AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 15-09-2017



Տեղադրվել է` 2017-09-14 21:08:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 4061, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԵՔՎԻԷՄ` ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ

Երուանդ ՏԷՐ-ԽԱՉԱՏՐԵԱՆ

Սփիւռքահայ լինելը ողբերգութիւն է եւ ճակատագիր: Ողբերգութիւն է ե՛ւ նրանց համար, որոնք օտար միջավայրում, օտար իրականութեան մէջ ամէն գնով ջանում են պահպանել (եւ պահպանում են) իրենց հայկական կերպարն ու նկարագիրը, ներաշխարհն ու հոգեբանությունը, ե՛ւ նրանց համար, որոնք դիւրութեամբ հեռանում են հայութիւնից ու հայկականութիւնից եւ ձուլւում են օտար գրաւիչ, բարեկեցիկ ու անհոգ կեանքին:

Հայութեան փրկուած խլեակները ցրուեցին աշխարհով մէկ, ապաստան գտան քարտէզի բազմագոյն ու բազմաբղէտ երկրներում եւ ստիպուած եղան յարմարուելու, անցնելու դառն ու ծանրագոյն փորձութիւնների միջով, ճաշակելու տարագիր մարդու ճակատագրի դառնապատիր պտուղը:

Դեռեւս իր ժամանակին, երբ Սփիւռքը նոր-նոր էր ձեւաւորւում, Վազգէն Շուշանեանը դառնութեամբ արձանագրել էր, որ Սփիւռքի կեանքը հիմնուած է աւազների վրայ: Այսօր, աւաղ, պէտք է ասել, որՙ սորուն աւազների...

Տասնամեակներ շարունակ սփիւռքահայ գրականութիւնը ուղղուած է եղել հայապահպանութեան գաղափարին: Արեւմտեան Հայաստանի համեմատաբար խաղաղ ժամանակների կեանքի պատկերումը, Մեծ Ողբերգութեան ուղղակի կամ անուղղակի արձանագրումները, հայկական էութեան բանաստեղծական ցոլացումը ուղղուած է եղել միայն մէկ բանիՙ արտերկրում ապրող հային հայ պահելու, յետ պահելու նրան ուծացումից:

Աշխարհը իրօք բազմագոյն եւ բազմաբղէտ է, նոյնքան բազմագոյն եւ բազմաբղէտ են այն պայմանները, որոնց մէջ ապրում է Սփիւռքի մարդը: Հնարաւո՞ր է արդեօք, այն էլ գրականութեամբՙ բանաստեղծութեամբ կամ պատմուածքով, նրան խանդավառութիւն ներշնչել, մղել ազգային գիտակցութեան եւ գործունէութեան, եւ, արդեօք, որքա՞ն ժամանակով:

Հենց այստեղ է եւ այսպէս է, որ սփիւռքահայի ոտքի տակ հողը սկսում է երերալ, հենց այստեղից են սկսւում սորուն աւազները...

Հայութիւնից եւ հայկականութիւնից սփիւռքահայի նահանջը դեռեւս 1920-30-ական թուականներին արձանագրել են արտերկրի մեր գրեթէ բոլոր լաւագոյն գրողները: Սփիւռքահայութեան նահանջը, դժբախտաբար, շարունակական է եւ թվում է այլեւս անվախճան: Սփիւռքահայի ֆրոնտիրը միշտ էլ եղել է ետեւում: Դա նահանջի անվերջ տեղաշարժուող սահմանագիծն է, նահանջողների ֆրոնտիրը:

Բայց նահանջի ժամանակը աւարտուած է, շատ երկրներում բնականօրէն, այլուրեքՙ պատերազմով եւ ռազմական գործողութիւններով:

Իջնում է սփիւռքահայութեան կեանքի երեկոն, վրայ է հասնում հրաժեշտի ժամանակը: Եւ ընդերքի ահեղ տատանումը առաջինը զգում է բանաստեղծը, նա, որ ստիպուած է արտայայտելու ընդհանուրի, բոլորի, այլո՛ց, ուրիշների՛ տագնապներն ու անկումները, ահն ու սարսափը, տառապելով տառապել այլոց հետ, այլոց փոխարէն: Սա դատապարտուածութիւն է, որովհետեւ երբ ամեն մարդ տարուած է իր առօրեայ կեանքովՙ չապրելով ոչ մի տագնապ, չանդրադառնալով ոչ մի բանի, թեւածելով եւ ճռուողելով իր բարեկեցիկ կենցաղի պարտէզներում, գալիս է մէկը, որ անտես հոգսերի ու մտատանջութիւնների իր անտանելի բեռը վերածում է չափածոյի: Եւ իբրեւ պարտք եւ պատասխանատուութիւն, իբրեւ սեփական անհատականութեան ազատութիւն, ասում է հրաժեշտի ու հրաժարումի իր խօսքը եւ տալիս է սրտագին ողջոյն. հրաժեշտըՙ Սփիւռքի իրական (ոչ ճառերի ու վերամբարձ ելոյթների մէջ չարչրկուած) կեանքին ու իրական վիճակին, սրտագին ողջոյնըՙ Հայաստանին: Իր նոր պոէմով հրաժեշտի խօսք ասողը եւ դէպի Հայաստանը մղուող բանաստեղծը Յարութիւն Նագուլեանն է, իր գրական նոր խօսքըՙ «Ռեքվիէմ» պոէմը:

***

Յարութիւն Նագուլեանի «Ռեքվիէմ»ը յանդուգն եւ համարձակ խօսք է վերնագրից սկսած: Երբ շուրջբոլորը վերամբարձ ճառեր ու յուզավառ ելոյթներ են, մանաւանդ սովետական կեանքի ճոխ արարողութիւնների ծաղրանկարն ու լաւագոյն դէպքումՙ ինչպէս ասում էինՙ ընկերական շարժը ներկայացնող միջոցառումները, երբ բոլորը շողում են մեդալ ու շքանշան ստանալու հաճոյքից եւ սպասում են հերթի, ո՞վ համարձակութիւն ունի,- իմ խօսքը բարոյական յանդգնութեան մասին է,- խօսելու Սփիւռքի մայրամուտի մասին:

Յարութիւն Նագուլեանը ասել է այդ խօսքը:

Պոէմը ընդարձակ մենախօսութիւն է, տարագրի ու սփիւռքահայ կեանքի բոլոր ոլորտներին ու վիճակներին քաջածանօթ, սփիւռքահայի կեանքի ամէն բոլորակներով անցած, մտածող, խորհող, իր կեանքի իմաստն ու բովանդակութիւնը որոնող, իր ժողովրդի պատմութիւնն ու անցեալը, արուեստն ու մշակոյթը գիտցող անձնաւորութեան ներքին մենախօսութիւն:

Սփիւռքի կեանքը միշտ էլ եղել է անղեկ ու անուղեցոյց ընթացք, մեծ նաւաբեկութիւնից հրաշքով փրկուած եւ խարխուլ մակոյկով ովկիանոսի ջրերի վրայ յայտնուած մի բուռ մարդկանց անառագաստ նաւարկութիւն, երբ հորիզոնը սոսկ հորիզոնական գիծ է, երբ շուրջբոլորը ովկիանոսային ամայութիւն է, երբ անյուսութիւնը սպառնում է վերջ դնել ամեն ինչի, բայց նրանք թիավարում են, որովհետեւ թիավարելը, թեկուզեւ անյոյս, կեանք է, գոյութեան միակ ձեւ եւ կերպ: Հին հռոմէացիները ասում էին` նաւարկելը անհրաժեշտ է, ապրելու անհրաժեշտութիւն չկայ (Navigare necesse est, quod non est necesse): Թիավարելը անհրաժեշտութիւն է, եւ ահա նաւազներից մէկը տառապագին լռութեան մէջ ճիչ է արձակում, բարձրաձայնում է այն ճշմարտութիւնը, այն խօսքը, որ միւսներն էլ գիտեն, տեսնում են, ապրում են դա, բայց չեն համարձակւում ասելու եւ բարձրաձայնելու: Այդ խօսքը հաստատում է Սփիւռքի կեանքի մայրամուտը:

Պոէմը գրուած է ազատ բանաստեղծութեամբՙ վերլիբրով: Իր համադրական-զուգորդական (associatif) մտածողութեամբ, առաջին հայեացքից անսպասելի, անակնկալ պատկերներով եւ բազմիմաստ փոխաբերութիւններով, բանաստեղծական խօսքի կշռութաւոր հոսումով Նագուլեանի բանաստեղծութիւնը մօտ է Կոստան Զարեանի բանաստեղծութեանը, աւելինՙ թւում է, թէ սկիզբ է առնում-գալիս է հենց Կոստան Զարեանից, ներքին դրամատիզմով, վերացարկումներով եւ խօսքի կառուցման պոէտիկայովՙ թերեւս Թոմաս Էլիոթից:

Պոէմը հարուստ է պատմական, կենսական, գրական ու մշակութային իրակութիւններով, դրանց խաղարկումներով եւ իւրովի իմաստաւորումներով: Շատ հետաքրքրական են գրական ձայնարկութիւնները, ակնարկումները, ուղղակի կամ անուղղղակի մատնանշումներն ու հասցէագրումները, ներքին դիմակայութիւնները, հայկական կեանքի եւ իրականութեան բազմաթիւ երեւոյթների իւրովի ընկալումն ու մեկնաբանութիւնը:

Պոէմի պոէտիկան հարուստ է խօսքի տոնայնութեամբ եւ հնչերանգային բովանդակութեամբ. նուրբ հեգնանքն ու սատիրական շեշտը, յուզիչ զգացմունքայնութիւնն ու էպիկական, տեղ-տեղ նաեւ պաթոսային ոգեշնչուած խօսքը բնականոն ներդաշնակութեամբ ընդելուզւում են իբրեւ պոէմի միասնական հիւսուածք:

Պոէմը սկսւում է «կակտուս» բառովՙ

Կակտուսի ծաղիկներ Յունուար-Փետրուարին...

Սկզբնաբառը ամենեւին էլ պատահական չէ. դատարկ մարդկանց դրաման նոյնն է ամենուրեք, նոյնն է այն կեանքը, որ մարդկանց դարձնում է դատարկ: Բայց քարը նետուած է, ամբողջական տողը դուրս կը լողայ պոէմի աւարտին:

Պոէմի հերոսը իր ներքին էութեամբ երկփեղկուած անհատ է, երկփեղկուած իր ապրած կեանքի եւ իր ներքին էութեան, օտար միջավայրի եւ ազգային պատկանելութեան գիտակցութեան, յարձակողական իրականութեան եւ իր անհատականութիւնը անվթար պահելու ճիգ ու ջանքի միջեւ: Բանաստեղծութեան ընթացքի հետ ընթերցողի առջեւ բացւում են հերոսի ներաշխարհն ու ներքին դրաման: Հերոսը տարուբերւում է արտաքին առարկայական աշխարհի եւ իր հոգեկան իրականութեան միջեւ, խորութեամբ ապրելով սփիւռքահայ մարդու ողջ դրաման: Նա ձգտում է դուրս գալ-դուրս պրծնել օտար իրականութիւն-միջավայրից, որը խորթ է իր հոգեկան իրականութեանը: Բանաստեղծը յստակօրէն տեսնում է այդ իրականութեան մայրամուտը, սփիւռքահայ կեանքի եւ իրականութեան մայրամուտը.

մենք դուրս մնացինք

շուրջպար բռնեցինք կակտուսի շուրջը

Եւ ահա երեւաց չարաբաստիկ տողըՙ սփիւռքահայերին մնում է շուրջպար բռնել կակտուսի շուրջը, որի փուշը վաղուց խրուած է նրանց ճակատագրի մէջ:

Եւ սա արդէն վերջն է, իրիկնամուտի զանգերը հնչել են վաղուց: Բայց սա այն վերջն է, որ դառնում է նոր սկիզբ, նոր դուռ է բացում յուսահատութեան հասածների, կակտուսի շուրջը շուրջպար բռնածների համար.

վերջ գտաւ արդէն

այս ճամբան անել

հիմա Հայաստանի վերածնունդն է

..............................

բայց

գոնէ հիմա

կեանքի

ապրումի վերածննդեան գեղեցիկ օրն է

օրհնութիւն թող տայ

խնկաբոյր օրհնութիւն

յաջորդ սերունդին եւ սերունդներուն

նոր այբուբենը ըլլայ հայկական

սփիւռքը վերջանայ

եւ

Հայաստանը դառնայ հայրենիք

Պոէմի աւարտին բանաստեղծի խօսքը յուզավառ, ներշնչուած, երկրի ու հայրենիքի հանդէպ խորունկ հաւատով լեցուն: Հերոսը հասնում է ներքին խաղաղութեան, հոգեկան ջլատումներն ու դրաման վերջ են գտնում, մարդը դառնում է կատարեալ, եթէ միանում է իր երկրի եւ հայրենիքի հետ: Դրաման աւարտւում է, երբ հոգեկան հայրենիքը դառնում է առարկայական իրականութիւն:

Եւ «Ռեքվիէմ»ը, որն ի վերջոյ հոգեհանգստի խօսք է, վերջին հրաժեշտի խօսք եւ արարողութիւն, անսպասելի աւարտ ունի: Այն աւարտւում է արեւածագից առաջ, anti lucem: Արեւը ծագում է հերոսի հոգեկան դրամայի աւարտին, շատ շուտով տեղատարափ լոյսը սրբագործելու է ամեն բան.

