AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 88. «ԱՆԱՐՄԱՏ» ԲԱՌԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017



ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2017-10-26 21:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2712, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՐ ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆՈՂ ՋԱԿՈՄԵՏԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Art Newspaper)

«Ինչպես այս տարվա մայիս-սեպտեմբեր ամիսներին բրիտանական «Թեյթ մոդեռն» պատկերասրահում բացված ցուցահանդեսն է վկայում, Փարիզում ստեղծագործած շվեյցարացի քանդակագործ եւ նկարիչ Ալբերտո Ջակոմետիի (1901-66) հեղինակությունը իր կայուն տեղն է զբաղեցնում 20-րդ դարի մեծերի շարքում», գրում է Վինսենտ Նոսը «The Art Newspaper» թերթի իր հոդվածում, «բայց, շարունակում է նա, իր կրտսեր եղբորՙ Դիեգոյի դերը չպետք է անտեսվի»: Նա հանգամանորեն անդրադառնում է նրանց փոխհարաբերություններին, որոնցից մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հետեւյալը:


«Մյուս Ջակոմետին»: Այսպես էր բնութագրել Դիեգոյին «Նյու Յորք Թայմսում» արվեստի գործերի քննադատ Մայքլ Բրենսոնը 33 տարի առաջ: Այսօր նույն Բրենսոնը «The Art Newspaper»-ին ասում է, որ «չի կարելի պատկերացնել Ալբերտոյին առանց Դիեգոյի»: Նա Դիեգոյին հանդիպել էր 1970-ին Ջեյմս Լորդի միջոցով, ով հետագայում (1985-ին) հրատարակելու էր Ջակոմետիների կենսագրությունը:

Դիեգոն, որ մահացավ 82 տարեկանինՙ 1985-ին, համեմատաբար ուշ տարիքում սկսեց բրոնզե արձանիկներ ու տարբեր թանգարանների համար կահույք եւ դեկորացիաներ պատրաստել ոգեշնչված իր եղբոր ստեղծագործություններից: Նա շատ ավելի քմահաճ էր, մի փոքր կոշտ եւ չարաճճի, բայց ջերմ ու կենսուրախ: Նա նաեւ շատ մեծահոգի էր: Ըստ Բրենսոնի, «նրա ձեռքերը հագուրդ չէին ստանում կավե արձանիկներ եւ արմատուրաներ պատրաստելուց: Չի կարելի Դիեգոյին առանձնացնել Ալբերտոյից: Վերջինիս ստեղծագործությունների մեջ իր բաժինն ունի նաեւ Դիեգոն: Նրանց կապը անգնահատելի է», պնդում է նա:

Ալպյան պատանեկություն

Երկուսն էլ ծնվել էին Բորգոնովոյում, իտալական սահմանի մոտակայքում: Ալբերտոնՙ 1901-ին, իսկ Դիեգոնՙ տասներեք ամիս անց: Ջիովանիի եւ Անիտայի երրորդ զավակը Օտիլիան էր, ծնվածՙ 1904-ին, իսկ ամենակրտսերը, որ Ցյուրիխում ճարտարապետ դարձավ հետագայում, Բրունոն էր, ծնված 1907-ին:

Հետիմպրեսիոնիստական շրջանի նկարիչ Ջիովաննի Ջակոմետիի ազդեցությունն իր երեխաների վրա չի կարելի հաշվի չառնել: Նա կանոնավորապես հետեւում էր արվեստի բնագավառում եվրոպական շարժումների նորություններին: Մտերմացել էր շվեյցարացի խորհրդապաշտ (սիմվոլիստ) նկարիչներ Ամիեյի (Cuno Amiet), որ դարձավ Ալբերտոյի կնքահայրը, եւ Հոդլերի (Ferdinand Hodler) հետ, որ դարձավ Բրունոյի կնքահայրը: Դիեգոյի կնքահայրը գյուղական մի դպրոցի տնօրեն էր: Ընտանիքը ապրում էր Ստամպայում, որտեղ մի հյուրանոցի սեփականատերն էր: Ամառները անցկացնում էին Սիլս լճի ափին:

Գծագրության մեջ հմտանալով Ալբերտոն սիրում էր հոր գրքերի միջից քանդակներ նկարել եւ Ալպյան էսքիզներ կատարել, մինչ Դիեգոն գերադասում էր ման գալ լեռներով եւ հովիտներով զմայլվել:

Ալբերտոյի առաջին ստեղծագործություններից է եղբորՙ Դիեգոյի կիսարձանը, որը նա սկսել է քանդակել 14 տարեկանում եւ շարունակել մինչեւ կյանքի վերջըՙ երբեք էլ չհավանելով իր կատարածը:

Հոր խրախուսանքներից ոգեւորված Ալբերտոն Փարիզ է ժամանում 1922-ի հունվարին հաճախելու քանդակագործ Անթուան Բուրդելի ակադեմիան: Հետագայում եղբայրները միանում են նրան: «Սալոն դե Տուիլերիի» համար Ալբերտոյի 1927-ի քանդակների հավաքածոյով ոգեշնչված հայրըՙ Ջիովաննին գրել է. «Ես միշտ երազել եմ նվաճել Փարիզը: Այժմ դուք երեքով իրականացնում եք իմ երազանքը քանդակի, արդյունաբերության եւ ճարտարապետության բնագավառներում»: «Արդյունաբերության» բաժինը Դիեգոյին էր բախտ վիճակվել, ով կարճ ժամանակ որպես դիզայներ այդ ճյուղում աշխատելուց հետո վերադառնում է հայրենիք: Բայց 1930-ին մոր խնդրանքին ընդառաջելով, դարձյալ հաստատվում է Փարիզում «եղբոր խնամակալության տակ»: Ալբերտոն նրան օգնում է հարմարվելու Մոնպառնասում:

Երջանիկ պատահականություններ

Ալբերտոն եղբորը սովորեցնում է քանդակելու արվեստը, որպեսզի նա ինքնուրույն դառնա: Դիեգոն սկսում է հենակերտվածքներ եւ կաղապարներ պատրաստել եղբոր ստեղծագործությունների համար:

«Երկրորդ համաշխարհայինից հետո Դիեգոն մեծապես օգտակար եղավ Ալբերտոյին: Նրա միջոցով վերջինս կարողացավ վերահսկել եւ կատարելագործել իր գիպսե արձանիկներն ու ձուլվածքները: Որոշ «անճշտություններն» էլ նա համարում էր երջանիկ պատահականություններ, որոնք նոր հորիզոններ էին բացում իր առաջ», նշել է Վերոնիք Վայզինգերը , ով կառավարել է 2003-ից 2014 թիվը Փարիզի «Ալբերտո եւ Անետ Ջակոմետիների հիմնադրամը»: Ալբերտոն Անետ Արմի հետ ամուսնացել էր 1949-ին:

Ալբերտոյին սյուրռեալիստների խմբավորումից վտարեցին 1935-ի փետրվարին, հիմնականում կենդանի բնորդների հետ աշխատելու պատճառով: «Ո՞ւմ է պետք գլուխ քանդակելը: Բոլորը գիտեն, թե ինչ է գլուխը», մի անգամ նյարդայնացել էր Անդրե Բրետոնը : Տարիներ անց, մեր օրերում, մարդկային այդ գլուխներն ու աչքերը հատկապես բնորոշում են Ջակոմետիի առանձնահատուկ ուշադրության արժանի քանդակները: «Քանդակելիս ես պետք է մենակ լինեմ բնորդի հետ», ասել է մի անգամ Ալբերտոն, «մարդիկ իմ քանդակները գնում են ոչ թե որովհետեւ դրանք նման են բնորդին, այլ որովհետեւ դրանք արվեստի «հնարքներ» են»:

Ֆրանսիացի դրամատուրգ եւ պոետ Ժան Դենեն մի առիթով ասել է, որ Ալբերտոյի կիսարձաններին պետք է դիմացից նայել: «Դրանց նմանությունը բնորդին կամ բնորդուհուն հնարավոր չէ որսալ, քանզի այն շատ խորն է, կիսարձանից դուրս մի կետում, որին դիտողը կարող է երբեք չհասնել»:

Երկու եղբայրները բաժանվեցին Երկրորդ համաշխարհայինի օրերին: 1942-ի հունվարին Ալբերտոն վերադարձավ Շվեյցարիա: Դիեգոն մնաց Փարիզում: Վաճառում էր եղբոր բրոնզե ձուլվածքները: Բայց նաեւ ստեղծում էր իր սեփական «իրերը», որոնք գաղտնի էր պահում երկար տասնամյակներ: Այդ «իրերը» հիմնականում փայտից պատրաստված կենդանիներ էինՙ կատուներ, շներ, ձիեր, որոնք փնտրված «քանդակներ» են ներկայիս:

1950-ական վերջերին Ալբերտոն արդեն համաշխարհային հեղինակություն էր ձեռք բերել: Ամերիկացի հավաքորդները հափշտակված էին այդ տարօրինակ մարդու ստեղծագործություններով: Դիեգոյի դերը դրանցում ավելի էր շեշտվում: «Նա իր եղբորը թեւեր տվող «միտքն» է», ասում էին ծանոթները: «Անետի հետ նա ամենահասանելի եւ ամենահամբերատար բնորդն է, բայց նաեւ պատասխանատունՙ գործնական հանդիպումների: Ոչ մի քանդակ իր վերջնական տեսքը չէր ստանում առանց երկուսի քննարկումների, չնայած Դիեգոն ավելի քչախոս էր, քան Ալբերտոն»:

Մոր այն հարցին, թե չէ՞ր կարող երկուսի անունով ցուցադրել իր քանդակները, Ալբերտոն հստակ պատասխանել է. «Ես պետք է միայն իմ անունով ցուցադրեմ դրանք, նույնիսկ եթե նա ինձ օգնում է: Ինքն էլ իր անունովՙ եթե ես եմ նրան օգնում: Մենք լիովին հասկանում ենք իրար»:

Դիեգոն իր հերթին շատ բարձր էր գնահատում Աբերտոյի քանդակները: Տեխնիկական հարցերով եւ նյութերով օգնում նրան: Երբեք չէր դժգոհում: Արվեստի մեկնաբանության հարցերում, սակայն, զիջում էր եղբորը», նշում է Բրենսոնը:

Ներշնչանքի հին ու նոր աղբյուրները

«Թեյթ մոդեռն» պատկերասրահում ցուցադրված Ալբերտոյի քանդակներից պետք է առանձնացնել գիպսից պատրաստված կանանց կերպարանքները, որոնք հիմք են ծառայել հետագայում բրոնզե արձանիկների վերածելու: «Վենետիկի կանայք» ընդհանուր խորագրով այդ բրոնզե տարբերակները կարելի է տեսնել աշխարհի հայտնի թանգարաններում ինչպիսիք են Նյու Յորքի «Մետրոպոլիտենը» եւ Փարիզի «Պոմպիդու» կենտրոնը: Բայց գիպսե նախնական տարբերակները այնքան դյուրաբեկ են, որ ցուցադրության չեն դրվել ավելի քան 60 տարիներ շարունակ: Պահպանվել են Ջակոմետիների հիմնադրամի պահեստներում եւ մոտ մեկ տարի տեւած վերանորոգման ենթարկվելուց հետո առաջին անգամ դրանցից ութը ցուցադրվել են Լոնդոնում: Դրանք տեղադրվել են Ջակոմետիի եգիպտական թաղման արարողության հետ կապված արձանիկների կողքին, ցույց տալու համար դրանց ազդեցությունը կանանց այդ շարքը ստեղծելու գործում: «Նա ներշնչվում էր ինչպես հին, այնպես էլ նոր աղբյուրներից, որոնց թվում էր, անշուշտ, Անետը: Ալբերտոն փորձում էր միաձուլել եգիպտական հին քանդակների առանձնահատկությունները ժամանակակից իրական կերպարներին բնորոշ գծերի հետ», նշում է հիմնադրամի տնօրեն եւ «Թեյթի» ցուցադրման պատասխանատու կուրատոր Քեթրին Գրենիեն : Ըստ նրա այդ հին առանձնահատկությունները հատկապես հստակ երեւում են իր կանանց ֆիգուրաների ուղղահայաց, ձիգ կեցվածքներում եւ ոտքերի մեծության մեջ:

Գրենիեյի կարծիքով Ալբերտոյի ստեղծագործություններում կարելի է նշմարել ինչպես հին եգիպտական արվեստի, այնպես էլ սյուրռեալիզմի, կուբիզմի, եւ հետ-կուբիզմյան շրջանի ազդեցություններ: «Նա նոր փորձարկումների կողմնակից էր եւ իր քանդակների որոշ «անճշտություններ» վերագրում էր այդ փորձարկումներին:

«Թեյթ մոդեռնում» ցուցադրված 250 կտոր իրերի մեջ բրոնզե եւ կավե արձանիկներ են, ինչպես նաեւ նկարներ:

Քերոլին անունով «ռումբը»

Ինչքան Ալբերտոյի համբավը մեծանում էր, այնքան ավելի դժվարանում էին նրա հարաբերությունները Դիեգոյի հետ: Շատերը կարծում էին, որ նրան հասնելու համար պետք է եղբորՙ Դիեգոյին դիմել: Որոշ մարդիկ էլ Դիեգոյին լրիվ անտեսում էին, ինչը խոր ցավ էր պատճառում վերջինիս:

