AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 28-04-2017



ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2017-04-27 21:54:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1853, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐԷ»-ՓԱՌԱՏՈՆ, ՈՐ ԲՈՒՅՐՈՎ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԻՐ ԱՌՕՐՅԱՆ www.arepaf.am

Զրույցը վարեց Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Մեր զրույցը «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինե Կարոյանի հետ է

Մ.Հարությունյան - Քաջ հայտնի է, որ ժամանակակից արվեստը կարող է դժվար ըմբռնելի եւ երբեմն նույնիսկ ճնշող լինել: «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնը ընտրել է բարդ ճանապարհՙ հիմնականում զբաղվել այդ արվեստի, եւ հատկապես նրա մի յուրահատուկ ժանրիՙ պերֆորմանսի ցուցադրմամբ, զարգացմամբ, տարածմամբ: Ինչո՞ւ:

Մ.Կարոյան - Իսկ մեր իրական ժամանակակից կյանքն արդյո՞ք ամբողջությամբ հաճելի է, գեղեցիկ եւ հասկանալի: Մենք ապրում ենք խելահեղ կատակլիզմների, պատերազմների, երկրների եւ անհատների խեղված պատմությունների, միջոցների ծայրահեղ բեւեռացման, անկանխատեսելի լիդերների պայմաններում: Եվ այդ ամենը կատարվում է աչքներիս առջեւ, խելահեղ արագությունների մեջ: Համաձայնեք, որ նորմալ չէր լինի, եթե հիմա արվեստագետները մոցարտյան մեղեդիներ գրեին, անթառամ ծաղիկներ նկարեին: Արվեստագետները նույնպես ապրում են այդ իրականությունը, եւ արձագանքում են դրան գլոբալ ձեւովՙ միացնելով անցյալը, ներկան ու ապագան: Եվ դա, ազնվորեն ասած, արվեստագետի աշխատանքի մի մասն է:

Մ.Հ. - Մի փոքր բացենք փակագծերը: Ի՞նչ ասել է «պերֆորմանս»:

Մ.Կ. - Պերֆորմանսը արվեստների հատույթում գործող կենդանի (live) կատարողական ժանր է: Հիմնականում միջդիսցիպլինար է, այսինքն իր լեզվի մեջ օգտագործում է արվեստի տարբեր ճյուղերի արտահայտչամիջոցներ (երաժշտություն, թատրոն, վիզուալ արվեստ, ժամանակակից բալետ (պար, վիդեո-արտ, խոսք...): Տարբեր պերֆորմանսներ ունենում են արվեստների տեսակների ու ժանրերի միացման/օգտագործման իրենց զամբյուղըՙ ելնելով այն բանից, թե տվյալ մտահղացումը/զգացմունքը/բողոքը... ցույց տալու/իրականցնելու համար ինչ միջոցներ են հարկավոր: Երբեմն պերֆորմանսը օգտագործում է նույնիսկ ոչ-արվեստային միջոցներ (ծիսական, առօրյա): Ընդհանրապես պերֆորմանսների մեջ իմպրովիզացիոն տարրը շատ մեծ է: Հաճախ պերֆորմանսները տեղի են ունենում հանդիսատեսի ակտիվ ներգրավմամբ:

Մ.Հ. - Ի թիվս Ձեր թվարկած արտահայտչամիջոցների, «ԱՐէ» փառատոնի պերֆորմանսներում երբեմն օգտագործվում է նաեւ բույր:

Մ.Կ. - Այո: Բույրը հզոր մեդիա է: Մենք անօգնական ենք, երբ այն թափանցում է մեր մեջՙ ծնելով խորապես հուզական պատկերներ: Այն ի զորու է հրապուրել կամ տրտմության զգացում արթնացել, անհանգստացնել կամ ոգեւորելՙ մղելով ինչ-որ գործողության...: Այս ամենը բույրը վերածում է պատմություններ պատմելու կամ զգացմունքներ նկարագրելու մի իդեալական արտահայտչամիջոցիՙ ակտիվացնելով հանդիսատեսին բնազդային մակարդակի վրա: Այս տարի մենք նույնիսկ բույրի պերֆորմանսներ կունենանք, որտեղ արվեստագետը պերֆորմանսի լեզվով կպատմի իր իսկ ստեղծած բույրի պատմությունը:

Մ.Հ. - Իսկ ի՞նչ թեմաներ է առաջ քաշում պերֆորմանսը:

