AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 23-06-2017



MELOMAN

Տեղադրվել է` 2017-06-22 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2907, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԵՐԳ ԳՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ. ՀԱՄԵ՞ՐԳ, ԹԵ՞ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի ընթերցող, «ԱԶԳ»-ը սկսում է մի նոր հոդվածաշարՙ Համերգ գնալու արվեստը, որի շրջանակներում կներկայացնենք կենդանի համերգների եւ ձայնագրությունների ընկալման տարբերություններն ու նմանությունները, կանդրադառնանք համերգային դահլիճների կառուցվածքին ու հարմարավետությանը, կքննարկենք այն փոքրիկ «ծեսերը», որ ընկերակցում են համերգներին, կմտնենք ետնաբեմՙ հայացք ձգելով կատարող երաժշտի առօրյային, կխոսենք համերգի ընթացքում հանդիսատեսի պահելաձեւի կանոններին, համերգն արտացոլող ու քննարկող հոդվածներին, նաեւ շատ, շատ այլ բաների մասին, որոնք սերտորեն կապված են «համերգ» կոչվող հրաշքի հետՙ ընդհանրապես: Շարքը կվարի երաժշտագետ ՄԱՐԻՆԵ ԿԱՐՈՅԱՆԸ:

Հաճելի ընթերցանություն ենք մաղթում:


Սիրում եմ այն թեթեւ հուզմունքը, որ ընկերակցում է համերգ գնալու փորձառությանըՙ սկսած այն պահից, երբ ժամանում ես համերգի վայրն ու միանում մարդկանց նախամուտքի մոտ, հետո նաեւ դահլիճի նախասրահում, երբ օդում զգացվում է մոտալուտ սպասելիքների խժդժոցն ու նաեւ այն բոլոր փոքրիկ «ծեսերը», որ ընկերակցում են այդ գործընթացին - հանդիպում ընկերների հետ, արդեն վաղուց ծանոթ դարձած դռների մոտ կանգնող նվիրյալ կանանց հետ ողջույնների փոխանակում, որի ընթացքում նրանք հաճույքով հրամցնում են համերգային ծրագրի գրքույկը, նստելատեղերի «հայտնաբերում», կատարողի կամ համերգային ծրագրի քննարկում, գործիքները լարելու եւ փորձարկելու խժալուր, աններդաշնակ, բայց հաճելի աղմուկ... Հետո լույսերը հանգում են, ու կենդանի կատարման հրաշք «արկածը» սկսվում է: Յուրաքանչյուր կատարում եզակի է, եւ սա պատճառներից մեկն է, որ այդչափ յուրահատուկ է դարձնում կենդանի երաժշտություն ունկնդրելու փորձառությունը:

Երբեմն համերգից հետո, սակայն, մարդիկ նշում են, որ այդ կատարումը «նման չէր խտասկավառակի կատարմանը»: Այսպիսի մեկնաբանությունները սովորաբար մի փոքր հիասթափության մասնիկ են պարունակումՙ տեղիք տալով այն ենթադրությանը, որ ունկնդիրը համերգային կատարումից սպասում է նույնական կատարում, ինչպիսին ինքը լսում է իր տանը, բազմոցին նստած: Սա ունկնդրի այն տեսակն է, որը երաժշտության ունկնդրումը կապում է հանգստի, միայնության, տնային պայմանների եւ բարձր որակի տեխնիկական միջոցների հետ:

Քսաներորդ դարաշեմին, երբ ձայնագրությունների քանակը սակավաթիվ էր, համերգ գնալու պրակտիկան դիտվում էր որպես հասարակության համեմատաբար փոքր, կրթված հատվածի արտոնություն: Ձայնագրությունների քչաքանակ կամ իսպառ բացակայության պայմաններում երաժիշտ կատարողների կարիերայի առաջխաղացման կամ ապրուստը հոգալու գրեթե միակ ձեւը կենդանի համերգային կատարումն էր:

