AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017



ԼՈՒՍԱՎՈՐ ՀԵՏՔ

Տեղադրվել է` 2017-04-20 20:57:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1977, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԴԸՙ ՀԱՎԵՐԺ ՈՐՈՆՈՂՆ ՈՒ ԹԱՓԱՌԱԿԱՆԸ...

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Իմ ձեռքին Արա Տեր-Խաչատրյանի գրականագիտական հոդվածների ժողովածուն էՙ «Միջաստեղային թափառականներ» բազմիմաստ խորագրով, անդրադարձՙ 20-րդ դարի հետպատերազմյան շրջանի (50-70-ականներ) հանրային, մշակութայն կյանքի տարբեր ոլորտների, մասնավորապես գիտության մեջ ահռելի փոփոխություններով պայմանավորված ամերիկյան գիտաֆանտաստիկ գրականության: Ժողովածուն նաեւ թարգմանական մեկ նմուշ է ընդգրկումՙ իտալացի նշանավոր գրող Ալբերտո Մորավիայի «Հռոմի լույսերը» պատմվածքը, թարգմանությունՙ արված բնագրային այնպիսի հարազատությամբ, որի հայերեն սահուն, մի տեսակ փափուկ ընթերցումը թարգմանչի իտալերեն լեզվի հրաշալի իմացության մասին է վկայում. այնպես որ ակամայից ափսոսանք ես ունենում թարգմանության մեկ - միակը լինելու համար: Հայրըՙ մտավորական շրջանակներին հայտնի գրականագետ, արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը գիրքն ինձ հանձնելուց ակնարկեց, որ որդին ունեցել է այդպիսի շուրջ տասը թարգմանություն, սակայն, ցավոք, ինքը չի կարողացել գտնել դրանքՙ մեկտեղելու եւ առանձին ժողովածու հրատարակելու:

Հետաքրքրությունն իտալերենի հանդեպ Արան ուսանելու առաջին տարիներից է ունեցել, դժվար էր հավատալ, որ մասնագիտական կրթությունը ստանալով պետհամալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բաժնում, իտալերենի այդպիսի իմացության հասել է ինքնուսուցմամբ: Դեռեւս այդ շրջանից աշխատանքային անմիջական շփումները իտալացիների հետ առավել խորացրել են լեզվական գիտելիքները, նա տիրապետել է ոչ միայն գրական իտալերենին, այլեւ դրա բանավոր, բարբառային դրսեւորումներին: Իտալիայի դեսպանատան կողմից կատարելագործման է մեկնել Իտալիա, հետեւել Պերուջայի եւ Բոլոնիայի համալսարաններում անցկացվող իտալերեն լեզվի դասընթացներին: Չարենցի մասին հուշերի գիրք է թարգմանել ուսանելու տարիներին, արձագանքը հենց իրենցՙ իտալացիների կողմից եղել է հիացական:

Գրքի գեղարվեստական ձեւավորումըՙ գեղանկարիչ Արա Հայթայանի գրաֆիկական գործերի ընտրությամբ, բավական համահունչ է արծարծվող թեմաներինՙ 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմներ տեսած մարդու հոգեկան վիճակներին եւ նրա գիտակցության մեջ տեղի ունեցող փոփոխություններինՙ մարդու ահագնացող մենակության, ապագայի հանդեպ նրա ինչ - որ տեղ անորոշ տեսլականներին, փրկության ափերի նոր որոնումներինՙ ավելի բարձր, տիեզերական ոլորտներին միտված ֆանտաստիկ երեւույթներին:

Գրքում զետեղված լուսանկարները նրաՙ ցավալիորեն կարճ տեւած կյանքի տարբեր շրջաններն են ներկայացնումՙ մանկություն, պատանություն, ուսանողական տարիներ, երիտասարդական հրապուրանքներ ու նախասիրություններ. սիրել է նկարել, մի քանի աշխատանք ներկայացված են այստեղ, ստացել է երաժշտական կրթություն, սովորել ջութակի բաժնում, գրականությունը, նկարչությունն ու երաժշտությունն են ձեւավորել նրա անհատականությունը, հասակ է առել արժեքների մտավորական մթնոլորտում: Հրաշալի տիրապետելով իտալերենին եւ հնարավորություններ ունենալով ապրելու այդ երկրում, ավելի ուշ կեցության եւ աշխատանքային հրավեր ստանալով Կիեւի պետական համալսարանից, գերադասել է մնալ եւ աշխատել Հայաստանումՙ անցնելով մեր երկրում երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին բաժին ընկած շատ ու շատ դժվարություններով:

Ի՞նչ տեսանկյունից է ժամանակի թելադրած մասշտաբային հարցերին մոտենում հեղինակն իր քննական վերլուծություններում: Գրքի նախաբանը բավական ամփոփ եւ որոշակի պատկերացում տալիս է, որտեղ նա անդրադառնում է այն հիմնական նախադրյալներին, որոնցով պայմանավորվեցին 20-րդ դարի հետպատերազմյան շրջանի գրականության, արվեստի եւ առհասարակ հանրային մտածողության մեջ կատարված արմատական փոփոխությունները: Բնավ պատահական չէ, որ այդպիսի մեծ ցնցումերից, համաշխարհային աղետներից հետո արվեստում ակտուալ է դառնում ֆանտաստիկայի ժանրըՙ ոչ որպես իրականությունից խուսափելու միջոց, այլՙ մարդուն դեպի նոր իրականություն տանող հնարավորությունՙ ուղղված նրա հոգեւոր արժեքների, բարոյական եւ ֆիզիկական պաշտպանվածությանը: 20-րդ դարի 50-70-ականներըՙ բնորոշվող գիտական աննախադեպ իրադարձություններով, ատոմային ռումբի գոյության փաստով եւ դրա ողբերգական հետեւանքներով, Երկրի առաջին արհեստական արբանյակիՙ Տիեզերք արձակումով, մամուլում շրջանառվող այլմոլորակային տիեզերանավերի հայտնվելու եւ կործանման եւ այսօրինակ բազմաթիվ այլ տեղեկություններով, բնականաբար չէին կարող չազդել ինչպես հանրային, այնպես էլ գեղարվեստական մտքի զարգացումների վրա:

Ինչպես հեղինակն է նշում, ամերիկյան գիտաֆանտաստիկ գրականության ձեւավորման վրա մեծ դեր ունեցել է գրական մամուլըՙ մի քանի կարեւոր հրատարակություններՙ ամսագրեր հող են նախապատրաստել գրական այս ուղղության զարգացման համար: Ընդհանուր համատեքստում հեղինակը առանձին ուշադրություն է դարձնում 60-ականներին եվրոպական մշակույթի եւ հասարակական մտածողության վրա մեծապես ազդած «Նոր ալիք» կոչված երիտասարդական շարժմանըՙ աշխարհայացքով, մոտեցումներով արմատապես տարբերվող նախորդ սերնդից, որի գաղափարները հաջողությամբ թափանցեցին նաեւ Ամերիկյան մայր ցամաք: Ընդհանուր գծերով բնութագրելով ամերիկյան գիտաֆանտաստիկ գրականության ոսկեդարըՙ հեղինակը անդրադառնում է դրա հիմնական առանձնահատկություններին, բերած նորություններին, դրսեւորման տարատեսակներին, թեմատիկ եւ բովանդակային բազմազանությանը: «50-70 -ական թվականների ամերիկյան գիտական ֆանտաստիկան գեղարվեստական իր մեթոդը հաճախ միահյուսում էր փիլիսոփայական եւ պատմական արձակի մեթոդինՙ խոր եւ բարդ պրոբլեմները դիտարկելով ճշգրտորեն եւ համոզիչ ու հավաստի մանրամասնությամբ նկարագրված միջավայրի տեսապատկերին: Այս ստեղծագործությունների լավագույն մասում գիտական ֆանտաստիկայի ստեղծած երեւակայական աշխարհը մեծամասամբ միջոց է «մեծ գրականությանը» բնորոշ խնդիրներն արծարծելու: Այս մոտեցումը տեղիք է տվել խոսելու ամերիկյան ֆանտաստիկայի ռեալիզմի մասին»:

Ամերիկյան գրական ֆանտաստիկայի ոսկեդարից հեղինակը առանձնացնում է երկու անունՙ Այզեկ Ազիմով եւ Ռեյ Բրեդբերի, անդրադառնում է նաեւ մի քանի այլ հեղինակներիՙ Ռոբերտ Հայնլայն, Քլիֆֆորդ Սայմակ, Ռոբերտ Շեքլի, Կուրտ Վոննեգուտ, Ուրսուլա Լե Գուին: Ժողովածուի «Միջաստեղային թափառականներ» բաժնի նախաբանին հաջորդող երեք գլուխները համապատասխանաբար վերաբերում են հիշյալ գրողներին եւ նրանց ստեղծագործությունների մեկնաբանությանը: Հաջորդ մասն ընդգրկում է երեք հոդվածՙ «Այզեկ Ազիմովը եւ կրոնը», «Մարդու հոգեւոր կայացման եւ կրոնի խնդիրը Ռեյ Բրեդբերիի «451 ըստ Ֆարենհայթի» վեպում», «Գրողը եւ մահը». թեմաներ, որ խորհել են տալիս հեղինակի ներքին հետաքրքրությունների եւ կողմնորոշումների մասին նաեւ: Պետք է նկատել, որ մեզանում ոչ այնքան հաճախ, կարելի է ասել շատ սակավ են եվրոպական եւ կամ ամերիկյան հիշյալ շրջանի եւ հատկապես ժամանակակից գրականության մասնագիտական լուրջ անդրադարձները եւ այդ գրականությունը հայ հանրությանը ճանաչելի դարձնելու փորձերը. նաեւ այս առումով կարեւոր պետք է նկատել այս աշխատանքը:

Վերջաբանում Արա Տեր-Խաչատրյանը համեմատական զուգահեռներ տանելով գրական այս հոսանքի երկու նշանավոր դեմքերիՙ Այզեկ Ազիմովի եւ Ռեյ Բրեդբերիի ստեղծագործությունների միջեւ, խոսում է գիտաֆանտաստ գրողի կարեւորագույն առանձնահատկության մասին. իրականության վերացարկված, գեղարվեստորեն պայմանական եւ երեւակայական, սեփական ֆանտաստիկ, զուգահեռ աշխարհի ստեղծումը նկատելով որպես նրանց գեղարվեստականության բարձրագույն չափանիշ: Այն, լինելով երեւակայականի տիրույթում, գրողին ավելի լայն հնարավորություններ է տալիսՙ սեփական գաղափարներն ազատորեն «իրացնելու»: Ազիմովի եւ Բրեդբերիի զուգահեռ համեմատականներում, երբ առաջինը շեշտը դնում է գիտության եւ տեխնիկական նվաճումների եւ հետագա զարգացումների, դրանց հետ կապված մարդկությանը սպառնացող վտանգների, համընդհանուր աղետների, կործանումների, արտերկրյա քաղաքակրթությունների հնարավոր գոյության եւ դրանց հետ հարաբերությունների վրա, հեղինակը նկատում է, որ Բրեդբերին գիտաֆանտաստիկ գրականության միջոցներն ու հնարքները գործածում է ընդամենը որպես պայմանականություններ, որոնք նրան հնարավորություն են տալիս վերլուծելու մարդու բուն, խորքային խնդիրները: «Բրեդբերիի ստեղծագործություններում չկա տեխնիկական զարգացման այն հավաստի, բայց եւ տագնապ ու երկյուղ ներշնչող պատկերը, որպիսին տեսնում ենք Ազիմովի ստեղծագործություններում: Դրա փոխարեն Բրեդբերիի երկերում մարդը հայտնվում է այնպիսի անսովոր եւ անակնկալ իրավիճակներում, որոնց մեջ դրսեւորվում է նրա բուն էությունը եւ ներքին աշխարհը:

Այս երկու գրողներըՙ ե՛ւ Ազիմովը, ե՛ւ Բրեդբերին իրենց լավագույն ստեղծագործություններում արտահայտել են ոչ միայն ամերիկյան գրականության, ոչ միայն ամերիկյան ժողովրդի ու հասարակության, այլեւ, կարելի է ասել, ողջ մարդկության լավագույն ձգտումները, փորձել են տալ մարդկության հեռավոր ապագայի կյանքի հնարավոր պատկերը, ցանկացել են մարդուն տեսնել ավելի մարդկայնացած, հոգեպես ավելի հարուստ ու գեղեցիկ»:

Ամերիկյան գիտաֆանտաստիկ գրականության մասին Արա Տեր-Խաչատրյանի այս նոթերըՙ արված բավական երիտասարդ տարիքում, հավանաբար, ասպիրանտական ուսման շրջանում, հանգամանալի ուսումնասիրության արդյունք են. դիտարկումները, մոտեցումները, եզրահանգումները վկայում են հեղինակի լեզվական, գրական իմացությունների, վերլուծական մտքի, մասնագիտական պատրաստվածության մասին:

«Միջաստեղային թափառականներ» գիրքը գեղեցիկ, խոստումնալից հետք է մեր մշակութային իրականության մեջՙ կյանքը, ավա՜ղ, վաղ ընդհատված երիտասարդ մտավորականի, որ դեռ շատ ասելիքներ ու անելիքներ ուներ այս ասպարեզում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.