AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-20 21:59:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3686, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԲԻՍԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Երբ այն սպառնում է դառնալ համատարած

Մայթերին մեքենաների քանակը անցորդների համար դժվարացնում է հանգիստ քայլելը, փողոցիՙ իրենց բաժին հասնող մասը չի բավարարում, ստիպված մի կերպ անցնում ես դրանց արանքներով: Շոգը քաղաքի անհանգիստ ու փնթի առօրյան ավելի է ընդգծում: Մի կողմից ջուր է մայթերով հոսումՙ ոչ մեկին չի հետաքրքրում, օրեր շարունակ ջուրը գնում է,- ցեխաջրերը պիտի զգույշ շրջանցես, մյուս կողմիցՙ ճանապարհին դես ու դեն շաղ տված աղբակույտերին ուշադրություն պիտի չդարձնես. աչքդ, սովոր է. բայց այ շնչել այնՙ այս ամառվա տապին, անհնար է, սրան ընտելանալ չի լինում: Հետո մոտենում ես վատագույնինՙ կանգառին, երկար սպասում ես: Վերջապես հայտնվում է երթուղային տաքսին, փորձում ես նստել, խցկվելու տեղ չկա, բայց հաջորդ 40 րոպեները եւս արեւի տակ անցկացնելու հեռանկարը ավելի վախեցնող է թվում: Երթուղայինը մի կերպ քարշ է տալիս կիսամաշ մարմինը, ուղեւորներին էլՙ հետը: Չնայած բեռը ծանր է, բայց յուրաքանչյուր անգամ բարեխիղճ կանգառում է, ուղեւոր վերցնում. զարմանալի մոգական- առաձգական է նրա այդ փոքրիկ տարածքը: Մարդիկ կուչ եկած սեղմվել են իրար, շոգը մոռացել են, այնպես են փարվել իրարՙ ասես վերահաս վտանգի առաջ միմյանցից փրկություն ակնկալելիս լինեն: Լուռ են: Հանկարծ մի երկուսը ընդվզում ենՙ կանայք, իհարկե: Նրանք երջանիկ նստածներից են, բայց ինչի՞ վրա ենՙ ուղղակիորեն անբարձիկ նստատեղի երկաթաձողերի վրա են տեղ զբաղեցրել: «Բա վարորդը չի՞ տեսնում մեքենայի այս վիճակը, վաղուց արդեն այս մեքենան դեն նետելու բան է», -բողոքում են: Այդ էր պակաս, որ ուղեւորը ձայն հանի. վարորդի ջղերը տեղի են տալիս, պոռթկում էՙ «Ի՛նչ եք ձեններդ գլուխներդ գցելՙ էդ իմ գործը չի, գնացեք տերերին բողոքեք, չեք ուզում, մի՛ նստեք»: Սովորական վիճակ. շատ երթուղայիններ են այսպես դուրս գալիս երթուղի, մի անգամ նույնիսկ դրանցից մեկի դուռը չէր բացվումՙ վարորդը, որ «բարեբախտորեն» կողքին երկաթե հաստ ձող էր պահում, դուրս եկավ եւ ուղղակիորեն հարվածելով դռանըՙ բացեց, այլապես մեջն էինք մնալու:

Դեռ լավ է, որ վերջին շրջանում ծխող վարորդի գրեթե չես հանդիպի: Բայց հանրային տրանսպորտի մեկ այլ «բաղկացուցիչ» մաս, արդեն նորմ դարձած, շարունակվում է : Սա անգամ քննարկման նյութ դարձավ քաղաքապետի ընտրությունների ժամանակՙ արդյոք հանրային տրանսպորտում երաժշտություն հնչեցնելը նորմա՞լ է. եթեՙ այո, ապաՙ ի՞նչ երաժշտություն, ըստ վարորդի նախասիրությա՞ն: Իսկ ուղեւորների իրավու՞նքը. որքանով են տեղին կամ հաճելի, օրինակՙ վաղ առավոտյան երթուղայիններում կամ ավտոբուսներում բարձր հնչող քեֆ-ուրախության մեղեդիներիՙ հարսանիք հիշեցնող մթնոլորտը, կամ էլ հակառակը, օրինակՙ ինչ-որ մեկիՙ կյանքի անցողիկության ու մոտալուտ վախճանի ու այս ֆոնի վրա ծնողին անարդարորեն մոռանալու մեղանչողի դառնաղի մրմունջները:

Եթե անկեղծ, ես ոչ թե վատ եմ զգում սրանից, թող ներվիՙ սրտխառնոց եմ ունենում: Ու այս կլկլոցներըՙ տխուր, թե ուրախ նոտաներով, ամենուր է, խանութ ես մտնումՙ տնտեսական, մթերային, նույնն է, հացի կրպակՙ նույնն է, սրճարանՙ նույնն է, տաքսիՙ նույնն է, ճարահատ ասում եսՙ թե սրա պատճառով այլեւս այստեղից գնումներ չես անելու, դուք մտածեքՙ մշտական հաճախորդ կկորցնեք: Աղջիկը ժպտում էՙ թե ռադիո է, նրանք են հաղորդում այսպիսի երգերը:

Եկանք հասանք, կարեւորին: Այս երաժշտությունը, որ ռաբիս ենք կոչում, մեզ պարտադրվում է վերեւից, ռադիո- հեռուստատեսության մակարդակով: Բանն այնտեղ է հասել, որ ԱԺ վերջին ընտրություններինՙ պատգամավորական մի թեկնածուի Հանրային հեռուստատեսության լրագրողը հարց է տալիս, կարծես խոստովանանքՙ թե ռաբիս թաքուն լսում ե՞ք: Ուրեմն որքան անպատվաբեր ու ամոթալի բան, որ իրեն քիչ թե շատ զարգացած համարող մարդը թաքուն պիտի դա անի, եթե ունի դրա պահանջը...

