AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2017-07-13 20:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 6346, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՐԱ ՀՈԳԻՆ ՊԱՐՈՒՄ Է ԸՆԴՄԻՇՏ

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Աննա Ջանբազյանի հիշատակին

Լոս Անջելեսից ստացած լուրն անսպասելի էր եւ ցնցիչ. հունիսի 28-ին կյանքից հեռացավ սփյուռքահայ պարարվեստի ճանաչված եւ ինքնատիպ գործիչներից մեկըՙ Աննա Ջանբազյանը (1952-2017): Մեր տաղանդավոր հայրենակցուհին, ընդամենը երկու տարի առաջ, հունիսին, երեւանյան հանդիսատեսին երրորդ անգամ ներկայացավ իր պարախմբի ելույթներով, Դիմագրքով մենք միշտ հետեւում էինք նրա գործունեությանը... եւ հանկարծ, պարզ երկնքում պայթած որոտի պես ստացանք առինքնող, գեղեցկատես, բարությամբ ու կյանքով լի մեր ընկերուհու վախճանի գույժըՙ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդությունից: (Ավելի քան 40 տարի առաջ այս նույն հիվանդությունից էր վախճանվել նաեւ մեկ այլ հայազգի ամերիկյան ճանաչված պարուհիՙ Ադրինա Օտերո Փանոսյանը):

Հայ եւ պարսիկ ժողովուրդների դուստր Աննա (Անահիտ) Ջանբազյանն իր մեջ կրել է զույգ մշակույթներըՙ լեզուները, գրականությունը, երաժշտությունը, երգ ու պարը, որոնք հետագայում մարմնավորվել են նրա պարային բեմադրություններում: Պարարվեստին նվիրվելը կանխորոշված էր («Ես քայլել եմՙ պարելով»,- ասում էր նա), քանզի Անահիտի հայրը Իրանում բալետային արվեստի հիմնադիրներից պարուսույց Սարգիս Ջանբազյանն էրՙ լեգենդար Ագրիպինա Վագանովայի աշակերտը: Երեք տարեկանից աղջիկը սովորել է հոր մոտ, իսկ յոթ տարեկանից հանդես եկել նրա բեմադրած պարային պատկերներում: Անահիտ Ջանբազյանն առաջին սփյուռքահայերից էր, որ մասնագիտական կրթություն է ստացել Հայաստանումՙ 1968-1971 թթ. դասական եւ ժողովրդական պար ուսանելով Երեւանի պարարվեստի ուսումնարանում (ուսուցիչներՙ Ալեքսանդրա Բոգանկովա, Սերգեյ Սարգսյան, Պավլինե Բուռնազյան, Ելենա Սամուրղաշյան): 1972-ին վերադառնալով Իրանՙ դարձել է հոր պարարվեստի դպրոցի տնօրենը, ուսուցիչը, պարողը եւ պարադիրը, բեմադրել հայկական, պարսկական, ռուսական, նաեւ ժամանակակից պարեր: Սակայն Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Աննա Ջանբազյանը պարապմունքները ստիպված անցկացրել է գաղտնի, քողարկված լուսամուտներով սրահում, շատ ցածր երաժշտությամբ: Հասկանալով, որ իր մասնագիտությամբ Իրանում մնալն անհեռանկար է` 1984-ին տեղափոխվել է ԱՄՆ: Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանում ստացել է ժամանակակից պարերի մագիստրոսի աստիճան:

1988-ին Գլենդեյլում վերաբացել է «Ջանբազյան պարի ակադեմիա» դպրոցը, 1992-ինՙ «Ջանբազյան պարախումբը», որոնք գործում են «Ջանբազյան պարի հիմնադրամի» միջոցներով: Հիմնականում հայ աղջիկներից կազմված նրա պարախումբն իրականացրել է 150-ից ավելի պարային բեմադրությունՙ լիամետրաժ բալետներ եւ խորեոգրաֆիկ մանրապատումներ: Աննա Ջանբազյանը տիրապետել է տարբեր պարային դպրոցների համակարգերի, ինչպես արեւմտյան (ակադեմիական պար, մոդեռն պար), այնպես էլ արեւելյանՙ հայկական ու պարսկական ֆոլկլորային եւ պրոֆեսիոնալ պար: Դեռեւս 1982-ին, Թեհրանում նա բեմադրել է «Կոմիտաս. կռունկ բնավեր» ներկայացումը, որը վերականգնել է Լոս Անջելեսում, 2004-ին (որպես առանձին համար ներկայացվել է նրա մի հատվածըՙ «Կարո՞ղ են ստվերները պարել» վերնագրովՙ նվիրված 1915-ի զոհ հայուհիներին): Ջանբազյանի մեծակտավ պարային բեմադրություններից են «Սկիզբը վերջում է» (2002), «Ռումի. արահետ դեպի լուսավորություն» (2006) «Զալ եւ Ռուդաբե» (2009), «Հոգու գոհարը» (2014) եւ այլն: Ջանբազյանի բեմադրությունները հիմնականում սինթետիկ թատրոնի արտահայտություն են, որտեղ պարը միավորվում եւ հերթագայում է գործիքային եւ վոկալ-գործիքային երաժշտությամբ, արձակ պատումով ու բանաստեղծությամբ: Դրանցում գործածվել են ազգային նվագարաններով կատարվող իրանական ժողովրդական երաժշտական ձեւերը, հայկական մոնոդիկ ֆոլկլորային երգերը, եւ ինչպես հայ, այնպես էլ տարբեր արեւելյան երկրների երգահանների ստեղծագործությունները: Հաճախ, հատկապես արեւելյան թեմաներով բեմադրություններում, պարսկական ժողովրդական գործիքներ նվագողները գտնվել են բեմի վրա, երբեմն էլ խորեոգրաֆիան ուղեկցվել է արձակ եւ չափածո տեքստերովՙ ստեղծելով յուրօրինակ մի սինթեզ, լեզվի ռիթմիկ եւ պատկերավոր արտացոլումը պարի մեջ:

Թեեւ ներկայացումների վերնագրերից կարելի է մտածել, թե գործ ունենք դիպաշարային գիծ ունեցող բեմադրությունների հետ, դրանք իրականում պարի լեզվով արտահայտված հաջորդական-պատմողական ասքեր չեն. ավելի շուտ կարելի է անվանել խորեոգրաֆիկ բանաստեղծություններ եւ պոեմեր: Նրա պարային բեմադրություններին բնորոշ է վերացականությունըՙ միավորված դրամատիկական թատրոնի տարրերին, որոնցում Վագանովայի դպրոցի նրբագեղությունը, փայլը եւ ճկունությունը զգացմունքների բոլոր նրբերանգները միավորվել են զգայնությամբ ու ներըմբռնողությամբ արտահայտվելու յուրահատուկ կարողության հետ: Դրանցում վառ արտահայտված է պարադիրի մտածողության այլաբանական, խորհրդապաշտական տիպը: Ընդ որում, Ջանբազյանի խորհրդապաշտությունը տուրք չէ նորաձեւությանը, այլ նրա բեմադրական մտածողությանը հատուկ ձեւ է, որի արմատները գալիս են բուն Արեւելքից: Դա օրիենտալիզմ (արեւելյան պարերի ոճավորում) չէ, այլ հարազատ արեւելյան մտածողություն, որը, ներհյուսվելով արեւմտյան պարային ձեւերին եւ լեզվին, տալիս է անսովոր (նույնիսկ մեզՙ հայերիս, առավել եւսՙ արեւմուտքցիների համար), իր ծննդաբանությամբ ոչ միշտ պարզ եւ բաց բանաստեղծական-պարային ձեւ ու լեզու:

Պարսկական հողում մեծացած հայուհի Աննա Ջանբազյանը, որ քաջատեղյակ էր պարսկական արվեստին, փիլիսոփայությանը, երաժշտությանը եւ բուն պարսկական պարին, գիտեր նաեւ, թե ինչպես այն առավել կամ պակաս հստակությամբ մատուցել արեւմուտքցի հանդիսականին. միայն թե նրա բեմադրությունները փոքր-ինչ խորհրդավոր են: Նույնքան անսովոր են նաեւ հայկական թեմատիկայի նրա մեկնաբանությունները: Օրինակ, երկու տարի առաջ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախաձեռնությամբ Երեւանում կայացած «Ջանբազյան պարի ակադեմիայի» 75-ամյա հոբելյանին նվիրված համերգին ներկայացված «Քարահունջ. քարի շունչը» ներկայացումը: Ըստ էության, այս բալետը չունի որոշակի դիպաշար: Այն վիպերգ է հայ կնոջ ու նրա տարբեր մարմնավորումների (Աստվածուհի, Տիրամայր, ռազմուհի, նրբին աղջիկ, մայր) մասին: Բեմադրության մեջ բավականաչափ առկա են տարբեր ժանրերի հայկական խմբապարերի տարրեր: Առավել հետաքրքրական են այն շարժումները, որոնք վերարտադրում են հայկական տաճարների փորագրված նախշերը, որոնք փաստացի խորհրդանիշներ են: Այդպիսով, «Քարահունջում» ի հայտ են գալիս այլաբանությունը եւ փոխաբերությունը:

Աննա Ջանբազյանի բեմադրություններն արժանացել են «Լեսթեր Հորթոն» եւ ամերիկյան այլ հեղինակավոր մրցանակների, «Ջանբազյան պարի ակադեմիան» մասնակցել է բազմաթիվ պարային փառատոների (2005-ին Իտալիայում արժանացել է պարի փառատոնի գլխավոր մրցանակին): 2008-ին խումբն ունեցել է 100-ից ավելի աշակերտՙ 5-ից 50 տարեկան: Հատկանշական է, որ խմբի հետ որպես հրավիրված արտիստներ ելույթներ են ունեցել մի շարք արհեստավարժ պարող-պարուհիներՙ Աիդա Ամիրխանյանը, Արսեն Սերոբյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Էդգար Օվանդոն, Կարլ Բըրքլին, Մարիա Տիխոմիրովան, Էնտոն Հոքսհան, Ալբերտոսի Էսպինոզան եւ այլք:

Մի անգամ այն հարցին, թե շարունակո՞ւմ է արդյոք պարել, Ջանբազյանը պատասխանել է. «Ոչ ելույթների ժամանակ, միայն երբ ես դասավանդում եմ: Այդուհանդերձ, իմ սիրտն ու հոգին մշտապես պարում են»:

Հիմա, երբ պարարվեստի այս անխոնջ նվիրյալը բռնեց հավերժության ուղին, կարող ենք ասել, որ նրա հոգին շարունակելու է մշտապես պարել...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.