AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017



ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԸ

Տեղադրվել է` 2017-07-13 20:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3664, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱԽՏԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԻՉԸՙ ՊԻԵՌ ՏԵՐ-ՍԱՐԳԻՍՅԱՆ

Սեդա ԱՆԱՆՅԱՆ

(1921-2010)

Պիեռ Տեր-Սարգիսյանի մասին առաջին անգամ լսել եմ 1970-ականներինՙ Մեծն Ֆրեդերիկ Ֆեյդիի զրույցներից մեկի ժամանակ Երեւանում, իսկ բախտ ունեցա նրան ծանոթանալու 1986-ին Փարիզումՙ նույնպես Ֆեյդիի աջակցությամբ:

Խոհուն աչքերով, զուսպ ու քչախոս Պիեռ Տեր-Սարգիսյանի թարգմանությամբ այդ նույն թվականին Փարիզում լույս էր տեսել Կոստան Զարյանի «Նավը լերան վրա» վեպը թարգմանված բնագրի Բոստոնի 1943-ի առաջին հրատարակությունիցՙ Զարյանի հակիրճ նախաբանով:

Մինչ մեր հանդիպումը թարգմանչի հետ, հասցրել էի հիացումով եւ ոգեւորությամբ կարդալ ֆրանսերենը, իսկ հանդիպումն անցավ բարի ու ջերմ մթնոլորտում: Վերջում միայն ասացի, որ աշխատել եմ որոշ ժամանակ Զարյանի մոտ որպես քարտուղար-օգնական. ափսոսանք հայտնեց, որ ավելի շուտ չենք հանդիպել: Այլեւս առիթ չունեցա տեսնելու այդ համեստ, լուսաշող մարդուն:

Շտապենք ասելու, որ «Նավը» Պիեռ Տեր-Սարգիսյանի առաջին թարգմանությունն էր հայերենից, որը հետագայում շրջադարձային էր լինելու նրա գրական կյանքում: Այս մասինՙ քիչ հետո...

Վերջերս Փարիզի Հայ փաստագրական հետազոտութեանց կենտրոնի (CRDA), որ ցավոք այժմ փակված է, նախկին տնօրեն Ժան Կլոդ Քեբաբճեանը բարի եղավ ինձ օգնելու գտնել Պիեռ Տեր-Սարգիսյանի դստերըՙ Կատրինին, որին եւ հանդիպեցինք անցյալ մայիսինՙ փարիզյան նրա առավել քան համեստ, կոկիկ բնակարանում: Դուռը բացեց Կատրինը եւ, ո՜վ զարմանք, առջեւս կանգնած էր կարծես Պիեռ Տեր-Սարգիսյանըՙ նույն աչքերով, նույն մեղմ ժպիտով, նույն զուսպ ու համակրելի պահվածքով: Շտապեմ ասելու, որ Կատրինը մեկ քառորդով է միայն հայ: Նա ուշով լսում էր ինձ, հարցերիս պատասխանելով հստակ ու կենտրոնացածՙ ժամանակ առ ժամանակ իր գրադարանից ինձ մեկնելով մի գիրք կամ գրություն: Մեր զրույցը տեւեց սպասածից ավելի երկար: Ասաց, որ հայերեն չի խոսում, բայց գիտի ռուսերեն:

Եվ այսպես, պատմում է Կատրինը, որ նախնիները ղարաբաղցիներ էին, որտեղից մեծ հայրըՙ Միսակը, Պարսկաստան է գնացել, իսկ այնտեղից էլՙ 1917-ին Փարիզՙ զբաղվելով գորգավաճառությամբ: Փարիզում ամուսնանում է Ժերմեն Բեգին անունով ֆրանսուհու հետ. 1921-ին ծնվում է նրանց ավագ որդինՙ Պիեռ-Աթանասը (Աթանասը Պիեռի մեծ հոր անունն էր), ավելի ուշՙ ունենում են եւս երկու դուստր:

Փոքրիկ Պիեռը աչքի է ընկնում որպես շատ ուշիմ եւ ընդունակ երեխա, շուտով ընդունվում է ֆրանսիական լիսե, սակայն ուսումը կիսատ է թողնումՙ հորը հասած ծայրահեղ սնանկության պատճառով: Ավելին, որդուն ֆրանսիական միջավայրին դյուրությամբ ընտելացնելու միտումով հայրը զլանում է նրա հետ հայերենով հաղորդակցվելՙ նախընտրելով ֆրանսերենը: Հիշենք նաեւ, որ Պիեռի մայրը ֆրանսուհի էր:

Սակայն ուշիմ, բնատուր բացառիկ ընդունակ պատանին առնչվելով հայախոս ազգականներին, ինչպես նաեւ տարագիր հայտնի հայ ազնվականների (Տեր-Դավիդյան, Բարսեղյան, Բեկզադյան, Աֆանասյան) ընտանիքներին, ինքնուրոււյն հայերեն է սովորոււմՙ ստիպելով հորը նույնպես, որպեսզի իր հետ հաղորդակցվի հայերենով: Այս մասին վկայում է նաեւ անվանի պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանը: Այս շփումները հետագայում վճռորոշ են դառնում Պիեռի համարՙ ոչ միայն հայոց լեզվի, այլեւ հետաքրքրությունը Կովկասի, Իրանի, նաեւ Ռուսաստանի պատմամշակութային հարցերի առնչությամբ:

***

Սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը. Ֆրանսիայի 120.000 երիտասարդների շարքերում Պիեռը նույնպես ուղարկվում է Գերմանիաՙ այսպես կոչված «Պարտադիր աշխատանքի ծառայության»: Այս դժվար աշխատանքը Գերմանիան պարտադրել էր ոչ միայն ֆրանսիացիներին, այլեւ տարբեր երկրների բազմահազար երիտասարդների: Նման միջավայրում, ինչպես կասեինք, չկա չարիքՙ առանց բարիք. շփվելով օտարալեզու միջավայրի ու մարդկանց հետ, Պիեռը սովորում է նախՙ գերմաներեն, ապաՙ անգլերեն, իտալերեն եւ ռուսերեն: Պիտի ասել, անշուշտ, որ ամեն մարդու չի տրված այդ աստվածատուր ընդունակությունը, որ ուներ նա:

Պատերազմի ավարտից հետո Փարիզ վերադառնալով, լեզուների իր իմացությամբ սկսում է աշխատել օտարալեզուՙ հատկապես անգլերեն հրատարակչությունների հետՙ հասնելով ընդհուպ պատասխանատու պաշտոնների, թղթակցելով միաժամանակ հայալեզու հանդեսների: Այս տարիներին Տեր-Սարգիսյանը հանդիպում է կյանքի իր ապագա ընկերուհունՙ շվեցարուհի Պոլին Մյուլլերին, որի հետ ամուսնանում է 1948-ին, իսկ 1950-ին բախտավորվում Կատրին-Աննիի ծնունդով, 1952-ինՙ Էրիկ-Միսակի:

***

- Հայրիկիս հետ առաջին անգամ Հայաստան գնացինք 1970-ին,- շարունակում է Կատրինը,- տպավորությունը մեծ էր, հայրս բարեկամացավ անվանի մտավորականների հետ, որ շարունակվեց հաջորդ այցելություններին»:

Տարիներ են անցնում, Պիեռ Տեր-Սարգիսյանը ուներ արդեն փորձ, ճաշակ եւ իմացություն, եւ նրան սպասում էր ուրիշ մի մեծ ու պատասխանատու առաքելություն. հայ դասականներին, ֆրանսիացիներին ու ֆրանսախոս հայությանը ներկայացնելու մեծ ու դժվարին գործը:

Առաջին թարգմանությունը եղավ, ինչպես ասացինք, Կոստան Զարյանի «Նավը լերան վրա» ծավալուն (442 էջ) վեպը, որը լույս տեսավ 1986-ին Փարիզում:

Ի դեպ, մեր խորին համոզմամբ, այդ գործը (կրկնում եմ) խթան էր Պիեռ Տեր-Սարգիսյանի համար շարունակելու հետագա հայօգուտ թարգմանությունները:

Հավակնություն չունենալով (եւ տեղը չէ հիմա) անդրադառնալ թարգմանչի լեզվական արժանիքներին (դա առանձին թեմա է), կթվարկենք նրա ութ թարգմանությունները հայերենից-ֆրանսերեն.

1. Կոստան Զարյան, «Նավը լերան վրա», Փարիզ, 1986

2. Տիգրան Չյոգուրյան, «Վանք, Վարդապետի մը օրագիրը», Մարսել, 1988

3. Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր», Փարիզ, 1990

4. Եղիշե Չարենց, «Երեւանի ուղղիչ տնից», Մարսել, 1992

5. Հրանտ Մաթեւոսյան, «Աշնան արեւ», Փարիզ, 1994

6. Զապել Եսայան, «Սիլիհտարի պարտեզները», Փարիզ, 1994

7. Կոստան Զարյան, «Կղզին եւ մի մարդ», Մարսել, 1997

8. Շիրվանզադե, «Քաոս», Մարսել, 2013

***

Կուզենայինք ավելացնել նաեւ, որ Մաթեւոսյանի «Աշնան արեւ»-ի Անդրեյ Բիտովի նախաբանը ռուսերենից թարգմանել է Կատրին Տեր-Սարգիսյանը, իսկ Չարենցի «Երեւանի ուղղիչ տնից»-ի նախաբանըՙ դոկտոր-պատմաբան Կլեր Մուրադյանը:

Մնացյալ բոլոր հրատարակությունների համապատասխան նախաբանը կամ վերջաբանը գրել է Պիեռ Տեր-Սարգիսյանը:

***

P. S.

Հրաժեշտ տալով Կատրինին, խոստանում եմ նորից հանդիպել, երբ նա երկչոտ ժպիտով ասում է.

- Հորս բոլոր թարգմանությունները ինքս եմ մեքենագրել:

Ես զարմացած հետ եմ դառնում, հարցնելովՙ այդ դեպքում ասացեք ո՞ր գործը սիրեցիք առավել շատ:

- Կոստան Զարյանի «Նավը» եւ Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.