AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017



ՆՈՐ ԳԻՐՔ

Տեղադրվել է` 2017-10-20 14:19:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 2765, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԳՈՒ ԲԱՐԻ ԼՈՒՅՍԸ ԷԿՐԱՆԻՆ... ԵՎ ԳՐՔՈՒՄ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ֆրունզե Դովլաթյանի գիրք-դիմանկարըՙ Սերգեյ Գալուստյանի

Բախտավոր են արվեստի այն տեսակները եւ արվեստագետները, որոնք իրենց արժեւորող տեսաբաններից ու քննադատներից զատ ունենում են պատմաբանասիրական աշխատանք կատարող նվիրյալներ, որոնք տարիների համբերատար աշխատանքով ստեղծում են տվյալ արվեստի կամ մշակույթի գործչի ստեղծագործական կյանքի պատմությունը, տարեգրությունը...

Այդ առումով բախտավոր է վերջին կես դարի հայ կինոնՙ ունենալով Սերգեյ Գալուստյանի նման նվիրյալ, որն անձանձիր կերպով մամուլում եւ առանձին հատորներով գրի է առնում եւ արժեւորում իր ժամանակի հայ կինոյի դեպքերն ու դեմքերը: Հայ կինոյին նրա հավատարմության վերջին ապացույցը «Հոգու բարի լույսը էկրանին. Ֆրունզե Դովլաթյան» ժողովածուն է (Երեւան, «ՎՄՎ-Պրինտ», 2017), որը լույս տեսավ, Դավիթ Մուրադյանի դիպուկ բնորոշմամբ, «հայ կինոյի վիպասանի» ծննդյան 90-ամյակի առթիվ:

Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի կնքահայրությամբ կինոարվեստ մուտք գործած եւ կինոյում երբեք ինքն իրեն չկրկնած Ֆրունզե Դովլաթյանի մասին առանձին հրատարակություններ եղել են (նաեւՙ ռուսերեն): Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատել են մեր կինոտեսաբանները (Սուրեն Հասմիկյան, Սիրանույշ Գալստյան) , սակայն նրա կյանքն ու ստեղծագործությունն այսքան մանրամասնորեն ներկայանում է առաջին անգամ: Սերգեյ Գալուստյանը, որն արդեն հիսուն տարի պարբերաբար անդրադառնում է Դովլաթյանի ստեղծագործությանը, վկայում է, որ բեմադրիչն իրեն էր ավանդել իր կյանքի էջերը գրառելու պատիվը: Եվ այդպիսով, այս հատորում նա ի մի է բերել կինոռեժիսորի մասին իր գրածները, նրա հետ զրույցների գրառումները, հայ եւ միջազգային մամուլում դովլաթյանական ֆիլմերի մասին հոդվածներն ու կարծիքները, ինչպես նաեւ նրա մտերիմների հուշերը: 192 էջից բաղկացած, բարձրորակ տպագրությամբ հրատարակված հատորը հարստացնում են բազմաթիվ լուսանկարները:

Ժողովածուի առաջաբանը Գալուստյանի հուշերն ենՙ տարբեր տարիներին Դովլաթյանի ֆիլմերի մասին նրա գրություններից կատարված ընդարձակ մեջբերումներով: «Ո՞վ եմ ես» գլուխը գրված է առաջին դեմքովՙ Դովլաթյանի իսկ անունից, որտեղ եւ հաջորդ ենթագլխում ներկայացված է նրա մանկությունն ու պատանեկությունը եւ գործունեության վաղՙ դերասանական շրջանը: Այստեղից իմանում ենք հետաքրքրական մանրամասներ, օրինակ` որ «Այս աստղերը մերն են» ներկայացման համար սկսնակ դերասանը գործընկերների հետ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (որից հետո ստեղծվել է նրան ուղղված «դափնեկիր դարձար, մնաց դերասան դառնաս» սրախոսությունը») եւ կամ ինչպես թատրոնում եղել է Վահրամ Փափազյանի խաղընկերը, որը նրան օգնել է դերը ճիշտ ըմբռնել եւ մեկնաբանել, ու թե ինչպես է մի անգամ խիստ զվարճացրել նրանՙ ներկայացման ժամանակ «դանիացի» բառն իր հայրենի Գավառի բարբառի ազդեցությամբ արտասանելով «դայնացի»...