Մ.Կ. - Որեւէ թեմա, որը հետաքրքրական է արվետագետի համար - իր իրականությունը, իր զգացումները, իր եւ աշխարհի կապը... Պերֆորմանսը այնպիսի ժանր է, որ կատարողական միջոցներով բացում է ամեն մի պատկեր կամ միտք: Եվ զարմանալի չէ, որ այն ավելի ու ավելի է դիտվում որպես այսօրվա ամենահետաքրքրական լեզուներից մեկը: Ժամանակակից մարդը մեծ մասամբ ապրում է վիրտուալ աշխարհում: Պերֆորմանսը երբեմն բավական կոշտ ձեւով նրան հետ է բերում դեպի ներկա պահՙ իր բոլոր հաճելի ու տհաճ կողմերով:

Մ.Հ. - Մենք էլ գանք ներկա պահ եւ պարզենք, թե ի՞նչ միջոցներով եք փառատոնը իրականություն դարձնում: Սա պիտի որ բարդ խնդիր լինի:

Մ.Կ. - Որեւէ փառատոն ունի երկու խնդիրՙ հղացքի (կոնցեպտ) եւ տեխնիկական: Այս խնդիրների վրա աշխատանքը տարվում է կլոր տարին:

Սկսեմ առաջինից: Բացի փառատոնի ամբողջական հղացքից, «ԱՐէ» -ն յուրաքանչյուր տարի նոր թեմա է առաջադրումՙ հնարավորինս բազմաշերտ բացահայտելու-ներկայացնելու-բացելու համար, ինչը եւ դառնում է մեր եւ մեր գործընկեր արվեստագետների գործն հանապազօրյա: Արվեստագետների հետ քննարկվում են նրանց պերֆորմանսների հղացքները, տեխնիկական միջոցները, որ օգնելու են դրանք իրականացնել...

Երկրորդ խնդիրըՙ տեխնիկապես կազմակերպել փառատոնի տնտեսությունը: Սա սերտ կապ ունի ֆինանսական միջոցների եւ փոխշահավետ համագործակցությունների հետ: Կազմակերպել միջազգային փառատոն, նշանակում է կանխավ կապի մեջ մտնել արվեստագետների հետ, բանակցել, հարմարվել նրանց աշխատանքային գրաֆիկի հետ, որոշել նրանց ելույթի վայրը տեղումՙ ելնելով պերֆորմանսի բնույթից, հոգալ պերֆորմանսի հետ կապված տեխնիկական խնդիրների լուծումը, հոգալ նրանց գիշերակացն ու սնունդը, տեղաշարժն ու կապը, տպագրական աշխատանքները (ազդագիր, բուկլետներ...) եւ այլն, եւ այլն: Այսինքն, սա մի տնտեսություն է, որ պահանջում է անվերջ աշխատանք:

Մ.Հ. - Իսկ ի՞նչ միջոցներով եք այդ ամենն իրականացնում:

Մ.Կ. - Այլ կերպ մեր փառատոնը կարելի էր անվանել «Համագործակցության փառատոն»: Համագործակցային եւ մարդկային գործոնը կարեւորագույն հիմքն են կազմում մեր տնտեսության: Դեսպանատների եւ հիմնադրամների հետ համագործակցությունը հիմնականում օգնում է հոգալ օտարերկրյա արվեստագետների ճանապարհածախսը, երբեմն նաեւ այլ ծախսեր: Այս տարի մեզ հետ աշխատել են Իսրայելի հյուպատոսությունը (որն արդեն երրորդ տարին է, որ համագործակցում է մեզ հետ), Հրանտ Դինք հիմնադրամը (որի օժանդակությամբ երկու արվեստագետ ունենք Թուրքիայից), Բրիտանական խորհուրդը (որն ապահովեց «Կանդոկո» ժամանակակից պարային խմբի մասնակցությունը) եւ Ավստրալական խորհուրդը (որի աջակցությամբ երկու ավստրալացի արվեստագետ ենք հրավիրել):

Մ.Հ. - Ո՞րն է փառատոնի եւ հանդիսատեսի հանդիպման վայրը: Որտե՞ղ են տեղի ունենում պերֆորմանսները:

