AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 08-09-2017



ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-09-07 22:17:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2960, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀԱՐԻՐՙ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆՆ ՈՒ ՄԵԾՈՒԹՅԱՆԸ

Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ճարտարապետության դոկտոր

Մոտենում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 տարին: Բնական է համընդհանուր ձգտումը, որ ամեն ինչ արվի այդ Մեծ անհատի հոբելյանը արժանավայել նշանավորելու համար: Ցավոք, ամեն ինչ չէ, որ կատարվում է ըստ հարկի ու պատշաճ մակարդակով:

Կարծեք ճակատագրի հեգնանքն է, որ այս օրերին Դսեղի Հովհ.Թումանյանի տուն-թանգարանի այցելուներին դիմավորում է մի բոլորովին անսպասելի ու աներեւակայելի իրողություն. տուն-թանգարանի բակի երկարությամբՙ գոյություն ունեցող նորակառույց մատուռին եւ բանաստեղծի կիսանդրի-հուշարձանին հարող մասում բարձրացվել են պատերՙ իբրեւ թե «ապագա զուգարանի եւ նվերների վաճառքի կետի» կարիքները հոգալու նպատակով: Խնդրի լուծման առավել անհարմար եւ անցանկալի տարբերակՙ բացառիկ աննպաստ տեղադրությամբ, անտրամաբանական ու չկշռադատված լուծումով, դժվար է գտնել: Դրա իրագործումը կլինի ճակատագրական սխալ, մեծ հարված տուն-թանգարանի հորինվածքին, ճարտարապետական-հատակագծային լուծմանը, զարգացման հեռանկարին: «Զուգարանային մասնաշենքը» բանաստեղծի կիսանդրի-հուշարձանի համար փաստորեն դառնում է բացառիկ անհարմար ֆոն: Զգալիորեն պակասեցվում է մերձթանգարանային տարածքը, վերացնելով թումանյանական ավանդական միջոցառումների անցկացման հնարավորությունը:

Մեծապես շահեկան կլիներ եւ տուն-թանգարանի կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման խնդիրը նպատակահարմար կիրագործվեր տարածքին կիցՙ Հովհ. Թումանյանի Վահան եղբոր կողմից կառուցված մասնաբաժնի ներգրավմամբ, որի հնարավորությունը, ցավոք, առայժմ դեռեւս չի ընձեռվում (մասնավոր անձի վաճառված լինելու հետեւանքով): Տուն-թանգարանի բակում «զուգարանային մասնաշենքի» կառուցումով փաստորեն կվերանա տուն-թանգարանի հորինվածքում Վահանի մասնաբաժնի ընդգրկումը, ինչը կլինի մեծագույն անուղղելի, ճակատագրական կորուստ:

Ստեղծված իրադրությունը հանգեցնում է տխուր եզրահանգման, եթե քաղաքաշինության ոլորտում եւս կիրառելի է «հանցագործություն» հասկացությունը, ապա տուն-թանգարանի առջեւ «զուգարանային մասնաշենքի» կառուցումը լիովին որակելի է որպես քաղաքաշինական հանցագործություն: Կարծեք հենց այս դեպքի համար է ասված ժողովրդական խոսքըՙ «Հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանում են»:

Հետեւապեսՙ միանգամայն մերժելի է եւ բոլորովին աննպատակահարմար տուն-թանգարանի առջեւի բակի երկարությամբ «զուգարանային մասնաշենքի» կառուցումը: Հարկ է վերացնել կառուցված պատերը, վերականգնելով նախկին վիճակը:

Այդ դեպքում ինչպե՞ս լուծել տուն-թանգարանի կոմունալ- կենցաղային հարմարությունների խնդիրը: Դրա նպատակահարմար լուծումը կարող է լինել տուն-թանգարանի արեւելյան շարունակությունը կազմողՙ կառուցապատումից միանգամայն ազատ տարածքի օգտագործումը, ինչը կլինի ժամանակավորՙ մինչեւ Վահան Թումանյանի մասնաբաժնի ներառումը:

Այստեղ ուզում եմ տեղեկացնել հետեւյալի մասին. Վահան Թումանյանի մասնաբաժնի ներառումը պայմանավորված է նրա նոր տիրոջ (որին անհեռատեսորեն վաճառվել է տարիներ առաջ) կամքի կատարումով: Մասնաշենքի զիջելու դիմաց պահանջում է բնակարան Երեւան քաղաքում, ինչի լուծման ելքը չի գտնվել մինչեւ օրս: Բայց, կարծեք թե, դրանում հեռանկար տեսնվում է. վերջերս Հովհ. Թումանյանի մեծ երկրպագու, պատվավոր լոռեցիՙ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ պրն Նարեկ Սարգսյանը մեր մասնավոր զրույցի ժամանակ հույս հայտնեց, որ ինքը կարող է նպաստել խնդրի լուծմանը:

Կարծում եմ, ամեն ջանք կգործադրվի խնդիրը կատարելապես լուծելու համար:

Բայց տուն-թանգարանի «բարեփոխման» ջատագովները զուգարանային մասնաշենքի հավելումով չեն բավարարվում: Տուն-թանգարանի տարածքում «քամիներից ծառերի կոտրման վտանգավոր հետեւանքները կանխելու նպատակով» կտրվել են գոյություն ունեցող եղեւնիները, եւ դրանց թողնված բներին քանդակում են թումանյանական հեքիաթների, բանաստեղծությունների հերոսներինՙ թռչուններ, կենդանիներ եւ այլն: Դրանք, բնականաբար, իրենց մասշտաբով, դասավորությամբ, էությամբ բոլորովին անհարկի են եւ չեն ներդաշնակում տեղին ու մտահղացմանը: Ծառերի բները «իրացնելու» սեւեռումով նրանց քանդակապատումը ոչնչով չի հարստացնում բակը, նպաստում գեղարվեստականությանը, ընդհակառակըՙ խանգարում, խոչընդոտում է միջոցառումների կազմակերպմանը, այցելուների հաղորդակցմանը:

Որոշված է քանդակապատման ենթարկել նաեւ Դսեղի կենտրոնական հրապարակը, որը ձեւավորված է, կառուցապատված դեռեւս 1960-ական թթ-ինՙ Հովհ.Թումանյանի ծննդյան 100-ամյակին նախորդող շրջանում: Կենտրոնական դիտելի մասում Մեծ բանաստեղծի բարձրարվեստ, բրոնզաձույլ արձանն էՙ ողջ հասակով մեկ կանգնած (1969թ., քանդակագործՙ Ղ.Չուբարյան, ճարտարապետՙ Լ.Սադոյան): Հրապարակի ամբողջական տեսքը պահպանվում է, կարիք կա մասամբ նորացնելու, վերականգնելու, բարեկարգելու, կանաչապատելու:

Հիմնականում Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանի տարբեր կուրսերի ուսանողների կողմից Անիի կարմրավուն տուֆաքարերի վրա քանդակվում են Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով քանդակներ (Սուտլիկ որսկան, Գիքոր, Սարո եւ Անուշ, Չախ-չախ թագավոր, Սեւուկ ուլիկ, Քաջ Նազար, Շունն ու կատուն եւ այլն), որոնք նախատեսվում են տեղադրել գյուղի կենտրոնական հրապարակի շրջանակում (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 19.07.2017թ.):

Միագույն, միակերպ պատկերաքանդակները հրապարակի ձեւավորման հարստացմանը բոլորովին չեն նպաստի, ընդհակառակըՙ կճնշեն, կնսեմացնեն եղածը, միանգամայն բացասաբար կանդրադառնան ավարտուն կերպով ձեւավորված հրապարակի վրա:

Քանդակներից արժեքավորները կարող են օգտագործվել Դսեղի Ծովերի տարածքի բարեկարգման աշխատանքներում, որոնք, որքան մեզ հայտնի է, կկատարվեն Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով (ի դեպ, դրանցում կարող են օգտագործվել նաեւ տուն-թանգարանի բակի ծառաբների քանդակները):

Հովհ.Թումանյանի դուստրըՙ Նվարդը, հիշում է, թե որքան էր վրդովվել բանաստեղծը հայրական տան քանդման հետ կապված. «Նրա վրա ծանր ազդեցություն ունեցավ հայրական տան ավերումը: Վերջին տարիներին այդ մասին խոսում էր խորին ցավով. ասում էրՙ իմ եղբայրները փչացրին ու քանդեցին իմ հորական լավ տունը, իմ հոգու տունը»: Եթե մի հրաշքով հարություն առներ Մեծ բանաստեղծը, կարծում ենք, միանգամայն դժգոհ կմնար եւ շատ կվրդովվեր նաեւ մերօրյա «բարեփոխումներից»:

Հովհաննես Թումանյանը հավերժի ճամփորդ է, այսինքնՙ քանի ապրում է հայ ժողովուրդըՙ Թումանյանը կլինի նրա հետ: Դա նշանակում էՙ այն ամենը, ինչ կապվում է Թումանյանի հետ, դարերի համար էՙ միտված հավերժությանը, որի հետ անպայմանորեն պետք է հաշվի նստել, այլապես արդյունքը կլինի անմխիթար եւ կարժանանա սերունդների արգատահանքին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 08-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.