AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 15-09-2017



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2017-09-14 21:08:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2837, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԻՑ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ՏԱՃԱՐ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ալլա Տեր-Հակոբյանի աշխարհիկ եւ հոգեւոր ուղին

Հայ մուլտիպլիկացիոն կինոյի ոչ հարուստ պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել համընդհանուր սեր եւ ճանաչում վայելող ֆիլմերն ու հերոսները: Առաջիններից մեկն, անշուշտ, պինգվին Վինն էՙ համանուն մուլտֆիլմից: Չնայած նկատելի տեխնիկական թերություններին (նկարահանվել է 1972-ին, երբ հայ մուլտիպլիկացիան նոր-նոր ոտքի էր կանգնում), այս ֆիլմն իր աշխույժ եւ ուսանելի սյուժեի, չափազանց համակրելի չարաճճի հերոսի, հիշվող սրամիտ արտահայտությունների եւ Ստեփան Շաքարյանի ստեղծած ուրախ երգերի շնորհիվ թարմ եւ դիտարժան է մնում մինչեւ օրս:

Այս տարի կյանքից հեռացավ ֆիլմի բեմադրիչըՙ մեր կերպարվեստի եւ կինոյի ականավոր ներկայացուցիչ Ստեփան Անդրանիկյանը : Իսկ ո՞վ էր «Պինգվին Վինի» գրական հիմքի ստեղծողըՙ Ալլա Տեր-Հակոբյանը ...

Հայաստանում որոշ ժամանակ բնակված ռուսագիր այս հեղինակի անունը անծանոթ չէր հայ գրասերներին: Նրա բանաստեղծություններն ու մանկական գրվածքները տպագրվում էին հայ եւ ռուսալեզու մամուլում, իսկ «Պինգվին Վինի» գրական հիմքը Ալլա Տեր-Հակոբյանի «Պինգվինգրադցի Վինը» հեքիաթն էր (լույս էր տեսել Երեւանի «Ծիծեռնակ» մանկական ամսագրում, 1973, թ. 4): Սցենարում Պինգվինգրադը հայացվեց, դարձավ Պինգվինաշեն: Ի դեպ, Տեր-Հակոբյանն է գրել նաեւ հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմիՙ Արմեն Միրաքյանի «Սխալ արտահայտության» (1973) սցենարը: Նա տասնյակ բանաստեղծական հատորների, «Այու ծաղիկը» թատերախաղի (բեմադրվել է հայկական հեռատեսիլով 1977-ին), մանկական գրքույկների եւ մեկ վեպի («Ադամի հոգու ուղեւորությունը»), ինչպես նաեւ բազմաթիվ թարգմանական գրքերի հեղինակ է... Տեր-Հակոբյանի «Խճճված ժամանակի քաղաքը» հեքիաթը (տպագրված 1977-ին, Երեւանում, հեղինակի թարգմանությամբ) տողերիս հեղինակի մանկության սիրելի գործերից էր, որն այսօր էլ հիմք կարող է ծառայել հետաքրքրաշարժ մանկական կամ անիմացիոն կինոնկարի համար...

Հետաքրքրական կյանքի ուղի է անցել Ալլա Կոնստանտինի Տեր-Հակոբյանը: Ծնվել է 1940-ին, Լենինգրադում, ճարտարագետների ընտանիքում: Հայրը հայ էր (նախապապըՙ հոգեւորական, տատիկնՙ իշխանական տնից), մայրըՙ ռուս: Առաջին դասարանը գնացել է ծննդավայրում, այնուհետեւ ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որտեղ Ալլան ստացել է միջնակարգ կրթությունը, այնուհետեւ ընդունվել եւ ավարտել է Երեւանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: 12 տարեկանից գրել է բանաստեղծություններ, տպագրվելՙ 14-ից: 1965-ին դարձել է Լենինգրադի հեռուստատեսության կազմակերպած բանաստեղծության մրցանակաբաշխության մրցանակակիր: Երեւանում ապրած տարիներին աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրությունում: 1973-1976 թթ. ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում: Երեւանում եւ Մոսկվայում լույս են տեսել Ալլա Տեր-Հակոբյանի ռուսերեն բանաստեղծական ժողովածուները, թարգմանություններ հայ արձակից (Մուշեղ Գալշոյան, Վարդգես Պետրոսյան), թատերգությունից (Լեւոն Շանթի «Հին աստվածները») եւ պոեզիայից (իր լավագույն թարգմանություններն ամփոփված են «Հայաստանի ռիթմերը եւ հանգերը» ժողովածուում): Տեր-Հակոբյանը հատկապես շատ է թարգմանել արեւմտահայ բանաստեղծներին (առաջին ժողովածուն լույս է տեսել դեռ 1979-ին): Տողերիս հեղինակը, լինելով Միսաք Մեծարենցի պոեզիայի մեծ երկրպագու, որոշ վերապահումով ձեռքն առավ Տեր-Հակոբյանի մեծարենցյան թարգմանությունները: Համեմատելով բնագրի հետ եւ շատ դեպքերում տեսնելով հեռացում, այդուհանդերձ, հուսախաբ չեղա, քանի որ թարգմանչին գրեթե միշտ հաջողվել էր պահպանել բանաստեղծության ընդհանուր տրամադրությունը, շունչը, պատկերները... Ահա, օրինակ, «Ձմրան պարզ գիշեր» մեծարենցյան գլուխգործոցի երկրորդ տան բնագիրը եւ Ալլա Տեր-Հակոբյանի թարգմանությունը.

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,

Հոսէ՛ սրտիս մէջ դիւթանքիդ ալիք.

Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ

Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր:

Прозрачная и трепетная ночь!