առաւօտեան դէմ արեւը չելած

ռեքվիէմը վերջ գտաւ

Վաղը լուսաւոր եւ պայծառ օր է լինելու, կատարեալ գեղեցկութեան ու հոգեկան խաղաղութեան օր:

***

«Վաթսունականներուն» ընդարձակ բանաստեղծութիւնը, որ կարելի է ընկալել իբրեւ բանաստեղծութիւնների շարք, միաւորում է հայաստանեան կեանքի երկու ժամանակըՙ երեւանեան 1960-ական թուականների եւ Հայաստանի կեանքը 1988-ից յետոյ:

1960-ականները մեր ազգային կեանքի, մեր ազգային գիտակցութեան (եւ ինքնագիտակցութեան) վերելքի ամենաբարձր տարիներն էին, ստեղծագործումի մեր ամենաարգասաւոր ժամանակը: Այդ տարիներին Երեւանը ունէր իսկական մտաւորականութիւն եւ բարձր նկարագրի տէր իսկական քաղաքացիների մտաւոր-ինտելեկտուալ բարձր միջավայր: Յարութիւն Նագուլեանը աւելի քան ութ տարի եղել է այդ միջավայրում, եղել է այդ միջավայրի գործուն անձերից մէկը:

Ճանաչելի բազմաթիւ անձնաւորութիւնների, հայկական կեանքի նշանային բազմաթիւ իրադարձութիւնների ու իրակութիւնների յիշատակումներով «Վաթսունականներուն»ը դառնում է գովք եւ հրաժեշտ հայկական կեանքի իրաւ La belle epoque-ին, իրաւ գեղեցիկ ժամանակին: Սա գովքն է հայ ստեղծագործ մտքի, հայ մտաւոր ներուժի, հայ գիտակցութեան վերելքի, վերջապէսՙ գովք է երիտասարդական կեանքի ժամանակի...

Առանձին անուանումների ու թուարկումների, իրերի եւ երեւոյթների յիշատակումների, պատկերաւոր խօսքի տողերի միջից անգոյն ծխի պէս աստիճանաբար ելնում եւ առարկայանում է բանաստեղծի սէրը 60-ականների Երեւանի, նրա կեանքի ու մթնոլորտի, փողոցների ու հրապարակների, մարդկանց, բոլորի ու ամէն ինչի հանդէպ:

Եւ այդ սիրոյ կողքին յայտնւում են նոր ժամանակները բնորոշող այլ իրակութիւններՙ մռայլ գոյներ, սեւ ստուերներ, դառն ճշմարտութիւններ.

հիմա ազատ է մեր հայրենիքը

արդեօք այդպէս է

հիմա թալանուած հողամաս մըն է

մեր հայրենիքը

արդեօք այդպէս էր մեր հին երազը

Հերթական անգամ հայութեան երազը փշրւում էՙ զարնուելով դառն իրականութեան կարծր ժայռերին: Հերթական անգամ մեր նաւը մնում է անղեկ եւ անառագաստ.

ստեղծագործել երկիր ու երկինք

Աստուծոյ գործն է

բայց ազգ ստեղծել

հայրենիք կերտել

մեծցնել

փոքրացնել

թագաւորի գործ է

պարզ մահկանացու թագաւորներու

Նորից մէջտեղ է գալիս հայութեան դարաւոր անպատասխան հարցըՙ ե՞րբ է ծնուելու հայերի Լէ-Կուան Իւն: Եւ ծնուելո՞ւ է նա երբեւիցէ...

Բանաստեղծները, իսկական բանաստեղծները տեսանող են եւ մարգարէ: Բոլորը հարցերը գիտեն, նրանքՙ պատասխանները: Եւ ամեն մի դժուար հարցի պատասխանը տալիս է գիրը, հայոց գիրը... Թագաւոր, որին հասանելի լինի հայոց գիրը, որ ներշնչուած լինի Հայոց Գրով...

Բանաստեղծը սպասում է այդ թագաւորին...

***

Մեր արդի գրականութիւնը, եւ անշուշտՙ նաեւ բանաստեղծութիւնը, դժբախտաբար գրեթէ կապ չունի մեր հոգեկան եւ ֆիզիկական իրականութեան հետ: Նմանակութեան քամիներին պարզուած համեստ մեր կարողութիւնները աւելի տարուած են ոչ թէ բանաստեղծութեամբ, այլ բանաստեղծելու մարմաջով:

Այս առումով Յարութիւն Նագուլեանի «Ռեքվիէմ»ը շահեկանօրէն առանձնանում է այսօրուայ հայկական չափածոյի` ահազդու թուի ու ծաւալի հասնող հրատարակութիւնների մէջ: Ես այս գիրքը համարում եմ երեւոյթ ոչ միայն սփիւռքահայ, այլեւ արդի հայ գրականութեան մէջ ընդհանրապէս:

Նկար 1. Յարութիւն Նագուլեան REQUIEM: Երեւան, «Հայագիտակ», 2017

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.