AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017



ՆՈՐ-ՆՈՐԱՐԱԿԱՆ ԳԻՐՔ

Տեղադրվել է` 2017-09-28 21:52:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3657, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԹԱՐԳՄԱՆԵԼԻ ՎԻՊԱԿԻ ՆՈՐՈՒՅԹՆԵՐԸ

Անի ՓԱՇԱՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու

Լավագույն վեպերն ու վիպակները ծնվում են, որպեսզի ցույց տան կյանքի անհարթությունները եւ ազդարարեն նրանց հետ ոչ մի կերպ չհամաձայնվելը: Այդպիսի գործեր ընթերցելիս համոզվում ես, որ հաշտվողականությունը հասարակությանը վայրէջքների է տանում: Արծուիի (Արծվի Բախչինյան) «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վիպակը հենց այդպիսի ենթատեքստ ունիՙ չհարմարվել: Մի՞թե ճիշտ է այն ամենը, ինչ հրամցնում են. անգամՙ հատուկ անունները, բոլորի կողմից ընդունված բարքերը: Եվ այս ամենը վիպակի սկզբից մինչեւ վերջ հաստատում է Մուչիկըՙ նույն ինքըՙ Թաթուլ Թաթուլյանը: Տաղանդավոր այս մարդը, որ նկարչության մեջ է գտնում իրեն, թափառում է ամենուրՙ այդպես էլ չհասկանալովՙ ո՛րն է այն վայրը, որտեղ լիովին երջանիկ կզգա, ովքե՞ր են այն մարդիկ, որոնց հետ կուզենար ապրել: Եվ լուռ կրում է Հայրենիքի ցավըՙ մտոք երբեք չհեռանալով նրանից: Նա հավաքական կերպարն է շատ հայերի, ովքեր հեռվից են սիրում Հայրենիքըՙ կարոտի մեծ չափաբաժնով: Յոթ տարին մեկ Հայաստան այցելող Մուչիկը կարծես Երկրագնդի վրայով հապճեպ քայլող մեկը լինի, որն անվերջ շտապում է:

Վիպակն ընդգրկուն է, ֆաբուլային բնորոշ զարգացումներովՙ 20-րդ դարի 60-ականներից մինչեւ մեր օրերը, այսինքնՙ անդրադարձ է այդ շրջանի ամենահիշարժան դեպքերին, հերոսների շուրթերով պատմում է հասարակական կյանքի ողջ անցուդարձը, Հայաստանի տակնուվրան, մարդկանց թաքուն երազանքներն ու պատկերացումները կյանքի մասին: Այս ամենի կենտրոնում Մուչիկն էՙ իրատես անկեղծությամբ: Գրողը ոչ մի թաքուն անկյուն կամ գաղտնիք չի պահում ընթերցողից. «մատուցում է» իր հերոսինՙ հաստատելով, որ գրական պատումի ազնվությունն ու անկեղծությունն են պայմանավորում երկի հաջողությունը:

Հեղինակը շերտ առ շերտ բացում է հերոսի կյանքը, այդպիսովՙ մի ամբողջ սերնդի կենսագրություն: Ունենալով գրեթե ամեն ինչ (հոգեւոր եւ նյութական հենակետեր)ՙ նա (եւ նրա պեսՙ շատերը) «դուրս է նետվում»ՙ իբր կայանալու եւ հաստատվելու, որն այդպես էլ չի հաջողվում: Մուչիկն իսկապե՛ս զբաղված է վազելով: Օտար բույրերը կանչող են թվում, հավատ ներշնչող: Լեհաստան, Ֆրանսիա, Ամերիկա, Արգենտինա... Աշխարհի հետ է, նրա միջովՙ այդ բոլոր երկրների նյարդաթելերով: Ամեն նոր երկրումՙ նոր եւ, թվում է, ամենամեծ սերն է սպասում իրեն, ամեն բաժանումից հետոՙ նոր կիրք: Բայց բոլորն էլՙ ժամանակավոր, անապագա, ինչպես պարզվում է: Եվ միայն մի պատահական հանդիպում պիտի որոշի նրա ճակատագիրը, մի քանի օրվա վայելքը մարմնավորված կանգնի իր դիմաց եւ ասիՙ ահա՛ քո որդին, այն, ինչ չարեցիր դու, կանեմ ես: Ե՛ս կապրեմ քո եւ իմ երկրում, կպաշտեմ քո լքածը: Այս ճշմարտությունն է հառնում ընթերցողի առաջ ստեղծագործության վերջին էջերում:

Արծուին ընթերցողի սեղանին է դրել մի շատ հետաքրքրական վիպակ, ինչպես ինքն է անվանումՙ անթարգմանելի: Անզուսպ ծիծաղ առաջացնող բազմաթիվ հատվածների խորքից լսվում է գրողի հառաչանքն ու ցավը իրականության նկատմամբ, այնպես, ինչպես Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպում: Ժողովրդախոսակցական, երբեմն «անթույլատրելի» բառերի կամ ժարգոնի տեղին կիրառություններն ու օտարաբանություններն է՛լ ավելի են խտացնում միջավայրի կենդանությունը, լսելի են դարձնում նոր ձայներ, որ մինչ այդ չէին «լսվել»: Այլ երկրների եւ ժողովուրդների կենցաղը, բարքերը, սովորությունները գրողը տալիս է ոչ ինքնանպատակ: Դրանով նա դարձյալ ընդգծում է հակադրությունները Մուչիկի եւ նրա շրջապատի միջեւՙ դրանք պահելով մշտապես լարված ու տրոփուն: Այո՛, այս հերոսին միշտ պակասում է էլի՛ ինչ-որ բան: Նա չի գտնում իրեն, ինչ-որ բան այնպես չէ... Այս ամենն արտահայտվում է անընդհատական շարժմամբ, հետաքրքրաշարժ երկխոսություններում: Վիպակն արագընթաց տեմպ ունի, այս առումով առկա է մի կարեւոր առանձնահատկությունՙ արձակի ռիթմը փոթորկուն է: Այն հաճախ պայթում է արտասովոր մի նոր գրոտեսկից, էպատաժից, բառախաղից, քրքիջ հարուցող տեսարանից, անսովոր նկարագրությունից, որի վերջում հնչող երգը դարակազմիկ իր ճանաչելիությամբ փակում է եւս մի ստացված տեսարան: Սա նաեւ թատերականացված վիպակ է, յուրահատուկ բեմ, որտեղ կարող են միանգամից շատերը լինել: Հերոսների վառ եւ արտահայտիչ նկարագրությունները եւս հեռու չեն գրողի ուշադրությունից, ինչը հաճախ է անտեսվում վերջին շրջանի հայ եւ համաշխարհային արձակի համապատկերում:

«Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վիպակը պիտի նշանավորի արդի հայ արձակի զարգացման ուղիներից մեկը, քանի որ շրջադարձային էՙ բերում է նորույթների խումբ: Հոգեզննության եւ իրականության բաց պատկեր էՙ ազգային հոգեբանության շատ գծերով: Իր նոր հայացքով ջարդում է մի շարք կարծրատիպերՙ վիպական լեզվի եւ մտածողության առումով: Բազմաձայնությամբ, ինքնատիպ հերոսների առատությամբ, պատումի թափանցիկ սրատեսությամբ, այլ ժողովուրդների կենցաղի, հանդերձանքի ցուցադրությամբՙ դարձյալ իր ուշադրության կենտրոնում է պահում հայ մարդուՙ թափառել սիրելու եւ ամենուր լինելու մարմաջը: Պատմողը հետեւում է ոնդիկ (թափառական) Մուչիկի վիպական շնչառությանըՙ բոլոր քայլերում երբեք չկտրելով նրան դեպքերի զարգացումներից: Այս առումով ճիշտ է ընտրված վիպակի վերնագիրը:

Վիպակը ժամանակի մեծ ընդգրկում ունիՙ անընդհատ բացելով նրա սպիները, քաղքենիության արմատները, պատմական անցքերը... Պատմողը սահուն անցումներով է տանում հերոսի եւ երկրի կյանքը, որ հաճախ միանում ու նույնանում են: Արտաքուստ չափազանց ծիծաղելի, ներքին հոսքումՙ դրամատիկՙ տալիս է ժամանակի ախտանիշները, ամենակարեւորըՙ դրանցից թոթափվելու բանալիները: Այն խտացումն է հայկականության բազմաշերտ գույների եւ ինքնատիպ բնավորությունների, երբեմն կարողանում է ընդգրկել անընդգրկելին: Ակսել Բակունցը «Կյորես»-ում ստեղծեց ազգային գույների, տրամադրությունների, բարքերի, մարդկային նկարագրերի, հին ու շենշող քաղաքի կերպարը:

Արծուին, իր վիպակում ներկայացնելով հայ իրականությունը, առաջ տարավ մարդու ճակատագիրըՙ մեկ մարդու առանձին կերպարը դարձնելով համոզիչ եւ ընդհանրական, հստակ ցույց տալով, որ աշխարհում կախարդական ու գունավոր երկրներ չկան, քանի դեռ մարդը երջանիկ չէ:

Սա «ձայնային» արձակի վառ օրինակ է, տողերից «լսվում» է կյանքը, որ երբեք կանգ չի առնի: Մուչի՞կը... Նրա ճակատագի՞րը: Պատմողը շարունակում է զարգացնել նրա կյանքը, որը շատ անելիքներ ունի: Նա դեռ հիսուն տարեկան է...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.