AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 05-05-2017



ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-05-04 22:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2269, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ, Թատերագետ

Գարնանային այս օրերին հայկական թատրոնի խաղացանկը հարստացավ գարնան նման վառ ու գունեղ մի ներկայացումով: Թատերասերները Պատանի հանդիսատեսի թատրոնում հնարավորություն ունեցան դիտելու անվանի բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի նորՙ «Հրավիրված եք ծնունդի՞» բեմադրությունը` դրամատուրգ Կարինե Խոդիկյանի պիեսի հիման վրա: Ներկայացում, որը դրական հույզերի մասին է, հանդուրժողականության, սիրո, մտերմության մասին: Բեմում հանդիպում է երկու սերունդ, մեկտեղվում է անցյալն ու ներկան: Ի դեպ նշենք, որ Կ.Խոդիկյանի այս ուրախ տխուր պատմություն-պիեսը Ռուսաստանում մասնակցել է դրամատուրգիական մրցույթի եւ 121 հայտերի շրջանակներում հայտնվել է 12 լավագույն պիեսների շարքում:

Ուրախ-տխուր պատմությունն ընթանում է չափազանց երաժշտական բնակարանում (բեմանկարիչՙ Անտոն Քեշիշյան), որի աղյուսե պատերը զարդարված են ժամանակի համարձակ ռոք աստղերիՙ Ջիմի Հենդրիքսի, «Բիթլզ»-ի տղաների, Ջանիս Ջոփլինի պատկերներով: Պատի կենտրոնական մասում պատվավոր տեղ է հատկացված կիթառին: Սակայն բնակարանը նախորդ դարը բնորոշող կահույքով է եւ հիշեցնում է բնակարանի այժմ արդեն հանգուցյալ տանտիրոջ «ներկայության» մասին: Թող բնավ չզարմանա ընթերցողը, եթե փաստենք, որ ներկայացման գլխավոր հերոսը հենց նա էՙ հանգուցյալ պապիկ Արմեն Արամյանը: Նրա շուրջ են զարգանում բեմական գործողությունները, իր բացակա ներկայությամբ նա իրադարձությունները մղում է առաջ, անընդհատ հիշատակվում է հերոսների խոսքում, տեսնում ենք նրա բնակարանը, իրերը եւ այդ ամենըՙ նրա ծննդյան օրով: Հանգուցյալի մասին զրույցները օգնում են հանդիսատեսին տեսնելու պապիկինՙ իր կեցվածքով, մասնագիտությամբ, բարեհոգությամբ եւ կանանց հանդեպ տածած անզուսպ սիրով, ամանորյա բացիկների հրաշքների հանդեպ հավատով, շռայլ ու կամեցող սրտով:

Ռեժիսորը իրադարձությունները զարգացնում է սրընթաց, կտրուկ հակադրություններով: Բեմ եկող յուրաքանչյուր հերոսի մուտքը բեմադրիչը յուրատեսակ է կազմակերպումՙ երաժշտական եւ լուսային ձեւավորումները ենթարկում նրան, տարբերակում որեւէ արտահայտչամիջոցով, կեցվածքով կամ ժեստով:

Առաջինն, ում տեսնում է հանդիսատեսը` Արմեն- Արսեն Ալբարյանն է: Նա մի երիտասարդ է, ով խելահեղ երաժշտություն է լսում, ձեռքին վերջին սերնդի iPhone է, կիթառ է նվագում, խոսում է այնպիսի հայերենով, որը ոչ մի առնչություն չունի գրականի հետ: Արմենը խիստ արտիստիկ է, հեգնանքը շուրթերին, ցինիզմի հասնող արարքներով: Այդ են վկայում բեմը բակային խաղատարածքի վերածելու տեսարանը կամՙ խիստ գրական հնչող խոսքերի մասնատումն ու լպիրշ բառախաղերի կազմումը: Նկատվում է, որ երիտասարդ դերասանը խնամքով եւ սիրով է կերպավորում իր հերոսին, ընդգծում նրա իմպուլսիվ նիստուկացը, շարժումները:

Բնակարան հյուրընկալվող առաջին տիկինըՙ Անահիտը ( Սիրանուշ Լազյան ) ճարտարապետ է, ով, ինչպես պարզվում է, Արմեն պապի մեծ սերն է եղել: Անահիտը միջին տարիքի կին է, խոսում է անթերի գրական հայերենով, խիստ է, զուսպ, կիրթ եւ ներքին կրակով, ինչը հատկապես բացահայտվում եւ գունեղացնում է նրա կերպարը տան հաջորդ այցելուի հետ ռոքնռոլ պարելիս:

Երկրորդ տիկինը տարիքով էՙ Էմման ( Սոնա Մաթեւոսյան ), ով սկզբում թաքցնում էր, իսկ վերջում հպարտությամբ նշում է, որ եղել է Արմեն պապի կյանքում առաջին կինը: Այս տիկինը ձեռնափայտով է, հոդացավ ունի, աջ ու ձախ հրամաններ է արձակում եւ ներկայանում իշխող բնավորությամբ: Երիտասարդ դերասանուհին կարողանում է հաղթահարել իր կերպարի տարիքային անջրպետը: Ձեռնափայտի խաղարկումները, բազմոցին նստելու եղանակը, փիլիսոփայական արտահայտությունները բնորոշող են դառնում եւ նպաստում հավաստի ներկայանալուն:

Ծննդյան տարեդարձի հրավիրված երրորդ հյուրը երիտասարդ Հասմիկն է ( Անուշ Խերունց ): Նրա տատը Արմեն պապի առաջին սերն է եղել, եւ քանի որ այժմ անկողնային հիվանդ է, թոռնիկն է եկել նրա փոխարեն: Հասմիկը բալետի պարուհի է, ձիգ եւ խնամքով կապված մազերով, ոճային հագուստով: Նրաՙ շրջապատի հետ շփումներից երեւում է, որ առանց բարդույթների է: Հասմիկը ներկաների հետ զրուցում է ծխախոտի ծուխը արձակելով, կոպիտ եւ ագրեսիվ կեցվածքով: Սակայն, գործողությունների հետագա ընթացքը բացահայտում է աղջկա իսկական էությունը, որը ստիպում է այլ աչքով տեսնել նրան: Սուրճ պատրաստելու տեսարանում երիտասարդ դերասանուհին իր կերպարը ներկայացնում է բոլորովին այլ դիտակետից եւ հանդիսատեսը հնարավորություն է ունենում տեսնել ուշիմ ու հոգատար աղջկա:

Կարծում եք հե՞շտ է երիտասարդ Արմենի համար շփվել օտար, բայց միեւնույն ժամանակ այսքան հարազատ կանանց հետ` ետին պլան մղելով պարտված մի կլորիկ գումար վերադարձնելու իր անձնական խնդիրները: Նա զարմանքից գլուխը կորցնում է այս չդադարող այցելություններից, պապիկի անձնական կյանքի մասին այսքան տարբեր տեղեկություններից: Նա մեկ` գլուխը ափերի մեջ առած, խորհում է, մեկ` զվարթ ծիծաղում կանանց վեճերի վրա, մեկ` զայրանում, որ նրանք վերջապես գնում են ու դարձյալ վերադառնում են եւ իրեն հանգիստ չեն թողնում:

Կերպարային նշանակություն ունի երաժշտական ձեւավորումը ( Իշխան Ղարիբյան ). այն մեկ գրոհող ռիթմերով գրավում է հանդիսասրահըՙ նույն անսպասելիությամբ հեռանալով, մեկ թախծոտ ելեւէջներով ծորում է բեմից ու պարուրում անցյալում մնացած երջանկության մասին խոհերով, մեկ զվարթ, թեթեւ ելեւէջներով կանխատեսում ապագան:

Այս կենսուրախ, սրամիտ կերպարների հակասական զգացմունքները, ներաշխարհը բեմադրիչը նուրբ հումորային իրավիճակների միջոցով է բացահայտում: Այնքան օրգանական է համադրում քնարականը, դրամատիկականն ու հումորը, որ միայն պրոֆեսիոնալ վարպետին է բնորոշ: Պատկառելի այս արվեստագետը կարողանում է իր վառ երեւակայության, զուսպ եւ բարձր ճաշակի, թատրոնի իր նուրբ զգացողությամբ այնպես կառուցել գործողությունները, ուղղորդել դերասաններին, իրականն ու պայմանականն այնպես համադրել, որ թվում է դու այնտեղ ես, այդ հերոսների կողքին եւ անմիջականորեն կիսում ես նրանց ապրումները:

Ինչպես եւ նշել էր Կ.Խոդիկյանը իր պիեսը բնորոշելիս, այս խառը պատմությունը բարեհաջող հանգուցալուծում է ստանում, եւ Արմեն պապը նորից օգնության է հասնում: Գտնվում է թանկարժեք նամականիշը, որը դարձյալ իր պատվավոր տեղն է գտնում այդ բնակարանում եւ վերջնականապես միավորում բոլորին: Ֆինալային տեսարանը բեմադրիչը ներկայացնում է իր բոլոր հերոսներին խմբի մեջ առնելով: Կենտրոնում երիտասարդ Արմենն էՙ կիթառ է նվագում, նրան շրջապատել են տիկնայք եւ Հասմիկը, ով սկսել է համակրել Արմենին: Այս խորհրդանշական ջերմ պատկերը վկայում է համախմբություն, սեր, հաշտություն եւ նվիրում: Բեմադրությունն իր ֆինալային անակնկալն է մատուցում, երբ երաժշտական տարերքի մեջ` կանայք հանում են իրենց կեղծամները եւ հանդիսատեսին անսպասելիորեն ներկայանում որպես երիտասարդ համակրելի դերակատարուհիներ:

Հրաչյա Գասպարյան բեմադրիչն իր հանդիսատեսին մեկ հրավիրում է դիտելու ֆրանսիական քնարական կատակերգություն, մեկ ընկղմում չեխովյան թախծի մեջ, մեկ ստիպում խորհել պատվի շուրջ, մեկ ներգրավում շիկացած կրքերի մեջ, մեկ ջերմացնում այրվող մոմերով, մեկ էլ ծնունդի հրավիրում ... Պատանի հանդիսատեսի թատրոն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.