AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 01-09-2017



ԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2017-08-31 21:03:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 4994, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԶԱՐ ԵՐԱՆԻ. ԴԻԼԻՋԱՆԸՙ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔԱՂԱՔ

Նաիր ՅԱՆ

Դիլիջանի մասին հատկապես խորհրդային շրջան ապրած կոմպոզիտորները երանությամբ են խոսում: Ոչ միայն հայ, այլեւ ռուս, վրացի ավագ ու միջին սերնդի կոմպոզիտորները, երաժիշտները բազմաթիվ ամառներ են անցկացրել Դիլիջանումՙ հանգիստն ու աշխատանքը համատեղելով: Վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին մի քանի ամիս առաջ հյուրընկալվեց Հայաստանում: «Զվարթնոց» օդանավակայան ոտք դնելուն պես Դիլիջանի անունը տվեց: «Իմ վեց սիմֆոնիաներից հինգը Դիլիջանում եմ գրել: Ավետ Տերտերյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի հետ կոմպոզիտորների տանն եմ ապրել ու ստեղծագործել: Այդպիսի բնություն - օդ, այդպիսի ներշնչանք ու ոգեւորություն ոչ մի տեղ չեմ վայելել: Ի վերջո, չմոռանանք, որ «Միմինոյում» իմ շնորհիվ է, որ Ֆրունզիկ Մկրտչյանը Դիլիջանի ջուրն է գովում: Ֆիլմը հնչյունավորելիս նա ասել էՙ «Վալիկ ջան, գիտե՞ս, Լենինականում բաց ես անում սովորական ծորակը. ջուր է գալիս, երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում»: Իմ միջատությամբ ու պահանջով է Գեորգի Դանիելյանը Ֆրունզիկին համոզել, որ նա երկրորդ անգամ հնչյունավորի ֆիլմի այդ հատվածը եւ Լենինականի փոխարեն ասի Դիլիջան: Ես սիրահարված եմ Դիլիջանին մինչեւ այսօր, ու այդ սերն ու նվիրումն եմ ցանկացել արտահայտել «Միմինոյում»: Տպավորություններս ու հուշերս այդ քաղաքից շատ ջերմ են ու անջինջ»,- խոստովանեց Գիա Կանչելին :

Երջանկահիշատակ Էդվարդ Միրզոյանը մեր պատկան մարմիններին բազմից է խնդրել, որ Դիլիջանի կոմպոզիտորների տունը վերականգնվի ու նորից դառնա մշակութային աշխույժ կենտրոն: Նրանից հետո կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը վեր հանեց նույն հարցը: Կոմպոզիտորների տունը հիմնովին վերականգնել-վերանորոգելը դժվար հարց է, բայց առաձին բարերարների միջոցներով հինգ քոթեջ արդեն նորոգվել է:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ օգոստոսի 15-26-ը Դիլիջանի կոմպոզիտորների տանն անցկացվեց հայ-վրացական երաժշտական ճամբար, որին մասնակցեցին 20 հայ եւ նույնքան վրացի երիտասարդ կոմպոզիտորներ ու կատարողներ: Ամառային ճամբարի նպատակը երիտասարդական ներուժը, գաղափարները մեկտեղելն ու նոր ծրագրեր մշակելն էր: Ճամբարի մասնակիցները պատրաստել էին համատեղ ելույթներ, անսամբլային համարներ, կատարել հայ եւ վրացի կոմպոզիտորների գործեր: Ճամբարի վերջին օրը հանդես են եկել գալա-համերգով: Նրանք նաեւ հյուրընկալել են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որի հետ զրույցի ընթացքում նոր նախագծերի, համերգների ու հանդիպումների պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Նախարարը մտադիր է առաջիկա վեց ամիսներին հայ-վրացական մշակութային կապերի վերականգնմանը միտված մի շարք ծրագրեր կյանքի կոչել: Վրաստանի մշակույթի նախարարը եւս ոգեւորված է նոր նախագծերով: Ի դեպ, Արմեն Ամիրյանը սեպտեմբերին նրան հրավիրել է Հայաստանՙ բանավոր պայմանավորվածություները փաստաթղթերի եւ հուշագրերի վերածելու, ինչպես նաեւ բանակցելու առաջիկա համատեղ նախաձեռնությունների մասին: Մեր եւ Վրաստանի պետական անսամբլները, նվագախբերը փոխադարձ համերգներով հանդես կգան, աշնանը նախատեսվում է հայ-վրացական ֆորում, որին կմասնակցեն հայ եւ վրացի երիտասարդ կինոգործիչներ: Ֆորումը կանցկացվի միաժամանակ չորս վայրումՙ Երեւանում, Գյումրիում, Թբիլիսիում եւ Ախալքալաքում: Իսկ համատեղ համերգների սկիզբը դրվեց հենց Դիլիջանի երաժշտական ճամբարով:

«Թերեւս մի քիչ ուշ է, բայց ոչ ուշացած այս նախաձեռնությունը: Զարմանալի էՙ անկախությունից հետո հայ-վրացական մշակութային կապերը կորցրինք, թեեւ կարծես պետք է հակառակը լիներ: Վրացի գործընկերս ու ես պատրաստ ենք վերականգնել այդ կապերը: Իսկ երկու ժողովուրդներին ու առհասարակ բոլորին կապող ամենաճիշտ ճանապարհն արվեստի ճանապարհն է: Մշակութային փոխհարաբերություններն ամենաարդարացվածն ու արդյունավետն են: Տասն օր հայ եւ վրացի երիտասարդ կոմպոզիտորները, երաժիշտներն ապրել ու ստեղծագործել են Դիլիջանում: Նրանք ոչ միայն մտերմացել են, այլեւ մտահղացել նոր, հետաքրքրական գաղափարներ: Երիտասարդները մեր շարժիչ ուժն են, նրանց վրա պետք է հիմնվել. նրանք ապագայի կամուրջներ են գցում: Ու ամենակարեւորըՙ մենք մտադիր ենք մշակությաին նախաձեռնություններին մասնակից դարձնել ոչ միայն Երեւանը, այլեւ մեր մյուս քաղաքներն ու մարզերը: Որտեղ կգտնվեն քիչ թե շատ հարմար դահլիճներ, պետք է օգտագործվեն, այլապես Երեւանից դուրս մեր մյուս բնակավայրերի մշակութային կյանքը վերականգնելը շատ դժվար կլինի: Պետք է ներգրավել մեր մարզերի բոլոր դահլիճներն ու բեմերը: Դիլիջանում իրականացված երաժշտական ճամբարն այդ օրինակներից մեկն է»,- նկատեց Արմեն Ամիրյանը:

Վրացի երիտասարդներից շատերը մինչեւ Դիլիջանը տեսնելը պատկերացում անգամ չեն ունեցել, թե Հայաստանում նման քաղաք կա: Թերի ռուսերենն անգամ չէր խանգարում արտահայտել իրենց զարմանքն ու հիացմունքը: Մեկի համար Դիլիջանը Շվեյցարիա է, մյուսի համարՙ անձեռակերտ բնաշխարհ: «Այստեղ ուրիշ ի՞նչ կարելի է անել, եթե ոչ ուղղակի ստեղծագործել. ներշնչանքն այս բնությունից հորդում է. եւ մի պահ զարմանում եմ. այս նոտաները ե՞ս եմ գրել: Իսկ ինչո՞ւ առաջ այսպես չէի գրում ու նվագում»,- խոստովանեցին վրացի կոմպոզիտորները:

Դիլիջանում հյուրընկալել են նաեւ ջազմեն-դաշնակահար Վահագն Հայրապետյանին, որը նրանց հետ վարպետության դասեր է անց կացրել: Վահագնը եւս Դիլիջանը միջազգային փառատոներ ու համերգներ անցկացնելու շատ հարմար վայր է համարում: Նրա կարծիքով, եթե մի ուրիշ ժողովուրդ ունենար այս հարստությունը, ամբողջ աշխարհի ուշադրությունը դրա վրա կհրավիրեր, մշակութային աշխույժ կենտրոն կդարձներ: Նա հիշեց իր մանկության, պատանեկության ու երիտասարդության ամառները, երբ Արամ Սաթյանը նրան նստեցնում էր իր ավտոմեքենան ու բերում Դիլիջան: «Քսան օր ժամանակ ունես. ե՛ւ հանգստացիր, ե՛ւ ստեղծագործիր»,- ասում էր:

«Շատ ազգերի ներկայացուցիչների հետ շատ անգամ եմ վարպետության դասեր անցկացրել: Այս անգամ էլ, երբ իմ դիմաց հայ ու վրացի երիտասարդներն էին, նորից համոզվեցիՙ մերոնք շատ տաղանդավոր են, անհամեմատ տաղանդավոր: Մի թարգմանեք, թող վրացիները չլսեն. բայց նրանք մեզ հետ համեմատվել չեն կարող: Ճիշտ է, նրանց մեջ էլ կան շնորհքով երաժիշտներ, ոմանք փորձում են լավ երգել, բայց մերոնք ուղղակի փայլում են: Չգիտեմ, երեւի մեր գենետիկական առանձնահատկությունն էՙ մեր երիտասարդները շատ տաղանդավոր են, բայց նույնքան համեստ, չեն սիրում իրենց ցուցադրել ու ներկայացնել: Այդ կողմից վրացիների մասին նույնը չես ասի. նրանք կոմպլեքսներ չունեն: Իսկ դիլիջանյան այս խաղաղությանը մերոնք իրենց տաղանդով ու համեստությամբ ուղղակի ներդաշնակվում են»,- վարպետության դասերի ընթացքի մասին ասաց Վահագն Հայրապետյանը :

Դիլիջանի անցյալը վերականգնելու երազանքով կոմպոզիտոր Արամ Սաթյանը մատնանշում է Կոմպոզիտորների տան դահլիճի բացառիկ հնարավորությունները: Պարզվում էՙ անգամ երեւանյան համերգասրահներն են իրենց ակուստիկայով ու մյուս որակներով զիջում այստեղի դահլիճին, որի առաստաղը եկեղեցու գմբեթի ճարտարապետական սկզբունքներով է կառուցվածՙ ապահովելով ձայնի կատարյալ մաքուր հնչողություն:

Արամ Սաթյանը հուշում էՙ 2020 թվականին Բեթհովենի 250 ամյակն է. Դիլիջանի Կոմպոզիտորների տունը կարգի բերելու համար դեռ ժամանակ կա: Եթե այստեղ անցկացվի Բեթհովենին նվիրված միջազգային փառատոն, ապա դժվար չէ պատկերացնել, թե աշխարհի որ ծայրերից որքան զբոսաշրջիկ, կոմպոզիտոր ու երաժիշտ հետաքրքրված կլինեն Դիլիջանով ու կփորձեն օր առաջ այստեղ ուղեւորվելու տոմս գնել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.