AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 28-04-2017



ՀԻՆ-ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Տեղադրվել է` 2017-04-27 21:54:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2896, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱԼՅԱ՛Ն ԹԱՏՐՈՆ, ՉՏԵՍՆՎԱ՜Ծ Է

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

2015-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը նշեց թատրոնի հիմնադրման 35 եւ Հենրիկ Մալյանի ծննդյան 90-ամյակները: Հոբելյանական երեկոյին ներկա լինելու առիթ չունեցա, սակայն օրերս Թատրոնի միջազգային օրը տոնելու համար մալյանցիները նախընտրել էին հոբելյանական երեկոյի առիթով հատուկ բեմադրված «Չտեսնված ներկայացումը» դարձյալ ցուցադրել: Մեր այն դիտարկմանը, թե իսկապես չտեսնված ներկայացում էր, Նարինե Մալյանը ժպիտով պատասխանում է, որ սա այնքան էլ ներկայացում չէ, այլՙ «կապուստնիկ»: Թույլ տվեք առարկել, ընկեր խուդռուկ (արտահայտությունը ներկայացումից է): Բացվող վարագույրից այն կողմ հանդիսատեսի առջեւ լիովին սպասված ու արդեն թատրոնի համար այցեքարտ դարձած ներկայացումից պատկեր էՙ Թումանյանի հերոսներն ենՙ կարկատաններով մի կարպետ միայն իբրեւ դեկոր ձեռքներին պահած, որը է՛լ տուն, է՛լ տանիք, է՛լ դուռ ու պատուհան ու է՛լ ինչ ասես չի դառնում բեմում: Հենրիկ Մալյանի լեգենդար բեմադրությունը այս թատրոնի խաղացանկը չի լքել երբեք, վերջերս Նարինե Մալյանն այն համալրել է նորՙ երիտասարդացված կազմով, բայց այս անգամ բեմում են բոլորըՙ թե՛ թատրոնի հիմնադրման ակունքներում կանգնածները, թե՛ միջին սերունդը, թե՛ երիտասարդները: Իսկ ամենաանսպասելին ժամանակակից կյանքի հետ աղերսներն են մեկը մյուսից ելնող ու անսպասելիորեն իրար հետ ձուլվող հատվածներում. «Նեսոյի Քարաբաղնիսը», «Մի կաթիլ մեղրը», «Սուտլիկ որսկանը»... անգամ Թրամփի անունը չի շրջանցվում մանրապատումներում (ինչո՞վ թումանյանական հերոս չէ վերջինս), ինչը հուշում էՙ մալյանցիներն ապրում են թատրոնի օրենքներով. թատրոնը արձագանքում է ժամանակակից կյանքին, իսկ Թումանյանը միշտ ժամանակակից է եւ մալյանցիների թեթեւ ձեռքով ձայնակցում է նաեւ արդի աշխարհաքաղաքական իրադարձություններին: Այս հանդիսություն-բեմադրության երկու հարթություններն են թատրոնը եւ կինոն, որոնք զուգահեռ ընթանում են ողջ ներկայացման ընթացքումՙ բեմում եւ էկրանին, այնպես ինչպես արվեստի այս երկու տեսակներն անբաժանելի են եղել մեծ կինոռեժիսորի կյանքում: Իսկ բեմադրիչի հիմնական գործիքը հումորն է, հեգնանքը, տեղ-տեղՙ ինքնահեգնանքը, հատկանիշներ, որոնք բնութագրում են հայր եւ դուստր Մալյաններին:

Մեկնարկը ապահովում է հանդիստեսի բարձր տրամադրությունը, իսկ էկրաններին Մալյանի ծանոթ ու անծանոթ լուսանկարներն են. Թելավ, 1925 թվական, սա այն տարեթիվն է, որը հայ ժողովրդին Հենրիկ Մալյան պարգեւեց: Ապա հաջորդում են Մալյանի կենսագրական էջերըՙ ծնունդից մինչեւ կյանքի տարբեր փուլեր, պարտության եւ հաղթանակի խաղ: Հոր կենսագրական նյութին մոտենալու Նարինե Մալյանի ոճը դարձյալ թեթեւ հումորն է, ժպիտը. նա չի ջանում ավելի կշիռ տալ առանց այն էլ ծանրակշիռ երեւույթներին, ինչով հանդիսատեսի մոտ ավելի ու ավելի է ընդգծում ու շեշտում ակնածանքն ու երախտիքի զգացողությունը: Էկրանից աննկատ բեմ եւ բեմից դարձյալ սահուն էկրանին հայտնված պերսոնաժները Հենրիկ Մալյանի բեմադրություններից են. «ներկայացում ներկայացման մեջ» սկզբունքով առաջնորդվող «Չտեսնված ներկայացման» բեմադրիչ Նարինե Մալյանիՙ սկզբից եւեթ վերցրած բարձր տոնայնությունը ոչ մի պահ անկում չի ապրում: Հետո էկրանին կհիշվեն Մալյանի հեղինակած ֆիլմերը: Եվ ապաՙ թատրոն: 1980 թ. Մալյանը Կինոդերասանի տանը հիմնում է թատրոն-ստուդիա. նա թատրոնից էր դուրս եկել, եւ թատրոնը նրա բնական միջավայրն էր ու ամենասիրելի հանգրվանը: 88-ին թատրոնը հենց բեմադրիչի անունով կվերանվանվի, իսկ խաղացանկի հեղինակները եւ նրանց ստեղծագործությունների բոլորովին թարմ մեկնաբանությունները կգրավեն ո՛չ միայն բարձրաճաշակի, տարբերվողի սիրահար հանդիսատեսի, այլեւ քննադատների ուշադրությունըՙ Բոկաչչո, Օտյան, Թումանյան, Նիլ Սայմոն, Հրաչյա Քոչար, Այգեկցի եւ այլն: Մալյանի թատրոնի հանդեպ այս ուշադրությունը, կարելի է ասել, երբեք չի դադարել:

Ներկայացման յուրահատկություններից մեկն էլ դառնում է հանդիսասրահի ու բեմի միջեւ անմիջական կապը. եթե հարկավոր է, դերասանները նույն անմիջականությամբ հանդիսատեսին են դիմումՙ խախտելով չորրորդ պատի պայմանականությունը: Թատրոն, կինո, կյանք, ցնծություն, հեգնանք, հումոր, հանդիսանք, թատրոնի խոհանոցՙ ինտրիգներից մինչեւ ամենակենցաղային իրավիճակները, սակայն ամեն պահը շնչում է արվեստով, չափի ու ճաշակի ճիշտ չափաբաժնով: Եվ միայն երբեմն տեքստերում հնչող առօրյա խոսակցական արտահայտությունները դուրս են սպրդում ներկայացման ընդհանուր գեղագիտությունից, ականջ են ծակում, ու նորից արթնացնում թատերագետիս, բայց... ո՛չ, այս բեմադրության մեջ խոսելու ավելի կարեւոր բաներ կան:

Հետաքրքրական հերթագայումով բեմում հայտնվում են հատվածներ տարբեր բեմադրություններից, եւ թատերախմբի նույն դերասաններն ամեն անգամ զարմացնում են կերպարանափոխվելու իրենց փայլուն հմտությամբ: Իր ժամանակին աղմկահարույց «Դեկամերոն» երաժշտական ներկայացումից հատվածն այսօր էլ ուշագրավ է, հանդիսատեսը չի դադարում ծիծաղել: Սամվել Թոփալյանի խաղով մեկ անգամ չէ, որ Մալյանի թատրոնի հանդիսատեսը առիթ է ունեցել հիանալու. նա համոզիչ է թե՛ սարոյանական մանչուկի, թե՛ խուլուհամր ձեւացող սրտակերի, թե՛ Դոն Ժուանի դերերում: Այս դերասանի բեմական հմայքը, թեթեւությունն ու առինքնող անմիջականությունը նրա մասնակցությամբ բեմադրությունների հաջողության գրավականն են: Ութ կույսերի շարքում ուշագրավ է առանձնացել թատրոնի երեք սերնդի ներկայացուցիչ դերասանուհիների, ուրախալի է հատկապես ամենաերիտասարդների մուտքը, որոնցից իր բեմականությամբ աչքի է զարնում դերասանուհի Սիրանույշ Պետրոսյանը : Գուցե տեղին է եւ առիթն է նկատելուՙ Մալյան թատրոնում ձախողված ներկայացում չկա, իսկ դերասանակազմում Արա Սարգսյանը, Գեորգի եւ Քրիստինե Հովակիմյանները, Լեւոն Ղազարյանը , Սամվել Թոփալյանը դերասանական բացառիկ անհատականություններ են: Այս բեմադրությունը հավաքական կերպարն է թատրոնի դիմագծի, ձեռագրի, գեղագիտության, ճաշակի, հավատամքի:

«Թումանյանի հեքիաթներից» որոշ դրվագներ ժամանակ առ ժամանակ վերադառնում են բեմ: ճապոնական ոճավորմամբ «Կիկոսի մահը» հատվածը սարկազմի հաղթանակն է, դերասաններիՙ ճապոնական անշարժությամբ «դիմակ» դեմքերը, ճապոներենի ոճական նրբությունների զարմանալի համոզիչ տիրապետումը մի կողմից տարակուսանքի, մյուս կողմից ծիծաղի բուռն պոռթկումներ են առաջացնում հանդիսասրահում: Ծագող արեւի երկրի այլաբանական մտածողությունըՙ աբսուրդի հասցված հայկական մենթալիտետով պատմության ենթատեքստում այնքան հնարամիտ է գտնված, որ բառերով փոխանցելը բարդ է: Ոճի ու լեզվի միեւնույն ըմբռնմամբ դերասանները հեշտությամբ վերստեղծում են նաեւ ֆրանսիական մթնոլորտ «Ֆրանսիական հինավուրց ողբերգություն չորս արարվածով» կատակերգական մանրապատումումՙ Գրիգոր Բաբայանի տեքստով ընթացող Հենրիկ Մալյանի բեմադրության հատվածներում: Սամվել Թոփալյանի դյուրաթեք ու ծեքծեքուն երիտասարդը, Արա Սարգսյանիՙ միջավայրից վերացարկված կոմիզմի հասցված սպասավորը եւ Գեորգի Հովակիմյանիՙ մոլիերյան մակարդակի արգահատելի, բայց միաժամանակ համակրելիորեն ծիծաղելի հոր կերպարը անողոք ծաղրի միջոցով վերհանում են ֆրանսիական «հինավուրց» բարքերն ու հանդիսատեսիս հուշումՙ գուցե թե ամեն ինչ ավելի քան արդիական է, այս աշխարհում ոչինչ չի փոխվում: Իրավիճակների կոմեդիան դերասանական պրոֆեսիոնալ եռյակովՙ բեմական իրականության եւս մեկ երանգապնակ է բացում հանդիսատեսի առջեւ:

Եթե բեմադրիչի ստեղծած երկու հարթություններն են թատրոնն ու կինոն, ապա բեմադրության կառուցվածքի հիմքում իրարից արտաքուստ չտարանջատված, սակայն ներքին տրամաբանությամբ առանձնացված երկու գործողություններն են «բեմադրված» եւ «չբեմադրված» ներկայացումները: Եվ եթե «բեմադրվածները» կենդանի կոթողն են Հենրիկ Մալյանի ստեղծած թատրոնի, ապա ներկայացման ամենահումորով ու գտնված հատվածը «չբեմադրվածներն» են, ասել է թեՙ չտեսնվածները, որոնք կարող էին եւ տեսնված լինել, եթե չլինեին չբեմադրվելու համար այդքան հիմնովին պատճառներ: Դահլիճում հնչող ձայնը նկատում է, որ թատրոնը չբեմադրված ներկայացումների բեղմնավոր շրջան է ունեցել, այս զավեշտալի արտահայտությունն արդեն իսկ հուշում է, որ ծիծաղի պակաս չի լինելու: Իսկ հատվածները ոչ միայն հումորային են տեքստային ու իրադրության առումով, այլեւ մերկացնում են թատրոնի խոհանոցին ծանոթ մարդկանց համար ծանոթ իրավիճակները, որոնք լիովին կարող էին պատճառ դառնալ այս կամ այն ներկայացման չկայացման համար: Օրինակ «Բեռնարդա Ալբայի տունը» ներկայացումը չի կայանում, քանի որ Բերնարդայի աղջիկները (այսինքնՙ դերասանուհիները) անհաշտ էին, եւ թատրոնում առկա մթնոլորտի պատճառով փորձերը կասեցվում են. լիովին կենսունակ մոտիվ է, սակայն ո՛չ այս թատրոնում: «Անտիգոնեի» ամենադրամատիկ տեսարանը վերջնականորեն զավեշտի վերածելուց հետո թատրոնը դարձյալ հրաժարվում է այն բեմադրելու մտքից, քանի որ, այնուամենայնիվ, հունական ողբերգությունն այսօր հանդիսատես չի բերի: Այս մեկն էլ արդի թատրոնի մտահոգություններից է, համաձայն եմ, գուցե եւ մեկ այլ թատրոնի, միայն ո՛չ մալյանցիների համար. նրանց ցանկում էժան հումոր ու բուլվարային կոմեդիաներ չկան, բայց եւ հանդիսատեսի պակաս երբեք չի եղել: Դոն Ժուանը, որ մոլորվել է իր երկու կրքերիՙ «սուսերս-սերս» տանդեմի միջեւ (ներկայացման մեջ քիչ չեն նման սրամիտ բառախաղերը, հակադրամիասնությունները, զավեշտալի հանգավորումները. տեքստերի հեղինակՙ Աստղիկ Աբաջյան ), երկու պատերազմում էլ տանուլ կտա... Երեւանում տարածված սուր շնչառական հիվանդությունների էպիդեմիայի պատճառով: Դարձյալ արդարացված մոտիվ: Այնուհանդերձ, մեր կասկածները փարատվում են. ներկայացման ավարտին բեմադրիչից պարզում ենք, որ այս ամենը զուտ բեմադրական հնարանք էր, երեւակայության արդյունք: Չտեսնված գյուտ է:

Չբեմադրվածների համար բեմադրիչն ընտրել է թատերասեր հանրությանը ամենածանոթ ու նշանային գործերՙ «Համլետ», «Անտիգոնե», «Բեռնարդա Ալբայի տունը», «Անուշ», «Երեք քույր», «Գոդոյին սպասելիս»: Սրանցից ամենատենդագինը Համլետն է ուզում կյանքի կոչվել. եթե հատվածներից յուրաքանչյուրը միայն մեկ վարանոտ փորձ անելուց հետո ձախողվում ենՙ այս կամ այն պատճառով եւ վերջնականորեն լքում բեմահարթակը, ապա մոլորված Համլետը երեք անգամ է հայտնվում բեմումՙ այդպես էլ չհասկանալովՙ հիմա լինե՞լ, թեՙ չլինել... խաղացանկում: Չլինելՙ կարճ է կապում ամենազոր կուլիսային Ձայնը, առանց մեկնաբանելու. մեկնաբանությունն ինքնին պարզ էՙ չլինել, քանի դեռ բեմադրիչը չունի մեկնաբանություն: Սակայն Համլետը հենց այնպես հանձնվողը չէ, նա էլի տեսարաններում կհայտնվիՙ իր ամենահայտնի մենախոսություններով: «Թատրոն թատրոնում» սկզբունքը նորից գլուխ է բարձրացնում. ուղեծրից դուրս ընկած ու թատերական բեմում այդպես էլ չծնված Համլետը կհայտնվի բեմում, երբ աշխատակիցները հաջորդ ներկայացման դեկորն են նախապատրաստում. նրաՙ «Ավաղ, խեղճ Յորիկ...» մենախոսությունը կընդհատվի հանդիմանանքովՙ «Է՜, ձյաձ Ժորիկ» (Գեորգի Հովակիմյանին այդպես են թատրոնում դիմում մտերմաբար), եւ դերասան դերասանը կհեռանա բեմից հուսահատ... ո՞ր դերասանը չի երազում Համլետ խաղալ:

Ավելի նախընտրելի է մյուզիքլը, շոուն: Իրականը կյանքի մասին շոուն է, շոուն կյանքում է, բեմում է, ամենուր է, ու այս բեմում էլ «շոուն պիտի շարունակվի»ՙ հնչեցնելով թատրոնի մարդկանց խնդիրների, ցածր աշխատավարձերի, քչաթիվ դերերի, անվերջ վեճերի ու խժդժությունների առիթ հանդիսացող մրցանակների ու կոչումների, մարդավայել կյանքով ապրելու պարզ ցանկության մասին: Բայց այս, մեղմ ասած, չհուսադրող իրավիճակին պատասխան կտա դարձյալ Հենրիկ Մալյանը... Էկրանից հանդիսատեսին ու դերասանների սրտերին իշխող նրա հայացքն է դարձյալ ու վերջինիս մտքերնՙ իր իսկ հեղինակած «Երկխոսություն երրորդի համար» գրքից. «Եթե թատրոնում կամ կինոյում ինձ հաջողվել է հուզել գոնե մեկ մարդու, միայն մեկ հանդիսատեսի, եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ մեկին, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ թեկուզ մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ»: Մի՞թե հենց այս չէ իրական արվեստի ուժն ու իմաստը, մի՞թե սրանով չէ պայմանավորված ստեղծագործողի, արարողի գոյությունը արվեստում: Եվ մի՞թե ամեն անգամ Մալյան թատրոնից դուրս եկող հանդիսատեսը հենց իրեն չի զգում այն մեկ հոգին, մեկ մարդը, մեկ հանդիսատեսը, ում համար թատրոնը ջանացել է, ում համար արժեր լինել:

Չտեսնված ներկայացում է «Չտեսնված ներկայացում»-ը, Մալյա՛ն թատրոն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.