Առանձին-առանձին ներկայացնելով ռեժիսորի ֆիլմերըՙ հեղինակը յուրաքանչյուր ենթագլուխը սկսում է «Մեր զրույցներից» մասով, որտեղ «լսելի» են արվեստագետի վկայությունները տվյալ ստեղծագործության կյանքի կոչման եւ ճակատագրի վերաբերյալ: Այս ինը թիվը պիտի որ լուրջ մտորումների առիթ տա: Այսօր շատերն են կարծում, թե խորհրդային կարգերի օրոք մեծարված հայ կինոբեմադրիչների կարիերան եղել է ոչ դժվար, եւ առաջին հերթին խոսքը վերաբերում է Ֆրունզե Դովլաթյանին ու Հենրիկ Մալյանին: Մինչդեռ կինոյում իրենց երեսուն եւ ավելի տարիների աշխատանքի ընթացքում այս երկու բեմադրիչներն էլ նկարահանել են ընդամենը ինը ֆիլմ, որոնցից առաջիններըՙ այլոց համահեղինակությամբ (Մալյանն իր առաջին ինքնուրույն կինոնկարը ստեղծել է 42, Դովլաթյանըՙ 39 տարեկանում): Եվ պետականորեն հավանություն ստացած ոչ բոլոր ֆիլմերի ուղին է հարթ եղել: Այս առումով ուշագրավ է «Սարոյան եղբայրների» մասին ներկայացվող գրքում տեղ գտած վկայությունը: Դովլաթյանի վրա ավելի քան մեկ տարի ճնշում են գործադրել, բայց ոչ թե Մոսկվան, այլ Խորհրդային Հայաստանի վախվորած ղեկավարությունըՙ արվեստագետին ստիպելով կատարել հավելյալ նկարահանումներ, կինոնկարի վերջում ընդգրկել Կարմիր բանակիՙ Հայաստան կատարած մուտքի խրոնիկան: Մինչդեռ ԽՍՀՄ Պետկինոյի նախագահի առաջին տեղակալը, առարկելով այն կարծիքին, թե ֆիլմում չկան «ավանտյուրիստ դաշնակցականները», ասել է, որ դաշնակցությունը ղեկավարել է հայ ազատագրական շարժումը եւ նշել է այդ կուսակցության անդամ ականավոր հայերիՙ Դովլաթյանին զարմացնելով իր քաջատեղյակությամբ: Իսկ Պետկինոյի նախագահը, դիտելով ֆիլմը, հայ բեմադրիչին ասել է. «...ինչո՞ւ ես փչացրել այս տաղանդավոր աշխատանքդ, ո՞ւմ է հարկավոր այդ ապուշ խրոնիկան»ՙ այդպիսով կանաչ ճանապարհ բացելով, որ կինոնկարից հանվի այդօրինակ վերջաբանը ու նեղություն պատճառելով Հայաստանի կոմունիստական վերնախավին (տե՛ս «Հոգու լույսը էկրանին», էջ 64-65): Պարզվում է նաեւ, որ «Երեւանյան օրերի խրոնիկա» կինոնկարն այնքան է մկրատվել, որ Դովլաթյանի մտահղացումներից մնացել է միայն կմախքը... Ուստիեւ իրավացի է Սերգեյ Գալուստյանըՙ գրելով, որ կինոբեմադրիչին «Այո, շոյել են, մրցանակներ շնորհել, բայց նաեւ խփել են» (էջ 21): Ինչպես այս հատորի էջերում վկայել է Դովլաթյանի ֆիլմերի օպերատոր Ալբերտ Յավուրյանը . «Նրա ֆիլմերը մեր ազգային նվաճումն են: Դա բավականին լավ էին հասկանում կոմունիստական կարգերի գաղափարախոսները: Նրանք չարչարում էին նրան, երբեմն վերափոխում նրա ֆիլմերը: ....Այն ժամանակներում որքան շատ էին տալիս, այնքան ավելի դառն էին չարչարում եւ խարազանում» (էջ 158-159):

