AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 28-07-2017



Տեղադրվել է` 2017-07-27 22:58:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 8823, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑՎԵՑ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՔԱՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Մեկ տարի առաջ վախճանվեց ՀՀ ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանը: Թեեւ նա առաջացած տարիքում էր, բայց արվեստի մարդիկ, հանրությունը նրա մահը ծանր կորուստ համարեցին, որովհետեւ երգչուհու կատարողական վարպետությունն անկրկնելի է հայ գուսանական-աշուղական արվեստում:

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Օֆելյա Համբարձումյանի հուշաքարը: Այն ոչ կիսանդրի է, ոչ տապանաքար, այլ սիմվոլների կոմպոզիցիա:Հեղինակըՙ երիտասարդ քանդակագործ Էմին Պետրոսյանը, դուրս է եկել ավանդական ձեւաչափի սահմաններից ու պատկերային մտածողության ինքնատիպ լուծումով փորձել ներկայացնել Օֆելյա Համբարձումյանի արվեստն ու ստեղծագործությունը: Քանդակագործը փորագրել էր արտիստուհու խոսքերըՙ «Կոմիտաս երգող ազգն անմահ է»:

«Իմ քանդակի հիմքում կյանքի աղբյուրն էՙ ջուրը: Կաթիլը, որ ընդգծել եմ, Օֆելյա Համբարձումյանն է. նա առանձնանում է մյուս կաթիլներից: Նա առաքելություն ունիՙ թափվելով ջրերի մեջՙ իր արվեստով մաքրագործում է, բյուրեղացնում ջուրը, որ հենց մեր կյանքը, մեր աշխարհն ու մեզ է խորհրդանշում: Ես այսպես եմ պատկերացրել Օֆելյա Համբարձումյանին հավերժացնելու ցանկությունս»,-իր քանդակը մեկնաբանեց Էմին Պետրոսյանը:

Հուշաքարի բացման առիթով Հայ մեծերի պանթեոնում հավաքվել էին Օֆելյա Համբարձումյանի հարազատներն ու մտերիմները, բեմընկերներն ու նրա արվեստի երկրպագուները: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուշերում անջինջ են հատկապես Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում անցկացված համերգները, երբ ինքը մեծ ոգեւորությամբ ու հպարտությամբ բեմից ներկայացնում էր Օֆելյա Համբարձումյանին, ու նրա անունը լսելուն պես դահլիճը պայթում էր ծափերից ու արձագանքներից: «Մերձավոր Արեւելքի երկրներում, Ամերիկայում, ամենուր ցնծում էին Օֆելյա Համբարձումյանի ներկայությունից: Նրա երգը դիպչում էր ամեն հայի սրտին, այդ երգերի շնորհիվ հայը կառչած էր մնում իր ինքնությանը, հայոց լեզվին ու մեր արժեքներին: Օֆելյա Համբարձումյանը մեր ժողովրդական երգարվեստի ողնաշարն է: Ես զգացել եմ նաեւ նրա մարդկային ջերմությունը, հոգատարությունը: Ուշադիր էր բոլորի հանդեպ, հատ-հատ հարցնում էր բոլորիս ընտանիքների որպիսությունը: Ինձանից լավ գիտեր, թե երեխաներս որ դասարանում են սովորում, ինչով են զբաղվում, որովհետեւ միշտ հարցնում, հետաքրքրվում, մտահոգվում էր իրեն շրջապատող յուրաքանչյուի հոգսերով»,- հիշում է Արմեն Ամիրյանը:

Երգչուհիներից շատերի կուռքն է եղել Օֆելյա Համբարձումյանը: Ու շատերի բեմական կյանքի նախասկիզբն ու ներշնչանքն է եղել արտիստուհին: Ռաիսա Մկրտչյանը պատմում է, որ դեռ փոքր տարիքից, երբ պատկերացում անգամ չի ունեցել, թե ինքն էլ մի օր կանգնելու է բեմին, լսել է Օֆելյա Համբարձումյանի գուսանական երգերը, դրանցով դաստիարակվել ու ոգեշնչվել: «Փոքր էի. սիրահարվել էի Օֆելյա Համբարձումյանի «Սիրեցի, յարս տարան» երգին: Սովորեցի երգը ու փորձում էի նրա նման երգել, ձայնիս երանգը նրան նմանեցնել»,- պատմում է Ռաիսա Մկրտչյանը:

Օֆելյա Համբարձումյանի բեմական ընկերներն ամփսոսում են, որ արտիստուհին իր կյանքի վերջին տասը-քսան տարում համարյա չձայնագրվեց: Նրանց համոզմամբՙ երգչուհին առաջացած տարիքում ավելի հետաքրքրական ձայն ուներ, երգելու արվեստը բյուրեղացել էր, իսկ նրա կերպարն ավելի առինքնող ու ազդեցիկ էր դարձել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.