AZG Daily #29, 28-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 20:57:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1504, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Նաիր ՅԱՆ

Մենք ուղղակի խենթանում ենք, երբ օտարները հայերեն են երգում: Հայաստան եկող, հատկապես համերգով հանդես եկեղ յուրաքանչյուր օտարերկրացու անպայման հարցնում ենք. «Հայկական երգ-երաժշտությանը ծանո՞թ եք, լսե՞լ եք Արամ Խաչատրյանի, Կոմիտասի մասին»: Մեծ մասամբ պատասխանում են. «Մասամբ, բայց խոստանում ենք ավելին իմանալ ու հայ կոմոպոզիտորներին ներառել մեր երկացանկում»: Իսկ երբ պարզվում է, որ օտարազգի հյուրերը սպասածից ավելին գիտեն հայի ու Հայաստանի մասին, ուրախությունից աշխարհով մեկ ենք լինում: Ցեղասպանության չլուծված հարց ունեցող, հայրենիք կորցրած փոքր ազգի բարդույթ է. ի՞նչ արած: Այսքանը հերիք չէ, դեռ տնտեսական ու քաղաքական առումներով էլ ոչ մեկին չենք հետաքրքրում, որ գոնե հայ ու Հայաստան անուններն աչքներով ընկած լինեն:

Մեկ շաբաթով Հայաստանում էր Նորվեգիայի Բերգեն քաղաքի «Լիդերհորն» երգչախումբը: Նորվեգացի հյուրերը մեր երկիր էին այցելել սեփական նախաձեռնությամբ ու ցանկությամբ: Ամբողջ ծախսը հենց իրենք էլ հոգացել են: Բերգենի հայկական համայնքը փոքր է: Հայ ընտանիքներից մեկը երգչախմբին պատմել է Հայաստանի մասին ու առաջարկել հայերեն երգերի նոտաներ: Նորվեգացիներին առաջարկը հետաքրքրել է. նրանք բավական ժամանակ սովորել են հայերեն երգերի տեքստերը: Դրանք կոմիտասյան երեք երգեր են եւ Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւանը»:

Երեք տարի նորվեգական «Լիդերհորնը» նախապատրաստվել է, որպեսզի Հայաստան գա ու այստեղ ելույթ ունենա: Առհասարակ երգչախմբի երկացանկում բազմալեզու երգեր կան, որովհետեւ տարբեր ազգերի երգ-երաժշտությամբ հետաքրքրվելուց բացի, խմբի անդամները հատուկ առաքելություններ են իրականացնում: Նրանք ընտրում են այն երկրները, որոնք ազգամիջյան, աշխարհաքաղաքական, սոցիալական խնդիրներ ունեն, չլուծված հարցեր, արդարության պահանջ, ու այցելում են հենց այդտեղ: Ամեն երկրում կատարում են երգեր հենց այդ լեզվովՙ որպես զորակցության, մարդասիրության ժեստ: «Լիդերհորնը» եղել է Հարավային Աֆրիկայում ու ձեռք մեկնել բազմաթիվ խնդիրներ ունեցող տեղաբնակներին: Նորվեգական երգչախումբն իր հովանավորության տակ է առել աֆրիկյան մանկատներից մեկը: Երգչախումբը համարվում է սիրողական. կազմավորվել է 1973-ին: Նոր անդամների հետ այստեղ երգում են նաեւ երգչախմբի հիմնադիրները, որոնց համար «Լիդերհորն» անունը սեփական անունից թանկ ու պատվաբեր է: Իրականում այս մարդիկ դասական ու հոգեւոր երգերի միջոցով ոչ միայն ինքնամաքրվում են, այլեւ փորձում ներազդել ուրիշների վրա: Խնդրահարույց թեմաներով օտարալեզու երգերի միջոցով նրանք դիվանագիտական հարցեր են բարձրացնում: Համերգին հնչում են Պաղեստինի, Աֆրիկայի, Կուբայի լեզուներով երգեր. հանդիսատեսը հետաքրքրվում էՙ ինչի՞ մասին են երգում: Պատասխանում ենՙ այսինչ խնդրի, որը տարիներ շարունակ այսինչ ազգը չի կարողանում լուծել: Այդպիսի օրինակներ իսկապես եղել են երգչախմբի կենսագրության ընթացքում:

Նորվեգական այս խումբն ուզում է, որպեսզի մարդիկ իրենց երգերի միջոցով տեղեկանան, թե տարբեր ազգեր ինչ խնդիրներ ունեն, որ աշխարհի ուշադրությունից դուրս են մնում ու չեն լուծվում: Այդպես նրանք հետաքրքրվել են նաեւ Հայաստանով ու Հայոց ցեղասպանության պատմությամբ, իսկ առիթը եղել են հայկական երգերը, որոնց հետ նորվեգացիներին ծանոթացրել է Բերգենում ապրող Դավթյանների ընտանիքը: Կոմիտասն ու «Էրեբունի-Երեւանն» ուղղակի դյութել են նորվեգացիներին: Այդ երգերը սովորելուց հետո նրանք վճռել են անպայման այցելել Հայաստան: Այդ հարցում նրանց դարձյալ օգնել է Դավթյանների ընտանիքը: Որդինՙ Մարտին Դավթյանը կազմակերպել է «Լիդերհորնի» հայաստանյան այցն ու համերգները:

Նորվեգական երգչախումբը հյուրընկալվել է Կոմիտասի թանգարանում, երգել «Սպեղանի» երգչախմբի հետ:

«Մեզ թվում էր, թե բավականին տեղեկացված ենք Հայաստանի մասին, բայց այստեղ գալովՙ պարզեցինք, թե ինչքա՜ն բան չգիտեինք: Մոտիկից ծանթացանք հայ երգերին, Կոմիտասին, նրա կենսագրությանը, Հայոց ցեղասպանության պատմությանը ու հիմա ավելի խորությամբ ենք հասկանում ու ընկալում կոմիտասյան երգերի լուսավոր տխրության պատճառները: Հրաշալի երկիր ունեք, դյութիչ երգեր, անբացատրելի ձգողականություն է սա, որ չեմ կարող նկարագրել ու պատմել»,- իր ոգեւորությունը հայտնեց «Լիդերհորնի» հիմնադիրներից Ռյունե Քրիստիան Դալը :

Քառասնամյակը երեք տարի առաջ տոնած երգչախումբը կազմված է տարբեր մասնագիտությունների տեր երգիչներիցՙ զբոսաշրջության, բանկային ոլորտների մասնագետներ, Բերգենի համալսարանի, դպրոցների աշխատակիցներ, խմբավարներ: Նրանց համախմբել է մարդասիրության գաղափարը, երգի միջոցով ազգերի խնդիրները բարձրաձայնելու, միմյանց ձեռք մեկնելու, միմյանց ցավի նկատմամբ անտարբեր չլինելու ձգտումը: Ի դեպ, «Լիդերհորնը» հայաստանյան մանկատներից մեկի համար խոշոր հանգանակություն է արել: Նվիրատվությունը նրանք պետք է փոխանցեին հասցեատիրոջը, բայց հենց մեր երկրում ինչ-ինչ պատճառներով գումարը կես ճանապարհին է մնացել: Սակայն նորվեգացիներն այն անպայման տեղ կհասցնեն:

Երգչախումբը մեր երկրում ավելի խորությամբ տեղեկացավ ցեղասպանության մասին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Լիդերհորնը» հանդես եկավ փոքրիկ համերգով: Ունկնդիրների համար անակնկալ էր. նորվեգացիները կատարեցին կոմիտասյան երգեր: Հատկապես հուզիչ էր «Հով արեքը»: Համերգը եզրափակվեց Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւանով»: Այս երգերը նորվեգացիներին բառ առ բառ սովորեցրել է բերգենաբնակ Մարտին Դավթյանի մայրը: Երգչախումբը խոստացավ, որ հայկական երկացանկը շուտով կհամալրի այն նոր երգերով, որոնց նոտաներն իրենց հետ տարան Հայաստանից: Կարեւոր մի հանգամանք. համերգների ժամանակ յուրաքանչյուր երգից առաջ երգչախմբի անդամներից մեկը ծանոթացնում է երգի պատմությանը, ներկայացնում, թե այն ինչի մասին է: Այս բացատրությունները մեծ տեղեկություններ են պարունակում: Այդպես երգչախումբը տարբեր բեմերից ներկայացնում է նաեւ հայկական երգերը, թե ով է Կոմիտասը, ինչ ճակատագիր է ունեցել, որտեղ է Էրեբունի Երեւանը եւ այսպես շարունակ:

«Հայերեն երգերը կատարելիս մենք ոչ միայն հուզում ենք մարդկանց, այլեւ ինքներս ենք հուզվում: Այդ զգացողությունը տասնապատկվեց այստեղՙ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Ֆանտաստիկ հող ու հայրենիք ունեք, այսպիսի էներգետիկա ոչ մի տեղ չեմ զգացել: Եթե անգամ հայերեն չհասկանաս, դարձյալ կհուզվես այս երգերը լսելիս»,- ասաց «Լիդերհորնի» խմբավար Ռիկե Լինա Սորել Մաթիեսնը :

Ծիծեռնակաբերդում հնչեցրած երգերից մեկը, որով բացվեց համերգը, առաջին իսկ հնչյուններից հայկական թվաց, սակայն ոչ մի բառ հասկանալի չէր: Երգն այնքան հարազատ հնչերանգներ ուներ, ասես կոմիտասյան լիներ: Պարզվեցՙ նախապատմություն կա:

1998 թվականին մի շվեդուհի է եկել Հայաստան ու հենց ապրիլքսանչորսին եղել է Ծիծեռնակաբերդում: Նա այնպես է ներշնչվել, որ երգ է գրել, բառերըՙ շվեդերեն, երաժշտությունըՙ մաքուր հայկական: Այդ երգը ներառվել է «Լիդերհորնի» երկացանկում: Մի անգամ այն հնչեցրել են Պաղեստինում: Երգիչները պատմում են, որ իրենց է մոտեցել մի կին ու հուզված ասել. «Ես հայ եմ, այս երգի խոսքերը չեմ հասկանում, որովհետեւ զարմանալիորեն օտար լեզվով է, բայց ակնհայտ է, որ երգը հայերեն է, երաժշտությունն անվիճելիորեն հայկական է»: Երգչախմբի խմբավարը պատմեց, որ երգը հարազատներին կորցրած մարդու ցավի ու կարոտի մասին է: Շվեդուհին, փաստորեն, այսպես է զգացել ցեղասպանության ցավն ու տպավորությունների հիման վրա այդպիսի երգ գրել:

Մեկնելուց երկու օր առաջ «Լիդերհորնը» ելույթ ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահումՙ ավելի ընդլայնված երկացանկով: Նորվեգացիները դեռ երեք ամիս առաջ Բերգենից Երեւան ամրագրել էին «Տոսկա» օպերայի տոմսերը, որպեսզի իրենց երեւանյան այցի ընթացքում բաց չթողնեն մեր Հասմիկ Պապյանին լսելու հնարավորությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.