AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 02-06-2017



ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Տեղադրվել է` 2017-06-06 18:00:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1836, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՏՈՆՙ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

«Ես հիմա երիտասարդ եմ եւ ուզում եմ իմ էներգիան տալ տարեցներին, որովհետեւ արժանի են»

Այն վերաբերմունքը, որ ունի լուսանկարչուհի Տաթեւ Մնացականյանը կյանքի հանդեպ, անմիջականորեն արտահայտվում է իր արվեստում: Ահա քանի տարի նա լրջորեն եւ հետեւողականորեն աշխատում է մի ծրագրի վրա, որը տարբեր երկրների մշակութային գործիչների միջեւ երկխոսություն էՙ բնույթով մարդասիրական, իր տեսակի մեջ եզակի: Այն, ինչ նա արել է այս մի քանի տարիների ընթացքում, լուրջ հայտ է, լուրջ ներդրում այս ասպարեզում: Տաթեւ Մնացականյանը դիմանկարիչ է, նրա լուսանկարների հերոսները առաջացած տարիքի արվեստագետներ, մտավորականներ են, որոնց նա հանպիպում է ոչ միայն լուսանկարելու նպատակով. այն, ինչ անում է նա, հոգատարության, մարդասիրության դրսեւորում է. ուզում է ճանաչել նրանց ստեղծագործությունն ու հասկանալ ներքին աշխարհը, այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը ապրել են, ստեղծագործել, ոմանց պարագայում, ցավոք, արդեն անցյալ, երբեմն էլ մոռացության են մատնվել, կամ մենակության մեջ հայտնվել: Ահա կյանքի այս հանգրվանում նրանց հանդիպում է երիտասարդ մի լուսանկարչուհի, զրուցում հետները հարազատորեն, փորձում հասկանալ այն հոգեվիճակները, այն մտահոգություններն ու մտորումները, որ ունեն նրանք: Այդ պատճառով է, որ յուրաքանչյուր լուսանկար մի կյանքի պատմություն է, պահի մեջ խտացված ժամանակ ու փորձառությունՙ կարծես անցյալի ու ներկայի խաչվող ակնթարթ:

Նրա արվեստի հաջողության գաղտնիքը նվիրվածությունից, պատասխանատվությունից, տեխնիկական հմտությունից բացի իր մտածողությունն է, ներսում կրող արժեքներն ու վերաբերմունքը: Արվեստի այս զրույցը նա սկսեց հայ արվեստագետների հետ, կարճ ժամանակ անց նույն հաջողությամբ այն շարունակեց արտերկրումՙ Եգիպտոսից անցնելով եվրոպական երկրներՙ Լեհաստան, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Իսպանիա, հանդիպեց բազմաթիվ արվեստագետների, ստեղծեց դիմանկարների ամբողջական շարքեր:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատանը «Բաց դռների օր», «Եվրոպական օրեր Հայաստանում» միջոցառման շրջանակներում, ART+X ծրագրի կազմակերպությամբ, մայիսի 19 - ին ներկայացվեց Տաթեւ Մնացականյանի The Light Cultural Dialogue ծրագիրըՙ լուսանկարչական աշխատանքների երեք տարբեր ցուցադրություններով: Ծրագիր, որն ուղղված է անհատների միջեւ փոխադարձ մշակութային շփումներին, ովքեր մշակույթը արժեւորում են որպես կյանքի որակը բարձրացնող ընդհանուր լեզու: Դեսպանատան շենքի ներսում ցուցադրվեց եվրոպացի արվեստագետների դիմանկարների, բակային տարածքումՙ սիրիահայերին նվիրված «Վերսկիզբ» շարքերը. վերջինս նա իրականացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրին կցված «Սիրիացի փախստականների ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Սա մի նախագիծ է այն սիրիահայերի մասին, ովքեր սիրիական պատերազմի ժամանակ հաստատվեցին Հայաստանում, շնորհիվ որի նրանցից շատերը հնարավորություն ստացան ինտեգրվել Հայաստանի տնտեսական կյանքում, իրենց փորձն ու հմտությունները ներդնել այստեղ:

Ծրագրի գործունեությունը ներկայացրեց GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Կեմպան : «Վերսկիզբը» սիրիահայ գործարարների անցած ճանապարհի մասին է, որ նաեւ նոր կյանք, նոր սպասումներ է խորհրդանշում: Տաթեւի լուսանկարներում տարբեր արհեստների ու մասնագիտությունների տեր մարդկանցից յուրաքանչյուրը պատկերված է աշխատանքային-մասնագիտական բնորոշ միջավայրում: Դիմանկարների այս շարքը հիշյալ ծրագրի կատարված աշխատանքի լուսանկարչական վավերագրում է, ինչը նպաստել է դրա հանրայնացմանըՙ պատկերային ներկայացնելով այն: «Զուտ տեխնիկական ծրագիր լինելով հանդերձՙ Տաթեւը փորձել է դրան հաղորդել գեղարվեստական հնչեղություն»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պրն Մաթիաս Քիսլերը :

