AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 03-11-2017



Տեղադրվել է` 2017-11-02 21:25:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 3355, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԲ. ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ... ԿՈՄԻՏԱՍ ԷՐ ՀՆՉՈՒՄ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Հասմիկ Պապյանի սրտագին «Նվիրումը» Գյումրիին

Այն, ինչ անցած շաբաթ երեկոյան տեղի էր ունենում Գյումրու Սբ. Աստվածածին-Յոթվերք եկեղեցում, երեւի նախադեպը չուներ: Գյումրեցի սերունդների աղոթավայր այս Աստծո տանը Շիրակի թեմի առաջնորդ Սրբազանի համարձակ արտոնությամբ շուրջ մեկ ժամ հնչում էր կոմիտասյան երգըՙ Հասմիկ Պապյանի կատարմամբ...

«Նվիրում» խորագրով այս ոչ սովորական համերգի գաղափարն իրենըՙ սիրված երգչուհունն էր, իսկ կազմակերպչական կողմն անթերի իրականացրել էր «ԱՐՏ Փի-Ար» ընկերությունը: Եկեղեցու սրահով մեկ աթոռներ էին դրվել, մուտքն ազատ էր, դռները բաց էին բոլորի համար: Երգեցողությանը նվագակցելու համար հատուկ այս առիթով Գերմանիայից եկել էր երիտասարդ փայլուն դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը:

...Դրսում ոսկե աշնան տաք իրիկնամուտ էր, բարակ անձրեւ էր մաղում, երբ ներսում, ջահավառ սրահում կոմիտասյան մեղեդու առաջին հնչյունները զգույշ, մեղմիվ շոյեցին Սբ. Յոթվերքի խնկաբույր սյուն ու որմերը, ձգվեցին վեր... Ծայրեծայր հանդիսատեսով լցված եկեղեցում չէր առանձնացվել բեմ ու հանդիսասրահ, բոլորը հավասար էին, ամեն ոք մի տեղ գտել, նստել կամ կանգնել էր, ու երգչուհին եկավ, առանց խոսքերի եւ ծափերի (ընթացքում ծափերն ու ծաղիկներն արգելվել էին) կանգնեց բոլորի առջեւ, սկսեց երգել: Ու Աստծո տան կամարների տակ տարածվեց, թեւածեց «Չինար ես, կեռանալ մի...», «Կռունկ», «Դլե յաման», «Ա՜խ մարալ ջան», «Անտունի»... Թեւածեց «Քելե-քելե», «Խնկի ծառ», «Կաքավիկ»... Եվ այդ խորախորհուրդ վայրում այդ երգն ու այդ երգեցողությունը ի մի էին դարձրել բոլորին, լցրել մի ուրիշ անկրկնելի, անպատմելի զգացողությամբ: Այդ սուրբ վայրում այդ երգից ու այդ երգեցողությունից փոխադարձ աստվածաբուխ սեր էր ճառագում, պարուրում, շոյում բոլորի ցաված սրտերը, հոգով վեր բարձրացնում, գոտեպնդում: Իսկ երբ երեկոյի վերջնամասում սիրելի երգչուհին հնչեցրեց «Հայաստան, երկիր դրախտավայր», բոլորն ինքնաբերաբար ոտքի կանգնեցին ու մինչեւ վերջ հոտնկայս ունկնդրեցին...

Զգացված էր նաեւ Հասմիկ Պապյանը, որը նախ եւ առաջ խորին շնորհակալություն հայտնեց թեմակալ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանինՙ Սբ. Յոթվերքում երգելու իր «երազն» իրականություն դարձնելու հնարավորության համար: «Գյումրու հետ ես հազար թելերով եմ կապված,- վերջին կատարումից հետո դիմելով իրեն հարազատի ջերմ սիրով ընդունած ունկնդրին, ասաց նա:- Իմ մանկությունն այստեղ է անցել, ես կիսով չափ գյումրեցի եմ (մայրը գյումրեցի է - Գ. Մ.): Գյումրու նիստուկացը, գյումրեցիների շենքուշնորհքը, հյուրասիրությունը, մարդասիրությունը աննկարագրելի արժեքներ են, որոնք մինչեւ հիմա ինձ հետ են»: «Իմ բոլոր հաջողությունները, իմ բոլոր ձեռքբերումները,- շարունակեց աշխարհի առաջնակարգ բեմերը նվաճած, թեեւ Ավստրիայում բնակություն հաստատած, բայց հայրենիքից ու Հայաստանի կյանքից անբաժան արտիստուհին,- ես կապում եմ հայ լինելու, Հայաստանում ծնված լինելու հետ եւ իմ արմատներին եմ շնորհակալՙ իմ ծնողներին, ինձ ծնած, սնած հողին, ջրին: Եվ ուզում եմ ասել, որ ես այստեղից երբեք չեմ գնացել, ես ձեզ հետ եմ, եւ հոգաչափ շնորհակալ եմ այս առիթի համար»:

Իր իսկ բառերով «ուրիշ միստիկա, ուրիշ էներգետիկա» ունեցող Յոթվերք եկեղեցում կոմիտասյան այս բացառիկ համերգը, հիրավի, յուրատեսակ աղոթք էր նաեւ: Մեր գործընկեր լրագրողներից մեկի հարցինՙ դրանով դուք ի՞նչ եք խնդրում, Հասմիկ Պապյանը պատասխանեց. «Խնդրում եմ Հայաստանին, հայ ժողովրդին ողջամտություն եւ երկար սպասված լավ ժամանակներ: Ուզում եմՙ գա այդ օրը եւ մեր ժողովուրդն ապրի իսկապես արժանավայել կյանքով, որին արժանի է եւ արժանի է լավագույնին: Աղոթում եմ, որ նախ խաղաղություն լինի ամենակարեւորը, որ սահմանները անառիկ մնան եւ մեր զինվորները ողջ-առողջ տուն վերադառնան, մեր մայրերի աչքերը չթրջվեն: Ես կուզենայի, որ նաեւ կյանքի հանդեպ ձեր լավատեսությունը մնար ու գային այդ լավ ժամանակները վերջապես»:

Աշխարհի մշակութային անցուդարձին տեղյակ երգչուհին լրագրողների մի քանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց, թե Եվրոպայում եկեղեցիները, կաթոլիկ եկեղեցիներն ընդհանրապես օգտագործվում են նաեւ որպես համերգասրահներ, եւ կարծում է, որ մենք էլ կարող ենք նման առիթներն օգտագործել ու մեր եկեղեցիները լցնել մաքուր երաժշտությամբ, որպեսզի երեխաները, երիտասարդները գան, աղոթքի հետ մեկտեղ լսեն նաեւ ոչ եկեղեցականՙ բայց մաքուր երաժշտություն:

Բացառիկ համերգային երեկոյի «մեղավորներից» մեկը դաշնակահար, արտերկրի հեղինակավոր մրցույթների դափնեկիր Լուսինե Խաչատրյանն էր, որը, ի դեպ, նույնպես արմատներ ունի Գյումրիում: «Տպավորություններն այնքան հոգեւոր են,- համերգի մասին ասաց նա,- որ հնարավոր չէ բառերով արտահայտել: Հատկապեսՙ այս նվագից հետո, Կոմիտասից հետո: Սա Հասմիկ Պապյանի հետ մեր առաջին հիանալի համագործակցությունն էր եւ անմոռանալի օր կլինի ինձ համար»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.