AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 28-04-2017



Տեղադրվել է` 2017-04-27 21:54:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1642, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾՙ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Նաիր ՅԱՆ

Միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության պատմական փաստի վրա հրավիրելու համար քաղաքական ու իրավական գործիքներ կիրառելու մեջ վարպետ չենք, բայց մեր նպատակները արվեստի միջոցով տեղ հասցնելու փորձեր անում ենք:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով աշխարհի տարբեր երկրների երաժիշտներից ձեւավորվեց «24/04» նվագախումբը, որի դիրիժորներն օտարազգիներ էինՙ բացառությամբ Սերգեյ Սմբատյանի:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ կազմավորվեց Համահայկական նվագախումբՙ հատուկ ապրիլի 24-ին Երեւանում ելույթ ունենալու համար: Այս նվագախմբում ներգրավված են բացառապես հայերՙ հայ երաժիշտներ, հայ դիրիժորներ, անգամ երկացանկում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակներն են հայ:

Նախագծին մասնակցում է հայազգի 90 պրոֆեսիոնալ երաժիշտ, որոնցից 70-ըՙ աշխարհի 20 երկրների 45 քաղաքներից: Համահայկական նվագախմբում ներառված են երաժիշտներ Մեծ թատրոնի, Նուրենբուրգի սիմֆոնիկ, Չայկովսկու սիմֆոնիկ, Տոկիոյի Իլլյումինարթ Ֆիլհարմոնիկ, Տորոնտոյի սիմֆոնիկ, Դամասկոսի սիմֆոնիկ եւ այլ նվագախմբերից: Ինչպես եւ նախատեսված էր, ապրիլի 24-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած համերգը վարեցին հինգ դիրիժորներՙ Էդվարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Կոնստանտին Օրբելյանը եւ Սերգեյ Սմբատյանը : Ի դեպ, Կարեն Դուրգարյանիՙ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից ազատվելուց հետո մեկուկես տարի է անցել: Այդ օրվանից ի վեր դիրիժորը չէր կանգնել հարազատ բեմին. համերգը պատեհ առիթ հանդիսացավ: Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ալան Հովհաննեսի, Ավետ Տերտերյանի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ղազարոս Սարյանի եւ Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից:

Դեռ մի քանի ամիս առաջ Արմեն Ամիրյանը տեղեկացրել էր, որ հատուկ այս համերգի համար Տիգրան Մանսուրյանին ապրիլյան քառօրյայի հերոսներին նվիրված նոր գործ է պատվիրելու: Մաեստրոն առաջարկն ընդունել էր: Կարեն Անտաշյանի խոսքերի հիման վրա Տիգրան Մանսուրյանը երգչախմբի ու նվագախմբի համար գրել է «Պեոմ հաղթանակի» ստեղծագործությունը:

«Անչափ հուզիչ ու ոգեւորիչ է այս նախագիծը: Հետաքրքրական է, որ այս երաժիշտները հեռվից հեռու գիտեին իրար. որովհետեւ ինչքան էլ որ տարբեր երկրներում են ապրում ու ստեղծագործում, այնուամենայնիվ, հայ են, չէ՞, գտնում, ճանաչում, ձգում են իրար: Ու հիմա առիթ է, որ նրանք մի հարկի տակ հավաքվեն-համախմբվեն, դեռ բավական չէ, միասին էլ նվագեն: Սրանից ավելի ուրախալի ի՞նչ կա ուրիշ: Մեկը մյուսից տաղանդավոր, մեկը մյուսից լուսավոր մարդիկ են: Բայց նվագախումբը նվագախումբ դարձավ մի քանի օրում, երբ երաժիշտմերը միասին փորձեր արեցին: Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն ընկավ: Հպարտ եմ, որ հենց նրանք իմ նոր գործըՙ «Պոեմ հաղթանակին» առաջին անգամ նվագեցին: Այնպես որ, սա ստուգատես էր, քննություն թե՛ նվագախմբի, թե՛ ինձ համար»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Համահայկական նվագախմբի անդամների մեծ մասը ցեղասպանությունից փրկվածների ժառանգ են: Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունիՙ ողբերգական ու սահմռկեցնող դրվագներով, ճակատագրական անհավանական դիպվածներով առլեցուն:

Սրնգահարուհի Թամար Իսկենյանի մասին ամբողջ նվագախումբն ու նախագծի կազմակերպիչներն են հիացմունքով խոսում: Այս աղջկա հայեցի կերպարը հազարների մեջ է աչքի ընկնում: Եռանդուն, ժիր, պայծառ մտքով, վառվռուն աչքերով հայուհին ասես Ռուբեն Սեւակի, Դանիել Վարուժանի բանաստեղծություններից դուրս եկած լինի: Թամարը հոր կողմից Այնթապից, մոր կողմիցՙ Քյոթահիայից է: Մորական մեծ պապը Կոմիտասի ազգականն է եղել: Թերեւս նաեւ այդ է պատճառը, որ նա Կոմիտասի նման մանկուց սրնգի ու շվիի նկատմամբ սեր է ունեցել ու այդ նվագարանով էլ շարունակել իր երաժշտական ճանապարհը: Թամարի հորական մեծ պապը բժիշկ է եղել:

«Մեծ հայրերս ու մայրերս Դեր-Զորի անապատով կյանքի ու մահու պայքար մղելով հասել են Լիբանան: Մեծ հայրսՙ Լեւոն Իսկենյանը, 20 տարեկան է եղել: Դեր-Զորում մալարիայով է վարակվել: Մի փոսի մեջ ընկած է եղել: Ազգականները նրան գտել ու բուժել են:

Միշտ զարմացել եմ, թե ինչու են բարի, աստվածավախ, ամեն օր աղոթող մարդիկ պատժվում, հալածանքների ենթարկվում: Այդ հարցն ինձ հանգիստ չի տալիս, որովհետեւ պատասխանը չեմ գտնում: Բայց ինչքան էլ փորձել են ջարդել-ոչնչացնել մեզ, չի հաջողվել, ահավասիկ, ես կանգնած եմ ձեր առջեւ:

Համահայկական նվագախմբի երաժիշտների հետ հիմա Ծիծեռնակաբերդում եմ: Չեմ եկել այստեղ հուզվելու, արտասվելու, եկել եմ ոգեկոչելու իմ նախնիների հիշատակը, շնորհակալություն հայտնելու, որովհետեւ նրանց շնորհիվ է, որ ես հենց այսպիսնն եմ: Շնորհակալ եմ նաեւ ողջ մնացած իմ պապերին, որովհետեւ նրանց շնորհիվ եմ լույս աշխարհ եկել: Սրինգս հետս է: Անմար կրակի մոտ «Կռունկն» եմ նվագելու. այդպես եմ շնորհակալ լինելու իմ պապերին: Երբ նվագում եմ օտարների առաջ, նրանք զարմանում են, որ այսպիսի գործիք կա: Հատկապես հուզվում են, երբ հայկական մեղեդիներ եմ նվագում: Օտարների համար շվին նորություն է»,- ասաց Թամարը:

Թամարը 11 տարի առաջ է Լիբանանից տեղափոխվել Շվեյցարիաՙ ուսումը շարունակելու նպատակով: Եղբայրներըՙ Շանթն ու Լեւոնն էլ են երաժիշտներ: Հայ ինքնությանն ու արմատներին կառչած նրանց ընտանիքում միայն հայերեն են խոսում: Թամարն ասում է, որ իրենց նման այդպիսի շատ ընտանիքներ կան: Նրա կարծիքովՙ այդ ընտանիքները պետք է համախմբված լինեն ու օտարության մեջ ապրող հայ երեխաներին իրենց շուրջը հավաքեն, հայկական ոգով ու արժեհամակարգով դաստիարակեն:

Համահայկական նվագախմբի երաժիշտներից շատերը հայերեն են խոսում ու գրում: Օտարազգիներով շրջապատվածՙ նրանք իրենց ինքնությունը, լեզուն, ավանդույթները պահպանել են: Ասում ենՙ հայ լինելը դժվար է, որովհետեւ մեծ պատասխանատվություն ու պարտք է ամբողջ կյանքի, նաեւ սերունդներին նույն արժեհամակարգով դաստիարակելու համար: Նրանք տարբեր նվագախմբերում են աշխատում, որակյալ երաժիշտներ են, մշտական համերգների ու շրջագայությունների մեջ են:

Նախատեսված է, որ Համահայկական նվագախումբն ապրիլքսանչորսյան համերգից բացի, այլ ելույթներ եւս ունենա ու հատկապես աշխարհի հայաշատ քաղաքներում: Նվագախմբի կազմը եւ դիրիժորները պարբերաբար կփոխվեն, երաժիշտները կփոխարինեն միմյանց: Երեւանյան առաջին համերգին զբաղվածության պատճառով չեն կարողացել մասնակցել ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, բայց նրանք հետագա համերգներին կնվագեն: Հայ կոմպոզիտորների գործերից բացի, Համահայկական նվագախումբը կկատարի համաշխարհային դասականների ստեղծագործություններից: Դիրիժոր Էդվարդ Թոփչյանը նկատեց. «Մենք մի քանի հայ անուններ ունենք, որոնք հետաքրքիր են օտարներին: Անկեղծ լինենք ու ասենք, որ մյուսներն անգամ մեզ հետաքրքիր չեն, էլ ու մնացՙ օտար հանդիսատեսին: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հաճախ ստիպված կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը, որովհետեւ նրանք մերն են, չենք կարող անտարբեր լինել ու չնվագել: Բայց ոչ ոք չի գալիս այդ համերգներին, անգամ իրենքՙ ստեղծագործության հեղինակները չեն գալիս կամ էլ հենց իրենց գործն ավարտվում է, թողնում-գնում ենՙ բուֆետում սուրճ խմելու: Ինչ են գրել իրենց կոլեգաները, նրանց չի հետաքրքրում: Ժամանակակից գործերը մի կերպ նվագում ենք, բայց դրանք այնքան անհետաքրքիր են, որ շունն էլ չի ուտի: Երաժիշտները տանջվում-չարչարվում են. համերգին դահլիճում մարդ չկա: Միայն մենք չէ, Երիտասարդական նվագախւմբն էլ է հայ ժամանակակիցների գործերը կատարում, օպերային թատրոնի երկացանկի մեծ մասը հայկական է, ու դա սխալ է: Այդպես չպետք է լինի: Դասական արվեստում չպետք է ամեն ինչ հայկականացնել»:

Ակնհայտ է, որ մեզանում կատարողական արվեստն ավելի բարձրորակ ու բարձրաճաշակ է, քան գրվող ստեղծագործությունը: Մի առիթով կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանն ասել է. «Էստրադային-ջազ նվագախմբի հետ երգելու համար ժամանակին սանրում էի Հայաստանը, որպեսզի լավ ձայներ գտնեմ: Կոմպոզիտորները հրաշալի երգեր էին գրում, երգող չկար. մատների վրա կարելի էր հաշվել լավ ձայները: Իսկ հիմա ճիշտ հակառակն է. գրվում են սարսափելի վատ երգեր, բայց կան մեկը մյուսից փայլուն ձայներ: Եթե շոուբիզնեսի այսօրվա երգիչ-երգչուհիները 1960-70-ականներին լինեին, բոլորին կվերցնեի իմ խմբում»:

Այդպես է նաեւ երաժիշտների շրջանում: Դիրիժորները ցավով նկատում ենՙ մեր նվագախմբերի երաժիշտները գնում են երկրից: Բնական է, ուրեմն լավն են, որ հրավեր են ստանում դրսից: Հայ երաժիշտների մասնագիտական որակները գովում են նաեւ հրավիրյալ դիրիժորներն ու մենակատարները, որոնք մեր նվագախմբերի հետ համագործակցելու առիթներ են ունենում: Ցավալի է, բայց փաստ. այսօր Տիգրան Մանսուրյանից ու Ռոբերտ Ամիրխանյանից բացի, ոչ մի հայ կոմպոզիտորի ստեղծագործական երեկոն հանրային հնչեղություն չի ստանում: Ու չենք կարող ասել, թե վերոնշյալ կոմպոզիտորների նկատմամբ հետքրքրության պատճառը սովորույթի ուժն ու նրանց հնչեղ անունն է: Թեեւ բարձր արվեստին քաջատեղյակ ու բարձրաճաշակ մարդկանց շարքերը նոսրացել են, այնուամենայնիվ, նրանք մեր հասարակության մեջ որակ կազմում են: Այդ նոսր շարքերը, դասական, բարձրակարգ համերգների ժամանակ, համենայնդեպս, մեր դահլիճները կիսով չափ լցնում են: Այստեղ ուղղակի պետք է լավատեսի ու հոռետեսի մասին հայտնի արտահայտության օրինակով առաջնորդվել ու ասել, որ նման դեպքերում, դահլիճը պետք է տեսնել ոչ թե կիսով չափ դատարկ, այլ կիսով չափ լիքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.