Դովլաթյանի շարժանկարների մասին հայ եւ օտար մամուլում արտահայտված կարծիքները, որ առատորեն մեջբերված են ժողովածուի էջերում, ներկայացնում են ծանոթ ու անծանոթ բազմաթիվ անուններՙ Ժորժ Սադուլ, Սերգեյ Գերասիմով, Սերգեյ Փարաջանով, Չինգիզ Այթմատով, Միրոն Չեռնենկո, Արմեն Մեդվեդեւ, Վահե Պերպերյան, լեհական մամուլ, գերմանական մամուլ... «Ով հետաքրքրվում է նորագույն ֆիլմերով, պետք է հիշի Ֆրունզե Դովլաթյանի անունը»,- գրել է ֆրանսիացի ականավոր կինոգետ Ժորժ Սադուլը ՙ Կաննի փառատոնում դիտելով «Բարեւ, ես եմ» կինոնկարը: Արդեն քանի՛ տարի Կաննի կինոփառատոնի շուկայում իրենց կինոնախագծերը ներկայացնել փութացող հայ երիտասարդ կինոգործիչներից քանի՞սն է տեղյակ, որ առաջին հայկական ֆիլմը, որ ներկայացվել է այդ գերհեղինակավոր փառատոնում, եղել է Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ը (իսկ դիտե՞լ են արդյոք)...

Ժողովածուի «Դովլաթյանական համաստեղություն» մասում ներկայացված են բեմադրիչի հետ աշխատած մի շարք դերասանների համառոտ գրությունները եւ վկայությունները նրա մասին (Արմեն Ջիգարխանյան, Մարգարիտա Տերեխովա, Ռոլան Բիկով, Գալյա Նովենց, Ազատ Գասպարյան եւ այլք) , որոնցից ոմանք չեն վարանում նրան համարել իրենց ուսուցիչը եւ վարպետը: Ստեղծագործական կյանքի դրվագների միջոցով բացահայտվում է նաեւ Դովլաթյան մարդու կերպարը: Օրինակ, երբ նա «Երկունք» ֆիլմում Մյասնիկյանի դերի ընտրության մեջ Արմեն Ջիգարխանյան-Խորեն Աբրահամյան երկընտրանքի մեջ ի վերջո նախապատվությունը տվել է առաջինին, Աբրահամյանը նեղացել է ռեժիսորից ու մեկնել է ծովափ, բայց Ջիգարխանյանի վերջնական հրաժարականից հետո Դովլաթյանը գնացել-հասել է ծովափ ու ներողություն խնդրելով Խորեն Աբրահամյանիցՙ առաջարկել է ստանձնել այդ դերը...

Գրքի վերջում տեղ են գտել Դովլաթյանի մասին հոդվածների մի ընտրանի, որոնց հեղինակները հայ կինոյի եւ մշակույթի մի խումբ նվիրյալներ ենՙ Առնոլդ Աղաբաբով, Ալբերտ Յավուրյան, Հենրիկ Մալյան, Ռուբեն Զարյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, Խորեն Աբրահամյան, Ռուբեն Միրզախանյան, Դավիթ Մուրադյան, Միքայել Դովլաթյան : Այս էջերում տաղանդավոր արվեստագետից բացի դարձյալ ընդգծվում է Ֆրունզե Դովլաթյանի մարդկային դիմագիծը, որի հավատամքն, ըստ որդու, եղել է. «Ով ուզում եսՙ եղի՛ր, միեւնույն է, առանց հարգանքի, առանց սիրո ոչ մի բանի չես հասնի» (էջ 187):

Սերգեյ Գալուստյանի «Հոգու լույսը էկրանին» գրքի մեր անդրադարձն ավարտենք Ռուբեն Միրզախանյանիՙ 2002 թվականին «Ազգ» օրաթերթում հրատարակած հոդվածի տողերով (տե՛ս էջ 179). «Ֆրունզե Դովլաթյանի մասին ուսումնասիրությունները, լինեն մենագրություններ թե պարզ հոդվածներ, վերջաբան չպետք է ունենան, քանզի տաղանդավոր արվեստագետն ապրում է երկու ժամանակի մեջՙ իր եւ ապագայի: ....Դովլաթյանի ժամանակն առջեւում է»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.