիորեն կապված է բնության ու նրա արարումների հետ: Եվ բնության ու նրա հրաշալիքների նկատմամբ դրսեւորած անպարագիծ սերն ու բարությունը փոխանցվում են բոլոր նրանց, ովքեր հաղորդակցվում են Սուրեն Հայրապետյանի ստեղծագործություններին, նրա գեղանկարչական ցուցահանդեսներին, ինչպես նաեւ «Ծանոթ ու անծանոթ ճամփեքին» խորագիրը կրող գրքին:

Բնաշխարհն իր հազար ու մի նրբերանգներով, արարող բովանդակությամբ Սուրեն Հայրապետյանի հոգու ու սրտի մեջ է: Ահա թե ինչու նա հետեւողականորեն ու ծայրահեղ բծախնդրությամբ հարստացրել է եւ շարունակում է հարստացնել մեր մանկապատանեկան գրականությունը, հայ գեղանկարչությունը: Այդ մասին են վկայում նաեւ գրախոսվող գրքի վերջում հրապարակված բնութագրումները, որոնց հեղինակներն են Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանըՙ Հրաչօն, ՀՀ վաստակավոր լրագրող, գեղանկարիչ Վանիկ Սանթրյանը, գրող, «9-րդ հրաշալիք» թերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը, ճանաչված բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, լրագրող Վրեժ Սարուխանյանը, անվանի բանաստեղծ, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը, բանաստեղծ Բագրատ Ալեքյանը, բժիշկ-փորձագետ Վիկտոր Բաբասյանը, տողերիս հեղինակը:

Հիրավի, Սուրեն Հայրապետյանն օժտված է անսահման բնությունը, նրա անսպառ գաղտնիքները բացահայտելու տաղանդով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.