AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017



102 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Տեղադրվել է` 2017-04-20 20:57:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1464, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՖԻԼՄԸ

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերագետ, պատմաբան

Մինչեւ հայ իրականության մեջ կյանքի կկոչվեր կինոարվեստը, հայկական թեմաներով առաջին նկարահանումները կատարել են մեր ժողովրդի համակիր օտարազգի կինոգործիչները: Առաջին վավերագրական ֆիլմըՙ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի հուղարկավորությունը, նկարահանել են ֆրանսիացի գործիչները (1907):

Իսկ առաջին գեղարվեստական ֆիլմը, որը պատկերել է հայոց կամավորական ջոկատների գործունեությունը Արեւմտյան Հայաստանում, էկրանի նյութ են դարձրել Մոսկվայի ռուսական թատրոնի եւ կինոյի ներկայացուցիչները (1914):

Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում, երբ ավելի էր վատթարացել արեւմտահայության վիճակն ամենայն առումներով, Անդրկովկասում կազմակերպվել են կամավորական փրկարար ջոկատներ, որոնք համահայկական բնույթ են կրել: Այդ համաժողովրդական շարժմանն արձագանքել ու մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ամերիկայի հայազգի զինվորականներ, աշխատավորության ներկայացուցիչներ, ուսանողներ եւ ուսանողուհիներ, բժիշկներ, նույնիսկ դերասաններ, որոնց համար թանկ է եղել հայրենիքի ազատագրության գաղափարը:

Այս իրողությանը շատ գնահատելի բնորոշում է տվել թիֆլիսահայ գրական-հասարակական գործիչ Սոֆյա Դանիել-Բեկը: Իր «Ճակատագրական րոպե» վերնագրով հոդվածում նա գրել է. «Կամավոր գրվելու ցանկացողների թիվը մեծ է ահագին, գալիս են նրանք հայրենիքի սիրով վառված, գալիս են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, գալիս են հայրենիքի ազատությանը զոհվելու... Պարտության դեպքում կոչնչացվի աշխարհի երեսից թուրքաց Հայաստանը, կանհետանա հայության օրրանը, մեր հույսերի, մեր երազների աշխարհը»: (1)

Կամավորական շարժումն իր արտահայտությունն է ստացել նաեւ օրվա հոգսերից անբաժան թատերական կյանքում: 1914-ի աշնանից գրվել ու բեմադրվել են բազմաթիվ պիեսներ, որոնք նվիրված են եղել կամավորական ջոկատների գործունեությանը, մի շարժման, որտեղ որոշակի դեր են կատարել տարբեր երկրների կրթական հաստատությունների ուսանող-ուսանողուհիներ, այդ թվում եւ նրանց համակիր օտարազգի ուսանողուհիներ:

Կամավորականների մասին գրված պիեսներից մեկն էլ նոր-նախիջեւանցի գրող-դրամատուրգ (1865-1943) Էմմանուել Բախչիսարայցյանի «Արյունաներկ Արեւելք» հինգ գործողությամբ դրաման է: Բախչիսարայցյանը գրել է հայերեն եւ ռուսերեն, արձակ եւ դրամաներ, ճանաչում է գտել նաեւ ռուս գրական շրջանակներում: Նրա գրած պիեսներից ենՙ «Աշխարհքս մեր տալեն է», «Երկու փեսացու», «Համա քեզ օյին», «Մերոնց կյանքը», «Մոդնի նշանտու է», «Սեւ կատու», «Վա՜յ, վա՜յ», «Տոն փեսա» եւ շատ այլ պիեսներ, որոնք բոլորն էլ բեմադրվել են Նոր Նախիջեւանում, Սիմֆերոպոլում, անգամ հեռավոր Նոր Ջուղայում եւ այլուր: Նրա պիեսներում տեղ է գտել նախիջեւանցիների առօրյա կյանքում տեղ գտած արատավոր բարքերը ծիծաղով ուղղելու առողջ մոտեցումը:

Բախչիսարայցյանի գրական ժառանգության մեջ կա նաեւ կամավորներին նվիրված մի ակնարկ եւս, որը վկայում է, որ «Արյունաներկ Արեւելքը» պատահական բնույթ չի կրել:

