AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 21:50:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 4035, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈԵՏԻԿ ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸ

Նաիր ՅԱՆ

Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին

«Աշխարհը կփրկի ոչ թե գեղեցկությունը, այլ բարությունը»,- կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի խոսքերն են: Նա ինքն էլ իր ֆիլմերում կարմիր գծի նման տանում էր բարության թեման: Կինոյի աշխարհ մտնելով նախորդ դարի 60-ականներիցՙ Ռուբեն Գեւորգյանցը մեր վավերագրության մեջ նոր մտածողություն, ձեռագիր ու ասելիք բերեց: Ամենակարեւոր առանցքը մարդն էրՙ պարզ, շարքային մարդը, որի նկատմամաբ վավերագրողի վերաբերմունքը բացառիկ էր: Մարդը Ռուբեն Գեւրոգյանցի ֆիլմերում ամենազորեղն է, ամենայուրօրինակն ու ամենահետաքրքրականը, որն ընդունակ է իր ներաշխարհով ու մտածողությամբ փոխել հասարակությանը, հեղաշրջել աշխարհն ու ջարդել կարծրատիպերը: Ռուբեն Գեւրոգյանցն ինքը մեր վավերագրության մեջ ջարդեց կարծրատիպերըՙ հրաժարվելով կյանքն արձանագրելու պաթետիկ, իրականությունից կտրված, սարքովի մոտեցումներից: Ռուբեն Գեւորգյանցը հայ կինո բերեց պոետիկ վավերագրությունը: Նրա նկարածը զուտ փաստ ու արձանագրություն չէր, այլ գեղարվեստական շնչով պարուրված պատկերներ, որտեղ զգացմունքը, հույզը, ջիղը, զարկերակը տրոփում են համատեղ ու զուգընթացՙ կինոպատումը դարձնելով կենդանի պատմություն: Այնտեղ հաճախ բառերը բացակայում են, որովհետեւ դրանց կարիքը չկա:

1980 թվականին Ռուբեն Գեւորգյանցը նկարահանեց «Բարի հետք» տասը րոպեանոց ֆիլմը մի պապիկի մասին, որը քաղաքի ավտոտնակների երկաթե գորշ ու անհրապույր դռների վրա նկարում էր գունեղ, դրախտային պատկերներ: Ֆիլմի սկզբնական կադրերում ռեժիսորը ցույց է տալիս ավտոմեքենան ու ավտոտնակն առօրյայի անբաժան մաս դարձրած, կյանքի միայն երեւացող, նյութականացած երեսը տեսնող կերպարների: Նրանք ավտոտնակներից հռնդյունով ու դռդռացնելով հանում են ավտոմեքենաները, հետո տասը կողպեքով փակում դռներն ու գնում: Երբ շուրջբոլորը խաղաղվում է, ավտոտնակների աշխարհ մուտք է գործում արվեստը: Երանգապնակն ուսից կախՙ գալիս է նկարիչ պապիկն, ու ավտոտնակների մոխրագույն դռներին հայտնվում են երփնագույն գեղանկարներըՙ ասես լուսե պատուհաններ նյութական աշխարհից դեպի արվեստի ուղեծիր: Բայց մարդիկ երեկոյան վերադառնում են ու բարկացած, հերսոտածՙ ոչնչացնում գույների աշխարհը, նույն մոխրագույնով ու գորշագույնով ծածկում նկարիչ պապիկի գունեղ աշխարհըՙ պատկերված ավտոտնակների անհրապույր, միագույն ու միօրինակ դռներին:

Մոտ քառասուն տարի է անցել այս ֆիլմից. մեր քաղաքում ու մեր շուրջը դարձյալ նույն մոխրագույն ավտոտնոկներն են, որ պահում-պաշտպանում են մարդկանց կյանքի անբաժան բաղկացուցիչը դարձած ավտոմեքենաները: Միգուցե այսօր էլ կա կռացած մեջքով, ազնվական դեմքով, լայնեզր գլխարկով ու հնամաշ վերարկուով նկարիչ պապիկը, որ ավտոտնակների միջավայրը մի քանի ժամով դարձնում է պատկերասրահ: Ոչ թե միգուցե, այլ հաստատ կան արվեստագետի էությամբ պապիկներ, որոնք աշխարհն այլ գույներով ու իմաստով են տեսնում, ամեն գորշ բան դարձնում գունեղ, հեքիաթային ու իրենց գոյությամբ ու էությամբ աշխարհը բարի, գեղեցիկ դարձնում: Հենց նրանց մասին է Ռուբեն Գեւորգյանցի «Բարի հետքը» ֆիլմը, որը բոլոր ժամանակների համար է: Նրա հավերժականությունն ապացույցների կարիք չունի, քանի որ իրենց մեջ արվեստ կրող ու արվեստն արհամարհողներ միշտ են լինելու: «Բարի հետքը» նկարահանումից մեկ տարի անց Ռուբեն Գեւորգյանցին Օբերհաուզենի փառատոնից գլխավոր մրցանակ բերեց:

Մրցանակներ, կոչումներ երեւույթը Ռուբեն Գեւորգյանցն այդպես էլ չընդունեց: ՀՀ ժողովրդական արտիստի կոչում ուներ, երեսունից ավելի մրցանակներ, բայց երբեք չկարեւորեց դրանք իր կյանքում: Նրա համար ամենակարեւորը ձեռքը կյանքի զարկերակի վրա պահելն էր: Հաճախ էր նախագծեր անցկացնում հատուկ երիտասարդների համար: Տարիներ առաջ նախաձեռնեց «Ես եմ» կինոփառատոնը, որտեղ իրենց առաջին ֆիլմերով հանդես եկան երիտասարդ կինոռեժիսորները: Նեղվում էր, որ փառատոնի բյուջեն սուղ է, որ հնարավորություն չունի մեծ գումարներով մրցանակային ֆոնդ կազմել ու խրախուսել շնորհալիներին: Բայց «Ես եմ»-ի հարթակում առաջին անգամ հնչած անունները հետագայում ավելի մեծ քայլեր արեցին կինոյում. անժխտելի է, որ նրանց հենց Ռուբեն Գեւորգյանցը բացահայտեց:

Քիչ է ասել, թե նրան ամբողջ Երեւանն էր ճանաչում. նրան գիտեն նաեւ արտերկրում: Շատերի հետ է համագործակցել. բոլորի պոտենցիալն օգտագործելու, ինքնադրսեւորման հնարավորություն տալու մղումներ ուներ: Դա է պատճառը, որ Երեւանի կեսը նրա ընկերներն ու մտերիմներն են, որոնց համար Ռուբեն Գեւորգյանցի կորուստը մեծ ցավ է մեր կինոաշխարհի եւ առհասարակ մեր մշակույթի ու երկրի համար:

Ռուբեն Գեւրգյանցիՙ Փարաջանովին նվիրված երկու ֆիլմերը դասական վավերագրություն են: Նույն պոետիկ մոտեցմամբ ու գեղարվեստական շնչով նա ներկայացրել է փարաջանովյան աշխարհըՙ մերկ անկեղծությամբ ու անմիջականությամբ, ցույց է տվել նրա կյանքի ողբերգությունը, բայց ոչ թե փաստագրական կադրերով, այլ մեծ արվեստագետի մեկ-երկու օրը նկարահանելով: Փարաջանովը նոր է բանտից վերադարձել. հարեւաններն ու մտերիմները նրան դիմավորում են: Փարաջանովը դեմքն է տրորում, մի փունջ կանաչի է ուտում, նուռը ծակում է ու հյութը խմում: Մյուս ֆիլմում Փարաջանովը վերջին կոլաժն է պատրաստում. մեր աչքի առաջ մաս առ մաս, բեկոր առ բեկոր հավաքվում-ամբողջանում է Փարաջանովի ձեռքով: Հաջորդ ֆիլմում Ռուբեն Գեւորգյանցը որդուՙ Վահե Գեւորգյանցի հետ փորձել է բացահայտել կանանց աշխարհը: Նկարահանման է կանչել մոտ երկու հարյուր կանանց ու աղջիկների ու առանց զգուշացնելու, թաքնված տեսախցիկով նկարել իրենց հերթին սպասող կանանց: «Կանանց մոլորակը» ֆիլմը պատմությունների, կանացի մտքերի, դատողությունների խճանկար է, որի միջով կարմի գծի նման անցնում է հիմնական պատմությունը ճակատագրական մի դիպվածի մասին: Հերոսուհին կին էՙ գեղեցիկ, հմայիչ ու յուրովի դժբախտ:

Ռուբեն Գեւորգյանցը հասցրեց նկարահանել նաեւ «Հրաշագործի աշունը» ֆիլմը Տոնինո Գուրեայի մասին: Մաեստրոն տեսել էր նրա «Փարաջանով.վերջին կոլաժը» ֆիլմը, հավանել ու առաջարկել իր մասին էլ ֆիլմ նկարահանել, բայց զգուշացրել էր. «Նկատի ունեցիր, որ իմ կյանքում ողբերգական, բեկումնային, բուռն ու հակասական իրադարձություններով լի ժամանակներ չեն եղել. մի խոսքով, այնքան էլ հետաքրքրական կյանքով չեմ ապրել»: Ռուբեն Գեւորգյանցը որդու հետ հյուրընկալվել էր Տոնինո Գուերայի տանը, մեկ շաբաթ ապրել այնտեղ ու բացահայտել հրաշագործին: Դա մաեստրոյի մասին վերջին ֆիլմն էր. կարճ ժամանակ անց նա մահացավ, բայց հասցրեց սիրել Հայաստանը, հայերին ու կինոյի հայկական մտածողությունը:

Ռուբեն Գեւրոգյանցն ամենուր էր. նրա հետաքրքրությունների շրջանակը լայն էր ու բազմաշերտ: Ուզում էր ամեն ինչ հասցնել, օրվա յուրաքանչյուր պահն իմաստալից, արդյունավետ ապրել: Վատառողջ էր, վիրահատություն էր տարել, բայց «Ոնց ես, Ռուբ ջան» հարցին ժպիտով, կենսուրախ պատասխանում էրՙ շատ լավ: Ուզում էր, որ բոլոր շնորհքով մարդիկ աշխատելու, ինքնադրսեւրովելու հնարավորություն ունենան, ուզում էր երիտասարդները կինոխցիկն ուսներին շրջեն մեր գյուղերով ու ամենասիրուն, ամենախորհրդավոր վավերագրություններն անեն: Ազգայնական էր ու չէր թաքցնում. «Նա, ով դեմ է խոսում ու գործում հայերին, չի ուզում, որ մեր ազգը զարգանա, աճի, ստեղծագործի, ճանաչվի, ես նրան կտրականապես չեմ ընդունում ու վերջ. ով ուզում է լինի»:

Կինոռեժիսորը մահից առաջ հորդորել էրՙ իրեն ծաղիկ ու ծաղկեպսակ չբերել, այդ գումարը փոխանցել ապրիլյան քառօրյայում զոհված մեր տղաների ընտանիքներին: Որդիները կառավարական հանձնաժողովի կողմից հուղարկավարության համար հատկացված 1. 700.000 դրամը փոխանցել են նույն հաշվեհամարին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.