Մ.Կ. - Պատմականորեն պերֆորմանսների հիմնական ուղղվածությունը եղել է վիզուալ արվեստի, երաժշտության, թատերարվեստի ավանդական ձեւերի ներկայացման ընդունված պայմանականությունների վիճարկումը: Երբ այս ընդունված ձեւերը այլեւս չեն բավարարում արվեստագետինՙ իր խոսքը ունկնդրին/հանդիսատեսին հասցնելու համար, երբ նա սկսում է զգալ նաեւ այլ արտահայտչամիջոցների կարիքՙ իր ասելիքը ավելի ցցուն դարձնելու համար, նա սկսում է զանազան արտահայտչամիջոցներ օգտագործելՙ միաժամանակյա ռեժիմում: Այստեղից բխում է պերֆորմանսների վայրի ընտրության բազմազանությունը:

«ԱՐէ»-ն չունի իր միակ պլատֆորմը: Մեր պերֆորմանսների ու հանդիսատեսի (նաեւ երբեմն որպես պերֆորմանսի մասնակից) հանդիպումը տեղի է ունենում բազմազան վայրերում: Վայրի ընտրությունը թելադրում է ինքըՙ պերֆորմանսը, քանի որ վայրն ինքը նույնպես դառնում է պերֆորմանսի ակտիվ արտահայտչամիջոց:

Այս տարի «ԱՐէ»-ի հետ են Երեւանի Ժամանակակից արվեստի ինստիտուտը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Դալան պատկերասրահը, ՆՓԱԿ-ը, Փարաջանով եւ Արեւելքի թանգարանները, «Սունդուկյան», «Գոյ», «Տիկնիկային» եւ «Փոքր» թատրոնները, ՀայԱրտ մշակութային կենտրոնը:

Ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ հետզհետե ստեղծվում են նոր տեսակի համագործակցություններ: Այսպես, այն ինստիտուցիաները, որոնք ի սկզբանե զբաղվել են «հաճելի քուն/համեղ ուտելիք» թեմայով (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ) ավելի ու ավելի հակված են դառնալ նաեւ արվեստի ներկայացման վայրեր: Այս իմաստով, մեզ համար արդեն սովորական դարձած «Ակումբ»-ի եւ «ԱրթԲրիջ»-ի կողքին հայտնվում են նորերը: Սկսեցինք համագործակցել «ԻԲԻՍ» նորաբաց հյուրանոցի հետ, որն իր դռները բացեց ոչ միայն որպես հյուրանոց, այլեւ որպես փառատոնի ակտիվությունների (պերֆորմանսների եւ workshop-ների) վայր: Ես գիտեմ, որ մեզ քաջալերող, արվեստի մեծ սիրահար մեր մյուս համագործակիցըՙ «Մետաքսե Ճանապարհ» գողտրիկ հյուրանոցը նույնպես յուրահատուկ արվեստի կենտրոն է: Վստահ եմ, որ մեր նոր համագործակից «Քոֆեսթորի» սրճարանը ժամանակի ընթացքում նույնպես կհրապուրվի այս միտումով: Սա եւս մի ձեւ է փառատոնի կողմից նոր տարածքներ ակտիվացնելու, վերաիմաստավորելու ուղղությամբ:

Մ.Հ. - Այդ ամենը, անշուշտ, շատ կարեւոր է: Բայց չէ՞ որ ամեն մի ձեռնարկ նաեւ կոնկրետ դրամ է պահանջում ինչ-ինչ ծախսեր հոգալու համար: Ինչպե՞ս եք այդ հարցը լուծում:

Մ.Կ. - Այո, դրամը կարեւոր խնդիր է: Մեծ հաշվով, մենք այս խնդիրը դեռ չենք լուծել այնպես, որ, օրինակ, մյուս տարվա համար գոնե ինչ-որ հիմք ունենանք աշխատելու: Սա մեր փառատոնի թույլ կողմն է: Անշուշտ, ամեն տարի գտնվում են կազմակերպություններ, անհատներ, որոնք աջակցում են մեզ: Այս տարի մեր կողքին է Թեքեյան Մշակութային միությունը, որը միշտ էլ հայտնի է եղել ոչ միայն արվեստի նկատմամբ իր սիրով ու հետաքրքրվածությամբ, այլեւ սրտացավ վերաբերմունքով դեպի այդ արվեստի խնդիրների լուծումը:

Դեռեւս չունենք որեւէ պետական աջակցություն: Այդ ուղղությամբ ակտիվ պիտի աշխատենքՙ փառատոնը ավելի տեսանելի, ճանաչելի, ներդրումների համար ցանկալի դարձնելու համար: Սա կարեւոր է ոչ միայն փառատոնի աշխատակազմին վարձատրելու, այլեւ դրամի հետ կապված այլ աշխատանքներ իրականացնելու համար:

