AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 21:04:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 2019, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԸ

Նաիր ՅԱՆ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հունիսի 8-ին խաղացանկային ներկայացում ուներՙ «Գայանե» բալետը: Այս բեմադրությունը հանրությունը սիրում է. դատարկ կամ կիսադատարկ դահլիճով երբեք վարագույր չի բացվել: Նվագախումբն ու պարային խումբն էլ են հաճույքով կատարում այս ստեղծագործությունը: Այնպես որ թատրոնի կուլիսային ու հետկուլիսային անձնակազմի կողմից «Գայանեի» նկատմամաբ միայն բարյացակամ ու սիրալիր վերաբերմունք կա: Բայց հունիսի 8-ի «Գայանեն» տապալվեց: Սովորականի պես թատրոնի դռները բացվել էին հանդիսատեսի առաջ, նվագախումբն ու պարողները կազմ-պատրաստ էին, բայց հայտարարվեց, թե տեխնիկական պատճառներով ներկայացումը տեղի չի ունենալու: Հանդիսատեսն, իհարկե, դժգոհ էր ստեղծված իրավիճակից. ոչ մի բացատրություն կամ պարզաբանում, ուղղակի ներկայացումը չի լինելու եւ վերջ: Խոստացվեց, որ հանդիսատեսին կվերադարձվի տոմսերի գումարը: Բայց փամփուշտն արդեն դուրս էր թռել ատրճանակից:

«Գայանեի» տապալման պատճառով հաջորդ իսկ առավոտյան շատերի ուշադրությունը բեւեռվեց դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն: Ո՞րն էր վարագույրը չբացելու պատճառը: Թատրոնի ղեկավարությունը, ավելի ճիշտՙ ղեկավարության ներկայացուցիչըՙ ի դեմս փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի , հանդես եկավ հայտարարությամբ. «Նվագախումբն իր տեղում է եղել, բայց հրաժարվել է նվագել, այդ պատճառով էլ «Գայանեն» տեղի չի ունեցել»: Նա պատմեց, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ժողով է հրավիրել ու հրահանգել նվագախմբի բոլոր անդամներին բացատրագիր գրել: Ժողովի ժամանակ նախարարը հարցրել էՙ ինչու են երաժիշտները հրաժարվել նվագելուց եւ ով է բոյկոտի հեղինակը: Նվագախումբը ոչ մի հարցի չի պատասխանել: «Քար լռություն էր. նախարարը հարցը մի քանի անգամ հնչեցրեց, բայց այդպես էլ ոչ մի երաժիշտ հանձն չառավ կատարվածի պատասխանատվությունը եւ ներկայացումը տապալելու պատճառն էլ չիմացվեց»,- պատմեց փոխտնօրենը:

Բայց պետք է լիներ որեւէ պատճառ ու պետք է ինչ-որ մեկը հրահրեր բոյկոտը, չէ՞. ումի՞ց է այն սկիզբ առել. Կարինե Կիրակոսյանը պատասխանեցՙ պատկերացում չունեմ: Ըստ նրա ներկայացրածիՙ թատրոնի ստեղծագործական կազմը սովորականի պես աշխատում է, բոյկոտին նախորդող ժամանակահատվածում որեւէ երաժիշտ որեւէ խնդրի մասին չի բարձրաձայնել, չեն եղել դժգոհություններ կամ հակասություններ. այդ պատճառով էլ ներկայացումը տապալելու պատճառի կամ պատճառների մասին թատրոնի ղեկավարությունը դժվարանում է անգամ ենթադրություններ անել: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրին գլխավորող Կոնստանտին Օրբելյանը քիչ ավելի ուշ եւս հաստատեցՙ ինքը տեղյակ չէ, թե ինչու «Գայանեն» տեղի չի ունեցել:

Կարինե Կիրակոսյանը պատմեց, որ թատրոնի վարչական աշխատակիցներից տասը հոգի կրճատվել է, ու անմիջապես էլ ավելացրեց. «Բայց այդ կրճատումներն ի՞նչ կապ ունեն ստեղծագործական կազմի հետ: Նրանց ոչ ոք ձեռք չի տվել: Առաջիկայում պետք է բոլորն ատեստավորում անցնեն, սակայն դժվար թե դրա պատճառով երաժիշտները հրաժարվեին նվագել»,- ենթադրեց փոխտնօրենը: Նա խոսքի մեջ նկատեց. «Կան մարդիկ, ովքեր անձնական խնդիրներ ունեն ու այդ խնդիրները փաթաթում են նվագախմբի վզին»: Թվում է, թե իմիջիայլոց ասված արտահայտություն էր:

Դիրիժոր Զավեն Վարդանյանը նույնպես դժվարացավ նվագախմբի բոյկոտի պատճառները նշել: Պատմեց, որ բոլորն իրենց տեղում են եղել, նախապես ծրագրված որեւէ բան չի եղել, անգամ կանխակալ տրամադրվածություն կամ շշուկներ չեն եղել, բայց թե ինչպես ու ինչու ներկայացումը տեղի չունեցավ, դիրիժորը պատասխան չուներ: Սակայն նկատեց. «Եթե երաժիշտները, պարողները, դիրիժորները որեւէ խնդիր չունեն, որեւէ հարց մինչեւ հիմա չեն բարձրացրել, չեն դժգոհել, մեկ էլ հանկարծ ներկայացումը տեղի չի ունենում, ուրեմն ամեն ինչ դրսից է թելադրված ու հրահանգված, իսկ թե ում կողմիցՙ գնացեք ու պարզեք»: Դիրիժորի ու փոխտնօրենի քողարկված պարզաբանումներն իրարից անկախ էին ու տարբեր, բայց պատճառների նախանշաններ էին պարունակում:

Իսկ ի՞նչ էր անում այդ երեկո դիրիժորը, որը փաստացիորեն համարվում է նվագախմբի գլուխը, պատասխանատուն. նրա մասին փոխտնօրենը պատմեց. «Դիրիժոր Աթանես Առաքելյանն ասացՙ ես սպասում էի, որ ինձ հրավիրենՙ չափ տալու, բայց այդպես էլ ոչ ոք ինձ չհրավիրեց»: Հարց է առաջանում. ո՞վ կամ ինչո՞ւ պետք է հրավիրեր դիրիժորինՙ սկսելու ներկայացումը: Դիրիժորը չգիտե՞, որ ներկայացման ժամը մոտենում է, ու ինքը պետք է իր տեղում լինի, իսկ եթե դիցուք պետք է իրեն հրավիրեին չափ տալու, բայց չգիտես ինչու, սովորականի պես չեն հրավիրում, ինքը չպե՞տք է դուրս գաՙ իմանալու հրավերն ուշացնելու պատճառը: Կամ եթե դուրս է եկել ու տեսել, որ երաժիշտների մեջ ներկայացումն սկսել-չսկսելու տրամադրություններ կան, դիրիժորը չէ՞ր կարող ցրել այդ մթնոլորտը, բոլորին իրար գլխի հավաքել ու հանդիսատեսի հանդեպ հարգանքից ու պատասխանատվությունից ելնելովՙ սկսել ներկայացումըՙ բոլոր հարցերն ու խնդիրները երկու ժամով հետաձգելով: Կամՙ կարող էր, չէ՞, նույն դիրիժորը տիրող իրավիճակի մասին թեկուզ հեռախոսով տեղեկացնել թատրոնի ղեկավարությանը, եւ թող որ այս ամենը կարգավորելուց հետո «Գայանեն» սկսվեր քիչ ուշացումով: Մենք ներկայացումներ ու համերգներ ենք տեսել, որ ժամը 19-ի փոխարեն սկսվել են ժամը 20-ին: Բայց այս պարագայում ոչինչ չի արվել ներկայացումը փրկելու, հանդիսատեսին չարհամարհելու եւ ծագած խնդիրը (որն անգամ մեկ շաբաթ անց դեռ պարզված չէ) երկու ժամով հետաձգելու համար: Նշանակում էՙ ինչ-որ մեկը հատուկ նպատակադրվել էր նվագախմբին ու «Գայանեի» տապալումը ծառայեցնել իր նպատակներին: Պաշտոնական պարզաբանումներ ոչ մեկի կողմից չեն հնչել: Արմեն Ամիրյանը գրավոր պարզաբանում է պահանջել ու խոստացել, որ մեղավորները կպատժվեն խստորեն, բայց եթե մեղավորները չեն պարզվել ու ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, ուրեմն պատժվելու է մի ամբողջ նվագախո՞ւմբ, 80-90 հոգի՞: Եվ իսկապես, երաժիշտներն ամեն պահի սպասում են այդ խիստ պատժին: Նրանք խուսափում են հարցազրույցներից, բայց մախաթը քթոցում չես թաքցնի: Ի վերջո, այս թատրոնում 500-ից ավելի մարդ է աշխատում: Մեծ կոլեկտիվ է, կարծիքները բազմազան են, բոյկոտի նախապատմությունն ու պատճառներն էլ որքան էլ թաքնված ու ընդհատակյա լինեն, օղակ-օղակ ագուցվում են իրար:

Առաջին օղակ. դիրիժոր Աթանես Առաքելյանը օպերային թատրոնի նախկին փոխտնօրեններից մեկիՙ Հրաչյա Գրիգորյանի կնոջ քրոջ ամուսինն է: Հրաչյա Գրիգորյանի որդին ու կինն էլ նվագախմբի երաժիշտներից են, իսկ Հրաչյա Գրիգորյանը մեկն է այն երեք փոխտնօրեններից, որոնց կրճատել են, ազատել պաշտոնից:

Երկրորդ օղակ. թատրոնի ստեղծագործական կազմը, հատկապես երաժիշտները սեր ու հարգանք են տածում իրենց ղեկավարիՙ Կոնստանտին Օրբելյանի նկատմաբ: Բայց ստացվեց այնպես, որ ինչ-որ մեկի «թեթեւ» ձեռքով սիրված ու հարգված մաեստրոյի ոտքի տակ օճառ դրվեց. «Գայանեի» տապալման պատճառով առաջին հերթին ամոթալի վիճակում է հայտնվում մաեստրո Օրբելյանը, որին Երեւան էին հրավիրել օպերային թատրոնը ոտքի հանելու, խաղացանկ թարմացնելու, նոր շունչ հաղորդելու համար: Բայց արի ու տես, որ նրա պաշտոնավարումից ընդամենն ամիսներ անց ներքին խարդավանքն ու ինչ-որ մեկի անձնական քմահաճույքը հաղթում են մաեստրոյի հեղինակությանը, ավելի ճիշտՙ արհամարհում են յուրաքանչյուր անուն ու հեղինակություն, նաեւ տոմս գնած ու թատրոն եկած մի քանի հարյուր հանդիսատեսի:

Նվագախմբի երաժիշտների պայմանագրերի ժամկետները լրանում են հենց այս ամսին: Իհարկե, երաժիշտներն այս հանգամանքից դրդվածՙ դժվար թե բոյկոտ նախաձեռնեին: Ուսյալ ու կրթյալ մարդիկ են, մի՞թե չէին հասկանում, որ այդ քայլով իրենք իրենց են վնասում: Ատեստավորումից ու պայմանագրի վերջնաժամկետից առաջ ո՞ր մի խելքը գլխին երաժիշտը սեփական կամքով իրեն «կորակազրկեր»:

Նվագախմբի երաժիշտները բացեիբաց բացատրություններ չեն տալիս. իրավիճակը լարված ու պայթյունավտանգ է: Բայց այդ երեկոն նկարագրում են այսպես. «Այդպես էլ չիմացանքՙ ինչ եղավ, ինչպես եղավ: «Գայանեն» չնվագելու ոչ մի միասնական որոշում, վճիռ չի եղել նվագախմբի կողմից, անգամ երաժիշտներն առանձին-առանձին չեն խոսել դրա մասին: Համերգից առաջ բոյկոտի, բողոքի նշաններ ցույց չենք տվել: Սովորականի պես եկել էինք աշխատանքի, բայց ով մտահղացավ չնվագելու գաղափարը եւ ինչ նպատակով, 80-90 հոգի ենք, չհասկացվեց ու չպարզվեց: Բայց մի բան հստակ էՙ նվագախումբը նման նպատակ չի ունեցել: Մեզ տեղեկություններ հասան, որ բալետն է որոշել բեմ դուրս չգալ: Բայց հետո լսեցինք Վիլեն Գալստյանի հարցազրույցը, թե իրենք կապ չունեն այդ ամենի հետ ու կազմ-պատրաստ սպասել են վարագույրի բացվելուն: Բոլոր կողմերից հնչող մեղադրանքները միայն ու միայն նվագախմբի հասցեին են: Անմեղ մեղավորներ ենք»:

Անկրակ ծուխ չի լինում. դարձյալ շրջանառվում է Սմբատյանների անունը: Երրոդ օղակ. երիտասարդական նվագախումբը օպերայում գործի տեղավորելու մասին խոսակցություններ են պտտվում: Օպերայի երաժիշտներն էլ մտավախություն ունեն, որ նոր պայմանագրերն այլեւս իրենց հետ չեն կնքվի: Իսկ «Գայանեի» տապալման կուժն ու կուլան հենց այս երաժիշտների գլխին էլ ջարդեցին: Ի՞նչ պղտոր ջրեր են հոսում, ո՞վ կամ ովքե՞ր են ուզում պղտոր ջրում ձուկ որսալ, ո՞վ կամ ովքե՞ր են ուզում ուրիշի ձեռքով կրակի միջից տաք շագանակներ հանել, շատերին կարող է եւ չհետաքրքրել. քննադատության արժանի մի տեղեկատվություն է պտտվում միայն. օպերայի նվագախումբը հունիսի 8-ի ներկայացումը չի նվագել եւ վերջ: Այս խարանը դրված է արդեն: Հեռակառավարման վահանակի սկզբունքով ներքին խժդժությունները, անառողջ մթնոլորտը, հրահրումներն անտեսանելիորեն կառավարվում են այս թատրոնում: Ինչպես միշտ, հիմքում աձնական շահերի բախումն է, ցավոք, այս անգամ էլ պատճառները վեհ ու անանձնական չեն, առավել եւս չեն ծառայում բարձր արվեստին ու մշակույթին, չեն ծառայում մեր պետության գլխավոր թատրոնի առողջացմանն ու զարգացմանը: Կոնստանտին Օրբելյանին չէ, Մեծ թատրոնից ու Լա Սկալայից էլ մեծամեծ վարպետների բերենք, ոչինչ չի փոխվի, քանի դեռ պետական ու ազգային շահերի հաշվին պատերազմներ են մղվում անձնական զոնաների համար:

Քավության նոխա՛զ նվագախումբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.