AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017



ԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2017-07-06 21:43:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 3757, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԱՅՆԱՅԻՆ ԿԱՏԱՐՍԻՍ. ԱՐԿԱԴԻ ՎՈԼՈԴՈՍԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մարինե ԿԱՐՈՅԱՆ, Երաժշտագետ

Երբեմն նստած ես համերգասրահում ու մտածում ես, թե արդյոք ի՞նչ լավ արարքներ ես գործել, որ Արարիչը կամեցել է, որ այդ պահին այդտեղ լինես: Այդպիսին էր «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի վերջին նվերը մեզ: Դաշնակահար Արկադի Վոլոդոսի մենահամերգը Երեւանումՙ ամեն մի արհեստականությունից ու արտաքին ձեւավորումներից իսպառ զուրկ, «մաքուր» երաժշտության մի երեկո էր, որ որեւէ լուրջ երաժշտասերի երազանքը կարող է լինել միայն:

Աշխարհում բարձորակ դաշնակահարներ շատ կան, բայց Արկադի Վոլոդոսը մեկն է այն քիչ յուրահատուկներից, որոնք որակական փոփոխությունների են բերում երաժշտական ճաշակը: 45-ամյա դաշնակահարը, որ առաջին անգամն էր մենահամերգով հանդես գալիս Հայաստանում, հավասարապես տիրապետում է ձայնի ջերմ արտահայտչականությանն ու շլացնող վիրտուոզությանը: Նա համադրում է ստեղնաշարային «ատլետիզմն» ու երաժշտական մտավոր նախանձելի կարողությունըՙ լիրիկական զգայության հետ: Մի կողմից նա վիրտուոզ դաշնակահար է, որ իր աներեւակայելի բարդ փոխադրումների կատարումով գլխապտույտ է առաջացնում ունկնդրի մոտ, մյուս կողմից նրա կատարումից երբեմն այնպիսի հանգստություն է բուրում, որ կարծես ստիպում է աշխարհին մի պահ անշարժանալ: Բայց Վոլոդոսի կատարման հիմնական առանձնահատկությունը նրա մեկնաբանությունների հմայքն է, որ առանձնացնում է դաշնակահարին իր մյուս շատ ու շատ կոլեգաներից: Դա էր նաեւ երեւանյան համերգի ոգեշնչող էության կորիզը:

Երեւանում հյուրախաղերով հանդես եկող օտար երաժիշտները (նաեւ նվագախմբերը) հաճախ հանդես են գալիս բավական «սպառողական» (ռուսերենՙ ՔՌՐտՏՑՐպո), մատչելի, հասկանալի, հազար անգամ ծեծված ստեղծագործություններից կազմված համերգային ծրագրերով: Ամենայն հավանականությամբ, ինչ-ինչ պատճառներով նրանք կարծում են, որ մոլորակի այս հատվածում այդ պոպ-դասականից բացի ոչինչ չեն հասկանա: Իսկ դա, անկեղծ ասած, իսկապես հետաքրքրական չէ:

Նաեւ այդ էր պատճառը, որ երախտապարտ էի Վոլոդոսինՙ երեւանյան երաժշտասերի նկատմամբ հարգանք դրսեւորելու համար: Նրա համերգային ծրագիրը մանրամասնորեն մտածված, նրբագեղ ու խորիմաստ էրՙ ներառելով Ռ. Շումանի «Թիթեռնիկներ»-ը, երկ 2, Յ. Բրամսի «Երեք ինտերմեցցո»-ն, երկ 117 եւ Ֆ.Շուբերտի Դաշնամուրային թիվ 20 սոնատը, D 959:

Ծրագրի հենց սկզբից Կլարա Շումանի (Ռոբերտ Շումանի կնոջ եւ Յոհաննես Բրամսի մուսայի) ոգու ներկայությունը ակնհայտ էր, որ կապակցում էր երեք ստեղծագործություն եւ ավելի քան հինգ տասնամյակ:

Կասկած չկա. Վոլոդոսն հատուկ օժտվածություն ունի երաժշտության միջոցով պատմություն պատմելու, եւ այդ տաղանդը նա օգտագործում է յուրաքանչյուր ստեղծագործության մեջՙ անկախ այն բանից, թե այնտեղ ինչ-որ «կից» պատմություն կա, թե՞ ոչ: Վոլոդոսն իր ունկնդրին ուղեկցում է դեպի հստակ գրական վայրՙ ոչ թե մերկ բովանդակությունն իմանալու, այլ մի վառ նկարագրային վիճակի մեջ հայտնվելու, որտեղից նա ինքը կգծի իր երեւակայության քարտեզը:

Ռոբերտ Շումանի «Թիթեռնիկներ»-ը գերմանացի ռոմանտիկ գրող Ժան Պոլի «Flegeljahre» նովելի տպավորությամբ գրված դաշնամուրային ցիկլ էՙ միստիֆիկացիա թե՛ ստեղծագործության վերնագրում եւ թե՛ ծրագում: Իր նամակներից մեկում Շումանը փորձում է պարզաբանում մտցնել իր ընդհանուր մտահղացման մեջՙ գրելով.«Կարող եք պատկերացնել, թե ինչպես է մարդկային ոգին լողալով սավառնում մարմնի վրայով, որն արդեն փոշիացել է: Ես իրապես կարող էի բացատրել դա, եթե Ժան Պոլը ավելի լավ արած չլիներ արդեն» :

1829/31 թվականներն են: Շումանը անմոռաց սիրահարված է քսանամյա Կլարային: Ժան Պոլի նովելները նույնչափ հմայիչ են թվում, որքան Ֆրանց Շուբերտի լենդլերները, որ Ֆրիդրիխ Վիկը (Շումանի ուսուցիչն ու Կլարայի հայրը) դրել էր դաշնամուրի վրա: Ռոմանտիկ արյունը հոսում է դեպի սիրտը, պարն ու ցնորքը միահյուսվում են իրար:

Արկադի Վոլոդոսի մեկնաբանությամբ այս պատկերը տեսանելիության աստիճան հստակ է: Անվերջ կոտրված երաժշտական մետր/չափ, որ պատեպատ է խփվում, բայց հետո խոհեմաբար վերադառնում է իր ելման կետին, քմայքի կենսախինդ վայրիվերումներՙ անսպասելի ու հավակնոտ շարժառիթներով: Եվ այս ամենը այնքան անմեղ, այնքան միամիտ: Դժվար է դիմադրել ու չնայել Վոլոդոսի ձեռքերին, որ մի տեսակ իրարանցման, թատերական պարի ռիթմի մեջ են ասես: Նրա մեկնաբանման մեջ ոչ մի տարր չափազանցված կամ շինծու չէ, այլ առանձնահատուկ է եւ ընդգրկուն: Վոլոդոսի դաշնամուրի ձայնը պարուրված է հրաշալի մի ջերմությամբ, իսկ երաժշտական մասերի միասնական կապը ներքին հրճվալից մի խաղ է հիշեցնում: Եվ ամենակարեւորը թերեւս. այս ամենի վրայից քաղցր օծանելիքի հոտ չի բուրում:

Շումանի ու Շուբերտի արանքում լսվում են Յոհաննես Բրամսի երկ 117 «Երեք ինտերմեցցոները», որ կոմպոզիտորի վերջին երեք դաշնամուրային ծրագրային ցիկլերից մեկն է, ինչը նա մեղմորեն անվանում էր «իմ ափսոսանքների օրորոցայիններ»:

Կլարա Շումանը (ում հետ Բրամսը բավական բազմանշանակ, խառնիխուռն հարաբերության մեջ էր գրեթե ողջ կլանքի ընթացքում... եւ թերեւս այս «ափսոսանքների» գաղտնի հասցեատերը) գրում էր իր օրագրում.«Սրանք վայելքի իսկական աղբյուր են... այստեղ ամեն ինչ կաՙ պոեզիա, կիրք, ֆանտազիա, մտերմություն... Այս կտավներում ես կրկին զգում եմ հոգուս մեջ ապրող երաժշտի կյանքը, որ այդքան հավատարիմ է...»:

Վոլոդոսը այս ամենն ծայրահեղ խորաթափանցությամբ ու նրբանկատությամբ է մատուցումՙ կատարյալ հավասարակշռություն ստեղծելով բրամսյան «նեո-կլասիկ» շնչառության ու ցնցող թեթեւության միջեւ: Սա մի ապշեցուցիչ համաձուլվածք է, որտեղ այլեւս ամեն ինչ քողարկված էՙ ձայնը, խոսքը, զգացմունքը, լույսը... Վերջում ունկնդիրը թողնված է միայնակ, լքված ու ամայացած:

Անթերի մտածված համերգային ծրագիրը կրկին շարունակվում էՙ ի հայտ բերելով այն նուրբ փոխադարձ կապը, որ առկա է Ռ.Շումանի ու Ֆ.Շուբերտի միջեւ: Շումանյան էֆեմեր թիթեռնիկները հանկարծ հայտնվում են Շուբերտի վերջին սոնատներից մեկում:

Մահից ընդամենը երեք ամիս առաջ գրված այս սոնատը Ֆրանց Շուբերտի գլուխգործոցներից է: Սկզբնական նուրբ, փխրուն թիթեռների շարանը Վոլոդոսն օգտագործում է ավելի եւս ցայտուն դարձնելու համար իր ստեղծած «քվազի-սիմֆոնիկ» կառույցըՙ միեւնույն ժամանակ բավարար տեղ հատկացնելով այս ու այնտեղ հանդիպող ինքնաբուխ քմահաճույքներին: Ձայնային ելեւէջների գունային հարստագույն ներկապնակին տիրապետող այս երաժիշտը հեշտությամբ վերաձեւակերպումներ է անումՙ առանց էժանագին էքսցենտրիկ հնարքներ օգտագործելու: Գործիքի ստեղներին նրա հողեղեն հպումից տաք, թավշյա ձայն է սկիզբ առնումՙ վեր հանելով այն ինտիմ, հուզիչ հարաբերությունը, որ դաշնակահարն ունի իր գործիքի հետ:

Շատ մանրամասներ պիտի ներկայացվեին... ամբողջական մանտրա հիշեցնող Andantino-ն ձախ եւ աջ ձեռքերի լավագույն կամերային երաժշտության օրինակ կարող էր համարվել... Scherzo-ում կրկին կենդանացած շումանյան թիթեռնիկների թռվռոցը, որ հանգեցնում է հազար ու մի գույնի ձայների միաձուլման: Նույնիսկ տեխնիկապես բարդ ու հագեցած հատվածներում այս դաշնակահարը չի «նեղացնում» դաշնամուր գործիքըՙ թողնելով այն վեհանձն երաժշտական այլ ոչ հարվածային կարգավիճակում: Ծայրահեղ լարման առհավատչյաներըՙ բազմանշանակ պաուզաները վերջում հանգեցնում են նյութի փլուզման, օդի մեջ տարրալուծման, որ որքան ճնշող է, նույնքան եւ հմայիչ:

Եվ հետո ծավալուն, անկառավարելի ձայնի շիթ է... երկարատեւ, հոտընկայս ծափահարություններ.... ուրիշ ի՞նչ...

Հ.Գ. Խնդրեմ, ինձ այլեւս չհիշեցնեք Լանգ Լանգի, Յուջա Վանգի... մասին: Նրանց ամբողջ վիրտուոզությունը միասին վերցված չեմ փոխի Արկադի Վոլոդոսի ընկերակցությամբ այսպիսի մի կատարյալ երաժշտական երեկո անցկացնելու վայելքի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.