Բնույթով եւ առաջադրված խնդիրներով միանգամայն տարբեր է եվրոպացի արվեստագետներին նվիրված շարքը: Իր բազմաթիվ ուղեւորությունների ընթացքում լուսանկարչուհին, որ նուրբ ճաշակի տեր, գեղագետ անձնավորություն է, բնության բազմազանության, քաղաքային միջավայրի, ճարտարապետության հանդեպ ուշադիր եւ նույնքան տպավորված լինելով հանդերձ, այնուամենայնիվ, իր արվեստի նյութը դարձրել է բացառապես մարդուն: Սերը մարդ էակի հանդեպ նրան տանում է մարդու հոգեբանության ու կյանքի ավելի խորը ընկալումների, նա փորձում է բացել, բացահայտել մարդկային հոգու շարժերըՙ սեփական զգացողությունների միջոցով, լուսանկարչական օբյեկտիվի օգնությամբ: Ահավասիկ ցուցադրված դիմանկարներում տիպական մի ժեստ, դիմաշարժ, խոսուն մի հայացք դարձել են այն հիմնականը, որ նա որսացել եւ կարողացել է վեր հանել ներքին տրամադրություններՙ լուսանկարելու ակնթարթը վերածելով գեղարվեստական իրողության: «Ես սիրում եմ այս լուսանկարները, սիրում եմ սեւ-սպիտակ լուսանկարներ: Դա հնարավորություն է տալիս զգալու լույսի եւ ստվերի հրաշալի համադրությունը, որը հաջողվել է այս աշխատանքներում, եւ որի շնորհիվ այս անհատականությունները ավելի արտահայտիչ են երեւում», - ասաց Մաթիաս Քիսլերը:

Տաթեւ Մնացականյանը գիտի մարդկային սրտերը տանող գաղտնիքը: Նա սիրում է մարդուն, սիրում է նրա ուժն ու թուլությունը. «Ես հիմա երիտասարդ եմ եւ ուզում եմ իմ էներգիան տալ նրանց, որովհետեւ արժանի են».- քչերը կմտածեն ու կգործեն այսպես... Արվեստագետ- մտավորականների այս ընտրությունը եւս պատահական չէ: Նրա հերոսներն այն մարդիկ են, ովքեր հարստացնում մեր կյանքը, իմաստավորում իրենց ապրած ժամանակը, մշակութային ժառանգություն, հետք են թողնում պատմության մեջ: Եվ ամենակարեւորը եւ իր համար սկզբունքայինըՙ հարգանքի տուրք մատուցել նրանց կենդանության օրոք:

«Մարդիկ խոսում են տարբեր լեզուներով, դրանցից մեկն էլ արվեստն է: Ես հանդիպեցի տարբեր երկրների արտիստների, որոշ դեպքերում միմյանց լեզուն չէինք հասկանում, բայց կարողացա ստեղծել երկխոսություն, բացահայտել մարդկային շատ հետաքրքրական նկարագրեր: Երբ տեսնում էին, թե որքան մարդասիրական է ծրագիրս, գնահատում էին: Եվրոպական երկրներում շրջագայելիս, այնպիսի տպավորություն էի ունենում, ասես նրանց կյանքի ամեն օրն է սնվում մշակույթով: Այդպես է, որովհետեւ մշակույթն է, որ կյանքին գույն ու հետաքրքրություն է հաղորդում»:

Իր շնորհակալական խոսքումՙ հանդեպ դեսպան Մաթիաս Քիսլերի, փոխդեսպան, ցուցահանդեսի կազմակերպիչ, ART+X-ի հիմնադիր Նադյա Լիխտենբերգերի, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, դիվանագետների, բոլոր ներկաների, նա հուզմունքով վերապրեց եվրոպական ուղեւորության մթնոլորտի մեկ - երկու դրվագ, որ շատ բան էր ասում, հիշեց ալպյան բարձունքներում բնակվող տարեց շվեյցարուհու խոսքերը. «Ես իմ կյանքն ապրել եմ, կարծում եմՙ այլեւս չեմ կարող ստեղծագործել: Դու խենթ ես, ապրում ես աշխարհի մյուս ծայրում, եւ այդքա՜ն հեռու երկրից ինչպե՞ս եկար, գտար մեզ ու նկարեցիր եւ ուզում ես հարգանքի արժանացնել»:

Երեկոյան, մութն ընկնելուն պես ներկաներին սպասվում էր գեղեցիկ անակնկալՙ The Light Cultural Dialogue-ի երրորդ, եզրափակիչ մասով: Դեսպանատան շենքի ճակատային մասին լուսարձակային ցուցադրությամբ ներկայացվեցին եվրոպացի եւ հայ արվեստագետների տասնյակ դիմանկարներ: Եվրոպական Միության օրհներգի ուղեկցումը, գերմանացի երկու հանճարներիՙ Ֆրիդրիխ Շիլլերի եւ Բեթհովենի «Ձոն ուրախության» երկի պաթոսը դիտումը դարձրեց շատ ավելի տպավորիչ: Այսպիսի ներկայացում, ինչպես դեսպանն ասացՙ առաջին անգամ էր արվում, որպես այդպիսինՙ այն թերեւս նաեւ երեւանյան պրեմիերա էր: Չարենցի փողոցում բավական երկար ակնդիր եղանք անչափ հաճելի եւ պատվաբեր ցուցադրությանՙ Գերմանիայի դեսպանության կողմից հայ արվեստագետի աշխատանքի գնահատման:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.