AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 26-05-2017



ՋՈՏՏՈ-ՆԿԱՐԻՉԸ

Տեղադրվել է` 2017-05-25 20:25:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1686, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԷՐԸ ՀՐԱՇՔ ԱՐԱՐԵՑ

Գոհար ԱՃԵՄԵԱՆ

Իննսունամեակն ափիս մէջ

Շատ տարիներ առաջ էր: Գաբրիէլ Սունդուկեանի անուան ազգային-ակադեմիական թատրոնի ներսում բացուել էր ձմեռային այգին: Տարին կամ օրը դժուարանում եմ յիշել. թատրոնը լեցուն էր հանդիսատեսներով:

Ներկայացման ընդմիջմանը հանդիսատեսներից շատերը շտապում էին մօտիկից տեսնելու ձմեռային այգին: Նրանց թւում էր նկարչուհի, ազգութեամբ վրացուհի, Գէորգ Գրիգորեանի (Ջոտտոյի) այրին, աւելի շուտՙ Ջոտտոյի հանրայայտ տիրուհինՙ Դիանա Ուկլեբան:

Կանանց այս փոքրիկ խմբին նկատելովՙ նրանց է մօտենում այն տարիների Կենտկոմի առաջին քարտուղարըՙ Կարէն Դեմիրճեանը իր ընկերակիցներով:

Բարեւ ձեզ, տիկին Դիանա Ուկլեբա Գրիգորեան,- դիմում է քարտուղարը մօտենալով նկարչուհուն:

Իսկ որտեղի՞ց գիտէք ինձ,- լինում է պատասխանը ռուսերէնի վատ առոգանութեամբ:

Անշուշտ, լաւատեղեակ եմ, ճանաչել եւ գնահատել եմ Ջոտտոյին, ցաւում եմ, որ հիմա նա մեզ հետ չէ, սակայն դուք լաւագոյնս պահում-պահպանում էք մեծ արժէք ունեցող Գէորգ Գրիգորեանի (Ջոտտոյի) թանգարանը, եւ կարեւոր է նաեւ, որ Դուք եւս վրձինը բաց չէք թողնում ձեռքից, դա յարգանքի եւ սիրոյ մեծ նշան է: Լաւատեղեակ եմ նաեւ ձեր գործունէութեան մասին: Թանգարանում չեմ եղել, սակայն յոյս ունեմ մօտ օրերս այցելել:

- Շատերն են այդպէս խոստանում...

- Իրօք խոստանում եմ ու չեմ ուշացնի իմ այցելութիւնը թանգարանին,- եղաւ պատասխանը:

Ահա այս երկու միմեանց անսահմանօրէն նուիրուած տաղանդաւոր մարդկանց մասին են իմ մտորումները:

Երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել են Թբիլիսիի կիսանկուղային յարկի կիսամութ սենեակում: Սակայն ԳԷորգ Գրիգորեանի թախծոտ աչքերի խորունկ հայեացքը ուղղուած է եղել այդ կիսամութ սենեակից հեռու, հեռու: Նրա հայեացքը մեզ տանում է պատկերացումներին աշխարհի, մարդ արարածի, գոյութիւն ունեցող ողբերգութեան մասին:

Ճակատագիրը պարգեւում է նկարիչին այնպիսին, ինչպիսին էր Դիանա Ուկլեբան. հոգեւոր բարձր ունակութիւններով ու արժանիքով շնորհալի այդ վրացուհին, թողնելով իր նկարչի մասնագիտութիւնը, ամբողջութեամբ նուիրւում է ամուսնուն ու նրա արուեստին:

Ուշագրաւ է, որ նկարչի երանգապնակը փոքր-ինչ լուսաւոր դարձաւ, հաւանաբար, երբ 1962-ին նրանք հանգրուանեցին Երեւանում:

Սկսուեցին անհատական ցուցահանդէսները 1965, 1966 թուականներին: Նա արժանացաւ վաստաւոր նկարչի կոչման 1967 թուականին: Այնուհանդերձ արդէն տարեց վարպետը գտաւ փոքր-ինչ գունախաղեր, սակայն զգացւում էր ապրած օրերի արձագանգը:

«Առաջին յարկում գտնուող այդ արուեստանոցի չորս սենեակները,- գրում է Միխայիլ Դուդինը,- թուացին ինձ հայ ժողովրդի բուն ոգու, նրա աղէտների յաւէտ աստուածային պոէզիայի իւրակերտ շտեմարանը»:

1987 էր, արեւմտագերմանական Օբերհաուզէնի փառատօնում հանրայայտ վրացի ռեժիսոր Լէօ Բակրաձէի «Սէր» վաւերագրական կինոնկարը նուիրուած Ջոտտոյին եւ Դիանայինՙ արժանացաւ «Գրան պրի» գլխաւոր մրցանակին:

«Սէր» կինոնկարը իրօք նուիրուած է երկու տաղանդաւոր, միմեանց անսահման նուիրուած Գէորգ Գրիգորեանի եւ նրա պաշտելի կնոջՙ Դիանա Ուկլեբայի լեգենդ դարձած սիրոյ պատմութեանը:

Ահա թէ ինչ է պատմում կինոնկարի սցենարի հեղինակըՙ Լէոնիդ Գարեւիչը :

«Անկեղծութեան մագնիսականութիւնը, աչքերի փայլը, իսկ ամենակարեւորըՙ յաւերժ հաւատարմութեան զգացումը սիրած մարդու հանդէպ, որը այլեւս չկայ. դրանում էր ապագայ ֆիլմի միջուկը: Ֆիլմը պէտք էր լինէր ոչ թէ արուեստի մասինՙ թէկուզեւ հրաշալի, այլ սիրոյ մասին:

«Ֆիլմի հեղինակներս հասկանում էինք, թէ որքան դժուար կը լինի այն փոխադրել էկրան: Որքան կարեւոր էր մտածել ոչ թէ կինոյի հնարքների, այլ լեզուի պարզութեան ու յստակութեան մասին: Եւ կինոնկարում աւելի շատ մենք նկարահանում էինք Դիանա Ուկլեբայի ցաւ պատճառող պատմութեան խոստովանութիւնները: Մեզ յետ չպահեցին ոչ նրա առոգանութիւնը, ոչ պէտք եղած բառի երբեմն երկար փնտրտուքը, ոչ անպաճոյճ հագուստը, ոչ էլ տարիքի դաժան հետքերը: Այդ ամենը, պարզուեց, էական չեն, երբ նրա աչքերի փայլի, ժպիտի, նախադասութիւնների անկրկնելիութեան մէջ մեզ համար բացայայտուեցին սխրանքի մեծութիւնը, կեանքի դրաման, զգացմունքի վեհութիւնը»:

Դիանայի հետ երկարատեւ զրոյցներում յայտնաբերւում էին զանազան պատմութիւններ: Ահա պատից կախուած «Կիսակօշիկներ» նատիւրմորտը. դրանք դժուար տարիներին Դիանան գնել էր թբիլիսեան հնավաճառների շուկայում, սակայն այդ կօշիկները փրկեցին Ջոտտոյի առողջութիւնը: Կտաւների փոխարէն յաճախ է պատահել նկարել է փաթեթաւորման ստուարաթղթի վրայ:

Կեանքում շատ դժուարութիւններ ունենալով հանդերձՙ աղքատութիւն, անկումներ, կորուստներ, երբեք չեն մտածել, որ կարելի է վաճառել Ջոտտոյի կտաւներից, որպէսզի կարողանան ապրել: Վերջապէս, ոմանք համոզում են, որ պէտք է նաեւ կտաւներից վաճառեն ապրելու համար: Ահա միակ դէպքը, որին համարեա ականատես եմ եղել: Լրագրողներից մէկը կարողացաւ նատիւրմորտ գնել: Յաջորդ օրը եւեթ Դիանան եւ Ջոտտօն ձեռք-ձեռքի մօտենում են այդ տան եւ վերադարձնելով դրամը, խնդրում են նկարի վերադարձը, որովհետեւ իրենց զաւակն է:

Երեւանումՙ մշտապէս կարելի էր ձեռք-ձեռքի տեսնել նրանց, թէ՛ շուկայ, թէ՛ խանութ, եւ կամ ցուցահանդէս այցելելիս: Երբեք չեմ յիշում ոչ Ջոտտոյին, ոչ էլ Դիանային առանձին զբօսնելիս. միշտ միասին, միշտ ձեռք-ձեռքի:

Ջոտտոյի ստեղծագործութիւնների անհատական առաջին ցուցահանդէսը բացւում է 1963թ. Հայաստանի պետական պատկերասրահում, իսկ երկրորդըՙ 1965թ. Հայաստանի Նկարչի տան ցուցասրահում:

Ուշագրաւ է, որ նկարչի երանգապնակը աւելի լուսաւոր դարձաւ Երեւանում:

Նա ջանասիրաբար աշխատում էր, ցուցահանդէսներ, այցելութիւններ եւ փոքր-ինչ ապահովուած կեանք, իսկ Դիանան շարունակում էր ստեղծագործել, գրում էր բանաստեղծութիւններ հայրենիքիՙ Թբիլիսիի եւ ծննդավայր Քութայիսիի, յիշողութիւններ իր եւ Ջոտտոյի կեանքի մասին:

Սակայն նրանց ընտանեկան կեանքի երջանկութիւնը խաթարուեց 1976 թուականին, երբ իր մահկանացուն կնքեց Ջոտտօն: Նա ձեռնունայն չգնաց, արուեստի պետական արխիւին նուիրաբերեց 500-ից աւելի արժէքաւոր կտաւ: Միայնակ էր 68-ամեայ Դիանան. մինչ այդ աշխոյժ, աղմկալից, իր օգնութեան կարիքը չունեցող, իր հետ չէր այլեւս իր կուռքը, որին սիրել եւ փայփայել էր 40-ից աւելի տարիներ: Անշուշտ, շատ բարեկամներ թողեց Ջոտտօն, որոնք օգնութեան ձեռք մեկնեցին Դիանային. սակայն այս ամենը բաւարար չէր Դիանայի համար: «Առաջուայ նման երկինքն եմ սիրում, սակայն մի թեւով ինչպէ՞ս ճախրեմ»:

