AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-08-31 21:03:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 3020, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՈՒՍՏ ԼԵԶՎԻ ԱՂՔԱՏ ՏԵՐԵՐԸ

Հովիկ ԱՖՅԱՆ

Չարլի Չապլինն իր դստերըՙ պարուհի Ջերալդինային գրած նամակում հորդորում է վերջինիս, որ երբ իրեն վեր զգա հասարակությունից, անմիջապես թողնի բեմը: «Նստիր առաջին իսկ պատահած տաքսին եւ գնա Փարիզի արվարձանները: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիներ, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է: Նայիր, ուշադիր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Միշտ էլ կգտնվի մեկն ով քեզանից ավելի լավ կպարի եւ քեզանից լավ կխաղա...»:

Լավ է, որ այս նամակը կարդացել է Ջերալդինան, բայց վատ է, որ այս նամակը նրանից բացի քչերն են կարդացել, իսկ կարդացածների մեջ էլ շատերն են, որ այն հասկացել են ուղիղ: Այսինքն հասկացել են, թե Չապլինը հենց իր դստեր հետ է խոսում եւ ուրիշ ոչ մեկի, հենց պարուհիների մասին է խոսում եւ ոչ թե այլոց, հենց Փարիզի արվարձաններում են լուսին լուսարձակի տակ պարող ամենալավ, նազելի, գեղեցիկ, ու հպարտ պարուհիները եւ հենց այնտեղ է, որ միշտ ավելի լավը կգտնվի, քան մենք ենք, ավելի ճիշտՙ Ջերալդինան: Իրականում Չապլինը խոսել է հայոց լեզվի մասին, նաեւ հայոց լեզվի մասին:

Դուք համաձա՞յն եք, որ այն աղքատ է, այնպես ինչպես մեր տնտեսությունը: Ես օրինակ համաձայն չեմ, քանի որ եթե մեր լեզուն այնքան աղքատ լիներ, որքան մեր տնտեսությունն է, օրինակ Հրանտ Բագրատյանը չէր կարող այդ տնտեսության աղետալիության մասին այդքան շատ ու գեղեցիկ ու չոր ու սուր ու դիպուկ ու կոշտ ու ինքնատիպ ու տարածված...բառեր ասել: Ասում է, իսկ դա փաստում է, որ մեր լեզուն մեր տնտեսությունից առնվազն հարուստ է: Խոսքը մեր մեջՙ տարածաշրջանի բոլոր տնտեսություններից էլ հարուստ է, նկատի ունեմՙ մեր, ոչ թե Պարսից ծոցի, օրինակ: Բայց եթե մեր լեզուն տնտեսությունից հարուստ է, եւ հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, դա իհարկե չի նշանակում, որ մեր լեզուն հարուստ է: Ավելի ճիշտ, միայն դա չի ապացուցում լեզվի հարուստ լինելը: Այ, եթե մենք հայերենը համեմատենք օրինակ անգլերենի հետ, կամ ռուսերենի, կամ իսպաներենի ու ֆրանսերենի, որոնք բոլորն էլ, ի դեպ, ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից են, ապա կհասկանանք, որ մեր լեզուն... պարզվում էՙ էլի հարուստ է: Գուցե այնտեղ ավելի քիչ բառ կա, քան, օրինակ անգլերենում, բայց լեզուն հո մեղավոր չէ, որ իրեն տիրապետողները հարուստ երեւակայություն չունեն: Լեզուն հո չի ասումՙ ես բոլոր բառերն ունեմ, էլ մի ստեղծեք, կամ հո չի պարտադրում օտար նոր բառերի ծիծաղելի թարգմանություն, լեզուն հո ամեն մեկի գործը չէ, չնայած լեզուն բոլորինն է, նաեւ հարուստներինը, որոնցից շատերը մի հարյուր բառ գիտեն, բոլորն էլ ԱԺ-ի կանոնակարգ օրենքից, այն էլ սխալ, եւ օրենք են ընդունում, այդ թվումՙ լեզվի մասին: Լեզուն մեղավո՞ր է, որ դարձել է նրանց գործը, ովքեր պետք է բավարարվեին միայն դրանով խոսելով, ավելի ճիշտՙ այն սովորելով: Ի դեպ, լեզու սովորելը երբեւէ դադարո՞ւմ է, նկատի չունեմՙ օտար, այլՙ մայրենին: Օրինակ կա՞ մեկն, ով կասի, թե ինքը լիարժեք տիրապետում է հայերենին ու գիտի հայերենի բոլոր բառերը: Չկա, կնշանակի ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե որքան բառ կա հայերենում ու կարող է լինել, ուրեմն լեզուն անսահման է, ու ինչպես անսահման յուրաքանչյուր բանՙ հարուստ, ավելի հարուստ, քան են տնտեսությունն աղքատացրած հարուստները, ու ավելի անձեռնմխելի, քան ԱԺ պատգամավորները: Օրինակ քանի՞ միլիոն ունի ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորը, գուցե միլիա՞րդ, բայց քանի՞, թիվը կա, չէ՞, ինչ-որ մեկն այդ թիվը հստակ գիտի, չէ՞, իսկ մենք արդեն պարզեցինք, որ որեւէ մեկը չգիտի, թե հայոց լեզվում կոնկրետ քանի բառ կա, ուրեմն...Լեզուն մեղավո՞ր է, որ իրեն սովորողները ուսանելու ճանապարհի կեսից շատ հեռու բավարարվում են լիարժեքության թյուր ժպիտով, որ հարուստներն այնքան փող ունեն, որ կարող են իրենց լեզուն ստեղծել, որտեղ բոլոր բառերը քֆուր կլինեն ու մի քնքուշ բառ, որպես ծաղիկ, գինովցած ժամանակ մեկ-մեկ, բայց բոլորինՙ անկախ սեռից ուղղելու համար: Կամ լեզո՞ւն է մեղավոր, որ աղքատները այնքան խնդիր ունեն, որ նրանց հեչ պետք չէ, թե ինչ է նշանակում օրինակ անջրպետ բառը: Լեզուն ի՞նչ մեղք ունի, երբ նրանով են շարադրված երկիրն աղքատացնելու բոլոր որոշումները, պետք է, չէ՞, որ լեզուն հարուստ լինի, որպեսզի այդ որոշումները բազմաոլորտ լինեն ու բոլորիս վերաբերող: Ու ի՞նչ է ապացուցում այն հանգամանքը, որ Հայաստանում ավելի շատ խոսք կա, քան գործ, եթե ոչ լեզվի հարստությունը:

Եւ ուրեմն հայոց լեզվի մեջ մխրճվողները, որոնք սակայն մխրճվում են ոչ թե այն սովորելու, այլ հերն անիծելու նպատակով, կապ չունի Բագրատյան ազգանունն ունեն, թե Բագրատով կամ Բագրատիոնի (հայերենի հերն անիծելու շարժումը ազգություն չի ճանաչում), երկու ճանապարհ ունեն. կա՛մ նստում են առաջին իսկ պատահած տաքսին ու գնում Երեւանի արվարձանները ու տեսնում հայերենով շատ խոսողների ու համոզվում են, որ այդ մարդկանց հայերենն ավելի գեղեցիկ է, նազելի ու հպարտ, քան իրենցը ու զգում են, որ միշտ էլ կգտնվի մեկը, ով իրենցից ավելի լավ է խոսում հայերեն ու ավելի շատ բառ գիտի, քան իրենք գիտեն, կամ էլ կարդում են Վանո Սիրադեղյան, որը հայոց լեզվին բան ասողներին ասում է. «Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ: Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեքՙ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արեւելյան քաղաքների բազարներում եւ հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը: Փարիզ ընկնելիսՙ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով: Անկաշկանդ որոճացե՛ք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք: Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել եւսՙ ուղեղ, որովհետեւ ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներովՙ «Բա որ մեզ մորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»... Իրոք, անասնական մտահոգություն» :

Բոլոր պարագաներում Չապլինն ավելի նուրբ է ասել: Իմիջիայլոց Չապլինի ասածն էլ, Սիրադեղյանի ասածն էլ հայերեն են. այդքան հարուստ է լեզուն, մեր միակ հարուստ բանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.