«Արյունաներկ Արեւելք» կինոֆիլմի մասին գրողներըՙ թե՛ անցյալում եւ թե՛ մեր օրերում հեղինակի մասին գրել ենՙ «հայտնի հայ գրող Է. Էմմբեի», երբեմն էլ սցենարի հեղինակ է համարվել Էմիլ Բելսկին, որը ոչ մի կապ չունի Է. Էմբե-Էմմանուել Բախչիսարայցյանի անվան հետ:

«Արյունաներկ Արեւելք» կինոֆիլմը նկարահանվել է Մոսկվայի «Կինոլենտա» կինեմատոգրաֆիական ընկերության կողմից, Մոսկվայի մի քանի թատրոնի դերասան-դերասանուհիների ուժերով, Ա. Արկատովի բեմադրությամբ:

Մինչեւ կինոֆիլմի ցուցադրությունը, նրա մասին արդեն գրվել է Անդրկովկասի մամուլում: Առաջինն անդրադարձել է Ալեքսանդրապոլի (Գյումրի) «Գավառի ձայն» թերթը: Թերթում տպագրված ծանուցման մեջ կարդում ենք. «Ռուսաստանում առաջին կինեմատոգրաֆիական ժապավենը տաճկահայերի եւ կովկասյան հերոս խմբերի (կամավոր) նկարներով լույս տեսավ Արյունաներկ Արեւելքը վերնագրի տակ 4 մաս» (2): Միաժամանակ նշվել է, որ ֆիլմը «ձեռք է բերել Թիֆլիսի Միքայելյան պողոտայում գտնվող «Լիրա» թատրոնը:

«Ժամանակակից սենսացիա» համարվողՙ հայտնի հայ գրող Է. Էմմբեի սցենարով բեմադրված «Արյունաներկ Արեւելք» գեղարվեստական կինոֆիլմի հասարակական դիտումը տեղի է ունեցել 1915-ի մարտի 5-ին, Պետերբուրգի «Parisiana» թատերասրահում (3): Դրանից հետո այն սկսվել է ցուցադրվել Անդրկովկասի քաղաքներում:

«Արյունաներկ Արեւելք» ֆիլմի մեզ հայտնի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Բաքվի Սպորտ էլեկտրո-թատրոնում (Տարգովայա փողոց, Նիկիտին եղբայրների կրկեսի դիմաց), իբրեւ «արտակարգ նորություն»: Այդ կինոնորությունը ցուցադրվել է 1915-ի ապրիլի 1, 2, 3 եւ 4-ին: Բաքվի «Արեգ» թերթում տպագրված հայտարարության մեջ գրվել է. «Հայտնի հայ գրող Է. Էմմբեի Արյունաներկ Արեւելք, Տաճկա-Հայաստանի կյանքից, հռչակավոր դրամա 5 գործողությամբ» գործողությունները կինոյում նշել են մասերով:

Մաս 1. Բեռլինում, 2. Պոլսում, 3. Տաճկա-Հայաստանում, 4. Տաճկաց ընդհ. հրամանատարի մոտ, 5. Աստղիկի մահը: Ֆիլմի բովանդակությունը տեղ է գտել Բաքվի «Արեգ» եւ «Արեւ» թերթերում (4):

«Արյունաներկ Արեւելք» ֆիլմի բեմադրողը եղել է Ա. Արկատովը, իսկ մասնակիցներըՙ Մոսկվայի Մեծ (օպերային), Փոքր (դրամատիկական) եւ Ֆ. Կորշի, Պ. Ստրույսկու մասնավոր թատրոնների դերասան-դերասանուհիները: Գլխավոր դերերում հանդես են եկել.

