AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017



ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2017-07-20 21:59:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3789, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈԼՍԻ ՄԱՍԻՆՙ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Ս.Ն.ՎԱՐԴԱՆՅԱՆ, Նյու Յորք

Լեւոն Լաճիկյանի 15-րդ անհատական ցուցահանդեսը

Կարծեմ շատ չեն այն արվեստագետները, ովքեր հավասարապես իրենց դրսեւորում են արվեստի մի քանի բնագավառներում: Նրանցից մեկն է գեղագետ, արվեստաբան, լրագրող եւ գծանկարիչ, 90-ականների «Ազգ» թերթի մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանը: Արվեստաբանությունից սահուն անցում կատարելով դեպի նկարչությունՙ վերջին տարիներին նա ստեղծում է քաղաքային բնապատկերների շարքեր, որոնք աչքի են ընկնում գծի տպավորիչ նրբությամբ եւ պատկերվող տեսարանների հանդեպ հեղինակային ուրույն մոտեցումներով:

Հիշարժան էր Նյու Յորքում 2011-ի դեկտեմբերին կազմակերպված նրա անհատական ցուցահանդեսը, որի հովանավորն էր տեղի Պոլսահայ օգնության միությունը (CARS): Այն կոչվում էր «Հայկական աշխարհ» եւ ներկայացնում էր տեսարաններ ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հայաշունչ ու հայադրոշմ քաղաքներիցՙ Վենետիկ, Ամստերդամ, Փարիզ եւ այլն: «Այնժամ ես նկատեցի, որ բացակայում է Պոլիսը, առանց որի անպատկերացնելի է հայկական աշխարհը»,- պատմում է Լեւոն Լաճիկյանը եւ բացատրում, որ վերջին 5 տարիներին ինքը մի քանի անգամ այցելել է Ստամբուլ, տեղում ծանոթացել հայկական հիշատակներին եւ իր գրություններում ու գծանկարներում վերստեղծել պատմական Պոլիսի կերպարը:

Այն առաջին անգամ ցուցադրվեց Պոլսին մերձակա Գնալը հայահոծ կղզումՙ արձանագրելով մեծ հաջողություն հայ եւ ոչ միայն հայ արվեստասերների շրջանում: Այնուհետեւ պոլիսյան շարքը Լեւոն Լաճիկյանը ներկայացրել է Երեւանումՙ նվիրելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Վերջին ցուցադրությունը, որ կոչվում էր «Պոլիս եւ անդին», կայացավ Մեծն Նյու Յորքի տարածաշրջանումՙ Լիվինգսթոնի Սբ. Աստվածածին հայաստանեայց եկեղեցու «Թուֆայան» սրահումՙ նախաձեռնությամբ ու կազմակերպությամբ Արազ եւ Գասպարյան ընտանիքների:

Ներկայացված շուրջ 40 գծանկարները ցոլացնում էին Պոլսի հայտնի ու անհայտ անկյուններըՙ պատկերացում տալով Բոսֆորի ափերին փռված այդ գեղատեսիլ քաղաքի պատմական դիմագծի մասին: Ուշագրավն այն էր, որ ցուցահանդեսին զուգահեռ Լեւոն Լաճիկյանը հանդես եկավ դասախոսությամբՙ «Պոլսո դերը հայոց մշակույթի պատմության մեջ» թեմայով: Այդտեղ ամփոփ ներկայացվեց պոլսահայության բազմադարյա պատմությունըՙ ընդգծելով, որ դասական առումով պոլսահայերը սփյուռքահայեր չեն: Ավելինՙ հայ Պոլիսն այսօր ինքն ունի իր սփյուռքն աշխարհի շատուշատ երկրներում: Այդ քաղաքում հայերս բնականաբար ավելի հին ներկայություն ունենք, քան իրենքՙ թուրքերը: Ընդ որում, մեր ներկայությունն արդյունավորվել է մշակութային նշանակալի ձեռքբերումներովՙ արվեստի տարբեր մարզերումՙ ճարտարապետություն, տպագրություն, երաժշտություն, կերպարվեստ, գրականություն եւ այլն: «18-րդ դարից սկսյալ Պոլիսը դարձավ հայոց մշակութային մայրաքաղաքՙ իր երկնակամարի տակ հյուրընկալելով Մխիթար Սեբաստացուն եւ Պաղտասար Դպիրին, ապա ծնունդ տալով Պետրոս Դուրյանին եւ Հակոբ Պարոնյանին, արեւմտահայ նշանավոր գրողներին ու բանաստեղծներին: Պալյան գերդաստանի 5 սերունդներ երկու դար շարունակ Պոլիսը վերածեցին արեւմտյան տիպի քաղաքիՙ եվրոպականացնելով տեղի ճարտարապետությունը» : Բանախոսը զուգահեռներ անցկացրեց անցյալի ու ներկա Պոլիսների միջեւ: Ըստ նրա, բարեբախտաբար մերօրյա սփյուռքի հայ գրամշակութային կյանքի վերադարձ ու վերահաստատում է նկատվում այս հինավուրց քաղաքումՙ շնորհիվ Զահրատի, Զարեհ Խրախունու, Ռոպեր Հատտեճյանի եւ մյուս երեւելի հայ արվեստագետների:

Լեւոն Լաճիկյանը ներկաներին ծանոթացրեց նաեւ պոլսահայության առջեւ կանգնած խնդիրներին ու մարտահրավերներին: Գերագույնը թերեւս անցյալի ազգային-պատմական վիթխարի ժառանգությանը տեր կանգնելն է, շարունակականություն ապահովելը: Բանն այն է, որ եթե մեկ դար առաջ Պոլսում ապրել է 600 հազար բնակիչ, որի զգալի մասը եղել են հայեր, ապա ներկա մեգապոլիսի բնակչության թիվն արդեն հասել է 18մլն-ի, որից ընդամենը 50 հազարն են մեր հայրենակիցները: Ըստ բանախոսի, «Երբեք պետք չէ մոռանալ, որ 100 եւ ավելի տարիներ պոլսահայությունն ապրել եւ ապրում է 1915-ի դառը հիշողությամբ եւ դրան հաջորդած, պարբերաբար կրկնվող քաղաքական ու տնտեսական ահաբեկումների ու ճնշումների մթնոլորտում: Այստեղից էլՙ վախ, զգուշավորություն եւ այլն» : Այնուամենայնիվ, հայ համայնքի կենսունակության մասին է խոսում թեկուզ հայ մամուլըՙ իր «Ժամանակ», «Մարմարա», «Ակօս», «Լոյս» թերթերով եւ «Փարոս» մշակութային ամսագրով:

Դասախոսություն-ցուցահանդեսին ներկա արվեստասերները մինչեւ ուշ գիշեր վայելեցին հայրենի արվեստագետի ներկայությունը եւ նրա անմիջական մասնակցությամբ ստեղծված պոլսական մթնոլորտը: Ավելացնենք, որ նկարների վաճառքից գոյացած հասույթի մի մասը փոխանցվեց Գյումրու կարիքավոր ընտանիքներին:

Նկար 2. «Թուֆայան» սրահ

Նկար 3. Պոլսո Հայոց պատրիարքարան

Նկար 4. Ստամբուլ. Ղալաթիո աշտարակը

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.