AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-04 22:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1784, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԱՍՏԱՆՙ ԼԵՌՆԵՐԻ, ՎԱՆՔԵՐԻ ՈՒ ԳԻՆՈՒ ԵՐԿԻՐ».

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Չեխ պատգամավորի երկլեզու շքեղ պատկերագիրքը

Չեխական «Տվարե» հրատարակչությունը լույս է ընծայել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի «Հայաստանՙ լեռների, վանքերի ու գինու երկիր» շքեղ պատկերագիրքը: Այն սիրով ու Հայաստանի մասին խորը իմացությամբ կազմված երկլեզու (չեխերեն եւ անգլերեն) հրատարակություն է, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանի մարզերին ու նաեւ Արցախին:

Ապրիլի 19-ին Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաքի գիտաուսումնական գրադարանի սրահում տեղի ունեցավ ոչ միայն պատկերագրքի շնորհանդեսը, այլեւ հեղինակիՙ Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

Ռոբին Բյոհնիշը խոստովանեց, որ երբ առաջին անգամ մեկնեց Հայաստան, հիացավ այդ երկրի պատմաճարտարապետական հուշարձաններով, գեղատեսիլ վայրերով ու մշտապես կապվեց այդ երկրի հետ: «Արդեն 13 անգամ եղել եմ եւ ծրագրում եմ կրկին այցելել Հայաստան»,- ասաց նա: Հեղինակը ներկայացրեց ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները, ոչ միայն մեկնաբանելով դրանք, այլեւ մանրամասն ներկայացնելով դրանց պատմությունը:

Այնուհետեւ շնորհանդեսին ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհավորելով Ռոբին Բյոհնիշինՙ կատարած աշխատանքի համար, նշեց, որ վերջինս շատ հայերից ավելի լավ գիտի Հայաստանը, նրա տարբեր շրջանները, եւ իր գրքում ներկայացրել է ոչ միայն Հայաստանի գեղեցկությունը, հուշարձանները, այլեւ մարդկանց: «Այդ ամենը նա արել է մեծ սրտով եւ սիրով: Ես վստահ եմ, որ այդ ընկերությունն ու սերը շարունակվելու է եւ ավելի է մեծանալու»,- ասաց Հայաստանի դեսպանը: Նա նաեւ խիզախություն համարեց, որ չեխ պատգամավորն իր գրքում ընդգրկել է նաեւ պատմական Հայաստանի մասը կազմող, այսօրվա Արցախի Հանրապետությանը նվիրված լուսանկարներ:

Գրքում լույս են տեսել Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի եւ Չեխիայի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մակսովայի ողջույնի խոսքերը:

Հրադեց Կրալովյան երկրամասի հեյթման դոկտոր Յիրժի Շտեպանն իր հերթին ողջունեց ձեռնարկի կազմակերպիչներին եւ հույս հայտնեց, որ արդեն իսկ ստորագրված հուշագրի համաձայն կզարգացնեն իրենց երկրամասի եւ Հայաստանի Տավուշի մարզի միջեւ կապերը: Նա հույս հայտնեց, որ Ռոբին Բյոհնիշի գիրքը մեծ հետաքրքրություն կառաջացնի նաեւ ընթերցողների շրջանում:

Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան էլ բարի երթ մաղթեց պատկերագրքին, հույս հայտնելով, որ այն փնտրված տեղեկատվական աղբյուր կլինի ոչ միայն Չեխիայում, այլեւ հարեւան Սլովակիայում, ինչպես նաեւ Հայաստանում եւ այլ երկրներում: «Թերթելով պատկերագիրքը եւ ծանոթանալով Ռոբին Բյոհնիշի մեկնաբանություներին, հիանում ես, թե որքան օբյեկտիվ, ընկերական, սիրով ու խորությամբ է հեղինակը նայել հայկական իրականությանը, որքան պատասխանատվությամբ է ուսումնասիրել մեր պատմությունն ու ներկան: Հուսանք, որ սա նրա վերջին գիրքը չի լինի Հայաստանի մասին»,- ընդգծեց Չեխիայում Հայաստանի դեսպանության խորհրդականը:

Այնուհետեւ Տիգրան Սեյրանյանը, Յիրժի Շտեպանը եւ Նունե Զաստուխովան Արցախից բերված 1913 թվականից արտադրվող գինով օծեցին պատկերագիրքը: Ռոբին Բյոհնիշը նույնիսկ համեմատություն արեց, որ մեկ դար առաջ հայ ժողովուրդը անցել է ցեղասպանության միջով եւ այսօրվա Հայաստանի տարածքում կարողանում է վերակերտել իր ապագան:

Հրաշալի ձեւավորված գրքում տեղ են գտել ոչ միայն չեխ պատգամավորի լուսանկարները, այլեւ հայերնեով ու անգլերենով մեկնաբանությունները եւ Հայաստանին նվիրված հոդվածը, որում անդրադառնում է ոչ միայն մեր պատմությանը, քրիստոնեության տարածմանն ու Հայոց ցեղասպանությանը, այլեւ անկախության շրջանին, Հայաստանի արտաքին հարաբերություններին, եւ իհարկե, հայ-չեխական կապերին:

Վերջում հեղինակը խորհուրդ է տալիս անպայման այցելել Հայաստան, իսկ այդ հարցում այս գիրքը կարող է ծառայել իբրեւ ուղեցույց:

Ձեռնարկի ողջ ընթացքում ներկաների համար նվագեց կիթառահար Յոզեֆ Գուշլբաուերը :

Ապրիլի 20-ից «Հայաստանՙ լեռների, վանքերի եւ գինու երկիր» պատկերագիրքը վաճառվում է Չեխիայի գրախանութներում, ինչպես նաեւ համացանցում:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Տվարե» հրատարակչության ղեկավար Կարել Չեռնին , պատկերագիրը կվաճառվի 439 կրոնով (շուրջ 17 դոլար), ոչ միայն Չեխիայում, այլեւ Սլովակիայում: Արդեն իսկ www.kosmas.cz կայքէջն այն վաճառում է որոշ զեղչովՙ 395 կրոնով:

Այս պատկերագիրքն իրապես գնահատելի աշխատանք է, որով Հայաստանը նոր որակով եւ նոր մատուցմամբ ներկայանում է չեխ ընթերցողին, եւ լավագույնս ներկայացնում հայտնի ու անհայտ հայկական հրաշալիքները:

Լուսանկարներըՙ ՕՐԵՐ-ի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.