Ամեն ինչ փոխվեց 1960-ականներին, երբ Ալբերտոն սիրահարվեց Մոնպառնասից 20-ամյա կուրտիզանուհի Քերոլինին: Ալբերտոն անընդհատ թանկարժեք նվերներ էր տալիս նրան: «Փողի հարցում շատ տարօրինակ էր Ալբերտոն: Ուրիշների համար շատ առատաձեռն է, սակայն Անետի եւ Դիեգոյի համարՙ բավականին ժլատ», նշում է Վայզինգերը: Իրադրությունը սրվեց այն աստիճան, որ Դիեգոն սկսեց հրաժարվել որպես բնորդ հանդես գալուց եւ ավելի շատ ժամանակ հատկացրեց իր ստեղծագործությունները հորինելու եւ կերտելու վրա: Ալբերտոն շարունակեց եղբոր կիսաքանդակի վրա աշխատել առանց նրա ներկայության, հիոշողությունից: Անետի հետ էլ հարաբերությունները նույնը չմնացին: Մի անգամ, երբ Ալբերտոն Քերոլինին մի բնակարան էր նվիրել, Անետը, որ մինչ այդ ոչինչ չէր խնդրել իր համար, պահանջեց, որ մի բնակարան էլ իր համար գնի Մոնպառնասում: Դիեգոն եւ Անետը Ալբերտոյի անփոխարինելի օգնականներն էին, նրա «հավելյալ ձեռքերը»: Բայց հարաբերությունների թուլացման գլխավոր պատճառը, իհարկե, Ալբերտոն էր եւ իր հատուկ վերաբերմունքը կուրտիզանուհուն:

Իրադրությունը ավելի շեշտվեց իր մահից հետո: Նա ոչ կտակ էր թողել, ոչ էլ որեւէ կարգադրությունՙ իր հավաքածոյի համար: Ամեն ինչ Անետը պետք է կարգավորեր: Հիմնադրամը ստեղծվեց Անետի մահվանից մի տասնամյակ անց: Դիեգոն այդ ժամանակ զբաղեցնում էր Մուլենվեր փողոցում 1969-ին գնված բնակարան-արվեստանոցը, որը բավականին մեծ լինելով, ծառայում էր նաեւ որպես պահեստՙ քանդակների համար:

Շփոթ իրադրության մեջ շուկայում սկսեցին հայտնվել Ալբերտոյի քանդակների կեղծ տարբերակները:

Անդուր անձնավորություններ

Դիեգոն սկսեց վաճառել եղբոր քանդակները: Անետը նաեւ նրան թույլատրել էր ավարտել Ալբերտոյի կիսատ թողած բրոնզե քանդակները: Դրանցից օգտվեց Դիեգոն եւ իրեն թվաց, թե վերջապես իր ժամանակը եկել է ինքնուրույն գործելու: Նա մեծ հասարակություն մտավ, երբեմն գործ ունենալով նաեւ անդուր անձնավորությունների հետ, որոնք օգտվելով նրա ազդեցիկ շրջապատիցՙ հաճախ կողոպտում էին նրան: Արվեստի գործերի վաճառքով զբաղվող մարդիկ Դիեգոյի անունը օգտագործում էին կեղծ բրոնզե արձանիկներ վաճառելու համար: Լոթար Սենկե անունով գերմանացի մի կեղծարար, որին 2011-ին ինը տարվա բանտարկության էին դատապարտել, պնդում էր, օրինակ, որ «հարյուրավոր կավե կաղապարներ է վերցրել Դիեգոյից» եւ մի գիրք էր հրատարակել, որտեղ երկու եղբայրներից առավել հանճարեղը համարել էր Դիեգոյին:

«Դիեգոն գերազանց արհեստավոր էր, բայց չուներ իր եղբոր երեւակայությունը, նպատակասլացությունը, թռիչքն ու փառասիրությունը: Ալբերտոն խորասուզված էր մշակույթի, փիլիսոփայության, գրականության եւ պոեզիայի ուսումնասիրությունների մեջ: Նա արվեստի պատմությանը գիտակ անձնավորություն էր: Նրա արձանիկները խորհրդանշում են անհատական մեկուսացվածության գաղափարը: Նա ընդմիշտ կմնա ժամանակակից», եզրակացնում է Բրենսոնը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.