AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 15-09-2017



ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-09-14 21:08:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2722, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՐԻԺՈՐԻ ՆԵՐԱՇԽԱՐՀԸ

Զավեն ՎԱՐԴԱՆՅԱՆ, Դիրիժոր, ՀՀ արվեստի վաստ. գործիչ

Ֆ.Նիցշե. «Ուր ճանաչողության ծառն է կանգնած, դրախտը միշտ այնտեղ է. այսպես են խոսում ամենածեր ու ամենաջահել օձերը»


Այս հոդվածի հեղինակը Զավեն Վարդանյանն է, մեր հայտնի եւ առավել խորաթափանց դիրիժորներից մեկը, որ բացի նվագավարի վահանակի մոտ կանգնելուցՙ նաեւ գործիչ է, երաժշտական տարբեր խմբերի, առավել եւս երաժշտական ծրագրերի կազմակերպիչ: Երաժշտասերները միշտ հիշում են նրա կազմակերպած վագներյան եւ բախյան ծրագրերը, որոնց ընթացքում կատարված գործերից ոմանք Հայաստանում հնչել են առաջին անգամ: Այստեղ չենք ցանկանում թվարկել դիրիժոր եւ դասախոս Զավեն Վարդանյանի տիտղոսներն ու ստացած պարգեւները. դրանց ցուցակը երկար է, սակայն կուզենայինք գոհունակություն հայտնել, որ մաեստրոն «ԱԶԳ»ի համար գրել է առայժմ 2 հոդված, որոնք ընթերցող լայն հասարակության առջեւ բացում են դիրիժորական արվեստի նրբությունները, հոգեբանական եւ մասնագիտական նախապատրաստական աշխատանքը, երաժշտության ընթերցման յուրահատկությունները: Այս առիթով ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հոդվածներից առաջինըՙ մեր վերնագրի ներքո:


Ամեն անգամ, դեռ երիտասարդական տարիներից, երբ ձեռքս եմ վերցնում անծանոթ պարտիտուրը` լինի դասական կամ արդի երաժշտության, սկսում եմ թերթել, հետ ու առաջ անել, միաժամանակ մտորել. գիտելիքներս կբավարարե՞ն այն վերլուծելու, հասկանալու համար, քանզի դա մի անհայտ, ոչ պարզ տարածություն է, եւ պետք է հասկանալ, թե կոմպոզիտորն ինչպես է կազմակերպել, ձեւ տվել երաժշտական տարածությանը, ինչպես է այն ընդարձակվում եւ սեղմվում, ինչպիսին է ստեղծագործության հյուսվածքի տեքստուրան, հայտնաբերել նրա կենսաուժերը եւ այլն: Եվ այս պրոցեսը կրկնվում է երբեմն մի քանի օր շարունակ: Հետո թողնում եմ մեկ շաբաթ, գուցե 10-15 օր, այնուհետեւ վերստին շարունակում ուսումնասիրությունս, մինչեւ որ նրանից սկսում եմ ստանալՙ սկզբում աղոտ, այնուհետեւ ուժգնացող, իմֆորմացիա կրող իմպուլսներ եւ կարծես սկսում եմ ինչ-որ բաներ որոշակիորեն զգալ եւ հասկանալ: Իսկ երբ սկսում եմ ուսումնասիրել նախկինում արդեն իմ կողմից վերլուծված պարտիտուրը եւ նկատում նոր տարրեր, մտածում եմ` կկարողանա՞մՙ արդյոք անհրաժեշտության դեպքում վերանայել իմ սկզբունքները, որոնք համոզված կրել եմ իմ մեջ երկար տարիներ, քանզի արվեստագետի ընկալումները միեւնույն երեւույթի նկատմամբ փոխվում են իր ապրած տարիների ընթացքում իր ձեռք բերած հոգեւոր եւ մտավոր բովանդակության զարգացման համապատասխան:

Դեկարտյան մեթոդըՙ կասկածի ճանապարհով հասնել ճշմարտության, ստեղծագործական կյանքում իմ հոգեկան կառուցվածքի անբաժանելի էությունն է:

Այնուհետեւ ուսումնասիրումը ավարտելուց հետո ինքս ինձ հարց եմ տալիսՙ կարողացա՞ բացահայտել կենսականը, ճի՞շտ եզրահանգման եմ արդյոք եկել: Ահա այս «կասկածների մարտից» հետո ներքին կոնֆլիկտները սկսում են աստիճանաբար մարել եւ իմ ուսումնասիրման, հետազոտման արդյունքը վերջնական ձեւավորում է ստանում: Ինչո՞ւ, որովհետե՞ւ, բա՞յց, եթե՞, արդյո՞քՙ գործողության դրդող այս բառերը միշտ հնչում են իմ մեջ անհանգիստ երանգով, մղում գտնելու պրոցեսների ներքին տրամաբանությունը: Հոգեմաշ գործ է, բայցՙ անհրաժեշտ: Եվ հոգիդ լցվում է գտնողի երջանկությամբ, երբ հասնում ես եզրահանգման: Ահա այդ պահից էլ իմ մեջ ծագում է սիրավեպ պարտիտուրի հետ: Եվ երեւակայությունս ճանապարհ է ընկնում դեպի նրբագեղության եւ լավատեսության ժամանակները: Ընդհանրապես, երբ ճանապարհորդում ես մի պարտիտուրից մյուսը, հոգիդ նույնպես ճանապարհորդում է, եւ մշտապես գտնվում ես ներշնչման վիճակում:

Հետազոտման, ուսումնասիրման ամբողջ այս ընթացքում, ներսումս կուտակվող էներգիան գործում է բուռնՙ մե՛րթ ակտիվանում է, մե՛րթ պասիվանում, ինչպես ծովը` մակընթացության եւ տեղատվության ժամանակ: Իմ ստեղծագործական գործունեության ընթացքում այս պրոցեսը մշտապես գոյություն ունի: Այս կենսաբանական էներգիան, որ նույն ինքը վիտալՙ կյանքի էներգիան է, որը Յունգը անվանում է լիբիդոՙ համառության, ձգտման, տենչանքի իմաստով, երբեք ինձ հանգիստ չի թողնում, միշտ արթուն է պահում իմ մեջ Նպատակըՙ Անհրաժեշտ պայմանը, որն ուղղորդում է Կամքինՙ դեպի Կյանք: Իմ բանականության եւ հոգեւոր աշխարհում նա մշտական գրանցում ունի: Կամքի այդ գործունեության հետեւանքով, ինչպիսի խոչընդոտների էլ որ հանդիպի, նա գտնում է այն ճանապարհը, որով իրացնում է ինքն իրեն, գործունեությունը դարձնում մշտապես գործող, իրական: Նշանակում է` Կամքը աշխարհաճանաչման, աշխարհի ըմբռնման եւ գիտակցման բանալին է: Այդ ճանապարհով Ճշմարտության հասնելու, այն երեւան հանելու, ուսումնասիրելու, հետազոտելու համար անհրաժեշտ են գիտելիքներ: Հեգելը գտնում էր, որ «Ճշմարտության ճշմարիտ ֆորման հանդիսանում է գիտելիքների սիստեմը»: Երբ խոսում են այսինչի կամ այնինչի մասին, թե` ճիշտ է, ինտելեկտից զուրկ է, բայց ինտուիցիա ունի, ապա դա զավեշտ է, որովհետեւ այդ ինտուիցիան, ինչպես ասում էր Շելլինգը, պետք է լինի «ինտելեկտուալ ինտուիցիա»:

Անսիստեմ ձեռք բերած ինչ-որ գիտելիքներ լուրջ հաջողություն չեն կարող բերել: Անհրաժեշտ է սիստեմատիկություն եւ պարբերականություն: Սա է կազմակերպում եւ ֆոկուսի մեջ պահում օրինաչափությունների բնական եւ հակասական ընթացքը: Ուստի իմ ամբողջ գիտակցական կյանքում հետեւել եմ գիտելիքների ամբարման եւ հոգեկան հիգիենայի կանոններին: Սակայն անհրաժեշտ է ունենալ ոչ միայն ճշգրիտ գիտելիքներ, այլեւ դրանք կիրառելու հմտություն: Այս իմաստով եղել եմ չափազանց բծախնդիր, որն ինձ քիչ տառապանք չի պատճառել: Բայց այն անվերապահ հավատը, որ դա անհրաժեշտություն է, ինձ համբերատար է դարձրել: Բացառիկ մտավոր ընդունակություններից ավելի ինձ համար կարեւորագույնը եղել է համառ ու շարունակական աշխատանքի միջոցով գիտելիքների ձեռքբերումն ու կատարելագործումը:

Գիտելիքը ինքնագիտակցման հայելին է, թերեւս կյանքի կարեւորագույն գործոններից մեկը: Ստեղծագործական կյանքում խուսափել եմ դատարկ, անորոշ, անհասցե խոսքերից, փորձել եմ լինել ճշգրիտ ու հստակ, հասկանալի արտահայտել միտքը, մտածել զուտ պատճառաբանված, որը կարող է լինել այս կամ այն չափով, բայց չլինել չի կարող:

Երբ դիտում-քննում ենք պարտիտուրը, հասկանալի է, որ այն, ինչ տեսնում ենք, դրա տակ թաքնված ավելի խոր շերտեր կան, եւ սկսում ներքին ականջով լսել այն եւ ստացած ներքին ազդակների շնորհիվ ծնվում է գիտակցումը: Եթե պատկերացնենք, որ պարտիտուրը մի աշխարհ է, ավելի ճիշտՙ աշխարհի հնչյունային պատկերն է, ապա առանց այդ աշխարհի գիտակցման, նրա մեջ թափանցման, այն գոյություն ունենալ չի կարող: Կամ կարող է գոյություն ունենալ միայն այն չափով, որ չափով գիտակցվում եւ ընկալվում է մեր հոգեւոր աշխարհում: Սակայն գիտակցման շնորհիվ ստեղծված տպավորությունը հիմնավորման կարիք ունի բանականության միջոցով: Այս պրոցեսը ես բաժանում եմ երեք փուլի. ազդակների ընկալման շրջան, գիտակցման շրջան, պատկերացումների (տպավորության) կազմավորման շրջան:

Մեծագույն նշանակություն եմ տալիս «սուրբ երրորդությանը»ՙ Գիտենալ, Կարենալ, Ցանկանալ: Միայն այս դեպքում է առաջանում մտքերի շղթայական ռեակցիա: Եթե սրանցից մեկն ու մեկը չկա, որեւէ պրոցես չի կարող լիարժեք կայանալ: Դատարկ հոգին ու դատարկ գլուխըՙ tabula rasa (մաքուր գրատախտակ), չեն կարող պտղաբեր լինել եւ, լինի դա դիրիժոր թե ջութակահար, կոմպոզիտոր թե ճարտարապետ, նման կլինի մի կմախքի, որի վրա ձգած է ընդամենը մարդու մաշկ:

Զարգացնել հոգեւոր եւ մտավոր աշխարհները, ըստ էության նշանակում է գտնվել ինքնաճանաչման պրոցեսի մեջ: «Ուր ճանաչողության ծառն է կանգնած, դրախտը միշտ այնտեղ է. այսպես են խոսում ամենածեր ու ամենաջահել օձերը», իր ասույթներից մեկում գրում է Նիցշեն: Եթե չկա ինքնաճանաչման պրոցեսը, ուրեմն արվեստագետը չի կարող իրագործել իր մտահղացումները, որպիսիք կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նաեւ ունենալ բազմակողմանի գիտելիքներ: Ինքնաճանաչման պրոցեսի բացակայությունը, գիտելիքների անբավարությունը ի չիք են դարձնում լիարժեք արարելու բոլոր ջանքերըՙ նույնիսկ տաղանդի առկայությամբ: Որեւէ ստեղծագործական արարում չի կարող կայանալ գիտակցությունից դուրս: Գիտելիքների անբավարությունը հանգեցնում է արարման անկատարությանՙ խոտանի:

Շոպենհաուերը համոզված էր, որ «մեր կյանքի առաջին քառասուն տարիները կազմում են տեքստերը, իսկ հետագա երեսուն տարիներըՙ այդ տեքստերի մեկնաբանումը, որը հնարավորություն է տալիս մեզ հասկանալու կյանքի ճշմարիտ իմաստը»: Բայց այդ քառասուն տարիների տեքստերը «կախում ունեն այն բանից, թե ինչպես են օգտագործվել պատանեկությունն ու երիտասարդական տարիները», քանզի հետագայում, գիտելիքում առկա ճեղքերի վրայով հապշտապ ցատկոտելը ոչ մի գեղարվեստական արդյունք չի տալիս: Նորբերտ Վիների միտքը, թե «բաց թողած տարիների պատճառով հսկայական նոր նյութ` գիտելիքներ, յուրացնելու անհրաժեշտությունը կարող է հանգեցնել մտավոր թերամարսման», վկայում է այն մասին, որ գիտելիքի կուտակումը սիստեմատիկություն է սիրում: Կայուն եւ բարձր մակարդակի հասնելու համար պետք է հերթով անցնել բոլոր սանդղակները: Ընդհանրապես, մտածողությունը կամ որեւէ ստեղծագործություն, որեւէ կատարում անդիմադրելի գրավչություն է ստանում օժտված մտքերի առկայության շնորհիվ: Գիտելիքը չի խանգարում հույզին, զգացողությանը, չի ամայացնում հոգու բովանդակությունը, այլ իմաստավորում, գույն եւ բույր է հաղորդում նրանց, օգնում նրանց միջեւ տրամաբանական կապեր հաստատելուն: Բանական եւ հոգեւոր աշխարհները կազմում են անհատի ներքին աշխարհը, որի Ոգին ունի ղեկավարող ու մղող ուժ եւ հեռու է պահում արվեստագետին գեղարվեստական աղետներից: Ինտելեկտուալ մարդու Ոգին թույլ չի տալիս գիտակցման անհատականության կորուստ, մտավոր մակարդակի իջեցում, որը հասցնում է հոգեւոր կաթվածի, որին հետեւում է հոգեւոր մահը: Արվեստի մեջ ներթափանցելու, այն բազմակողմանի զննելու համար անհրաժեշտ ինտելեկտը օգնում է առանձնացնելու իմաստալին անիմաստից: Ինտելեկտը չզարգացնող մարդու հոգին ու միտքը աստիճանաբար ժանգոտվում են:

Բազմակողմանի գիտելիքներ, հարուստ ներաշխարհ ունենալու կարեւորությունն այն է, որ դրանք մշտապես մղում են արվեստագետին ճանաչել ինքն իրեն, աշխարհը, կյանքը, նրանց մեջ տեղի ունեցող երեւույթների օրինաչափությունները:

Սոկրատեսն ասում էրՙ «Միտքը, որը զուրկ է իմաստությունից, մահվան է մատնում տիրոջը»: Հույզի բացակայությունը կամ դրա գերառատությունը, նույնպես մահվան են մատնում տիրոջըՙ հոգեւոր առումով: Ինտելեկտն ու հույզը համատեղ գործելով կարող են հասնել փնտրվող արդյունքիՙ ներազդման ուժի:

Անցյալ տարի ձեռքս ընկավ մի գիրքՙ նամականի, որից իմացա Մատենադարանի երկարամյա տնօրեն Սեն Արեւշատյանի մի հոդվածի մասինՙ «Նոմինալիզմի զարգացումը միջնադարյան Հայաստանում»: Թեեւ երկար տարիներ ճանաչել եմ այդ սքանչելի մարդուն եւ հրաշալի գիտնականին, չէի իմացել այդ հետաքրքրական հոդվածի մասին, ուր գտա ուշագրավ մտքեր, մասնավորապես բանականության վերաբերյալ: Բերգսոնի այն միտքը, թե «Հույզն է կյանքի կոչում մտային տարրերը, որոնց հետ կազմում է մեկ ամբողջություն», մենք կարդում ենք Դավիթ Անհաղթի մոտ. «Ճանաչողության ուղիներն ու միջոցները սկսվում են զգայական ընկալումից, որի հիման վրա հնարավոր է դառնում իմացման ավելի բարձրՙ բանական ձեւը»: Իսկ Անանիա Շիրակացին կարեւորում է. «Փորձով եւ դիտարկումով ստուգված գիտելիքների նշանակության շեշտումը արտաքին աշխարհի ճանաչման գործում»: Հովհան Որոտնեցու համոզմամբ, «Հենվելով զգայարանների վկայությունների վրա, բանականությունը ճանաչում է Իրի ամբողջությունը, թափանցում է Իրի էության մեջ եւ ամրացնում է դրա հետեւանքն ընդհանուր հասկացություններում»: Գ. Տաթեւացին էլ դիպուկ օրինակ է բերում. «Բանականի իմացումը նման է մշտաշարժ վերընթաց կրակի»: Ամփոփելով, Ս.Արեւշատյանը գրում է. «Միջնադարի պայմաններում հայ գիտական միտքը բանականության գովքն է անում եւ անվանում այն միակ ճշմարիտ եւ անկաշառ դատավոր»: Այսինքն, բոլոր ժամանակներում, Հույզը նկատվել է իբրեւ շարժող, մղիչ գործոն, իսկ Բանականությունը` Ճանաչման, Գիտակցման, իմի բերող, վերջնական եւ միակ գործոն, միակ ճշգրիտ միջոց: Երբ կազմավորվում է գիտակցությունը, այդ պահից էլ սկսվում է մարդու բովանդակալից կյանքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.