AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 05-05-2017



ՄԱՏՈՒՑՈՒՄ

Տեղադրվել է` 2017-05-04 22:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1595, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՄՍ Ս. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լալիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Պրոֆեսոր

«Հայաստանիս հոգեւոր կանթեղները»

Հայաստանի նկարիչների միությունում ապրիլի 14-ին բացվեց անվանի արվեստագետ, պրոֆ. Լեմս Ներսիսյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսըՙ նվիրված Հայաստանի վանական համալիրների, վանքերի, եկեղեցիների եւ մատուռների հեղինակային մեկնաբանությանը:

Պրոֆ. Լ.Ներսիսյանը հայոց հոգեւոր հավատի տաճարներն անվանել է հոգեւոր կանթեղներ այն խոր հավատով, որ Աստվածաշունչն է պատգամումՙ «Ոչ միայն հացիւ, այլեւ բանիւ Տեառն»: Հոգեւոր այդ կանթեղները, ինչպես հավաստում է անվանի արվեստագետը, «հայ ժողովրդի ինքնահաստատման երգերն ենՙ քարացած ժամանակի համապատկերում»:

Ցուցահանդեսի բացմանը նախորդել է ցուցադրության թեմատիկան ներկայացնող պատկերագիրք-տեղեկատուի լույսընծայումըՙ «Հայաստանիս հոգեւոր կանթեղները» , որը ներառում է 70 հուշարձաններ, որոնք սփռված են Հայաստան աշխարհով մեկՙ ներառյալ Արցախի հոյակերտ ճարտարապետական գլուխգործոցները:

Պատկերագիրք-տեղեկատուն իր տեսակի մեջ եզակի աշխատանք է. հեղինակը յուրաքանչյուր վանքի, եկեղեցու, մատուռի կամ վանական համալիրի գեղանկարչական համապատկերին զուգընթաց ներկայացնում է համառոտ տեղեկանք այդ կառույցների կենսագրության վերաբերյալ: Գեղանկարչական ստեղծագործությունների մատուցման բանասիրական այս եղանակը նյութը դարձնում է առավել համակողմանի եւ դիտողներին ներկայացնում է թեմայի վերաբերյալ ավարտուն ստեղծագործություն, որ հասու է ոչ մասնագետին անգամ, եւ դրանով իսկ այն դառնում է ճարտարապետության, արվեստի, գրականության, կրոնի, պատմության եւ այլեւայլ բնագավառների յուրահատուկ հանրագիտարան:

Արվեստագետ Լ.Ներսիսյանը Հայաստանի հոգեւոր կանթեղները ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունից անբաժան եւ դրանք դիտել է մեր կենսագրության անքակտելի մասըՙ ելնելով այն հանգամանքից, որ հայոց հոգեւոր մշակույթի հուշարձանները հայոց բարոյականության պատվարի աներեր սյուներն են, որոնք անսասան են պահել քրիստոնեական հավատը մեր նախնյաց հոգիներում եւ մեր պատմության ողբերգական հանգրվաններում նրանց մղել են հերոսացմանՙ հանուն ազգային ոգու հաղթանակի, հանուն քրիստոնեական վարդապետության կենարար լույսի հավերժության...

Լ.Ներսիսյանը հայոց մշակույթի հուշարձանները վրձնելիս կտավների գույները շաղախել է իր հոգու լույսերով, իր հոգու ջերմությամբ, երկնառաք տաճարների հիմքերը հաստատել է բարոյականության ամրակուռ գրանիտների վրա, տաճարների խոյակներին վերամարմնավորել է վիմագրերի ոգեղեն խորհուրդներըՙ որպես պատգամ գալիք սերունդներին: Տաճարների, վանքերի, եկեղեցիների եւ մատուռների գեղարվեստական պատկերները բնության հայելային արտացոլանք չեն դառնում. արվեստագետ հեղինակը չի էլ փորձել դրանք ներկայացնել իրենց բնական կերտվածքի մեջ: Կտավներում հոգեւոր հուշարձանները մեզ ներկայանում են բնության ողջ համայնապատկերի ծիրի մեջ. միայնակ վանքը բնության մեկ պատառիկն է, ինչպես կասեն արվեստագետներըՙ բնության մեկ ֆրագմենտը, այդ վանքերը եւ տաճարները մենք տեսնում ենք բնության ճարտարապետական հորինվածքի շղթայում, եւ դրանով էլ այդ կոթողները դառնում են անշեջ կանթեղներ դարերի տագնապալից հոլովույթում:

Հոգեւոր հուշարձաններն իշխող դիրք են գրավում տարածության մեջ. դա մենք տեսնում ենք արվեստագետի մտահայեցողական դիտանկյունից. գրեթե բոլոր հուշարձանները պատկերված են զգալի հեռավորության վրա, որ նկարիչ-արվեստագետին հնարավորություն է տվել ավելին տեսնել եւ վրձնել, քան միայն վանքի կամ մատուռի ֆիզիկական գոյն է: Այդ տարածության վրա երեւում են բնության հավերժական գորգերը, անտառները, ոլորուն գետերը, ուղղաբերձ ժայռերը, լեռան բարձունքը եւ այդ բարձունքին թառած վանքերը, որոնք հավերժական ճախրանքից հետո վայրէջքի եկած ամեհի արծիվներ են հիշեցնում... Եվ այդ արծիվներն անքթիթ հայացքով սպասում են հավատացյալ ուխտավորների, որ նրանց հաղորդեն երկնքից բերած աստվածային հավատքի պատգամները:

Այդպիսին են Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը (Վայոց ձորի մարզ, 14-րդ դար), Անիի Կուսանաց վանքը (Ախուրյան գետի ափին, 13-րդ դար), Տաթեւի վանքը (Սյունյաց աշխարհ, 4-րդ դար), Գանձասարի վանքը (Արցախ, 10-րդ դար), Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցին (Կոտայքի մարզ, 7-րդ դար), Հաղպատի վանքը (Լոռու մարզ, 10-րդ դար), Խծկոնքի վանքը (Անիի մոտակայում, 10-րդ դար), Հովհաննավանքը (Արագածոտնի մարզ, 7-8-րդ դար), Հայրավանքը (Գեղարքունիքի մարզ, 11-րդ դար), Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Վայոց ձոր, 14-րդ դար) եւ այլն:

Որոշ վանքեր, եկեղեցիներ ու մատուռներ ուխտավորների նման ծվարել են անտառների գրկում եւ այնտեղից իրենց հավատքի լույսերն են ճառագում «յամենայն կողմանս Հայաստանեայց աշխարհին»: Այդպիսի ճարտարապետական կարծեք անձեռակերտ կառույցներ են Քոբայրավանքը (Լոռու մարզ, 12-13-րդ դարեր), Տրդատավանքը (Մեղրաձոր գյուղի մոտ, 12-13-րդ դարեր) եւ այլն:

Յուրահատուկ լուծումներով է արվեստագետը պատկերել ամրոց-եկեղեցիները, որոնք ոչ միայն հոգեւոր լույսի խորաններ են, այլեւ ամրակուռ ամրոցներ: Եվ ահա մի հիասքանչ կտավից մեզ է նայում բզկտված Ամբերդ ամրոց-եկեղեցին (Արագածոտնի մարզ, 7-րդ դար), մեկ այլ կտավիցՙ Կամսարական ամրոց-վանքը (Անի բերդաքաղաք, 5-րդ դար):

Որոշ կտավներում եկեղեցիները գտնվում են ձյունածածկ լեռների վեհաշուք հովանու ներքո, ինչպիսին է Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Արագածոտնի մարզ, 13-րդ դար): Կտավի գունային հակադրությունը (սպիտակ ձյուն, կանաչ անտառ եւ կարմրավուն գմբեթ) խորհրդանշական բովանդակություն է հաղորդում կտավի համապատկերինՙ իմաստություն, հավերժություն եւ պայքար. հատկանիշներՙ որոնք, կարելի է ասել, հայ ժողովրդի կեցության եւ գոյության բանաձեւերն ենՙ անձնավորված բնության եւ եկեղեցու միաձույլ կերպարում:

Գունային յուրահատուկ լուծումներ ենք տեսնում Հռիփսիմյաց կույսերին նվիրված եկեղեցիներն արտացոլող կտվաներում, որտեղ իշխում են կանաչ եւ վարդագույն երանգներըՙ Սուրբ Գայանե եկեղեցի (Էջմիածին, 5-7-րդ դար), Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին, 7-րդ դար) եւ այլն:

Արվեստագետ Լ. Ներսիսյանի վրձնած կտավների մեջ առանձնանում է վանական մի համալիր, որ իր գունային լուծումներով իսպառ տարբերվում է մյուսներից. դա Կեչառիսի վանքն է (Կոտայքի մարզ, 11-13-րդ դարեր), որ պատկերված է ձմեռային համակ ճերմակության մեջ. ձյունածածկ տարածություններում կարմրին են տալիս վանական համալիրի կառույցների պատերը. մենք տեսնում ենք մաքառող իմաստությո՞ւն, թե՞ իմաստուն մաքառում: Դա կարող են վկայել Պահլավունիները եւ արվեստագետ Լ.Ներսիսյանը:

Անշուշտ, մեր տաճարները չեն մրցում աշխարհահռչակ Բորոբոդուրի (Ինդոնեզիա, Ճավա կղզի), Թաջ Մահալի (Հնդկաստան, Ակրա), Անկորվաթի (Կամբոջա. նախկին Խմերների մայրաքաղաք) կամ Սուրբ Ընտանիքի հետ (Սակրա դա ֆամիլիա. Բարսելոնա), սակայն մենք էլ ունենք անձեռակերտ տաճարներ ու վանքեր, որոնք արժե արվեստի լեզվով անմահացնել եւ հանձնել աշխարհի ուշադրությանը:

Եվ այդ շնորհակալ գործը կատարել է արվեստագետ Լ.Ներսիսյանը, որ յուրովի վրձնել է հայոց հոգեւոր կանթեղների լույսերը:

Եվ թող այդ կանթեղների լույսերը հավերժ ճառագեն քրիստոնեական մշակույթի տաճարներումՙ ի փառս այդ տաճարներն արարողների, հանուն նրանց փառքը հավերժացնողների...

Նկար 2. Ցախացքարի վանք

Նկար 3. Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.