AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 21:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2781, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ

Նաիր ՅԱՆ

1717 թվականի սեպտեմբերի 8-ինՙ Տիրամոր ծննդյան տոնին, աբբահայր Մխիթար Սեբաստացին մուտք է գործել Իտալիայի սուրբ Ղազար կղզի, որտեղ այդ ժամանակ լքված մի վանք կար: Հարյուր տարի կղզին բորոտների անկելանոց էր եղել: Երբ Մխիթար Սեբաստացին մտավ կղզի, այնտեղ միայն մի պարտիզպան էր ապրում: Կարճ ժամանակ անց Սեբաստացին սուրբ Ղազարը վերածել է անճանաչելի դրախտավայրի. կղզին շուտով դարձել է վենետիկյան կանաչ օազիսՙ շրջապատված ջրով: Այդ ժամանակներից սկսածՙ 1717 թվականի սեպտեմբերի 8-ն ամրագրվել է որպես Վենետիկի Մխիթարյան միաբանության, կամ ինչպես վանահայրերն են ձեւակերպումՙ մայրավանքի հինադրման տարեթիվ: Միաբանությունը սկզբում ունեցել է 7000 քմ տարածք. ուղիղ մեկ դար անց Մխիթարյանների կալվածքը կրկնապատկվել ու դարձել է 15 000 քմ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետոՙ 1945-47թթ., այն ընդարձակվել է կրկնակիՙ ընդգրկելով Հայաստանից ուղիղ 1000 անգամ փոքր տարածք: Մխիթարյան միաբանությունն ասես Հայաստանի մանրակերտը լիներՙ 30 000 քմ կալվածքով: Այդ տարիներին շատերն են հաստատել, որ կղզին Հայաստանն է հիշեցրելՙ բնակեցված հայերով, բայց շրջապատված ծովով ու օտարազգիներով: Պատմում են, որ Իտալիայի առաջին նախագահներից մեկը, երբ այցելել է սբ. Ղազար կղզի, կատակով նկատել է. «Ներս մտնելու համար անձը հաստատող փաստաթո՞ւղթ պետք է ցույց տամ. չէ՞ որ ես սահմանն անցա ու Հայաստան եմ մտնում»:

1717-ը նշվում է որպես սբ. Ղազարում Վենետիկի Մխիթարյան միաբանության հաստատման տարեթիվ: Ինչ-որ թնջուկ է ստեղծվել, որի շուրջը տարբեր մտավորականներ տարբեր տեղեկություններ են վկայակոչում: Հայաստանում նշվում է մի հոբելյան, որի առնչությամբ էլ հենց տարակարծություններ են առաջացել: Բանն այն է, որ հոկտեմբերի 23-25-ը հրավիրված միջազգային եռօրյա գիտաժողովի մասնակիցները հաճախ շփոթում էինՙ Մխիթարյան միաբանությա՞ն, թե Վենետիկի սբ. Ղազար կղզումՙ Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրված մայրավանք- միաբանության 300 ամյակն է լրանում:

Մինչ սբ. Ղազար կղզու մայրավանքի հիմնադրումը, Մխիթարյան միաբանությունը ստեղծվել էր դեռ 1700 թվականին Կոնստանդնուպոլսում: Մխիթար Սեբաստացին հետոՙ 1715 թվականին է տեղափոխվել Վենետիկ, երկու տարի ապրել սբ. Մարտիրոս եկեղեցու հարակից շենքերից մեկում ու այնտեղ էլ հենց մտահղացել սուրբ Ղազարում մենաստան հիմնելու գաղափարը: Մինչ այդՙ դեռ 1711 թվականին է Մխիթարյան միաբանությունը հիմնադրվելՙ Հռոմի Կլեմենտ 11-րդ պապի կոնդակով, երբ Մխիթար Սեբաստացին ստացել է աբբահոր հոգեւորական աստիճան:

Մխիթարյան միաբանությունը հայ գիտական, մշակութային, հոգեւոր կյանքում անգնահատելի ներդրում ունի: Օտար երկրներում մենք գիտակրթական հաստատությունների հնչեղ անուններ ունենքՙ Լազարյան ճեմարան, Մուրատ-Ռաֆայելյան դպրոց, Ներսիսյան ճեմարան. ոչ մեկի դերն ուրանալ չի կարելի, բայց եւ ոչ մեկը չես կարող համեմատել Մխիթարյանների գործունեության հետ: Միաբանության առաքելությունը միայն կրթական, հայագիտական գործունեությամբ չի սահմանափակվել: Ըստ էությանՙ այն եղել է ակադեմիայի նախատիպն ուշ միջնադարում, քանի որ ուսումնասիրությունների առանցքում են եղել գիտության, արվեստների բոլոր ճյուղերըՙ դրանք հասցնելով եվրոպական բարձրագույն չափանիշների: Հայ միտքը, մշակութային, գիտական, հոգեւոր արժեհամակարգը Մխիթարյանները հասու են դարձրել եվրոպացիներին այնպես, որ նրանք մեծագույն հարգանքով ու ակնածանքով հաշվի են նստել միաբանների հետ: Իսկ Վենետիկում լույս տեսած յուրաքանչյուր հրատարակության արձագանքը Եվրոպայում ռումբի պայթունի էֆեկտ է ունեցել: Մխիթարյանների գործունեությունն ու համբավն ընդգրկել է ոչ միայն Եվրոպան, այլեւ հեռավոր Հնդկաստանը, Տրանսիլվանիան, Հունգարիան, Լեհաստանը, Օսմանյան կայսրությունը, Ղրիմն ու ամբողջ Կովկասը: Մխիթարյան միաբանները հայագիտությունը, բառարանագիտությունը, քարտեզագրությունը հասցրել են կատարելության: «Հայկազեան բառարանը», «Հայոց պատմութիւն» եռահատորյակը, «Քերականութիւն հայկազեան լեզուի» աշխատությունը, «Բազմավէպ» պարբերականը, հազարավոր այլ հրատարակություններ, որոնց բնօրինակները պահվում են միաբանության գրադարանում, հիմնարար արժեք ունեն հայ եւ համաշխարհային գիտության, քաղաքակրթության համար: Մխիթարյանները գրում էին ոչ միայն հեղինակային աշխատոթյուններ, այլեւ հրատարակում մեր պատմիչների, համաշխարհային մեծերի գրվածքները: Վենետիկից գիտության լույսն ուղղակի հորդում էր դեպի աշխարհի շատ քաղաքների այլ կրթօջախներ: Սուրբ Ղազարը պետություն էրՙ պետության մեջ, որի որդեգրած քաղաքականությունը գիտությանն ու քրիստոնյա հավատքին ծառայելն էր, մարդկանց լուսավորելն ու զարգացնելը:

Այսօր, դժբախտաբար, այդ ծաղկուն մենաստանը, որ 300 տարվա ազնիվ կենսագրություն է կերտել, գնում է նահանջի ճանապարհով: Չկան ուսանողներ, գրադարանը պահպանվում է մեծ զոհողությունների գնով, կղզու շինություններն ամրակայման, վերանորոգման կարիք ունեն, իսկ միաբանությունը նյութական միջոցներ չունի: Հայագետների կարծիքովՙ մեր պետությունը պարտավոր է 300-ամյա միաբանությանը թեւ ու թիկունք կանգնելՙ փրկելու համար մի կտոր լուսավոր Հայաստան, որը երեք դար շարունակ գիտության լույս է տվել ամբողջ հայությանը, հայագիտության, հայապահպանման գործում, հայ-եվրոպական հարաբերություններում անգնահատելի ներդրում ունեցել:

Բացի այն, որ մենք պարտավոր ենք պատմականորեն գնահատել այդ ներդրումը, նաեւ պետք է պետականորեն նեցուկ լինենք Մխիթարյան միաբանությանը, որպեսզի նրա մասին անցյալով չխոսենք, չվերաբարվենք որպես փառահեղ պատմական անցյալի, որպեսզի այն թանգարանային կարգավիճակում չհայտնվի, այլ շարունակի շնչել ու ապրել, գործել նաեւ մեր օրերում, Մխիթարյանների հետեւորդներ պատրաստել, շարունակել գիտակրթական, հրատարակչական, թարգմանական գործունեությունը: Կաթոլիկ աշխարհի հենման կետում ունենալ երեքդարյա ազնիվ պատմություն կերտած հաստատություն ու չամրակայել նրա դերն ու դիրքերը, կնշանակի առնվազն հեռատես ու դիվանագետ չլինել: Թեեւ պետք է նշել, որ Մխիթարյաններիՙ Վիեննայի ժառանգությունը, որը ոչ պակաս նշանակալի ու պատմական է, այսօր վտանգված է բառացիորեն: Արժեքավոր շատ գրքեր այնտեղ ուղղակի հանձնված են ճակատագրին: Վենետիկը Վիեննայի հետ չես համեմատի, բայց այստեղ էլ է պետք ազգային արժանապատվության սկզբունքներ որդեգրած քաղաքականություն ու գործելաոճ բանեցնել: Ի վերջո, որքան էլ ասենք, թե Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աշխատել ու արարել է հանուն համաշխարհային մշակույթի ու քաղաքակրթության, հանուն համաշխարհային գիտության առաջընթացի, բայցեւայնպես, այն նախ եւ առաջ մերն է, հայերինս: Ու եթե անգամ սուրբ Ղազարը Վենետիկում է ու պատկանում է իտալացիներին, բայց առաջին հերթին մենք պետք է շահագրգռված լինենք Մխիթարյաննների ժառանգության պահպանությամբ ու կենսունակության շարունակականությամբ: Չունենալով ստվար հայկական համայնքՙ 9 միաբանների օգնությամբ Մխիթար Սեբաստացին բորոտների լքված կղզին դարձրել է գիտության ու քրիստոնեական արժեքների կաճառ: Նա այնպիսի սիրով ու նվիրումով է դա արել, որ արդյունքն ապշեցրել է բոլորին. 90 տարի հետո Նապոլեոն Բանապարտի ուղիղ հրամանով մենաստանը հայտարարվել է ակադեմիա: Մխիթարյան միաբանության հիմնադրումն ու գործունեությունը մարդկային ուժի, մտածողության, հավատի անպարտելիության ցուցանիշ է:

Այսօրվա մեր հայագիտական կենտրոնները Մխիթարյան միաբանության գործունեության 1/100-րդական մասն անգամ չեն անումՙ ունենալով անհամեմատ ավելի բարվոք պայմաններ, պետական որոշ հոգածություն: Գերակա խնդիր համարելով հայագիտությունն ու հայապահպանությունըՙ մենք զարմանալիորեն չենք կարողանում անել այն, ինչ արել են Մխիթարյան հայրերը: Ամենայն հավանականությամբ, նրանք առաջնորդվել են մի կարեւոր, սրբազան սկզբունքովՙ հավատը սեփական ուժերի նկատմաբ, նվիրումը սեփական ազգի նկատմամբ եւ արտասովոր սերը հայկաբանության, հայության, նրա անցյալի ու ապագայի նկատմամբ: Այս բարոյական արժեքները մենք պարտավոր ենք ժառանգել Մխիթարյաններիցՙ անկախ այն բանիցՙ առաքելական, թե՞ կաթոլիկ եկեղեցու հետեւորդներ են եղել նրանք: Ի վերջո, դժվար չէ պատկերացնել. արդյո՞ք կարող էին հայերը Վենետիկում բառացիորեն աշխարհացունց գործունեություն ծավալել, եթե չլինեին կաթոլիկ ու ձեռք չբերեին կաթոլիկ աշխարհի առաջնորդների դրական վերաբերմունքը: Երեք դար առաջ ու երեք դարերի ընթացքում երկուստեք շահավետ համագործակցություն է ստեղծվել. հայերը ծաղկեցնում են լքված ու մոռացված կղզին, հիմնում գիտակրթական կենտրոնՙ հնչեցնելով թե՛ իրենց, թե՛ Վենետիկ-Վատիկան անունները, միաժամանակ առաջադեմ Եվրոպայի հայացքն ուղղվում է դեպի Իտալիա, որտեղ մի խումբ պատկառելի հայերՙ դավանանքով կաթոլիկ, իրենց կերպարով ու նկարագրով օրինակ են կաթոլիկ աշխարհի համար:

Նկար 1. Շաբաթվա առաջին 3 օրերին ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովՙ նվիրված Վենետիկի Սբ. Ղազար կղզում 300 տարի առաջ հիմնադրված Մխիթարյան միաբանության հոբելյանին, մասնակցությամբ գիտական ու պետական ներկայացուցչական դեմքերի, լրագրողների եւ հյուրերի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.