AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 22:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 4401, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»ՙ ԿԻՆՈՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՈՎ

Նաիր ՅԱՆ

Ամռան գալուն պես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները շտապում են բոլորին նախապատրաստել ու տրամադրելՙ Երեւանում թեժ ամռանը թեժ կինոմթնոլորտ է լինելու: Իսկապես, անհերքելի էՙ «Ոսկե ծիրանի» յոթ օրերին մեր մայրաքաղաքի ամեն անկյունից արտասահմանցի կինոգործիչներ են դուրս գալիս, զբոսնում, զրուցում. ֆիլմերի ազդագրերով հեղեղվում են մայթերն ու հրապարակները. աշխույժ եռուզեռ է տիրում, հայրենյաց կինոգործիչներն էլ են իրար գլխի հավաքվում, իրենց կարեւորված զգում: Մեկ էլ կտեսնես փողոցում ճեմելիս Նաստասյա Կինսկուն, Ժակլին Բիսեթին, Օրնելա Մուտիին: Իհարկե, այս ամենը լավ է, տրամադրություն բարձրացնող. անսովոր, արտասահմանյան դեմքերն աչքի համար էլ են հազվագյուտ: Սակայն բանը նրան հասավ, որ բազում շրջանակներից բարձրաձայնվեցՙ այս ամենը քիչ է, ավելի ճիշտՙ ցուցադրական է, ինչին հանիրավի ստորադասվում է կինոփառատոն հասկացության բուն նպատակը: Ի վերջո, մեկ-երկու տարի չէ, որ «Ոսկե ծիրան» է անցկացվում: Ի վերջո, մշակութային լուրջ հարցեր լուծելու, հայեցակարգ ու քաղաքականություն մշակելու ժամանակը վաղուց պետք է եկած լիներ, ու մեր աղքատ երկրում լուրջ գումարներ ծախսող փառատոնը պետք է համարտադրությունների, հայրենի սցենարիստների, ռեժիսորների, պրոդյուսերների հետ օտարերկրացիների համագործակցության հարթակ դարձած լիներ:

Այս խնդրին «Ազգի» տարբեր համարներում եւս անդրադարձել ենք: Լրագրողներս հաճախ ենք բարձրաձայնելՙ «Ոսկե ծիրանը» ժողովրդից գանձվող գումարներով ձեւավորվող պետբյուջեից է ֆինանսավորվում. փառատոնի գլխավոր հովանավոր Վիվա Սել ՄՏՍ-ի աջակցությունը եւս հնարավոր է դառնում նույն մեր ժողովրդից գանձվող վճարներից: Ուրեմն «Ոսկե ծիրանի» գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ թե ֆիլմեր բերելը կամ էկրանային երբեմնի փառք վայելած դերասանուհիներին մեր երկիր հրավիրելն ու նրանց Աբովյանով քայլեցնելը, այլ հայկական կինոյի զարգացման, հանրահռչակման, առաջընթացի համար հարթակ, հնարավորություն, նպաստավոր պայման ստեղծելը: Այդ յոթ օրերին պետք է միմյանց հերթ չտալով հանդիպումներ, քննարկումներ, փիչինգներ լինեն. պետք է Հայաստան գան փորձառու պրոդյուսերներ, ռեժիսորներ, որոնք ոչ թե կներկայացնեն իրենց ֆիլմերն ու կինոկենսագրությունը, այլ հետաքրքրված կլինեն մեր ռեժիսորների, սցենարիստների, պրոդյուսերների հետ համագործակցությամբ: Իսկ դրա համար նախապատրաստական աշխատանքները վաղուց պետք է կատարված լինեն, այսինքնՙ մերոնք նախօրոք պետք է տեղեկացված լինեն, որ գալու է այսինչ պրոդյուսերը կամ ռեժիսորը, հեղինակավոր այսինչ փառատոնի կինոարտադրության ծրագրերի պատասխանատուն: Ու մերոնք կազմ ու պատրաստՙ կինոնախագծերով, հետաքրքրական գաղափարներով սպասեն նրանց հետ հանդիպմանը, որպեսզի ինչպես հարկն է ներկայանան ու փորձեն համագործակցության եզրեր գտնել: Ի վերջո, հայտնի ճշմարտություն էՙ այն ֆիլմերն են մեծ ճանաչում գտնում, որոնք համարտադրողներ են ունենում: Համարտադրող ամեն երկիր եթե իր կինոթատրոններում ցուցադրի տվյալ ֆիլմը, հասկանալի է, որ մեծ թվով հանդիսատես կունենա, ու ֆիլմն էլ ավելի մեծ հնչեղություն կստանա: Նախադեպեր կան, բայց խիստ մասնավոր ու քիչ:

Բազմիցս է կրկնվել, որ մեր երկիրը պակաս հետաքրքրական չէ Վրաստանից, որտեղ արտասահմանյան կինոնկարահանումները մեծ թափ են ստացել: Հայաստանի ռելիեֆային կտրուկ անցումները, բազմազանությունը, կլիմայական առանձնահատկություններն օտարազգիների համար էկզոտիկա են: Հենց թեկուզ «Ոսկե ծիրանի» ժամանակ մեր երկիր այցելած մի շարք կինոգործիչներ ցանկություն են հայտնել այստեղ ֆիլմ նկարահանել, բայց խոսքը հազվադեպ է գործի վերածվել: Իսկ եթե մենք օդում որսանք նրանց ցանկությունն ու հետաքրքրվածությունը, ընդառաջ գնանք, կարող ենք հենց տեղում հետագա համագործակցության համար պայմանավորվածություններ ձեռք բերել, օրինակՙ առաջարկել նկարահանումների տեղանք, տաղավարներ, տեխնիկա, անձնակազմ, անգամ դերասաններ: Թե չէ ուրախանում, հրճվում ենք, երբ օտարազգիները հիացական բացականչություններ են անում մեր երկրի ու հյուրասեր, ջերմ ժողովրդի մասին, ծափահարում, հուզվում, նրանց առոք-փառոք պահում-շահում-ճանապարհում ենք ու վերջ: Իհարկե, մեկ-մեկ էլ նրանք են մերոնց հրավիրում իրենց երկիր, ֆիլմեր ընդգրկում փառատոներում, բայց ընտրյալների բախտն է բերում միայն:

Այս տարիՙ հուլիսի 9-16-ը, տեղի կունենա 14-րդ «Ոսկե ծիրանը»: Պատրաստվել է նոր ազդագիրՙ ծիրանի ձեւաչափով երկրաչափական բազմանկյուն պատկերով: Հայտնի է նաեւ միջազգային ժյուրիի կազմըՙ մրցանակակիր ռեժիսորներ ու փառատոների ղեկավարներՙ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Իտալիայից, Գերմանիայից, Կոլումբիայից եւ այլն: Կցուցադրվեն «Օսկար», «Ոսկե արմավենի», «Ոսկե արջ» ստացած տասնյակ ֆիլմեր, նախատեսվում են վարպետության դասեր, հանդիպումներ, մեծարման երեկոներ, Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի, Սերգեյ Իսրայելյանի աստղերը: Շրջիկ կինոէկրաններին եւս կցուցադրվեն ֆիլմեր: Ովքեր են լինելու փառատոնի պատվավոր հյուրերը, կազմակերպիչները չեն շտապում տեղեկացնել. ամեն ինչ կհաղորդվի իր ժամանակին ու ըստ անհրաժեշտության: Այսինքնՙ այս ամենից ենթադրելի է, որ «Ոսկե ծիրանի» ծրագրերը, աշխատաոճը, ուղղվածությունը նույնն են մնացելՙ ավանդական ու սովորական:

14-ը փոքր տարիք չէ .լուրջ ձեռքբերումների, առաջընթացի, ազգային կինոն միջազգային ճանաչման հասցնելու համար զգալի ժամկետ է: Ուստի, վաղուց ժամանակն է վերանայել փառատոնի նպատակները, ծրագրերը, քայլերն ու ուղղվածությունը: «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն ուրախությամբ տեղեկացրեցին, որ մեր մայրաքաղաքում ուղիղ մեկ ամսից կինոտրամադրությունները կիշխեն, հյուրերի կընդունենք. հովանավորներն էլ առաջվա պես աջակցել են, իրենց կողքին են: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը օրերս նշեց, որ կինոյի զարգացման նոր հայեցակարգ է մշակվել, որտեղ «Ոսկե ծիրանը» մեծ տեղ է ունենալու, պետք է մշակվեն գործարար ծրագրեր, աշխատեն այնպես, որ օտարազգի կինոգործիչների համար մեր երկիրը, մեր առաջարկածը կինոարտադրության ու համարտադրության համար հետաքրքրական ու գրավիչ լինի: Ինչպե՞ս են փառատոնի կազմակերպիչները պատկերացնում նախարարի պատկերացրածը, չմեկնաբանեցին: Կինոյի զարգացման նոր հեռանկարների վերաբերյալ ի՞նչ խորհուրդներ են պատրաստվում տալ Արմեն Ամիրյանին, պատասխանեցին. «Նախարարը խորհուրդների կարիք չունի»: Բայց թե այսքանից հետո արդյո՞ք կվերանայվեն փառատոնի առաքելությունն ու նպատակները:

Փառատոնը դրսից բերած ֆիլմերի ծրագրերի կողքին պետք է ունենար տեղական ծրագրեր, ավելի ճիշտՙ բազմաժանր ֆիլմերի նախագծերի փաթեթներ: Կարճամետրաժ կինոնախագծեր ներկայացնելու հարթակ գործում է փառատոնի շրջանակում. փոքր գումարի ֆինանսավորում ստանալու համար մրցում են տարբեր երկրների կողմից ներկայացված կինոնախագծեր. որին նախապատվությունը տրվեց, նրան էլ բաժին կհասնի գումարը: Բայց այս հարթակն անհնար է դիտարկելՙ որպես հայկական կինոյի նորովի ճանաչման, զարգացման ու արդյունավետ հեռանկարի հնարավորություն: Մեծ հաշվովՙ այսքան տարի «Ոսկե ծիրանը» հաճելի կինոմթնոլորտ է ապահովել, շփումների, զրույցների, միմյանց բարձր տրամադրություն փոխանցելու հնարավորություն տվել ու վերջ: Աշխարհում յուրաքանչյուր կինոփառատոն ունի իր, այսպես կոչված, շուկան, որը փառատոնից ոչ պակաս կարեւոր շեշտադրում է կրում: Արժեքավոր կինոների ցուցադրուն, մրցանակաբաշխություն, հյուրեր, կարմիր գորգ, հյուրասիրություն. այս բոլորը փառատոնի բաղկացուցիչներն են, համն ու հոտը, բայց պետք է լինեն ծախսերն արդարացնող, ծախսերը հետ բերող գաղափարներ ու նախաձեռնություններ, որոնք էլ հենց համագործակցությանը, համարտադրություններին նպաստող ու ծառայող հանդիպումները պետք է լինենՙ կինոշուկան: Գաղափարը, կինոնախագիծը ապրանք է, որ ներկայացվում է հնարավորինս համակողմանի ու գրագետ, իսկ հետաքրքրվողը գնում է այն. այստեղ շահերը համընկնում են, ձեւավորվում են գործընկերային հարաբերություններ, շահում է տեղական կինոն, որը կհավակնի դառնալ միջազգային եւ դուրս կգա մեր երկրի սահմաններից, կդադարի լինել ներքին սպառման, կարճ կյանք ունեցող արվեստ:

Դրա համար նախապատրաստական երկարատեւ ու լուրջ աշխատանք, ճիշտ հաշվարկել է պետք, նաեւ պետք է պարտավորվածություն զգալ երկրիդ ու կինոփառատոն անցկացնելու հնարավորություն տված ժողովրդիդ առջեւ: Ի վերջո, երբ դրսում հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկ-երկու կազմակերպիչների անուններ են հնչում միայն, այդ մեկ-երկու անունները սեփական ոչխարի բուրդը չպետք է խառնեն պետական ոչխարի բրդի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.