AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 03-11-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-11-02 21:25:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 3253, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՑԿԱՏԱԿ ԳՐՔԱԳՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մեր գիտական-մշակութային առօրյայի անբաժանելի մաս են դարձել (ցավո՜ք, ցավո՜ք) հացկատակ գրքագողերը: Մշակութային կամ գիտական ցանկացած միջոցառման, հատկապես գրքերի շնորհանդեսներին, հայտնվում են նրանքՙ անվճար գիրք վերցնելու եւ ուրիշների հաշվին ուտել-խմելու ու նաեւՙ սեղանից ինչ-որ բաներ թռցնելու համար (կլեպտոմանիայի մի տեսակ, որը, հաստատ, հոգեբանության մեջ իր անվանումը կունենա): Նրանք ամենուրեք ենՙ լինի նկարիչների թե գրողների միություն, գրադարաններ թե թանգարաններ, Գիտությունների ակադեմիայի նախագահություն թե «Ոսկե ծիրանի» միջոցառումներըՙ «պրես կոկտեյլից» ու տոլմայի փառատոնից մինչեւ փակման հանդիսավոր ճաշկերույթը, որոնք սովորաբար փակ են, հրավիրատոմսերով, սակայն գնում-հասնում ես բանկետի վայրը ու տեսնում ես, որ հացկատակներն արդեն առոք-փառոք բազմել են, իսկ որոշ պատվավոր հյուրեր ոտքի են մնացել (փառատոնի ավտոբուսներն ու ռեստորանի մուտքը հսկող ագրեսիվ տղաները երբեմն ներս չեն թողնում մեր կինոգործիչներին, իսկ հացկատակների առջեւ փակ դուռ չկա)... Հացկատակ գրքագողերը սովորաբար սուսուփուս են, բայց, որպես կանոն, եթե մեկի պոչը տրորեսՙ դառնում են հարձակվող: Մարդիկ չեն հասկանում, թե ինչպես են նրանք տեղեկանում միջոցառումների մասին, ինչպես են սպրդում նման տեղեր: Նման մարդկանց մասին ասում ենՙ դռնից դուրս ես անումՙ պատուհանից են մտնում, պատուհանից ես դուրս անումՙ դռնից են մտնում:

Բայց դուրս անո՞ւմ են որ... Մեր փոքր քաղաքում, գիտական-մշակութային փոքր համայնքին մաս կազմողները վաղուց արդեն ճանաչում են նրանց դեմքով, նրանց կոչում են «ուտողների բրիգադ», «սեղանի փոշեկուլ» ու այլ ածականներով, ոմանց գիտեն անգամ անուններով, դավադրաբանական տեսություններին տուրք տվողները չեն վարանում կասկածել, որ նրանք ներդրված են, գործակալներ են... բայց մեծ մասը պասիվ դժգոհությունից անդին չի անցնում, շատերն էլ հանդես են բերում չարդարացված անհանդուրժողականությունՙ «դե մեղք են, էլի», «դե թող ուտեն, էլի», «քելեխ ուտողներ միշտ էլ եղել են», «գրքի գողը գող չի»...

Աշխարհաքանդ Լենինն այս հարցում նույնպես սխալ էր: Գրքի գողը գո՛ղ է, մանավանդ եթե նրան հետո տեսնում ես բուկինիստներին գիրք առաջարկելիս...

Հոկտեմբերի 28-ին Ուշիի մշակույթի տանը կայացավ հիանալի մի միջոցառումՙ անցյալ տարի վախճանված ֆրանսաբնակ գրող Մովսես Պչաքճյանի հուշ-երեկոն: Կազմակերպիչներըՙ մեր գրոց-բրոց շրջանակներում հայտնի Մարգար եւ Էլիզ Շարապխանյանները , ապահովել էին նաեւ ավտոբուսով հյուրերի տեղափոխումը Երեւանից Ուշի: Մտնելով ավտոբուսՙ տեսա, որ գրականության հետ առնչություն ունեցողներս ավելի սակավ ենք, քան հացկատակ գրքագողերը: Եվ այս անգամ էլ նրանք գործեցին ամեն անգամվա պես. առաջինը բազմեցին դահլիճում, կրեցին սեղանին շարված Պչաքճյանի ութհատորյակի գրքերը (ոմանքՙ մի քանի «երթուղիով»), իսկ միջոցառումից հետո մաքրազարդեցին սեղանը:

Լավ, ուտելու վրա չեն խոսում, չնայած ոչ մի կերպ չի կարելի արդարացնել ոտն ու ձեռը տեղը այդ տղամարդկանց (մեկըՙ բավական երիտասարդ) պորտաբույծ կենսակերպը: Սակայն երբ պարզվեց, որ Պչաքճյանի գրքերին առնչվող որոշ գրողների չեն հասել հատորները, հրատարակիչըՙ «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը , մի կողմ թողած հանդուրժողականություն եւ խղճահարություն, տեր կանգնեց իր իրավունքին եւ հացկատակ գրքագողերից առգրավեց գողոնի մի մասը: Գողերից ոմանք ձայները կտրեցին, սակայն մեկը սկսեց կուրծք ծեծել, որ ինքն Արցախում կռված մեկն է (ուրիշ էլ ո՞վ կարող է շահարկել այս հարցը) եւ իրեն զրկում են ութ հատոր գիրք կարդալու իրավունքից, իսկ ամենից ստաժավոր «քելեխ ուտողը» (որի անունը ոմանք «սունկ» են դրել) սկսեց իր իրավունքները ճոճել. դե մարդը սովոր է, որ շրջապատն աչք փակի իր գրքագողության եւ հացկատակության վրա (ի դեպ, տողերիս հեղինակի գրքերի շնորհանդեսներին եւս այս «սունկը» երկու անգամ գրքեր է թռցրել):

Այս արգահատելի երեւույթի դեմը պետք էր դեռ վաղուցվանից առնել: Ժողովրդական խոսքն ասում է. «Մեղքը խոզինը չի, կերակրողինն է»: Ուստիեւ կոչ եմ անում միջոցառումների կազմակերպիչներին եւ հիմնարկության ղեկավարներին հարգել իրենց հյուրերին ու մասնակիցներին եւ այսուհետ այլեւս երբեք չհանդուրժել մերօրյա հացկատակ գրքագողերին: Որոնց շարքերը, ցավոք, գնալով շատանում են ու երիտասարդանում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.