AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017



ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ

Տեղադրվել է` 2017-04-06 21:56:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 6630, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՏՈՍԿԱ»-ՅՈՎ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մարիա Կալլասի կատարմամբ «Տոսկա»-ի սկավառակն իրՙ ինձ մատուցած բազմաթիվ նվերներից մեկն է, որ իսկական ընծա էՙ զույգ Տոսկա Դիվաների զորեղ ներկայությամբ: Շատ եմ լսում, բայց մտքի ականջով իմ ժամանակակցի, իմ տեսած, ինձ այդ դերակատարման յուրաքանչյուր դրվագի մեջ համոզած Հասմիկ Պապյանի հետ եմՙ 1997- ից, երբ Բեռլինի թատրոնում առաջին անգամ դիտեցի Պուչչինիի հրաշալի ստեղծագործության իր մատուցումը: Աչքիս առջեւ է գեղեցիկ կոստյումներով այդ ներկայացումը, որտեղ ինքն իր սեւ շքեղ զգեստի գեղեցկությունը կրկնապատկում էր, իսկ ձայնային, խաղարկման վարպետությամբ եռապատկում ծափերին հատկացված ժամանակը: Առաջին անգամ հանդիպեցի իր հավատավոր ունկնդիրներից երկուսին, Վարշավայից ժամանած երկու պարոններ արտիստական մուտքի առջեւ սպասում էին իրենց աստվածուհուն: Շիրվանզադեի «Արտիստը» նրանք անշուշտ չէին կարդացել, իսկ ես այդ պահին միայն հասկացա, թե դասական արվեստի հանդեպ սերը մեզ բոլորիս ունակ է տեղավորել մի տարածքում, ուր կանգ են առնում ժամ ու ժամանակ: Նույն տարումՙ Էսսենում, իսկ մի քանի տարի հետո Քյոլնում դիտեցի իր Տոսկանՙ բոլորովին այլ բեմադրության մեջ, ուրիշ կոստյումներով, այլ խաղընկերների հետ: Աչքս կլանել է Քյոլնի Տոսկայի հագեցած կարմիր թավշյա զգեստիՙ Հասմիկի կերպարն էլ ավելի գայթակղիչ դարձրած պատկերը, որ առավել համոզում էր, թե սիրահարված ոստիկանապետ բարոն Սկարպիան անկարող է դիմադրել ցլամարտ բորբոքող գույնի ազդակներին:

2006-ի սեպտեմբերին Էսսենի Աալտո թատրոնը վերաբեմադրել էր Հասմիկ Պապյանի 9 տարի առաջ իրենց բեմում հաջողություն գրանցած «Տոսկան», նկատելի էրՙ սիրելի օպերայի գլխավոր հերոսուհուն ծափեր նվիրած հանդիսատեսն իր հետ թատրոն էր բերել երիտասարդների, որոնց աչքերում փայլ կարՙ ում մասին ավագները պատմել էին, իրենց աչք- ականջն էլ գերեց: Վկա նրանց չվերջացող ծափերը: Իսկ իմ մտքում Հայաստանի այն երիտասարդներն էին, որոնց ավագ սերունդը բանավոր փոխանցել էր, թե Երեւանում էլ մի ժամանակ «Տոսկա»-ն ջերմ հանդիսատես է հավաքել, բայց երիտասարդներին օպերան սիրելու գունեղ տարբերակ չէին թողել ավագ կառավարիչներըՙ աղքատիկ խաղացանկ կարկատելով: Ես մտովի նրանց էի բաշխում իմ այդ օրվաՙ ամիսներ կերակրող հոգեւոր հարստությունը, որի ագահությունն ունենալու իրավունքն ինձ տվել էր բեմի իմ իշխանուհինՙ Հասմիկ Պապյանը:

Հասմիկի Տոսկան երեւանյան բեմում էլ առիթ եղավ տեսնելՙ 2014-ի հուլիսի 11-ին համերգային կատարմամբ: Այն լեփ-լեցուն դահլիճ հավաքեց Արամ Խաչատրյան համերգասրահում, ուր հանդիսատեսը նկատել էր երգչուհուՙ իր նախընտրած բեմական հագուստիՙ «հայկական» երանգներըՙ կարմիր, կապույտ, նարնջագույնը, որ մեկ էլ պաշտոնական հագուկապի մեջ ընդգծեց. նուրբ աչքը կորսար, որ ռուսական հեռուստատեսությանը 2016-ի հունիսին տված հարցազրույցի ժամանակ, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, Հասմիկը հենց այդ գույների խորհրդանշական շեշտադրմամբ ընդգծում էր իր պետական պատկանելիությունը:

Ի բարեբախտություն հայ հանդիսատեսի, Սպենդիարյան օպերային թատրոնն իր աղքատիկ խաղացանկը վերանայեցՙ հարստացնելով համաշխարհային օպերային գրականության անզուգական այս պատմությամբ, որի երաժշտությունն ականջի եւ հոգու սպեղանի էՙ մանավանդ աղետներով ու պատերազմների ավերով լի մեր ժամանակներում: Լիբրետոյի հիմքում ֆրանսիացի դրամատուրգ Սարդուի «Ֆլորիա Տոսկա» մելոդրաման է, որ գրվել էր դրամատիկ բեմի աշխարհահռչակ արտիստուհի Սառա Բեռնարի համար, եւ որին բեմում տեսնելով Պուչչինին այնքան էր տպավորվել, որ որոշել էր այդ սյուժեի համար օպերա գրել: 1900 թվականի հունվարի 14-ին Հռոմում մեծ հաջողություն գրանցելուց հետո, «Տոսկան» այլեւս թատրոնների համար մարտահրավեր դարձավ: Ինձ հայտնի չէ, թե երեւանյան բեմում Նաիրե Ստեփանյանի բեմադրությամբ ներկայացվողՙ 1800-ականների Նապոլեոնի արշավանքների փոթորիկն ամբարող օպերային այս կտավն ինչ խորհրդանշական, նաեւ այլաբանական ենթաշերտ է փոխանցելու 21-րդ դարի մեր գունավոր հեղափոխական ժամանակներին, բայց վստահ եմՙ ապրիլի 12-ինՙ Ավագ շաբաթվա չորեքշաբթի մատուցվող «Տոսկա»-ն հիշարժան է լինելու բազմաթիվ պատճառներով:

Առաջիկա ապրիլի 12-ին ուրիշ առիթ էՙ Սպենդիարյան օպերային թատրոնում հայ հանդիսատեսը վերջապես ականատես կլինի 30 տարիՙ առավելապես համաշխարհային հեղինակավոր բեմերը զարդարած, այդ երկրներում Հայաստանի պատիվն ու փառքը անցյալից ներկա դարձնող արտիստուհու մատուցած Տոսկան: Մի դերերգ, որ ձայնի համար գրված գունեղ հուզական կտավ էՙ սիրո, հավատարմության, առաքինության, հայրենասիրության հենքով: Մի դերերգ, որ համաշխարհային մամուլի գնահատմամբ Հասմիկ Պապյանը հաղթահարել է պրոֆեսիոնալ բարձր նշաձող սահմանելով: Աշխարհի տարբեր լրատվամիջոցների մեր գործընկերները, թատերագետներ հենց այս դերակատարման առիթով բոլոր բարեմասնությունների հետ իրավամբ նշում են, թե Հասմիկի երգեցողության մեջ տաղանդ ու քրտինք կա: Նրան ճանաչելու բարեբախտությունն ունենալով դրան կհավելեմ գլխավոր եզրըՙ այս կերպարը ճակատագրով մերձ է իրեն, մարդկային իր որակներինՙ հայտնի երգչուհի Տոսկան անդավաճան սիրել գիտի իր նկարիչ ընտրյալինՙ Մարիո Կավարադոսիին, չի տրվում ոստիկանապետ Սկարպիային, նրա սիրուհին չի դառնում, իր համար նվիրական սերը, սիրեցյալին, իր պատիվն ամեն գնովՙ անգամ դանակով պաշտպանել գիտի, դասալիք չի դառնում, ապրելու ու մահվան արժանապատիվ տարբերակն ինքնազոհաբերությունը համարելով, նախընտրում է նետվել ամրոցի վերին հարթակից, քան ոստիկանապետի ենթակաների ոտնձգությունների զոհը լինել:

Երեւանյան «Տոսկա»-ն նվիրված է 2016-ին անժամանակ երկրային կյանքին հրաժեշտ տված Գեղամ Գրիգորյանի հիշատակին, համաշխարհային բեմի հայկական այցեքարտ դարձած երգչին թեկուզ երկնքից շատ կուրախացնի, որ իր հիշատակը խնկարկվի Հասմիկի Տոսկայով, որի խաղընկերը լինելով նրա բացառիկությունն ընդգծում էր դեռ 90-ականներիցՙ «Ազգ»-ում մեզ տված հարցազրույցներից մեկում:

Հասմիկի արտիստական հմայքն անսահման է: Հեռախոսով իրեն ասում եմՙ լսել եմ «Տոսկա»-յի տոմսերը սպառվում են: «Պատասխանատվությունս մեծանում է», պատասխանում է այնպես, կարծես իր առաջին քննությունն է: Անընդհատ վերակատարելագործվող, ինքն իրեն գերազանցող նրա տեսակը մեր վերապրող ազգի հաղթանակի գրավականն է:

Քրիստոսի հրաշափառ հարության տոնը հայերիս համար տոներից կարեւորագույնն է: Լուսահոգի տատիկս ասում էր, որ Հարության տոնին հենց Ավագ չորեքշաբթիից պիտի պատրաստվելՙ մաքրել տուն ու բակ, լվանալ ամեն ինչ, ասում էրՙ շուրջբոլորը մաքրելով կազատվենք ամեն չարիքից: Քանի ռեստորան չի դարձել մեր ամբողջ երկիրը, օպերային թատրոնը Ավագ չորեքշաբթիի սրբատեղին է, գնանք ապաշխարելուՙ միգուցե սրբվենք մեր երկրի վաղը ընտրակաշառքի 30 արծաթով վաճառելու մեղքից:

Նկար 1. Հասմիկ Պապյանի Տոսկան իսպանական Օվիեդոյի օպերային թատրոնի համանուն ներկայացման մեջ, 2009 թվական

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.