Պլեբեյական մշակույթը ներքեւի սանդղակներից բարձրացել, հասել է վերՙ ոչ միայն երաժշտության մեջ, ամենուրեք այդպես է: Ասում ենՙ հայերի մեծ մասի երաժշտական նախասիրություն - ճաշակը դա էՙ կիսաթուրքական, կիսաարաբական մեղեդիների անհասկանալի այդ կույտը, որ այսօր հնչեցվում է ամենուր: Սա այն եզակի դեպքերից է, երբ ափսոսանքով ես հիշում խորհրդային այն տարիները, երբ դպրոցներում աշակերտներին, ցածր դասարաններից սկսած, տրամադրում էին դասական երաժշտության, օպերային ներկայացումների աբոնեմենտներՙ տարվա կտրվածքով: Այն ժամանակներում այդպիսին էր մշակութային պրոպագանդը, կրթությունը, այդպիսի ճաշակ էր սերմանվումՙ այդպիսի կրթություն էր տրվումՙ անհատի հոգեւոր- մշակութային աճին ուղղված: Արվեստի գնահատման չափանիշներն էին տարբեր, արժեքներն էին այլ, ներքեւից փորձում էին վերեւ բարձրացնել, եւ ոչՙ հակառակը:

Ցավալին այն է նաեւ, որ սա տարածվում է օտար շրջանակներում նույնպես, մեր արտագաղթած որոշ հայրենակիցներ օտարին փորձում են հայ մշակույթը ճանաչելի դարձնել այսպիսի օրինակներով: Վերջերս Շվեյցարիայում բնակվող մի հայաստանցի, որից կիրթ անձնավորության տպավորություն եմ ստացել, խոսք բացեց հայ երգչի մասին, որի կատարումներից մեկը դարձել է շատ եվրոպացիների համար սիրելի: Երգի անգլերեն հատվածը ռեյփ ոճի մեջ է, հայերեն մասըՙ կլկլացնող ռաբիս է: Ասում էր, թե հպարտության զգացում է ունենում, երբ Բազելի կամ մեկ այլ եվրոպական քաղաքի փողոցներում, մեքենաներից Սպիտակցի Հայկոյի այս երգն է լսվում, որ Հայաստանը, հայ երգն ու երաժշտությունը նրա միջոցով ճանաչելի է դառնում: Երբ փորձում ես հակադարձելՙ ասելու, թե մենք հպարտանալու իսկապես արժանի արվեստագետներ ունենք դրսում,- անուններՙ ինչուՙ ոչ. երիտասարդ կատարողներՙ սոպրանո Անուշ Հովհաննիսիանՙ Լոնդոնի արքայական օպերային թատրոն, Սերգեյ Խաչատրյան, Տիգրան Համասյան եւ ուրիշներ, արագ ընդմիջվում է խոսքդ, թե նրանց լսում են քչերը, բայց, ա՛յ, այս մյուսինՙ հազարավորներ, նույնիսկ միլիոնավորներ... Եվ այս երաժշտության, այս երգերի միջոցով օտարների մոտ այն կարծիքն է ձեւավորվում, թե հայկականը հենց սա է: Սրանցից ու էլ չգիտես ինչերից ենթադրություն է արվում, որ մեր կենցաղը, վարք ու բարքը նման է մուսուլմաններին, նաեւ, որովհետեւ հայերը միշտ ապրել են պարսկա- թուրքա- արաբական մշակույթի, կյանքի հետ խառնված, նրանց հարեւանությամբ, եւ ահա այսպիսի երգերն էլ դրա վկայությունն են: Մի փոքր ավելի մեր պատմությունն իմացողին (վստահաբարՙ Հայոց եղեռնի շրջանակներում միայն, մանավանդ եթե այստեղից գնացած հայերի հետ մտերմության մեջ է) դժվար է լինում համոզել, թե որն է հայկական իսկական, մաքուր երաժշտությունըՙ ի՜նչ Կոմիտաս, ի՜նչ Եկմալյան, ի՜նչ Խաչատրյան...

Ռաբիսը տարերքի մեջ է այսօր, ռաբիսը իշխում է, ռաբիսը ամենուրեք է, ռաբիսը մտածողություն, կենսակերպ, աշխարհայացք է ձեւավորում: Էլ չգիտեմՙ ե՞րբ ենք նորից մաքրվելու, վերակրթվելու, վերագտնելու ինքներս մեզ, գիտակցելու, ճանաչելու մեր մաքուր, զտարյուն մշակույթը, երաժշտությունը, գնալու դրա՛ հետքերով...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.