AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017



ՃԱՇԱԿ

Տեղադրվել է` 2017-07-20 21:59:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3719, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԵՐԳ ԳՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ. ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ - ՁԱՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Մարինե ԿԱՐՈՅԱՆ

ՆյուՅորքում երիտասարդ երաժիշտը շնչակտուր կանգնեցնում է փողոցի անցորդներից մեկին ու հարցնում «Ներողություն, չէի՞ք ասի, թե ինչպես կարող եմ մտնել Կարնեգի-Հոլ»: «Աշխատանքով, երիտասարդ, միա՛յն համառ աշխատանքով», - լինում է պատասխանը:

Երաժիշտները գերազանց գիտեն, որ սա որեւէ երաժիշտ-կատարողին ուղղված ամենադիպուկ կատակներից մեկն է: Այն, անշուշտ վերաբերում է այն նշանային համակարգին (կատարողի որակ, մասնագիտական կարիերայի աստիճան, եւ այլն), որ այս դահլիճը կամ այլ հայտնի դահլիճներ կրում են իրենց մեջ:

Սակայն, բացի այս նշանային համակարգից, որեւէ համերգասրահ բերում է նաեւ հենց իրեն բնորոշ չափանիշները, որը այս կամ այն կերպ է ազդում կատարվող եւ ունկնդրվող երաժշտության զգայական ընկալման վրաՙ դարձնելով այն ցանկալի կամ ոչ այնքան:

Բայց սկզբում, մի քանի խոսքՙ համերգային դահլիճների ստեղծման պատմությունից:

Տասնիններորդ դարը սոցիալական մեծ փոփոխություններ բերեց արեւմտյան հասարակությանը: Դեմոկրատական իդեալներն ու արդյունաբերական հեղափոխությունը բոլոր մակարդակներում եւ ամբողջապես փոխեցին եվրոպացու ամենօրյա կյանքը: Հասարակության միջին խավի երեւան գալու հետ մեկտեղ փոխվեց նաեւ քաղաքացիների ապրելակերպը: Ռոմանտիզմի ժամանակաշրջանում ավելի ու ավելի շատ մարդ դարձավ ունեւոր, ազատվեց ամենօրյա ծանր աշխատանքից, սկսեց ուշադրություն դարձնել երաժշտական կրթության վրա, ներկա գտնվել համերգների: Եվ սա, հասարակության մեջ ինքզինքը ցույց տալու, նրա նորաստեղծ համակարգի մեջ մտնելու մի նոր ձեւ էր նաեւ:

Սոցիումի մեջ այս նորությունները փոխեցին նաեւ երաժշտի կյանքը: Մինչ այդ կոմպոզիտոր/կատարող միեւնույն անձը երկփեղկվեց: Այժմ պարտադիր չէր, որ երաժշտություն գրողը նաեւ այն կատարի: Ստեղծվեց երաժշտի մի նոր տեսակՙ կատարող: Բեթհովենից սկսածՙ սիմֆոնիկ նվագախմբի կազմը նույնպես մեծացավ հասարակական զարգացման մեծ իդեալները նվագախմբի համեստ կազմով այլեւս հնարավոր չէր արտահայտել:

Նորաստեղծ բուրժուական համակարգում չլինելով որեւէ ազնվականի կամ կրոնավորի երաժշտական կցորդը, երաժիշտն այլեւս ազատ արվեստագետ էր, ժամանակակից լեզվով ասածՙ ֆրիլանսեր (freelancer), որ պիտի նոր ձեւերով հոգար իր ապրուստը: Դրանցից մեկն էլ համերգներով հանդես գալն էր: Այն երաժիշտները, որոնք կարող էին իրենց վիրտուոզ ստեղծագործություններով եւ կատարումներով արբեցնել ունկնդրինՙ հափշտակելով նրա ուշադրությունը, դարձան ժամանակի մեգաաստղերը: Նիկոլո Պագանինին (1782-1840) ու Ֆրանց Լիստը (1811-1886) հասարակական աստիճանակարգում հիմնովին փոխեցին երաժշտի կարգավիճակըՙ նրան ծառայից դարձնելով կիսաստված:

Բնական է, որ այս կիսաստվածները չէին կարող ելույթ ունենալ միայն հասարակության բարձր խավի հյուրասենյակներում: Առավել եւս, որ նորաստեղծ միջին խավը տնօրինում էր դրամական միջոցներ եւ պատրաստ էր դրանք ծախսելՙ ըստ իր հայեցողության: Մենակատարների եւ նորաստեղծ պրոֆեսիոնալ նվագախմբերի վիրտուոզ, հագեցած կատարումներն ապահովելու համար կառուցվեցին առաջին ընդարձակ համերգային դահլիճները, որոնք Ռոմանտիզմի իսկական զավակները դարձան:

Այդ ժամանակից ի վեր համերգասրահը դարձել է կենդանի երաժշտության կրողն ու օրրանը, որտեղ երաժշտությունը լիովին վայելում ու գնահատում է ինչպես ունկնդիրն, այնպես էլ ինքըՙ կատարողը: Եվ այս գործընթացում կարեւորվում են ոչ միայն կատարող(ներ)ի մասնագիտական որակը կամ ունկնդրի գրագիտությունը, այլեւ հենց դահլիճի ֆիզիկական չափանիշները:

Եվ քանի որ երաժշտությունն ինքնին ձայնային արվեստ է, հետեւաբար բացի շենքի արտաքին գրավչությունից, համապատասխան լուսավորությունից, ժամանակակից օդափոխիչ համակարգիցհամերգասրահի համար առավելագույնս կարեւորվում է նրա ակուստիկան -ֆիզիկական այն հատկությունները կամ որակները, որոնք որոշում են, թե ինչպես է ձայնը փոխանցվում սրահի մեջ, ինչպես է լսում կատարողը իր նվագը եւ ինչ որակներով է այն հասնում ունկնդրի ականջին (հավատիացնում եմ, որ որոշ դեպքերում դրանք բավական տարբերվում են իրարից):

Այսպիսով, ձայնի արտաբերումը, դրա վերահսկումը, փոխանցումը, ընդունումն ու վերջնական արդյունքը այն շղթան է, որի ականատեսն ու ունկնդիրն ենք մենքՙ անկախ նրանից բեմի վրա ենք, թե՞ հարմարավետ նստած դահլիճում: Սրանից արդեն պարզ է, որ մեր հուզական արձագանքի որակն ու ուժգնությունըՙ ունկնդրվող երաժշտությանը ուղիղ համեմատական կապի մեջ են համերգասրահի ակուստիկ հնարավորությունների հետ:

Մենք այստեղ խնդիր չենք դրել ուսումնասիրել ակուստիկայի հիմնական գործոններըՙ ծավալը, կայունացումն ու արտացոլումը, սակայն նշենք, որ միայն դրանց օպտիմալ համամասնության շնորհիվ է, որ աշխարհի որոշ համերգասրահներ (այդ թվում ՙ Վիեննայի «Մուզիքֆերայն»-ը, Բեռլինի «Ֆիլհարմոնիա»-ն, Ամստերդամի «Գեվանդհաուզ»-ը, եւ այլն) մոլորակի առավել ցանկալի համերգասրահներն են թե՛ կատարողների եւ թե՛ ունկնդրի համար: Այստեղ է, որ առավելագույս ապահովվում է ձայնային դաշտի առանձնահատկությունների եւ ունկնդրի հուզական արձագանքի կապը: Այստեղ է, որ ունկնդիրը «դիտորդի» կարգավիճակից տեղափոխվում է «մասնակցի» կարգավիճակի: Այստեղ է, որ համերգասրահը առավելագույնս նպաստում է կատարման զգացմունքային ազդեցությանը: Այս դեպքում է, որ կենդանի երաժշտության ունկնդրումը վեր է ածվում կոլեկտիվ զգայական փորձառության:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.