AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 22-09-2017



Տեղադրվել է` 2017-09-22 15:29:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2412, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԵՐԳ ԳՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ.ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ

Մարինե ԿԱՐՈՅԱՆ

Դուք հանձնում եք ձեր վերարկունՙ հանդերձարանում, դռան մոտ կանգնած տիկնոջը ցույց եք տալիս տոմսը եւ ձեր տեղն եք գրավում համերգասրահում: Դուք բացում եք փայլուն թղթի վրա տպված համերգային ծրագիրըՙ հետաքրքրասիրությամբ, թե արդյոք ինչ հաճելի պահեր են սպասվում այդ երեկո:

Գրքույկի տեքստերը կարդալիս ձեզ բավական արագ պատում է այն համոզմունքը, որ այդ օրվա բոլոր հերոսները (կոմպոզիտորները, եւ, հատկապես կատարողները) բացառապես առաքինի եւ արժանապատիվ կյանք են վարել (կամ վարում)ՙ ամբողջովին վայել այն բացառիկ ստեղծագործություններին, որ կատարվելու են: Եվ եթե կատարողը ձեր կինը /ամուսինը, զավակը, եղբայրը..... չէ, դուք մեծ արագությամբ մինչեւ կոկորդը թաղվում եք անլիարժեքության բարդույթի մեջ վերջապես գիտակցելով, որ արդեն մսխել եք կյանքի ընձեռած մարդավայել ապրելու բոլոր հնարավորությունները:

Ըմ..մմ..մմ.. խնդրեմ, մի շտապեք ընկնել ընկճախտի գիրկը:Ասենք, որ գրվածը միշտ չէ, որ լիարժեք համապատասխանում է իրականությանը... Բայց սա, ի միջի այլոց:

Պատմականորեն, համերգային առաջին գրքույկներն ի հայտ են եկել 18-րդ դարումՙ ունկնդրին ամենաառաջնային տեղեկատվություն տալու համար: Սրանք շատ պարզ, չորս մասից բաղկացած թերթիկներ էին: Առաջին մասում զետեղվում էր համերգի անվանումը, վերջին հատվածում համերգասրահի մասին տեքստը: Իսկ միջին երկու մասերում զետեղվում էին համերգի մասնակիցների եւ կատարվող ստեղծագործությունների անունները:

(Այս կառուցվածքը ձեզ ոչինչ չի հիշեցնում: Այո, այո, մեզանում այսօր էլ պահպանվել է այս նախաջրհեղեղյան ձեւը):

18-րդ դարում այս պարզ մոտեցումը հասկանալի էր, քանի որ իր պատմության սկզբնական հատվածում համերգային ծրագիրը հաճախ ոչ թե տպվում էր, այլ գրվում ձեռքով, կամ հավաքվում այլ տպագրված տեքստերից կտրտված տառերով: Ինքնին հասկանալի է, որ սա բավական ժամանակատար գործընթաց էր: Չնայած դրան, առաջին գրքույկները բավականին մանրամասն ձեւավորվում էին:

Արդեն 19 -րդ դարում տպագրված համերգային ծրագրերի բովանդակությունը ավելի հարստացած էր ընդգրկելով նաեւ տեղեկատվություն կատարվելիք ստեղծագործության մասին:

Ժամանակի ընթացքում ոլորտի զարգացման հետ զուգընթաց համերգային գրքույկները դարձան բազմազան, ավելի ծավալուն, եւ, ամենակարեւորը հետաքրքրական:

Ժամանակակից լավագույն օրինակները գերազանց մտածված, ոլորտի առաջատարների կողմից մասնագիտական բարձր որակով գրված հոդվածներ պարունակող, երաժշտական աշխարհի վերջին նորություններով (նոր երաժշտական հայտնագործություններ, գործիքներ, համերգասրահներ, փառատոներ) հագեցած, ունկնդրի հետաքրքրությունները հարգող կատալոգներ են: Դրանք շատ բազմազան տեսք ունեն, եւ հատուկ դեպքերի համար (արքունական իրադարձությունների հետ կապված, օրինակ) երբեմն նույնիսկ տպագրվում են մետաքսի վրա:

Բայց մենք սնոբ չենք, եւ չենք ակնկալում, որ մեզ տրվող նյութը մետաքսի վրա տպված լինի, կամ էլ պարունակի ամենաազդու երաժշտական քննադատների հոդվածներ ու հետաքրքրական պատմություններ կոմպոզիտորների, կատարողների, երաժշտական գործիքների մասին: Քավ լիցի:

Երկնքներից իջնենք մեր իրականություն, գնենք տոմսակ, մտնենք համերգասրահի դռներից ներս ու ստանանք մեզ հասանելիք գրքույկը: Իրական առեղծվածների շարքին կարելի է դասել մեր այն նվիրվածությունը, որով ամեն անգամ վերցնում ենք համերգային այս գրքույկները (իսկ երբեմն էլ նույնիսկ գնում): Իրականում այս գրքույկների բովանդակությունը բավականին տարօրինակ էՙ իրապես հետաքրքրական լինելու համար: Նրանցում կա՛մ չափից դուրս ինքնագովություն է (սա երբեւէ գրված ամենատպավորիչ ստեղծագործությունն է, եւ ես էլ երբեւէ ապրած ամենատաղանդավոր կատարողը/դիրիժորն եմ, եւ ես հիմա ձեզ կասեմ, թե ինչպես է պետք ընկալել այս ստեղծագործությունը, քանզի դուք ինքներդ ի վիճակի չեք այն զգալ ու հասկանալ...), կա՛մ, ընդհակառակը, ոչինչ չկա ստեղծագործության մասին, այլ միայն կատարողների անուններ են: (*)

Հատկապես հաճելի է տեսնել համերգի մասնակիցների վաղնջական ժամանակների լուսանկարները: Դրանք իրական հաճույքի պահեր են պարգեւում պատկերացում տալով, թե տվյալ երաժիշտը, օրինակ տաս կամ տասնհինգ տարի առաջ ինչ տեսք է ունեցել: Սա յուրօրինակ տեղեկատվություն է. սկսում ես համեմատել նրա դեմքը, նմանություններ փնտրում իր իսկ պատկերի հետ...

Հապա հիմնական տեքստերը.... որոնց մի ստվար հատվածը արդեն անգիր ենք արել, քանի որ դրանք չեն փոխվել վերջին առնվազն տաս տարվա ընթացքում:

Իսկ եթե դուք ներկա եք որեւէ փառատոնի կամ մրցույթի հերթական համերգին, ապա հարյուրից իննսունիննի դեպքում կկարդաքՙ «Փառատոնը անց է կացվում հանրապետության նախագահի (կամ էլ առաջին տիկնոջ) բարձր հովանու ներքո»: Դուք կարող եք երեւակայել, որ Գերմանիայում, օրինակ, որեւէ երաժշտական փառատոն անցկացվի Անգելա Մերկելի կամ ԱՄՆ-ումՙ Մելանիա Թրամփի «բարձր հովանու ներքո»: Ստալինյան ժամանակաշրջանից մնացած այս բուտաֆորիան (որ հավանաբար հետսովետական տարածքի չապաքինված հիվանդություն է), իբր, հավելյալ որակ է բերում տվյալ համերգին կամ փառատոնինՙ միեւնույն ժամանակ նորից ու նորից հիշեցնելով, որ մեզ մոտ ոչ մի քիչ թե շատ մեծածավալ իրադարձություն հնարավոր չէ իրականացնելՙ առանց երկրի առաջին դեմքերի իմացության, հավանության եւ հովանավորության:

Եվ նկատեք, որ այս տեքսը, որպես կանոն, շատ ավելի մեծ տառատեսակով է գրվում, քան, օրինակ, Մոցարտի անունը...

Այո, համերգ գնալը նույնպես արվեստ է, որն ունի բազմաթիվ մեծ ու փոքր (բայց բոլորն էլ կարեւոր) բաղկացուցիչներ: Եվ տպված համերգային գրքույկը, որ մեզանում մեծավ մասամբ թերթիկ է, թռուցիկ (անգլ. -leaflet), այդ բաղկացուցիչներից է: Համերգի այդ անբաժան հատվածին սկսեցին կարեւորություն տալ համերգասրահների բացման հետ զուգընթացՙ որպես համերգի մասին տեղեկատվության աղբյուր: Դժբախտաբար, ավելի քան երկու եւ կես դար դրանից հետո մեր համերգային գրքույկը շարունակում է պարունակել նույն պրիմիտիվ տեղեկատվությունըՙ զոմբիացնելով ունկնդրին, հեռու պահելով նրան ամեն տեսակ ինքնուրույն մտածելու եւ ունկնդրածը գնահատելու ունակությունից:

Չհետեւելով համաշխարհային զարգացումներինՙ մեր այդ թերթիկը ոչ մի բովանդակալի, վերլուծական, կամ ունկնդրի համար հետաքրքրական նորություն չի պարունակում, բացի տաղտուկ, միօրինակ, չոր ու ցամաք տեքստերից: Ոչինչ, որ այդ ունկնդրին ավելի եւս կգրավերՙ ամրագրելով նրան գիտակ, հետաքրքրված համերգասեր հասարակության շարքերը, ոչինչ, որ այդ ունկնդիրը չի գտնի ամենապարզ Վիքիպեդիայում:

*) Մեր օպերային թատրոնում, օրինակ «Անուշի» ներկայացման գրքույկում, գլխավոր դերերիՙ Անուշի ու Սարոյի դերակատար որպես 5-6 անուն կա շարված, սակայն նշված չէ, թե տվյալ երեկոյի երգչուհին կամ երգիչը ո՞րն է այդ ցանկում: Խմբ.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.