Արդեն դարակեսերին ձայնագրման տեխնոլոգիական աճը առանձին կատարողների եւ նվագախմբերի թույլ էր տալիս ունենալ ձայնագրություններ, որոնք գրեթե համերգային դահլիճի կատարման որակի էին: Դրան զուգահեռ, արդեն պահանջ էր դրված խմբագրել ու «մաքրել» կենդանի կատարումներըՙ սկավառակին հանձնելուց առաջ:

Բարձորակ ձայնագրությունների բազմացման, ինչպես նաեւ դրանք ձեռք բերելու դյուրինության հետ միասին, կատարողները, համույթներն ու նվագախմբերը հրաժարվեցին «չմիջամտելու» քաղաքականությունից, եւ սկսեցին ակտիվորեն գովազդել իրենց «ապրանքը»ՙ արձագանքներ եւ շահույթ ստանալու նպատակով: Տարբեր ձայնագրությունների համեմատման արդյունքում կարծիքներ էին ձեւավորվում, որոնք որոշակի կատարումներ պիտակավորում էին որպես չափանիշային:

Ձայնի եւ կատարման այսպիսի ստանդարտացումը հանգեցրեց այն իրավիճակին, որ ունկնդիրը բավական բարձր պահանջներ սկսեց կիրառել: Կատարողները ստիպված էին օգտագործել ավելի հագեցած տեխնիկական միջոցներ, միջամտել կատարման մաքրությանն ու արտահայտչականությանը, ինչը բացառվում էր դարասկզբի ձայնագրություններում:

Սա, իհարկե, բոլորովին էլ վատ բան չէ, եւ յուրաքանչյուր երեկո, աշխարհի յուրաքանչյուր համերգասրահում ունկնդրվող երաժշտությունը արդեն վաղուց ստեղծված ու նորովի թարմացվող չափանիշների արդյունք է: Այդպիսի բարձր չափանիշների են սպասում նաեւ ձայնագրությունների սպառողները:

Սակայն այս միտումը նաեւ հանգեցնում է նրան, որ համերգային լսարանի որոշակի հատված ակնկալում է կենդանի կատարմամբ լսել ճիշտ այն մեկնաբանությունը, որ ինքը հավանել է, ձեռք բերել եւ պարբերաբար լսում է: Մի բան, որ իրավամբ հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ երբեք հնարավոր չէ միեւնույն ստեղծագործությունը երկու անգամ կատարել միեւնույն ձեւով (նույնիսկ եթե կատարողը նույն անձնավորությունն է կամ միեւնույն նվագախումբը):

Ավելին, կենդանի կատարումներն ու ձայնագրությունները իրավամբ դիտվում են որպես իրարից շատ տարբերվող բաներ: Շատ դասական երաժիշտներ առանձնապես լավ չեն զգում նույնիսկ ամենահագեցած ձայնագրման ստուդիայում: Նրանց կարծիքով, ձայնագրման ստուդիան սահմանափակում է այն ինքնաբուխ, հանկարծակի առկայծումներն ու դրսեւորումները, որոնք ունկնդրի ներկայության արդյունք են: Հետաքրքրական է, որ, չնայած ձայնագրման «անվտանգությանը» (սխալների հետագա մաքրման հետ կապված), այդպիսի կատարողները գտնում են, որ ձայնագրման գործընթացը շատ ավելի նյարդային է, քան կենդանի, համերգային կատարումը: Այս պնդման հետ, իհարկե, դժվար թե համաձայներ Գլեն Գուլդը , որը 22 տարեկանից սկսած դադարեցրեց իր կենդանի ելույթներըՙ հավաստիացնելով, որ ինքնարտահայտման այդ ձեւը ամենալավն է ծառայում իր կատարումներին: Այժմ, ձայնի հետ անսահմանափակ աշխատող ժամանակակից տեխնոլոգիաները առավել եւս ի վիճակի են արտադրել հիպեր-ձայնագրություններ, մի բան, որ կարծում եմ շատ կհավաներ Գլեն Գուլդը:

Տեխնոլոգիական առաջընթացի մեկ այլ առավելություն.«YouTube»-ի եւ համացանցային այլ երաժշտական ծառայությունների հետզհետե աճող ժողովրդականությունը եւ դրանցից օգտվելու դյուրինությունը հնարավորություն է ընձեռում լսելի դարձնել այնպիսի ձայնագրություններ, ինչպիսիք են, օրինակ, Դեբյուսիի, Ռավելի, Սկրյաբինի, Ռախմանինովի եւ , նույնիսկ Բրամսի ստեղծագործություններըՙ հեղինակների կատարմամբ (բնականաբար առանց «մաքրման» տեխնոլոգիաների): Հրաշք չէ՞ սա արդյոք:

Հրաշք է, բայց անցնենք այժմ ունկնդրի մյուս տեսակին, նրան, ով գերադասում է գալ համերգասրահ եւ ունկնդրել կենդանի երաժշտություն:

«Ձայնագրության պարադոքսն այն է, որ այն կարող է ընդմիշտ պահպանել անհետացող պահի ձայնը, բայց երբեք մարդկային այն կայծը, որ ստեղծել է այն» (Ալեքս Ռոսս - երաժշտության քննադատ) :

Անցյալ տասնօրյակի ընթացքում ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել մի արտառոց համերգի.Ավիշայի Քոհենն էրՙ ջազի մի գուրու, որ ստեղծագործում է երազի ու իմպրովիզացիայի արանքում, երբ չես հասցնում տեղափոխվել մի գալակտիկայից մյուսը: Ունկնդիրը անմիջապես արձագանքում էր երաժշտի (եւ նրա գործընկերների) յուրաքանչյուր քիչ թե շատ յուրահատուկ երաժշտական միջամտությանը: Մտովի համեմատում էի դասական երաժշտության որեւէ հաջողված համերգի զգացողության հետ: Արդեն հասկանալի է, որ իրարից բավական տարբերվող համերգների մասին եմ խոսումՙ թե՛ նյութի եւ թե՛ հանդիսատեսի առումով: Բայց մի կարեւոր բան է կատարվում երկուսի ընթացքում էլ, ինչը մոտեցրեց դրանք իրար: Երկուսի ընթացքում էլ հանդիսատեսի մոտ առկա էր միասնական վայելքի մի շատ շոշափելի զգացում, որ տարածում էր ընդհանրության ու մերձեցման մի անորսալի բույր...

Ինչն ինձ մտածելու առիթ տվեց:

Արդյո՞ք կենդանի համերգները միայն «զվարճության ու հաճույքի» աղբյուր են, թե՞ դրանք նաեւ այլ, ավելի լուրջ նպատակի կամ նպատակների են ծառայում:

(Այստեղ ես չեմ ուզում աչքաթող անել նույնիսկ այն համերգները, որոնց գլխավոր հերոսները այնպիսի անհատներ են, որոնցից մեկը, օրինակ, վերջերս մեր պետության առաջին դեմքի կողմից ստացավ բազմիցս պատվազրկված «վաստակավոր» կոչումը: Քավ լիցի: Այդպիսի համերգները անհամեմատ ավելի լայն լսարան ունեն):

Ուրեմն ի՞նչ տեսակի հաճույքի կամ զվարճանքի մասին է խոսքը: Անշուշտ, զվարճանալու զգացումը մենք սովորաբար կապում ենք հումորի ու ծիծաղի հետ: Սակայն կարող ենք նաեւ ասել, որ զվարճանալը ժամանցի մի ձեւ է, որ կապվում է որեւէ ակտիվության հետ (մարմնի, մտքի), որի վերջնական արդյունքը հաճույքն է:

Անշուշտ որեւէ հաջողված համերգ հսկայական հաճույք կարող է պարգեւել իր ունկնդրին: Ավելին, շատերի համար այդ համերգները հրաշալի միջոց են առօրյայից փախչելու ու իրենց պատկերացումներում կորչելու համար: (Ես, անշուշտ, կառանձնացնեի մասնագետ երաժիշտներին, որոնց համար հաճույքը բազմապատկվում կամ, ընդհակառակը, պակասում էՙ ելնելով մասնագիտական գիտելիքներից եւ նախասիրություններից):