1. Աստղիկ (հայ աղջիկ)- Ն.Ս. Չերնոբաեւա (Մեծ թատրոն):

2. Մարիամ (Աստղիկի մայրը)- Յու.Ն. Բոխմաչեւսկայա (Կորշի թատրոն):

3. Հասան-Ալի- Մ.Մ. Տամարին (Փոքր թատրոն):

4. Թուրքական գերագույն խորհրդի նախագահ- Ի.Լ. Տալանով (Կորշի թատրոն):

5. Թուրքական դեսպան Գերմանիայում- Մ.Ա. Օռլով (Ստրույսկու թատրոն):

6. Բեռլինի կոմենդանտ- Ի.Պ. Արկանով (Կորշի թատրոն):

7. Արշակ (հայկական ջոկատի առաջնորդ)- Գ. Սալտիկով (Ստրույսկու թատրոն):

8. Թուրքական հյուրանոցի տեր Կոնստանտինոպոլսում- Յա. Վիշնեւսկի (Լեհական Կովեն. թատրոնի դերասան):

9. Գրասենյակի պետի օգնական- Ն.Ն. Կոմարով (Ստրույսկու թատրոն):

Մասսայական տեսարաններումՙ ժողովուրդ, զինվորներ, հայեր, քրդեր, չերքեզներ:

Բախչիսարայցյանի «Արյունաներկ Արեւելք» պիես-սցենարը լիովին համահունչ է եղել տվյալ ժամանակաշրջանիՙ Հայոց ցեղասպանության թեմայով գրված ու զանազան վայրերում բեմադրված հայրենասիրական պիեսների ոգուն: Հենց դա էլ նպաստել է նրա էկրանավորմանը եւ դրական գնահատությանը:

Ինչի՞ մասին է «Արյունաներկ Արեւելք» կինոպատումը:

Տաճկահայաստանի մի փոքրիկ քաղաքի հարուստ ընտանիքի դուստր Աստղիկը սովորում է Գերմանիայում: Իր այրիացած մորից ստանում է մի նամակ, որով հայտնելով երկրում սկսված հայերի կոտորածների մասին, աղջկան առաջարկում է տուն վերադառնալ:

Աստղիկն ուսումը կիսատ թողնելով շտապում է տունՙ մոր մոտ հասնել: Տաճկաստանի բեռլինյան դեսպանատանը ձգձգում են նրա փաստաթղթերի ձեւակերպումները: Բարձրաստիճան մի պաշտոնյա Աստղիկին գրավելու նպատակով, իբրեւ թե օգնում է նրանՙ վերացնելու խոչընդոտները:

Ճանապարհին, գնացքում, այդ պաշտոնյան, իբրեւ թե պատահաբար, նորից է հանդիպում Աստղիկին:

Մի շարք դժվարություններ հաղթահարելով Աստղիկն անփորձանք տուն է հասնում: Աստղիկի խորհրդով, մայրըՙ Մարիամը, որպես քաղաքի պատվավոր մարդու այրի, հրավիրում է տեղում մնացած տարեցներին: Ժողով են անում եւ որոշում օգնության կանչել Քեռիին (Արշակ Գավաֆյան, 1858-1916), որը 1914-ին եղել է 4-րդ կամավորական ջոկատի հրամանատարը: Աստղիկը հավաքվածների անունից նամակ է գրում եւ անցնելով ռուսական սահմանը, հասնում Քեռիի ջոկատին: Քեռին խոստանում է հաջորդ օրը, որոշյալ ժամին ջոկատն ուղարկել հայերին փրկելու համար:

Մինչեւ Աստղիկը կվերադառնար, թուրքերն ու քրդերը կողոպտում են նրանց տունը, սպանում եղբայրներից մեկին:

Քաղաքի հրապարակում տաճկական սպան կարդում է զորքի ընդհանուր հրամանատարի հրամանըՙ իր բանակն ուղարկել գեղեցիկ աղջիկների: Աստղիկը որոշում է վճռական քայլի դիմել: Այն էՙ մինչեւ Քեռիի փրկարարների գալը, հետ պահել տաճկական զորքի առաջխաղացումը: Նա տաճկական զգեստով գնում է թուրքական բանակատեղին, որտեղ նորից է հանդիպում բեռլինյան ծանոթին:

Աստղիկը ենթարկվելով նրա փաղաքշանքներին, գինի խմեցնելով աշխատում է ժամանակ շահել մինչեւ Քեռիի մարդկանց գալը: Նա սպասողական ապրումներով անընդհատ լուսամուտից դուրս է նայում: Լսվում է աղմուկ, իրարանցում: Ընդհանուր հրամանատարը կռահելով Աստղիկի մտահղացումըՙ հարձակվում է նրա վրա: Հենց այդ ժամանակ ներս է մտնում Մարիամը եւ սրահարում թշնամուն:

Թուրքերը հասկանում են Աստղիկի գաղտնի դիտավորությունը եւ վիրավորում նրան: Աստղիկն ընկնում է մոր ոտքերի մոտ: Բայց մայր ու աղջիկ ուրախ են, որ կարողացել են կասեցնել թշնամու հարձակումը եւ ժողովրդին փրկել կոտորածից:

Աստղիկի վերքից ծորող արյունը դարձել է Հայաստանի փրկության խորհրդանիշը:

Այս կինոնկարի բովանդակությունն ու ավարտը շատ նման է 1914-1916 թթ. գրված ու բեմադրված պիեսների կառուցվածքին, շոշափած հարցերին, երիտասարդ ուսանող-ուսանողուհիների հերոսական զոհաբերությանը:

«Արյունաներկ Արեւելք» կինոֆիլմը Բաքվից հետո ցուցադրվել է նաեւ Ալեքսանդրապոլում: 1915-ի մայիսի 25-ից այն ներկայացվել է «Էրատո» գեղարվեստական կինեմատոգրաֆի կողմից: «Ժողովրդի խնդրանոք» կրկնվել է նաեւ հունիսի 4-ին եւ 5-ին: Ամեն մի հայտարարության մեջ նշվել են գլխավոր դերակատարների անունները:

Անդրկովկասում այս կինոֆիլմի հաջորդ ցուցադրությունը տեղի է ունեցել կրկին Բաքվումՙ «Թուրքա-Հայաստանի ողբերգությունը կամ Քրդերի ճիրաններով» վերնագրով, 1915-ի նոյեմբերի 28-30-ին: Գովազդն ազդարարել էՙ «մեր արյունոտ օրերի ցնցող հայ կյանքից»: Բովանդակություն տալուց բացի նաեւ գնահատական է տրվել: «Հանդիսականի աչքերի առաջ,- գրվել է «Արեւ» թերթում,- պատկերանում են հայերի կոտորածների ամբողջ սարսափները- ծերեր, կանայք, երեխաներ գլխովին բնաջինջ են առնվում այդ բաբարոս քրդերի ձեռքով, անգութ ու անխնա կոտորում...

Նկարված է Հայաստանի սարերում: Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում: Համաշխարհային պատերազմի արյունոտ արտացոլումն է» (5):

«Արյունաներկ Արեւելք» կինոֆիլմը 1915-ի ապրիլին եւ նոյեմբերին ցուցադրության ժամանակ արդեն իրագործվել էր հայերի Մեծ եղեռնը Թուրքիայի կողմից: Այդ անցման շրջանում հայերի կոտորածներին մասնակցել են նաեւ քրդերը, ուստի երկրորդ ցուցադրության օրերին ֆիլմը կրել է «Քրդերի ճիրաններում կամ Արյունաներկ Արեւելք» վերնագիրը, հինգ մասանոց հռչակավոր դրաման:

Էմմանուել Բախչիսարայցյանի (Բախչիսարայցեւ) «Արյունաներկ Արեւելք» սցենարով բեմադրված այս կինոնկարի ցուցադրությունը ուշագրավ սկիզբ է հայ եւ ռուս կինոգործիչների համագործակցության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության դեմ բողոքի ճիչ ընդդեմ Օսմանյան Թուրքիայի բարբարոսական արարքների:

Ծանոթագրություն

1. Մշակ (Թիֆլիս), 1915, N145:

2. Գավառի ձայն (Ալեքսանդրապոլ), 1915, N10:

3. Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի թատերական բաժին, Է. Բախիչսարայցյանի ֆոնդ:

4. Արեգ (Բաքու), 1915, N6: Արեւ (Բաքու), 1915, N210:

5. Արեւ (Բաքու), 1915, N210:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.