Եւ այսպէս անցան տարիները: Երեւան փոխադրուելուց յետոյ եղած թանգարանը բաւական նեղուածք էր Ջոտտոյի ստեղծագործութիւնների համար: Չնայած տանտիրուհի Դիանան առանց սեթեւանքի շրջում էր թանգարանով մէկ եւ հիւրերին բացատրում Ջոտտոյի կտաւների արժէքն ու մեծութիւնը:

Եւ ահա շատ չուշացան նաեւ հանրապետութեան ղեկավարները, ականատեսը եղան թանգարանի վիճակին, աջակցեցին Դիանային եւ դիմելով նոյնիսկ ծայրայեղ միջոցներիՙ վերինՙ III յարկը միացնելով երկրորդ յարկին, ստեղծեցին թանգարանային մի օջախ, որը պատիւ է բերում հայութեանը:

«Գէորգ Գրիգորեանի (Ջոտտոյի) ստեղծագործութեան ուսումնասիրութեամբ ժամանակակից հայկական արուեստը մի նոր, հետաքրքրական տեսանկիւն է ձեռք բերում, ժխտելով այն միակողմանիութինւը, որը չգիտես ինչու, երկար տարիներ համարւում էր մեր ժամանակակից ազգային գեղանկարչութեան միակ ճանապարհը...»,- գրում է արուեստաբան Հենրիկ Իգիթեանը :

Ահա թէ ինչ է պատմում ժողովրդական նկարիչ Վանօ Գուդիաշուիլին . «Եթէ ազգային տեսանկիւնից դիտելու լինենք Ջոտտոյի ստեղծագործութիւնը, ակնյայտ կը դառնայ, որ նրա նկարչութիւնը ծաղկել է հայ արուեստի փայլուն աւանդոյթների, նկարչական, քանդակագործական եւ ճարտարապետական նմոյշների վրա: Իր գունաւոր եւ գրաֆիկական գործերում պատմում է իր ժողովրդի նիստ ու կացի, նրա անցեալի, նոր կեանքի մասին:

«Ջոտտոյի ստեղծագործութեան վերլուծութիւնը վկայում է նրա անկեղծութիւնն ու արուեստի հանդէպ ունեցած անձնուրաց պաշտամունքը: Այդպիսին է նաեւ Փիրոսմանը: Նկարում էին այնպէս, ինչպէս թելադրում էր նրանց սիրտն ու հոգին:

«Զարամանալի է, այս կախարդները ընդամենը երկու, երեք գոյնով, մատիտի մէկ հպումով ստեղծում էին մեծապէս էմոցիոնալ, անկեղծութեամբ ու անմիջականութեամբ առլեցուն նկարներ»:

1972 թուականի հոկտեմբերին էր. թանգարան է այցելում Անդրէյ Սախարովը, երբեմն հարցնելով, թէ երբ եւ որ տարեթուերին են արուել որոշ նկարներ: Այնուհետեւ տպաւորութիւնների մատեանում գրել է.

«Հայաստանի գեղանկարչութեանը ծանօթացայ այս արուեստանոցում եւ կարծում եմ նկարներից ստացած տպաւորութիւնը մշտապէս պիտի ձուլուի Հայաստանի կերպարին, որն իմ մէջ է:»- Անդրէյ Սախարով, 17.10.1972թ.

«Ու թող աւելի շատ լինեն լաւ եւ տարբեր բանաստեղծներ,- ժամանակին ասել է Մայակովսկին:

«Թող աւելի շատ լինեն նաեւ լաւ ու տարբեր նկարիչները,- կ աւելացնէի ես, վերստին ուրախանալով, որ տաղանդաւոր, ինքնատիպ, բայց ցարդ յանիրաւի անյայտ մնացած մի նկարիչ գրաւեց իր արժանի տեղը, իսկ մեր գեղանկարչութիւնը հարստացաւ եւս մի լաւ եւ ուրիշներից տարբեր նկարչով...»,- Գէորգ Էմին, 04.04.1966թ:

Ինչպէս իւրաքանչիւր արուեստագէտ բարդ ու հակասական, այնպէս էլ Ջոտտոյի աշխատանքներն են: Նրա ստեղծագործութիւնները ցնցում են կենսական ճշմարտացիութեամբ: Այդ շրջանի գործերում իտալացի մեծ վարպետ Ջոտտոյի ազդեցութիւնն զգացւում է յատկապէս գունանկարներում:

Այդ տարիքում նրան մշտապէս ուղեկցում էր պոեզիան: Յաճախ էր արտասանում Չարենց, Եսէնին, Մեծարենց...

Այս ամէնով հանդերձ կարելի է ասել նաեւ, որ Գէորգ Գրիգորեանըՙ Ջոտտոն, խստաշունչ գեղեցիկի իմաստուն երգիչ էր:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 26-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.