Եթե մեկ քայլ էլ անենք, ապա պիտի ասենք, որ երբեմն կենդանի համերգը կարող է նույնիսկ տրանսցենդենտալ, գրեթե կրոնական փորձառության աղբյուր դառնալՙ նույնիսկ ոչ-կրոնասեր ունկնդրի համար:

Անհիշելի ժամանակներից մարդիկ միավորվել են որպեսզի միասին ստեղծեն կամ լսեն երաժշտություն: Ընդհանրության, միասնական պատկանելիության, ընդհանուր փորձառության զգացումները այսօր էլ շարունակում են մնալ շատ կարեւոր: Հաճախ կենդանի համերգի ժամանակ կատարողի, երաժշտության ու ունկնդրի միջեւ միասնականության մի զգացում է առաջանում, ինչը վարակիչ է ու կլանող: Բարձրօրակ համերգի ընթացքում (եւ դա կախված չէ համերգի ժանրիցՙ դասական, ջազ, ռոք...) կարելի է տեսնել կլանված ու խորասուզված դեմքեր, որոնք ամբողջությամբ ներքաշված են առկա ձայնային տրամաբանության հոսանքի մեջ: Հենց այս զգացողության ակնկալիքն է նորից ու նորից ունկնդրին բերում համերգային դահլիճ:

Կենդանի երաժշտությունն, իրոք, շատ տպավորիչ կարող է լինել: Հիացմունքի, հուզմունքի, երբեմն նաեւ հանպատրաստի ռիսկի զգացումների միախառնումը այն է, ինչը կենդանի համերգը դարձնում է այդչափ ազդեցիկ, եւ ինչը հազվադեպ է պատահում ձայնագրված երաժշտություն լսելիս: Կոմպոզիտոր Հելմուտ Լախենմանը մեկ առիթով կենդանի համերգների մասին ասել է.«Որոշ մարդիկ նետվում են բարձունքից կամ բարձրանում լեռըՙ որեւէ էքզիստենցիալ փորձ, արկած ունենալու ակնկալիքով: Համերգային դահլիճում մարդիկ նույնատեսակ փորձառություն պիտի ունենան»:

Իսկապես, երբ երաժշտության կատարումը առավելապես ուղղված է դեպի օբյեկտիվի ներկայացումը (ավելի, քան սեփական էգոյի ցուցադրությանը), եւ որի արդյունքում ունկնդրի մոտ առաջանում է նման ինքնաբացահայտման փորձառություն, նա մեծ խանդավառությամբ է արտահայտում իր երախտիքը կատարողի հանդեպՙ այդպիսով համերգը դարձնելով համատեղ ապրված մի տարածք:

Կենդանի համերգն ավելին է, քան սոսկ երաժշտություն լսելը: Դուք զգում եք երաժշտությունը: Դուք դառնում եք երաժշտություն: Դուք հենց երաժշտությունն եք: Ձայնային համադրություն/մտքերը անմիջապես տպավորվում ենՙ առաջացնելով զգացմունքներ, որոնց գոյության մասին ինքներդ չգիտեիք:

Դուք նայում եք ժամացույցին ու հասկանում, որ երեկոն մոտենում է ավարտին, եւ ձեր սիրտը սկսում է սուզվել: Կարճ ժամանակից հետո ամեն ինչ կվերջանա: Նայելով ձեր շուրջը, դուք տեսնում եք, որ շրջապատված եք ձեզ նման մարդկանցով, որոնք նույնպես արբել են այդ փորձառությամբ: Երբեք չսխալվեք. դուք այսօր երկրպագու չէիք, այլ շատ ավելին: Դուք կատարողն էիք, ունկնդիրը, նրա կիրքը, նրա շրջապատը... Այժմ դուք շատ-շատ ավելին եք...

Ձայնագրությու՞ն, թե՞ կենդանի կատարում: Թերեւս թե՛ մեկը, եւ թե՛ մյուսը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 23-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.