AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2017-09-28 21:52:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 6160, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐՋԻՆ «ԲԵՅԲԻ-ԲԱԼԵՐԻՆԱՅԻ» ՄԵԿՆՈՒՄԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Թամարա Չինարովայի հիշատակին

Անցած դարի 30-ական թվականներին Արեւմուտքում մեծ հռչակ վայելող «Բալե ռյուս» բալետային խմբում հանդես էին գալիս հինգ դեռատի պարուհիներ, որոնցից էր եւ հայազգի Թամարա Չինարովան: Կարդալով 2007-ին նրա հրատարակած «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե ռյուսում» եւ նրանից հետո» հուշագիրքըՙ մենք կապվեցինք Չինարովայի դստերՙ Անիտա Հարիսոնի հետ եւ տեղեկացանք, որ նախկին «բեյբի բալերինան» 2004-ից դստեր ու փեսայի հետ բնակվում է Իսպանիայի հարավում, վայելում է առանձնատունը, այգին, շներին եւ հեռատեսիլով բալետ է դիտում... Մենք պարբերաբար նամակներ էինք փոխանակում Անիտայի հետ, տեղեկանում մոր որպիսությունից... Եվ ահա վերջերս իմացանք Թամարա Չինարովայի վախճանման մասին, անցած օգոստոսի 31-ին... Պարուհու մահվանն անդրադարձավ նաեւ Ավստրալիայի կենտրոնական «Սիդնեյ մորնինգ հերալդ» պարբերականը, քանի որ Չինարովան նկատելի դեր է ունեցել ավստրալական բալետի պատմության մեջ:

Նա ծնվել էր 1919-ին, Աքերման քաղաքում (Ռումինիա)ՙ այժմյան Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկում: Հայրը ցարական բանակի կապիտան Եվսեւի Տիմոֆեյի Ռեկեմչուկն էր, որին Չինարովան իր հուշագրքում մի քանի անգամ ազգությամբ վրացի է համարել, մինչդեռ նա եղել է ռուս (այս մասին մեզ վկայեց Անիտա Հարիսոնը 2008-ի փետրվարի 16-ի նամակում): Իսկ մայրըՙ Աննա Չինարովան, դուստրն էր հարուստ հայ կալվածատեր Խրիստաֆոր Չինարովի (Քրիստափոր Չինարյան), համիդյան կոտորածներից մազապուրծ մի հայորդու, որը 1895-ին հաստատվել էր Բեսարաբիայում եւ ամուսնացել ուկրաինուհու հետ: «Մայրս հայուհի էր,- գրել է Չինարովան:- Նրա հայրը, շատ հայերի պես, կարող էր նույնիսկ անապատային կղզում հաջողության հասնել բիզնեսում: Նա գործնական էր, դյուրըմբռնող, շռայլ, որին նախանձում էին եւ սիրում»: Մեկ այլ տեղ մայրական պապի մասին նա գրել է. «Նա մի եռանդուն հայ էր, խելացի, ուժեղ եւ շատ մեծահոգի»: Չինարովան վկայել է, որ երբ 1940-ին խորհրդային զորքերը բռնազավթել են Բեսարաբիան, զինվորները ներխուժել են մեծ հոր տուն, թալանել են ու սվինահարել 88-ամյա Չինարովին, իսկ նրա կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին աքսորել են Սիբիր, որտեղ նրանց մի մասը մահացել է:

Աննա Չինարովան 1917-ին որպես բուժքույր ծառայել է թուրքական ճակատումՙ չանսալով հորը, որը «վախենում էր նրա հայկական ծագման պատճառով, նույնիսկ եթե ազգանունը ավանդական «յան» վերջավորությունից փոխված էր ռուսական «ով» վերջավորությամբ»: Աննա Չինարովան ապագա ամուսնուն հանդիպել է ռազմաճակատում, եւ չնայած հոր ընդդիմությանըՙ ամուսնացել նրա հետ: Թամարան նրանց միակ դուստրն էր: Աղջկա մանկության լավագույն հուշերը կապված են եղել պապիկի ամառանոցի, խաղողի այգիների, բերքահավաքի հետ: Նրա անմոռանալի հիշողություններից է եղել հայ կաղ մուրացկան Կարապետը, որին նա իր հուշագրքում մի ամբողջ գլուխ է նվիրել (տես այդ գլխիՙ մեր կատարած հայերեն թարգմանությունըՙ «Ազգ», 20.06.2009):

1926-ին վեցամյա Թամարան մոր հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ հաստատված հայրն աշխատելիս է եղել որպես ռուսական մամուլի լրագրող: Երկու տարի անց գաղափարական հայրը վերադարձել է ԽՍՀՄՙ օգտակար լինելու նոր հասարակարգի կառուցմանը: Բոլշեւիկներին չհամակրող տիկին Չինարովան մնացել է Փարիզում, իսկ Եվսեւի Ռեկեմչուկին ֆրանսիական լրտեսության մեղադրանքով գնդակահարել են 1937-ին: Գրեթե 75 տարի անց Թամարան կարողացել է գտնել Մոսկվայում հոր երկրորդ ամուսնությունից ծնված եղբորըՙ ռուս նշանավոր գրող, սցենարիստ, մի շարք գրքերի հեղինակ Ալեքսանդր Ռեկեմչուկին:

Հոր հեռանալուց հետո Թամարան սկսել է կրել մոր ազգանունը: 10 տարեկանից Փարիզում հաճախել է Օլգա Պրեոբրաժենսկայայի պարի ստուդիան, կարճ ժամանակում առաջադիմել: 1931-ին հյուրախաղերով հանդես է եկել Մարոկկոյում եւ Ալժիրում, որտեղ նրան ներկայացրել են որպես «աշխարհի ամենափոքրիկ բալերինան»: Հաջորդ տարի այցելելով Ռումինիաՙ Աննա Չինարովան կազմակերպել է դստեր ելույթները ծննդավայրում: Թամարային նվագակցել են գնչու երաժիշտներ: Աղջիկը նրանցից սովորել է գնչուական պարի որոշ նրբություններ, որոնք հետագայում հաջողապես կիրառել է Ֆոկինի «Պետրուշկա» եւ Բրոնիսլավա Նիժինսկայի «Սլավոնական եւ գնչուական պարեր» բեմադրությունների իր պարերում: Վերադառնալով Փարիզՙ Թամարա Չինարովան շարունակել է հաճախել Պրեոբրաժենսկայայի պարի ստուդիան: Մի օր այդ ստուդիան է եկել երիտասարդ Ջորջ Բալանչինըՙ դեռատի աղջիկներ ընտրելու իր «Օրփեոսը դժոխքում» օպերետի պարային համարներին մասնակցելու համար: Ընտրված հնգյակը, որի կազմում էին հայուհի մայրերից ծնված Թամարա Թումանովան եւ Թամարա Չինարովան, ինչպես նաեւ Իրինա Բարոնովան, Տատյանա Ռյաբուշինսկայան ու Աննա Վոլկովան, դարձել են նշանավոր «մանուկ պարուհիները»ՙ «բեյբի բալերինաները», որոնց այնուհետեւ ընդունել են «Բալե ռյուս դը Մոնտե Կառլո» պարախումբ: Նրանց անվանել են «ռուսներ, որոնք երբեք չեն պարել Ռուսաստանում»: «Բալե ռյուսի» կազմում բարձրահասակ, թխահեր, կովկասյան արտաքինով Չինարովան աչքի է ընկել «Կապույտ Դանուբ» (Առաջին Ձեռք եւ Փողոցի Պարուհի), «Անառակ որդին» (Քույր), «Պետրուշկա» (Գնչուհի եւ Ջրահարս), «Զարմանալի կրպակը» (Կազակուհի) եւ այլ բալետներում: Նրա մարմնավորած կերպարներից հատկապես ուշագրավ են եղել Ակտեոնըՙ Լեոնիդ Մյասինի «Նախանշաններ» առաջին սիմֆոնիկ բալետում եւ Վրաստանի Թամար թագուհինՙ Ֆոկինի «Թամար» բալետում:

1938-ին «Քովենթ գարդեն» ընկերության ռուսական խմբի հետ Ավստրալիա կատարած ուղեւորության ժամանակ Չինարովան որոշել է մոր եւ խմբի մի քանի անդամների հետ մնալ այդ երկրում: Այստեղ սկսել է հանդես գալ նոր կազմավորված ավստրալական պարի խմբերում («Կիրսովա բալե», Լեհ-ավստրալական բալետ, «Բորովանսկի բալե»)ՙ կարեւոր դեր խաղալով նաեւ այդ մայրցամաքում բալետի դպրոցի զարգացման եւ ռուսական բալետի ավանդույթների հիմնավորման գործում: Այստեղ Թամարան մասնակցել է «Ֆաուստ» (Սատանա), «Շեհերազադա» (Զուբեյդա), «Սիլֆիդներ» («Շոպենիանա»), «Կառնավալ», «Իտալական կապրիչո» եւ այլ բալետների: Բորովանսկու հետ Չինարովան վերաբեմադրել է «Բալե ռյուսի» խաղացանկի ներկայացումներից մի քանիսը: Իսկ նրա մայրըՙ Աննա Չինարովան, հիմնել է սեփական դերձականոց, տարիներ շարունակ թատերական զգեստներ կարել բալետային խմբերի եւ ավստրալական օպերայի համար:

Սիդնեյում 1943-ին Թամարա Չինարովան հանդիպել է զինվորական ծառայության մեջ գտնվող դերասան Փիթեր Ֆինչին (1912-1977), որի հետ եւ ամուսնացել է: Ավստրալիայում Ֆինչ ամուսինները համատեղ նկարահանվել են «Էվրիկսյան ապստամբությունը» ֆիլմում (1947): Նրանց կյանքում վճռորոշ է եղել հանդիպումը Լորենս Օլիվյե-Վիվիեն Լի արտիստական զույգի հետ, որոնք տեսնելով Ֆինչի խաղը թատրոնումՙ նրան հորդորել են վերադառնալ Անգլիա եւ լրջորեն զբաղվել դերասանությամբ: Չինարովան որոշել է թողնել բալետըՙ հանուն ամուսնու արտիստական կարիերայի: Այդ նպատակով 1948 թվականին նրանք հաստատվել են Լոնդոնում: 1949-ին ծնվել է նրանց դուստր Անիտան, որի կնքամայրը դարձել է ինքըՙ մեծանուն Վիվիեն Լին: Անգլիայում Փիթեր Ֆինչը մեծ հաջողություն է ունեցել թատրոնում եւ կինոյում: 1953-ին Վիվիեն Լին Փիթեր Ֆինչին առաջարկել է իր խաղընկերը լինել հոլիվուդյան «Փղի քայլք» ֆիլմում: Այդ համագործակցությունից ծնունդ է առել սիրային կապը Փիթերի եւ Վիվիենի միջեւ: Ֆինչ-Չինարովա-Վիվիեն Լի սիրային եռանկյունին մի քանի տարի դարձել է հասարակության ասեկոսեների առարկա: 1959-ին Թամարան եւ Փիթերն ամուսնալուծվել են:

Թամարա Չինարովան 1961-ից բալետի դասեր է տվել, սակայն հիմնականում աշխատել է որպես ռուսերենի բանավոր թարգմանիչ: Թարգմանել է Մոսկվայի Մեծ թատրոնի աշխատողներինՙ լոնդոնյան հյուրախաղերի, իսկ անգլիախոս բալետային խմբերինՙ ռուսաստանյան հյուրախաղերի ժամանակ: Նրա թարգմանական ծառայություններից օգտվել են Գալինա Ուլանովան, Նինետ դը Վալուան, Ալիսիա Մարկովան, Էնթընի Դաուելը եւ բալետի այլ մեծություններ: 1989-ին որպես թարգմանչուհի մասնակցել է Լոնդոնում Հայաստանի երկրաշարժի զոհերի հիշատակին տրված մեծ գալա-համերգին:

Թամարա Չինարովան հանդես է եկել նաեւ որպես գրող, հրատարակել է «Փոքրիկ թագավորը. քսան եւ մեկ գիշերվա գիրքը» հատորը եւ իր բալետային հուշերը Լոնդոնի «Դանսինգ թայմս» հանդեսում: Ավստրալացի գեղանկարիչ Ֆրեդ Բրինը (պարուհու նշանածը, որը զոհվել է Գերմանիայում, պատերազմի ժամանակ) ստեղծել է Չինարովայի դիմանկարը, իսկ անգլիացի արձանագործ Թոմ Մերիֆիլդը կերտել է նրա բրոնզե քանդակը Շեհերազադայի դերում: 1997-ին Մոսկվայում Յուրի Գրիգորովիչը նրան պարգեւատրել է Դյագիլեւի անվան մեդալով:

2005 թվականին Չինարովան կրկին հայտնվել է բալետասերների ուշադրության կենտրոնումՙ շնորհիվ Դան Գելլերի ու Դայնա Գոլդֆայնի «Բալե ռյուս» փաստագրական կինոնկարի: Վերջինում Չինարովան, ի թիվս 20 այլ արտիստների, խոսում է այդ խմբի գործունեության մասին, մասնավորապես նշում, որ բալետի գործը «դաժան է, շատ դաժան»ՙ հիշելով, թե ինչպես է Բալանչինը մի անգամ մերժել Ալեքսանդրա Դանիլովային տալ մի դեր, ասելով, որ նաՙ 27-ամյա պարուհին, «շատ ծեր է» այդ դերի համար... Ֆիլմը պատկերում է 2000-ին Նյու Օռլեանում «Բալե ռյուս» խմբում երբեւէ հանդես եկած պարող-պարուհիների հավաքը, որոնք միմյանց չէին հանդիպել առավելագույնը 40 տարի: Ֆիլմում երեւում են շարժաթոռին գամված Միա Սլավենսկան, որը դիտում է իր չորսամյա տարիքի լուսանկարը, 82-ամյա Նատալյա Կրասովսկայան, որ մնացել էր նույն պչրուհինՙ փորձելով իր երբեմնի խաղընկեր Ջորջ Զորիչի հետ միասին պարել Ժիզելի եւ Ալբերտի առաջին հանդիպման տեսարանը եւ ուրիշներ: Այս հավաքույթին Չինարովան հանդիպել է նաեւ երբեմնի «մանուկ պարուհիներից» երկուսինՙ Իրինա Բարոնովային եւ Տատյանա Ռյաբուշինսկայային...

«Բալե ռյուսի»ՙ լեգենդար դարձած «բեյբի բալերինաները» երկար են ապրել: Թամարա Թումանովան մահացել է 1996-ին, 77 տարեկանում, Տատյանա Ռյաբուշինսկայանՙ 2000-ին, 83 տարեկանում (երկուսն էլՙ Կալիֆոռնիայում), Իրինա Բարոնովանՙ 2008-ին, 89 տարեկանում, Աննա Վոլկովան 2013-ինՙ 96 տարեկանում (երկուսն էլՙ Ավստրալիայում): Վերջին «բեյբի բալերինա» Թամարա Չինարովան կյանքից հեռացավ 98 տարեկանում, Իսպանիայի Մալագա քաղաքում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.