AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 25-08-2017



ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-08-24 19:58:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2877, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Վլադիմիր Նաբոկովի խոսքն ուղղված վտարանդիներին

«Թայմս գրական հավելված» (Times Literary Supplement) պարբերականն իր 2016 թվի մայիսի 13-ի համարում առաջին անգամ անգլերեն լեզվով ընթերցողներին էր ներկայացրել Վլադիմիր Նաբոկովի խոսքն ուղղված իր վտարանդի համերկրացիներինՙ թարգմանված Լյուք Պարկերի կողմից: «Լոլիտա» հանրահայտ վեպի հեղինակ Նաբոկովն (1899-1977) իր այդ խոսքը արխիվ հանձնելուց ինքն է ընտրել «ընդհանրացումների մասին» (On Generalities) խորագիրը: Ռուսերեն բնագիրը, որը Ալեքսանդր Դոլինինի խմբագրությամբ հրատարակվել է 1999-ին «Զվեզդա 4»-ում, այժմ գտնվում է Նյու Յորքի հանրային գրադարանի «Բերգ հավաքածոյում» (Berg Collection):

Նաբոկովն իր խոսքն արտասանել է 1926-ին Թաթարինով-Այխենվալդ Սըրքլում (Tatarinov-Aykhenvald Circle) կայացած երեկույթի ընթացքում: Թարգմանության նախաբանում իր մեկնաբանությունները ներկայացնելով Լյուք Պարկերը նշում է, որ Նաբոկովը վրդովված էր ներկայի վրա անցյալի ունեցած ազդեցությունից: «Նա ապագայի մարդն էր: Նրա հայացքը ուղղված էր ապագա ընթերցողին, պատմաբանին եւ նույնիսկ կենսագրին», գրում է նա, ավելացնելով, որ նրա համար կարեւոր էր, թե ինչպես է ներկան գնահատվելու ապագայում: «Ընդհանրացումների մասինը» ավելի շուտ մի «մանիֆեստ» է, որտեղ արտահայտված են Նաբոկովի անսահման լավատեսությունն ու գիտակցական պայքարն ընդդեմ ցավի ու կորստի կաթվածահար անող հուսահատությանը: Նա ամենուրեք փորձում է հաղթահարել վտարանդիության պատճառած հոգեկան հավասարակշռության խանգարումները: Այդ տարիների նրա հերոսներից մեկը գրելով ռուսաստանցի իր մի բարեկամին նշում է, որ ինքը «կատարելապես երջանիկ է» վտարանդիության պայմաններում: «Դարեր կանցնեն... կմոռացվի ամեն ինչ... բայց իմ երջանկությունը կմնա փողոցի լապտերների արտացոլման մեջ... պարող զույգերի ժպիտների եւ այն ամենի մեջ, ինչ Աստված այդքան առատորեն շրջապատում է մարդկային մենակությունը»:

Ստորեւ Նաբոկովի խոսքի թարգմանությունը: Անշուշտ ընթերցելիս պետք է հաշվի առնել գրության ժամանակը:

Գոյություն ունի մի շատ հրապուրիչ, միաժամանակ եւ շատ վտանգավոր դեւ, ընդհանրացումների դեւը, որը գերում է մարդու միտքըՙ ստիպելով նրան պիտակավորել ամեն մի երեւույթ եւ զետեղել այն ճշգրտորեն մեկ այլ երեւույթի կողքին, որը նույնպես խնամքով փաթաթված է ու համարակալված: Նրա միջոցով մարդկային գիտելիքների (պատմության նման փոփոխական) մի ամբողջ դաշտ վերածվում է փոքրիկ մի գրասենյակի, որտեղ այս բազմաթիվ պատերազմներն ու այդ բազմաթիվ հեղափոխությունները տեղադրված «քնում են» թղթապանակների մեջ, եւ որտեղ մենք կարող ենք խորասուզվել անցյալի դարերի մեջ ամենայն հանգստությամբ:

Այս դեւը շատ է սիրում «գաղափար», «հակում», «ազդեցություն», «ժամանակաշրջան», «դարաշրջան» եւ նման այլ բառերը: Պատմաբանի ուսումնասիրության մեջ այս դեւը հետադարձ հայացքով ի մի է բերում անցյալի երեւույթները, ազդեցություններն ու հակումները: Այս դեւն իր հետ բերում է սարսափելի մի ձանձրույթ, այն գիտակցությունը (սխալ, ի դեպ), որ ինչքան էլ մարդկությունն իր դերակատարությունն ունենա կամ պայքարի դրա դեմ, միեւնույն է, այն (պատմությունը) շարունակելու է իր անողոք երթը: Նման դեւից պետք է վախենալ, որովհետեւ այն նենգ է, խաբեբա: Դարերի վաճառականն է, որ փորձում է առաջ քշել իր գնացուցակը:

Իսկ ամենաահարկուն կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ ամբողջովին հանգիստ ընդհանրացումների այդ գայթակղությունը հափշտակում է մեզ եւ ստիպում խորհել ոչ թե անցած-գնացած, այլ հենց մեր ապրած ժամանակահատվածի մասին: Հոգ չէ, թե ընդհանրացումների այդ ոգին ստիպված լինի մի շարք տարիներ անվանել, կամ պիտակավորել «միջին դարեր»: Դա դեռ ներելի է: Դա կարող է փրկել դպրոցականներին ավելի վատ աղետներից: Հոգ չէ նաեւ, թե 500 կամ ավելի տարիներ անց 20-րդ դարը եւ այլ դարեր նույնպես հայտնվեն թղթապանակների մեջՙ երեւակայական մի պիտակով, ասենք, օրինակ, «երկրորդ միջին դարերը» (1): Սա անշուշտ մեզ չի վերաբերում, չնայած ծիծաղելի է, թե ինչպես է 20-րդ դարը ներկայանալու պատմագիտական շրջանակներում 500 կամ ավելի տարի անց: Բայց հետաքրքրական է իմանալ, թե արդյոք պարտավո՞ր ենք մենք ինչ-որ անուն տալ մեր դարին եւ արդյոք մեր այդ փորձը ճակատագրական դեր չի՞ խաղալու, երբ ընդգրկվի ապագայի գրքերում, խթանելով երեւակայությունը ինչ-որ խելացի մի մարդու:

Նման մի խելացի պատմաբան (2) մի օր փորձում էր նկարագրել անցյալի պատերազմներից մեկը, երբ հանկարծ աղմուկ լսեց փողոցից: Ամբոխը երկու կռվարար մարդկանց փորձում էր իրարից անջատել: Ո՛չ կռիվը, ո՛չ կռվողների դեմքի արտահայտությունները եւ ո՛չ էլ հավաքվածների մեկնաբանությունները չկարողացան նրան ճշգրիտ պատկերը տալ, թե ինչ էր իրականում տեղի ունենում: Նա հասկացավ, որ նույնիսկ իր տեսած կռվի էությունը հնարավոր չէր պարզել: Նա վերընթերցեց անցյալի պատերազմի իր նկարագրությունը եւ գիտակցեց, թե որքան անհեթեթ էին, անհիմն ու չպատճառաբանված իր բերած բոլոր փաստարկներն այդ պատերազմի վերաբերյալ: Եկեք ընդունենք, միանգամընդմիշտ, որ պատմություն հասկացությունը որպես ճշգրիտ գիտություն ընդամենը հարմարության արգասիքն է. «հասարակ մարդկանց համար», ինչպես կասեր թանգարանի աշխատողը ցույց տալով միեւնույն հանցագործի երկու գանգերըՙ մեկը երիտասարդ, իսկ մյուսըՙ առաջացած տարիքի:

Եթե մարդու յուրաքանչյուր օրը պատահական միջադեպերի շարան է (եւ դրանում է նրա ուժն ու աստվածայնությունը), ապա մարդկության պատմությունըՙ առավել եւս: Դու կարող ես կապակցել այդ միջադեպերը, կազմել ժամանակաշրջանների եւ գաղափարների սիրուն մի «ծաղկեփունջ», բայց անցյալի հոտը միեւնույն է անհետացած կլինի, եւ մենք կտեսնենք ոչ թե այն, ինչ իրականում տեղի էր ունեցել անցյալում, այլ այնՙ ինչ մենք ցանկանում ենք տեսնել այնտեղ: Պատահականորեն մի անհանգիստ մարդ որոշում է օվկիանոսային նավարկության դուրս գալ, եւ հաստատվում է առեւտուր հասկացությունը, ինչ-որ առափնյա մի պետություն հարստանում է, եւլն: Համակարգված ոչ մի ձեւ չկա: Պատմության «ռուլետի» անիվը ոչ մի օրենք չի ճանաչում: Կլիոն (3) ծիծաղում է մեր մաշված, շաբլոն դարձած արտահայտությունների եւ դրանցից բխեցրած մեր եզրակացությունների վրա:

Այսպես են վերաբերվում պատմությանը: Բայց կրկնում եմՙ ամենասարսափելին այն է, երբ ընդհանրացումների «որդը» ճանապարհ է հարթում դեպի մեր ժամանակաշրջանը: Իսկ ե՞րբ է սկսվել մեր ժամանակաշրջանը: Ո՞ր տարում, ո՞ր ամսում: Երբ մարդիկ «Եվրոպա» բառն են արտասանում, ո՞ր երկրներն են դրանում ընդգրկում, կենտրոնակա՞ն երկրները, թե՞ նաեւ Պորտուգալիան, Շվեդիան եւ Իսլանդիան: Երբ թերթերն իրենց վերնագրերում օգտագործում են «Լոկառնո» (4) տեղանքի անունը, ես պատկերացնում եմ միայն լեռներ, պայծառ արեւ եւ կանաչ ծառեր: Իսկ երբ մարդիկ արտասանում են «Եվրոպա» բառը, միեւնույն ընդհանրացված ինտոնացիայով, ես բառացիորեն ոչինչ չեմ տեսնում, քանի որ չեմ կարողանում միաժամանակ պատկերացնել Ռումինիայի, Իսպանիայի եւ ասենքՙ Շվեդիայի բնությունն ու պատմությունը: Եվ երբ այս անկոնկրետ, անհստակ Եվրոպայի կապակցությամբ մարդիկ սկսում են խոսել ինչ-որ ժամանակաշրջանի մասին, ես ինձ մոլորված եմ զգում եւ չեմ հասկանում, թե այդ ժամանակաշրջանը ե՞րբ է սկսվել եւ ովքեր (իվանովներ, միստր բրաուններ, թե՞ մսյո դյուպոններ) են ընդգրկված եղել դրանում: Բայց ես շեղվում եմ: Զրուցակիցս խոսում է վերջին 2-3 տարիների մասին եւ գործողությունը տեղի է ունենում իր ապրած քաղաքում, ասենքՙ Բեռլինում, իսկ քննարկված բարբարոսությունը վերաբերում է Կուրֆյուրշտենդամում հայտնված պարասրահներին: Հենց հասկանում եմ այս կետը, ամեն ինչ ավելի պարզ է դառնում: Մենք չենք խոսում ինչ-որ մշուշոտ, ընդհանուր բաների մասին: Այլ խոսում ենք կոնկրետ այս մեր դարաշրջանի քսանական թվերի բեռլինյան պարասրահների մասին: Տիեզերական ոգու փոխարեն, հասարակ քմահաճ նորաձեւության մասին, որն անցողիկ է ինչպես շատ այլ բաներ դրանից առաջ: Հետաքրքրական է, որ այս «faux-black» հորջորջված պարերը (5) նորաձեւություն էին ֆրանսիական Դիրեկտորիայի (6) ժամանակ: Հիմա արդեն դրանցում էրոտիկա չկա: Հետաքրքրական է նաեւ այն, որ երբ կանայք տարօրինակ փետուրներ էին կրում իրենց գլխարկների վրա, բարոյականությունը արցունք էր թափում սկանդալային մռայլությունների վրա: Դե, եթե խոսելու ենք նորաձեւության մասին, խոսակցությունը կարող է ե՛ւ հետաքրքրական, ե՛ւ ուսուցողական, իրազեկիչ լինել: Կարող ենք խոսել նորաձեւության քմահաճ լինելու մասին, կամ այն մասին, թե նորաձեւությունը որեւէ ձեւով կապ չունի մարդու կյանքի այլ երեւույթների հետ:

«Պատահականություն, Դոնիա Աննա, պատահականություն» գրում էր Պուշկինը իր «Քարե հյուրը» փոքր ողբերգությունում: Նորաձեւությունը քմահաճ ու հարափոփոխ է: Բեռլինյան նորաձեւությունը բոլորովին նման չէ փարիզյան նորաձեւությանը: Անգլիացին շփոթվում է, տեսնելով գոլֆի համազգեստներով բեռլինցիներին: Եվ եթե սպորտային թեման նշեցինք, մենք պետք է հստակեցնենք, թե ո՞ր երկիրը, ո՞ր տարին եւ ո՞ր ժողովրդին մենք ի նկատի ունենք: Դրա համար պատմությանը խորագիտակ մարդ է պետք լինել: Սպորտը միշտ էլ զվարճացրել է մարդկանց: Դրանում բարբարոսության նշույլներ փնտրելը անիմաստ է, որովհետեւ իսկական բարբարոսը միշտ էլ վատ սպորտսմեն է: Մենք չպետք է չարախոսենք մեր ժամանակների մասին: Մեր ժամանակները չափազանց ռոմանտիկ են, հոգեպես գեղեցիկ եւ նյութապեսՙ հարմարավետ: Պատերազմը, ինչպես ամեն մի պատերազմ, խորտակեց շատ բաներ: Բայց այն արդեն անցյալ է: Վերքերը սպիացել են եւ տհաճ հետեւանքները մոռացվել են, բացառությամբ «jeunes gens d՛apre՛s-guerre-ի» (7) մասին գրված ֆրանսիական վեպերի հեղեղին: Ինչ վերաբերում է հեղափոխության հոսանքին, այն անհետանալու է պատահականորեն, ինչպես հայտնվել էր պատահականորեն: Պատմության մեջ արդեն հազար անգամ նման դեպք տեղի ունեցել է: Ռուսաստանում պարզամիտ կոմունիզմին փոխարինելու է գալու ավելի ինտելիգենտ մի ինչ-որ բան եւ հարյուր տարի անց չափազանց տաղտկալի Ուլյանովը հիշվելու է միայն պատմաբանների կողմից:

Բայց մինչ այդ եկեք հաճույքով վայելենք մեր ժամանակը, ինչպես հեթանոսներ եւ աստվածներ, իր տեխնիկայի հրաշալի մեքենաներով եւ հսկայական հյուրանոցներով (որոնց ավերակները ապագան փայփայելու է ինչպես մենք ենք փայփայում Պարթենոնը), իր կաշեպատ բազկաթոռներով (որոնք հայտնի չէին մեր նախնիներին), իր չափազանց ճշգրիտ գիտական ուսումնասիրություններով, իր նուրբ արագությամբ եւ բարի հումորով, եւ ամենակարեւորըՙ իր հավիտենականության գրավչությամբ, որն առկա էր անցյալում եւ առկա լինելու է յուրաքանչյուր դարում:

1) Հղում է կատարում ռուս վտարանդի Նիկոլայ Բերդյաեւի հետպատերազմյան շրջանում «Նովոյե Սրեդնիվեկեվոյե» խորագրով էսսէին (1923 թ.), որ հետագայում (1933-ին) թարգմանվել եւ հրատարակվել է «Մեր ժամանակների ավարտը» հավաքածոյում: Լ. Պ.

2) Խոսքը անստույգ մի անեկդոտի մասին է անգլիացի պալատական, հետախույզ Սըր Ուոլտեր Ռալեյի (1552-1618) եւ նրա «Աշխարհի պատմությունը» (History of the World) աշխատության վերաբերյալ, որի նախատեսված հինգ հատորներից հրատարակվել է միայն մեկը: Լ. Պ.

3) Կլիոն (ներբողիչ) համարվում է պատմագրության հովանին: Հ. Ծ.

4) 1925-ին Շվեյցարական այդ քաղաքում նախաստորագրվեց պայմանագիր Գերմանիայի սահմանների երաշխիքի վերաբերյալ: Լ. Պ.

5) Նկատի ունի Չարլստոնի նման ջազային պարերը, որ կատարում էր աֆրոամերիկացի պարուհի Ժոզեֆին Բեյքերը:

6) Հինգ հոգուց բաղկացած գործադիր իշխանությունը (1795-99) ֆրանսիական հեղափոխությունից հետո: Լ. Պ.

7) Խոսքը ֆրանսիական վեպերում «հետպատերազմյան տրավմայով կամ հիվանդությամբ» տառապող գլխավոր հերոսների մասին է: Լ. Պ.

Նկար 1. Վլադիմիր Նաբոկովը 1920-ականներին

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.