Մեր փառատոնի ամենացավալի կողմերից մեկն էլ այն է, որ մենք չենք կարողանում արժանվույնս վարձահատույց լինել տեղացի արվեստագետներինՙ իրենց հետաքրքրական, ոգեւորված, բազմազան արվեստի համար: Սա շատ անհանգստացնող է անձամբ ինձ համար: Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանում արվեստը զարգանա, արվեստագետների համար շահագրգիռ լինի այս հողում ապրելն ու արարելը, ուրեմն մենք էլ պիտի հոգանք նրանց ապրելակերպի մասին, քաջալերենք, եւ, ամենակարեւորը, վճարենք նրանց աշխատանքի դիմաց, ստեղծենք պայմաններ, որ արվեստագետը ապրի իր արվեստով, եւ ոչ թե արվեստից դուրս մի բանով զբաղվիՙ գոյություն պաշտպանելու համար, իսկ ազատ ժամանակ էլ արվեստ անի: Դա կտրուկ գցում է արվեստի որակը, եւ դա տեսանելի է:

Իրականության մեջ, իսկապես կարեւոր բաներ կան, որոնց վրա դրամ պիտի ծախսվի, եթե որակ ես ուզում:

Մ.Հ - Փառատոնի այս տարվա ծրագիրը:

Մ.Կ. - Այս տարի սկսեցինք բրիտանական «Կանդոկո» ժամանակակից պարային խմբի երկօրյա բարձրաճաշակ ելույթներով: Փառատոնի նորաբաց երիտասարդական ծրագրի շրջանակներում Դույգու Բոստանջին (Թուրքիա) իր եւ մի խումբ հայ երիտասարդների համագործակցության արդյունքըՙ «Ինչ կա չկա» պարային պերֆորմանսը ներկայացրեց: Ապրիլի 20-30 փառատոնի շրջանակներում Կարոյան ցուցասրահը միանգամից չորս վայրում կբացի իսրայելցի միջազգայնորեն հայտնի արվեստագետ Ավրահամ Էիլաթի համայնապատկերային ցուցահանդես (վիդեոինստալյացիա) պերֆորմանս նախագիծը, որը կոչվում է «Աշխատանք եւ հիշողություն»: Որպես այդ նախագծի շարունակություն, համադրող Մարգոլ Գութմանը կներկայացնի Իսրայելի Էյն Հոդ արվեստագետների գյուղի գործունեությունն ու Երեւանի Ժամանակակից Արվեստի ինստիտուտի հետ համագործակցության ապագա պլանները, որի արդյունքում պատասխանատուները երկկողմ համագործակցության եւ արվեստագետների փոխանակման պայմանագիր կստորագրեն:

Կհյուընկալենք արվեստագետներ Իրանից (Արաշ Ազադի)ՙ ձայնային եւ պարային պերֆորմանսով, Ավստրիայից (Զիյա Ազադի)ՙ դերվիշի պարի երկու պերֆորմանսներով եւ Ավստրալիայից (Էլնազ Շեշգելանի եւ Սիմոն Ֆիշեր)ՙ իրենց միջդիսցիպլինար պերֆորմանսներով: Մեր հյուրերը կվարեն նաեւ աշխատանոցներ (workshop):

Հայաստանից այս տարի փառատոնին կմասնակցեն Մերի Կիրակոսյանը ՙ իր «Ժամանակ» պլաստիկ պերֆորմանսով, պարֆումեր Արման Մանուկյանը, որը կներկայացնի բույրի պերֆորմանսներ, եւ եզդիների մի խումբ, որ մեզ կտեղափոխի հին դարեր, արեւի պաշտամունքի ժամանակաշրջան:

Մ.Հ. - Մնում է ինֆորմացված լինել եւ վայելել:

Մ.Կ. - Միացեք մեր կայքէջին (www.arepaf.am) եւ մեր ֆեյսբուքյան էջին: Հավելեմ, որ մեր միջոցառումների մուտքն ազատ է:

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բազմաթիվ ընկերներին, առանց որոնց անգնահատելի խորհուրդների եւ ջանասեր օգնության անհնար կլիներ իրականություն դարձնել այն, ինչ այսօր ունենք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 28-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.