Пусть волны колдовства мне в сердце бьются,

И струи белых снов мне в сердце льются

И мрак тревоги прогоняют прочь....

2007 թվականին Ալլա Տեր-Հակոբյանը հիմնել է նոր ժանրՙ արթ-պոետիկա, համակարգչային գրաֆիկաՙ իր բանաստեղծությունների ուղեկցությամբ, որը դրոշմվում է անմիջապես կտավի վրա: 2008 թվականին կազմակերպվել է նրա արթ-պոեզիայի վեց ցուցահանդես:

Իր բանաստսղծություններից մեկում Ալլա Տեր-Հակոբյանը գրել է. «Իմ ճակատագրի երեք քաղաքներըՙ ահա իմ երեքնուկն ու եռաժանին...»: Լենինգրադ, Երեւան եւ Մոսկվա քաղաքներին այսօր ավելացել է մի նոր անունՙ Բելոկուրիխա: Ալթայի երկրամասի այս բնակավայրը հայտնի է որպես առողջարանային քաղաք, որտեղ Ալլա Կոնստանտինովնան բնակվում է 2010 թվականից: Ճիշտ իր հերոսիՙ պինգվին Վինի պես, այս անդադրում գրական մշակը 70 տարեկան հասակում կտրեց հազարավոր մղոններ եւ հաստատվեց մեծ աշխարհից կտրված ռուսական գավառում: Դա սպասելի էր, քանի որ Տեր-Հակոբյանը 1986 թվականից խորամուխ էր եղել էզոթերիկ եւ սինկրետիկ կրոնա-փիլիսոփայական ուսմունքներիՙ ագնի-յոգայի, թեոսոֆիայի, Մարտինուսի կոսմոլոգիայի, Ալիսա Բեյլիի ուսմունքի հետազոտության մեջ: 1993-2000 թվականներին նա ղեկավարել է «Տիեզերական գիտակցության համայնք» անվճար հոգեւոր դպրոցը, որտեղ սովորել են հարյուրավոր մարդիկ: Արդյունքում ստեղծվեցին ագնի-յոգայի վերաբերող նրա կազմած գրքերը, ինչպես նաեւ իր իսկ հեղինակած «Ագնի-յոգաՙ Երկնային Թելադրություն», «Ապոկալիպսիսի օրերի հաղորդակիցները», «Քառաչափության տարածքները», «Լույսի ուսմունք երեխաների համար», «Ատլանտիդայի դասը», «Կյանքի անիվները», «Հիսուս Քրիստոսըՙ մեծ Ճամփորդ», «Էզոթերիկան օգնում է բժշկությանը», «Հին աշխարհի հերմաֆրոդիտից դեպի Աստվածային Անդրոգինը», «Երկնային Հիերոգլիֆ», «Էզոթերիկայի արեւից կապույտ», «Դիմապատկերներ եւ դեմքեր», «Մի՛ կեր կրտսեր եղբորդ», «Այն աշխարհում մեռածներ չկան», «Հրաշք», «Պատերազմ եւ խաղաղություն (էզոթերիկ տեսանկյուն)», «Բժշկական խորհուրդներ մարդկության Ուսուցիչներից», «Արահետներ Ճշմարտության պարտեզում», «Իրական անմահության օրենքը» եւ այլ գրքերը: Նա ճանապարհորդություններ է կատարել Հնդկաստան, Տիբեթ, Նեպալ, եւ ինչ-որ միստիկ եղանակով նրա կյանք մուտք է գործել սանսկրիտը: Այդ լեզուն ուսանելուց հետո Տեր-Հակոբյանը գրեց մի քանի գիրքՙ հիմնված ռուսերենի եւ հայերենի իր իմացության վրաՙ «Հայկական ազգանունների հին գաղտնիքները եւ Արիական ցեղի համառոտ պատմությունը», «Հայոց լեզունՙ Աստվածների Լեզվի որդին», «Սասկրիտը ռուսաց լեզվի գետում», «Ռուսաց լեզունՙ Աստվածների Լեզվի որդին»: Թերեւս դրանք հեռու են գիտական լինելուց, սակայն, այդուհանդերձ, կարող են ինչ-որ բաներ հուշել սանսկրիտագետներին եւ լեզվաբաններին:

2009 թվականին ստեղծել է 22 վիդեոֆիլմերի շարքՙ «11 բուժիչ րոպե Ալլա Տեր-Հակոբյանից» ընդհանուր վերնագրով: Այս ֆիլմերը, ասում են, մարդկանց օգնում են ազատվել ավելորդ քաշից, ալկոհոլի, թմրադեղերի, ծխախոտի հանդեպ կախվածությունից, ընկճախտից եւ խրոնիկ հոգնածության համախտանիշից: Մի ֆիլմն իբր ուժեղացնում է կնոջ գրավչությունը, մյուսը երեխաներին բարության դաս է տալիս, երրորդը նպաստում է հոգեկան էներգիայի աճին...

Իսկ այսօր Աշխարհի ժողովուրդների միջազգային հոգեւոր ակադեմիայի ակադեմիկոս Ալլա Տեր-Հակոբյանը զբաղված է Բելոկուրիխայում Պոեզիայի եւ գիտելիքի տաճարի կառուցմամբ... Եթե այս արտառոց ծրագիրն իրականություն դառնա, Ալթայի իշխանությունները պիտի որ երախտապարտ լինեն իրենց երկրամասում հաստատված արտակենտրոն հայազգի գրողին, քանի որ նրա Տաճարը վստահաբար աշխարհի չորս ծայրերից դեպի Ալթայի այդ անկյուն կգրավի էզոթերիզմի հետեւորդներին...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.